Ժամերգություն եւ գովաբանական աղոթք` ուղղված Սուրբ Հովհան Որոտնեցուն` ծննդյան 700-ամյակի կապակցությամբ

04.02.2015 18:00
3480

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի նախաձեռնությամբ հունվարի 29-ին Որոտնավանքի Սուրբ Կարապետ եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն եւ գովաբանական աղոթք` ուղղված Սյունյաց աշխարհի բոլոր ժամանակների ամենանշանավոր զավակներից մեկին` Սուրբ Հովհան Որոտնեցուն` ծննդյան 700-ամյակի կապակցությամբ:

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահի գլխավորությամբ անցկացված ժամերգության ու գովաբանական աղոթքի ընթացքում, մասնակցությամբ հարյուրավոր սյունեցիների, մարդիկ իրենց աղոթքով խնդրում էին Սուրբի բարեխոսությունն առ Աստված, որ Տերը խաղաղություն եւ ստեղծագործ աշխատանքի հնարավորություն պարգեւի Հայոց աշխարհին:

Աննախադեպ միջոցառման ե՛ւ օրը, ե՛ւ վայրը պատահական չէին ընտրվել:

Միջնադարի եռամեծար փիլիսոփա, ուսուցչապետ, գիտնական ու եկեղեցական-քաղաքական գործիչ Հովհան (Հովհաննես) Որոտնեցին ծնվել է 1315թ. հունվարի 29-ին (ըստ գիտության մեջ իշխող կարծիքի) Որոտնավանքին մերձ Վաղատին գյուղում, իսկ սկզբնական կրթությունը ստացել Որոտնավանքում: Հետագա գործունեության մի մասը եւս կապված է Որոտնավանքի հետ, որը պատմական գրականության մեջ հիշատակվում է մեկ այլ անվամբ եւս` Վաղատնի վանք:

Մակար վարդապետ Հակոբյանն իր խոսքում համառոտակի ներկայացրեց նաեւ Սուրբ Հովհան Որոտնեցու կյանքի եւ գործունեության ուշագրավ դրվագները: Մասնավորապես` Հովհան Որոտնեցին կրթությունը կատարելագործել է Գլաձորի համալսարանում` Եսայի Նչեցու եւ Տիրատուր Կիլիկեցու ղեկավարությամբ:

Գլաձորի համալսարանի փակումից հետո (1338թ.) նա մեծ ջանքեր գործադրեց, որ հիմնվի Տաթեւի տիեզերահռչակ համալսարանը, իսկ Տաթեւում, դեռեւս 9-րդ դարից, մեծ համբավ ուներ տեղի վարդապետարանը. համալսարանի ստեղծման գաղափարն իրականություն դարձավ 1373թ.:

Որոտնեցու մեկնությունները Սուրբ գրքի, Ավետարանների, Սաղմոսների վերաբերյալ եւ Արիստոտելի, Փիլոն Ալեքսանդրացու, Պորփյուրի աշխատությունների մասին մտել են հայ փլիսոփայական մտքի պատմության ոսկե գրքի մեջ:

Հովհան Որոտնեցին մեր պատմության մեջ մնացել է որպես ունիթորների` Հռոմի պապի միսիոներների եւ նրանց հայ հետեւորդների դեմ պայքարի դրոշակակիր:

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող բազմաթիվ ձեռագրերը վկայում են, որ Որոտնեցին հսկայական տաղանդի եւ հեղինակության տեր անձնավորություն էր: Ձեռագրերից մեկում նա համարվում է «սուրբ եւ տիեզերահռչակ եւ երանաշնորհ րաբունապետ Հայաստանեաց»: Մահվան առիթով մի սքանչելի ներբողեան է հյուսել նրա մեծահամբավ աշակերտը` Սուրբ Գրիգոր Տաթեւացին` Որոտնեցու մահը համարելով «ցավագին աղետ», «անկշռելի տարակույս», «ծանրածանր տրտմություն»:

Հովհան Որոտնեցու ծագման վերաբերյալ գիտության մեջ շրջանառվում է երկու կարծիք` ա) սերում է Սյունյաց Օրբելյանների նշանավոր տոհմից, բ) սերում է (որ ավելի հավանական է) Սյունիքի բնիկ իշխանական տոհմից` Որոտշահերից, ովքեր Սիսակի տոհմի շարունակությունն էին: Թովմա Մեծոփեցու «Պատմութիւն Լանկ-Թամուրայ եւ յաջորդաց իւրոց» գրքում հենց երկրորդ վարկածին է նախապատվություն տրվում, նշվում նաեւ հոր անունը` Իվանե:

Ժամերգությունից առաջ եւ հետո հավաքվածները զրուցում էին Որոտնավանքի հիմնադիրների մասին` հիշատակելով հատկապես սրբազան անունները, ովքեր առնչվում են Աստծո այդ տաճարի կառուցման հետ: Առաջինն այդ շարքում, իհարկե, Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է. ըստ Ստեփանոս Օրբելյանի` «այնտեղ վաղ ժամանակներից մի եկեղեցի կար Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունով, որը, կարծեմ, նրա կողմից էլ հիմնադրված էր… » (Սյունիքի պատմություն, էջ 257):

Այդ օրը հնարավոր չէր չհիշել Սյունյաց երանելի թագուհի Շահանդուխտին (Սյունիքի առաջին թագավոր Սմբատի տիկնոջը), ով 1000թ. «աստվածային մի հիշեցումից մղված, շինում է Վաղատնի գեղեցկակերտ ու վայելչաձեւ վանքը, որը դեռ վաղուց ուխտադիր մարդկանց վայր էր» (Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, էջ 257): Խոսքը նախավկա Ստեփանոսի անվան եկեղեցու մասին է, որի գավիթում կամ աղոթատանն էլ թաղված է Սյունյաց թագուհի Շահանդուխտը:

Հնարավոր չէր չհիշել նաեւ Սմբատ թագավորի եւ Շահանդուխտի որդի Սեւադային, ով էլ 1006թ. կառուցեց վանքի երրորդ եկեղեցին` Սուրբ Կարապետը:

Հունվարի 29-ին Որոտնավանքում տեղի ունեցած արարողությունը, ըստ էության, Սուրբ Հովհան Որոտնեցու ծննդյան 700-ամյակին նվիրված առաջին միջոցառումն էր: Տարվա ընթացքում, ինչպես նշեցին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը եւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, տեղի կունենան այլ միջոցառումներ եւս:

Հ.Գ. Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Հովհան Որոտնեցու հիշատակը տոնում է Մեծ պահքի 20-րդ օրը (Մեծ պահոց Դ կիրակիի նախընթաց շաբաթ օրը):

ՆՈւԲԱՐ ԴԱՎԹՅԱՆ

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02