Յուրիկ Ստեփանյան. մենախոսություն

02.12.2024 16:08
339

Ես ծննդով Կապանից եմ։ Նախնական կրթությունս ստացել եմ իմ ծննդավայրում, այնուհետև ընդունվեցի Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը։ Հայրս Եղվարդից էր, մայրս՝ Ուժանիս գյուղից։ Ընտանիքում չորս երեխա էինք, ես ավագն էի, մեկ եղբայր և երկու քույր ունեմ։ Եղբայրս վերջերս հյուրընալվել էր ինձ մոտ: Հաճախ չեմ այցելում Հայաստան, պարզապես առիթ չի լինում՝ հատկապես երբ ծնողներս կենդանի չեն։ Լինում են ժամանակներ, երբ ներսումս տանջող զգացողություն եմ ունենում, ուզում եմ գնալ Հայաստան: Ամենավատն այն է, որ ինձ պակասում է հայրենիքի բույրը։ Հիշում եմ՝ Լենինգրադում ուսանող էի, 2-րդ տարում կարճ ժամանակով գնացի Հայաստան,  եղա հայրենի քաղաքում, գրկեցի քարը, մինչև այժմ հիշում եմ այդ քարի բույրը։ Այդ օրվանից 40-45 տարի է անցել, բայց մինչև օրս այդ բույրն ինձ հիշեցնում է հայրենիքիս մասին։ Անբացատրելի է այդ զգացողությունը, բայց երևի դա հենց Հայաստանն է, որն ինձ միշտ ձգում է։ Հայաստանը կապում եմ այդ բույրի հետ, այդ քարը նման չէ ո՛չ Լենինգրադի, ո՛չ Խերսոնի քարին դա բացառապես հայկական քար է։

Այժմ հաճախ եմ մտածում մանկությանս մասին տարիքի հետ ամեն ինչ փոխվում է, սկսում ես արժևորել անցյալը։ Պետք է անկեղծ ասեմ՝ չգիտեմ հիմա կարո՞ղ եմ ապրել Հայաստանում, որովհետև այնքան շատ բան կա իմ մեջ 15 տարի ապրել եմ Լենինգրադում, ավելի քան 30 տարի է՝ ապրում եմ Ուկրաինայի Խերսոն քաղաքում։ Պետք է ասեմ, որ այստեղ է կայացել իմ ստեղծագործական կյանքը։ Չեմ կարող ասել, որ զղջացել եմ այստեղ հայտնվելու համար, հակառակը՝ ուրախ եմ։ Քանդակագործի համար կարևոր է, թե ինչ պայմաններում է աշխատում, որտեղ է ապրում։ Այս քաղաքն ինձ տվեց այդ հնարավորությունը՝ արվեստանոցս, տունս։ Երբեմն տխուր է, որ հայրենիքում չես՝ հատկապես երբ խոսում ես Հայաստանի բարեկամներիդ հետ, բայց երբ լինում ես այնտեղ, մեկ ամսից ավելի չես կարողանում մնալ, որովհետև երևի փոխվել եմ։  Դա չի նշանակում, որ այստեղ ինձ հայ չեմ զգում, ոչ, ամեն տեղ էլ ինձ հայ եմ զգում, ինձ շրջապատող մարդիկ բոլորն էլ զգում են, որ ես հայ եմ, որովհետև դա զգալի է նաև իմ աշխատանքներում։ Դու ոչ մի տեղ չես փախչի, դա արյուն է ու գենետիկա։ Ես երջանիկ եմ, որ դա կա իմ մեջ ու մարդիկ նկատում են, որովհետև երբեք չեմ մտածել ազգանունս փոխելու մասին։ Եղել եմ հայ ու կմնամ հայ։

Իմ ընտանիքում քանդակագործներ չեն եղել, չեմ կարող ասել՝ ինձ ինչը ստիպեց արվեստի ճանապարհն ընտրել։ Հիշում եմ ծննդավայրիս քարերն ու լեռները, հիշում եմ, որ վաղ տարիքից արդեն ուզում էի նկարել, քանդակել։ Ուրախ եմ, որ ծնողներս՝ արվեստի մարդիկ չլինելով, այնուամենայնիվ օգնեցին ինձ՝ գնալ այդ ճանապարհով, դա շատ կարևոր է, երբ նրանք քեզ չեն խանգարում՝ ասելով՝ դա լուրջ մասնագիտություն չէ, զբաղվիր մեկ այլ կարևոր բանով։ Մայրիկիս շուտ կորցրի, նա ինձ համար պաշտանմունք էր, եթե նա չլիներ՝ ես այսքան տարի չէի կարող ապրել օտար քաղաքում կամ սովորել Լենինգրադում։

Ուսուցիչներիս մասին խոսելիս պետք է սկսեմ Երևանում ուսանելու տարիներից, հենց այնտեղ իմ աչքերը բացվեցին։ Այդ տարիներին Կապանում չկար գեղարվեստական դպրոց, ես չգիտեի՝ ինչ է կավը։ Առաջին անգամ կավը տեսա Թերլեմեզյանի անվան քոլեջում և ուրախացա, որ կարող եմ դրանից մի բան ստեղծել։ Այդ քոլեջն ինձ համար աշխարհներ բացեց, որպես քանդակագործ առաջ մղեց մի քիչ այլ աշխարհ, ոչ այն աշխարհ, որտեղ մինչ այդ ապրում էի։ Այնտեղ իմ մեջ առաջացավ հիվանդագին սերը քանդակի նկատմամբ, որը դրսևորվեց Լենինգրադում։ Այնտեղ ես հնարավորություն ունեցա աշխատել լուրջ պրոֆեսորների և նկարիչների հետ։ Պետք է ասեմ, որ այդ շրջանը շատ գայթակղիչ պահ էր: 90-ականներին աշխատում էի Գերմանիայում, կարող էի մնալ այնտեղ, զբաղվել բիզնեսով, բայց կարճ ժամանակում հասկացա, որ դա իմը չէ, իմն արվեստն է։ Իհարկե, չեմ զղջում իմ որոշման համար, այլապես քանդակագործ չէի դառնա։

Խերսոն քաղաքն ինձ շատ լավ դիմավորեց։ Երբ եկա այստեղ, առաջին զգացողությունս այն էր, որ սա կարծես Հայաստանը լինի։ Իհարկե, երբ համեմատում էի Լենինգրադն ու այս փոքրիկ քաղաքը, Խերսոնն ինձ գավառական քաղաք էր թվում։ Բայց ես եկա այստեղ, հոգեբանորեն պատրաստված, փակվեցի իմ արվեստանոցում և սկսեցի աշխատել, դա այն շրջանն էր, որ չունեի պատվերներ, նոր էի սկսում, երևի մի կողմից դա լավ էր։ Թեև այն ժամանակ տխրում էի այդ փաստից, բայց հիմա մտածում եմ՝ եթե պատվերներ լինեին, այդ ժամանակ չէի հասցնի իմ սեփական ձեռագիրը ստեղծել, մասնակցել ցուցահանդեսների։ Ավարտելով Լենինգրադի Մուխինի անվան գեղարվեստի ակադեմիան՝ պատրաստ էի ամեն շաբաթ մի նոր բան ստեղծել։ Ես գոհ եմ, որ ամեն ինչ այդպես դասավորվեց։ Այդ շրջանում շատ էի մասնակցում սիմպոզյումների։ Երջանիկ եմ, որ այստեղ եմ և զբաղվում եմ հենց քանդակագործությամբ։

Ստեղծագործական ամեն շրջան տալիս է իր առանձնահատկությունը, դրա համար չեմ կարող առանձնացնել իմ քանդակները և ասել, որ հենց սրանք են իմ սիրելի քանդակները, իսկ այս մյուսները՝ ոչ այնքան։  Ամեն տարիք ու ամեն շրջան տարբեր արդյունք են տվել։ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, հիշում եմ, թե ինչպես եմ սկսել։ Հասկանում եմ, որ ժամանակի ընթացքում իմ ձեռագիրը մաքրվել է, կարևորը, որ դու նույն կետում կանգ չես առնում, այլ քայլ առ քայլ առաջ ես գնում, բայց դա ունի իր երկրորդ կողմը։ 30 տարի առաջ ես ավելի հասկանալի էի հանրության համար, նրանք ավելի խանդավառությամբ էին արձագանքում, իսկ հիմա մի փոքր անհասկանալի եմ դարձել, որովհետև այն, ինչ ստեղծում եմ հիմա, չեմ անում միայն հանրության համար, այլ անում եմ ինձ համար։ Դրա համար չեմ կարող ասել, թե ինչպիսի քանդակներ են ինձ հարազատ: Կարծում եմ՝ վերջին բրոնզե աշխատանքները լուրջ գործեր են։ Հիմա ինձ մոտ ստեղծագործելու նոր շրջան է սկսվել, երևի թե իմ ստեղծագործական կյանքն ամփոփելու մի շրջան։ Արդեն 60 տարեկան եմ։ Եթե առողջությունս թույլ տա` 10 տարի էլ կաշխատեմ, որ միայն արվեստով զբաղվեմ, այդ 10 տարին էլ ինձ բավական է՝ իմ ստեղծագործական կյանքն ամփոփելու ու աշխատանքներ ստեղծելու համար։ Երբ դու արվեստով ես զբաղվում, միշտ կա փուլերի ազդեցություն, օրինակ, ապրում ես հինգ տարի, ու այդ հինգ տարva զգացողությունն արդեն կա քո գործերում, այն ամենը, ինչ վերապրել ես՝ ուրախություն, տխրություն, դու դրանից չես խուսափի, ամեն ինչ արտացոլվում է քո աշխատանքներում, կարևորը` ինքդ քեզ չխաբես։ Երբեմն լինում է, երբ մտածում ես, որ ուզում ես անել այնպես, ինչպես մեկ ուրիշն է արել, բայց ես նման մտքեր չեմ ունեցել։ Ես ստեղծագործում եմ այն, ինչ ապրում եմ դա կնոջ հղիության նման է՝ հասունանում է ու ծնվում։

Ինձ համար ամենակարևոր պահն այն է, երբ վերջապես այդ պոռթկումը լինում է։ Վերջին տարիներին գրաֆիկայի ժանրում լուրջ քայլեր եմ արել, ամբողջ կյանքում երազել եմ գրաֆիկայով զբաղվել։ Ուրախ եմ, որ քանդակից բացի գրաֆիկան իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցնում։

Երբ նոր էի տեղափոխվել Խերսոն, 5-6 տարի միայն խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ պետք է տեղադրվի իշխան Գրիգորի Պոտյոմկինի հուշարձանը։ 2000 թվականին Խերսոնի քաղաքապետ, Վլադիմիր Վասիլևիչ Սալդան դարձավ այդ գործի նախաձեռնողը։ Ինձ հարցրեց՝ կարո՞ղ եմ աշխատել, ես համաձայնեցի, չնայած դա բարդ ու պատասխանատու աշխատանք էր։ Սկսեցի նյութեր փնտրել, որոնք այդքան էլ շատ չէին։ Հուշարձանի հեղինակն Իվան Մատրյոսն էր, այն տեղադրվել էր 1836 թ, սակայն 1920-ականներին հուշարձանը հանվեց և տեղափոխվեց Խերսոնի պատմահնագիտական թանգարանի բակ, որտեղ մնաց մինչև 1941 թ։ Փակված էր կտորով, մատնված էր մոռացության, պատերազմի ժամանակ անհետացավ։ Ոմանք ասում էին, թե գերմանացիների ձեռքի գործն է, պատվանդանը պահպանվել էր և տարբեր ժամանակներում այդ պատվանդանին տեղադրվել էին Լենինի, Կարլ Մարքսի արձանները։ Պատվանդանը, ի դեպ,  առաջինն էր, օրիգինալը, պարզապես վերականգնողական աշխատանքներ էին արվել։ Իմ տեղափոխումից հետո Խերսոնում կար միայն դատարկ պատվանդանը։ Ես մտավախություն ունեի՝ արդյո՞ք կհաջողվի ինձ ձեռնամուխ լինել այդ կարևոր գործին։ Սկսեցի էսքիզներից և հասկացա, որ կարող եմ հաջողությամբ իրականացնել աշխատանքս։ Այդ ընթացքում չափազանց դժվար աշխատանք էր. սկսեցի Խերսոնում, հետո երբ էսքիզներն արդեն պատրաստ էին, գնացի Կիև այնտեղ էր գործարանը, որտեղ քանդակը թրծվեց։ Ուղիղ մեկ տարի առավոտից ուշ գիշեր աշխատեցի։ Կարծում եմ՝  արդյունքը լավ ստացվեց։ 2003 թ բացվեց Պոտյոմկինի հուշարձանը։

Դրանից հետո ինձ պատվիրեցին նոր քանդակ՝ Խերսոնի կենտրոնական շուկայի դիմաց տեղադրված քանդակը։ Շուկայի տնօրենն Ալեքսանդր Իվանովիչն էր։ Նա ասաց՝ ընկեր, ուզում եմ, որ դու մի հետաքրքիր բան անես շուկայի շրջակայքում, բայց ինքս կմտածեմ՝ ինչ եմ ուզում։ Եվ ընտրեց այս քանդակը, թեև սկզբում տարակուսանքների մեջ էր՝ գուցե մարդիկ չհավանեն, շուկայի դիմաց տրամաբանորեն պետք է լինի գյուղատնտեսության թեմայով մի բան։ Բայց իրեն համոզեցի, որ լավ բան կստանանք։ Կարծում եմ՝ հաջողված աշխատանք է, հատկապես փորձեցի հայկական մոտիվներ մտցնել։ Ի դեպ, մի գաղտնիք բացեմ, որը մինչ օրս անհայտ է մնացել, հիմա ուզում եմ բոլորն իմանան Պոտյոմկինի թիկնոցի վրա՝ ամենավերևում հայերեն գրված է իմ անունը, որը ներքևից նկատելի չէ։

Խերսոնում հիվանդանոցի դիմաց տեղադրված է ձեռք, որի մեջ գրանիտե սիրտ կա։

Խերսոնում տեղադրված է իմ հեղինակային հուշարձաններից ևս մեկը, նվիրված է զոհված ոստիկաններին։

Դրանք քաղաքում ծավալվող մեծ աշխատանքներ են...

Ես առաջարկներ շատ եմ ունենում, բայց որոշել եմ՝ քարի վրա եմ աշխատելու կամ բրոնզի։ Հատկապես, որ դրանք տեղադրվելու են քաղաքում, թող լինեն քիչ, բայց մնայուն արժեքներ։

Մոտ հինգ տարի առաջ ստացա Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործչի կոչում։ Կարծում եմ՝ դա կարևոր կոչում է ստեղծագործող մարդու համար, որից հետո ինձ շնորհեցին Խերսոն քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ Շնորհակալ եմ, որ քաղաքն ինձ գնահատեց։ Արդեն 15-16 տարի դասավանդում եմ համալսարանի դիզայնի բաժնում։ Սիրում եմ այդ աշխատանքը, որովհետև շփվում եմ երիտասարդների հետ, թեև ինձնից շատ ժամանակ է խլում։ Արդեն ուզում եմ զբաղվել միայն քանդակագործությամբ։

2018 թ.

«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ․ ԱԳՆ-ն՝ Իսլամական համագործակցության կազմակերպությանը

23.06.2025 22:56

Իրանը հրթիռակոծել է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները

23.06.2025 21:17

Մենք համաչափ կպատասխանենք ԱՄՆ-ի հարձակմանը. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

23.06.2025 20:09

Լույս է տեսել «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի N18-ը՝ նվիրված տիեզերահռչակ Կոմիտաս վարդապետին

23.06.2025 17:29

Օդի ջերմասիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

23.06.2025 15:49

ՌԴ-ն Իրանին ուղղակի ռազմական օգնություն չի տրամադրի, մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանը կարող են օգտվել Թեհրանի թուլացած դիրքից․ The National Interest

23.06.2025 15:36

Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիան որևէ հիմք կամ արդարացում չունի. Պուտինը՝ Արաղչիին

23.06.2025 15:33

Ծրագրավորված hարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու Եկեղեցուն. Մայր Աթոռում տեղի է ունեցել 9-րդ միաբանական համագումարը

23.06.2025 12:58

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

23.06.2025 12:01

ԱՄՆ-ի ագրեuիայի առջև պետությունների լռությունն ու անգործությունը հետևանքներ կունենան բոլոր երկրների համար. Արաղչին` Ֆրանսիայի ԱԳ նախարարին

23.06.2025 11:58

ԱՄՆ-ն բացեց Պանդորայի արկղը՝ Իրանին հարվածելով. ՌԴ մշտական ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում

23.06.2025 11:55

Բրեստի հերոս պաշտպանը՝ Սոս Նուրիջանյան

23.06.2025 11:51