Կենսախինդ ժպիտով, կյանքով լեցուն Միհրան Միրումյանին հանդիպեցի Գորիսի Սյունիքի 135 հասցեում գտնվող իր երկհարկանի առանձնատանը, որը հեռվից աչքի էր զարնում գորիսյան ավանդական գեղեցիկ «բարքաշ»-ով, որը, ինչպես հետագայում պարզվեց, տանտերը պատվիրել էր քաղաքի հմուտ վարպետներից մեկին («բարքաշը» դեպի փողոցն ուղղված առանձնատան քարերի շարվածքի միացման տեղում ցեմենտբետոնե գեղեցիկ, միանման սվաղն է, որը վարպետը սրտի նվիրումով է արել, «բարի սրտով քաշել է սվաղը, բարի-քաշ՝ բարքաշ է արել»): Միհրանն ինձ ընդառաջ է գալիս, ուղեկցում երկրորդ հարկ, որի պատշգամբից գեղեցիկ տեսարան է բացվում: Աչքիդ առաջ սփռված են գույնզգույն ծաղիկներ, խնամքով մշակված են փարթամ այգու ամեն ծառ ու թուփ, որոնք ասես ուրախությունից իրար ականջի քսփսում են իրենց բարի տիրոջ մասին…
Փայտափորագրող Միհրան Պողոսյանը ժողովրդական ասացվածքների ու հայ գրողների ստեղծագործությունների թեմաներով փայտից գեղեցիկ աշխատանքների հեղինակ է. «Աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում», «Հազարան բլբուլ», «Սիրո հովանավոր», «Աբու Լալա Մահարի», «Զարթոնք»: Ստեղծագործություններում հատուկ տեղ ունի կինը՝ «Եվ ի՞նչ է կինը», «Կինն ու սատանան», «Ծաղիկ և կին»... Պատրաստել է հայկական բարդ նախշերով ու դրվագազարդերով բազմաթիվ ճաշասեղաններ, գրասեղաններ, ջահեր, լուսամփոփներ, մոմակալներ, մրգամաններ, ծաղկամաններ, կոկոններ, ծաղիկներ, կենդանիներ՝ փիղ, ուղտ, ավանակ, աղվես, արծիվ, տրիմոներ (զարդասեղան), մահճակալներ, պրեֆերանսի սեղաններ, բազկաթոռներ, նուռ, խաղողի ողկույզներ, տերևներ, սեղանի ու պատի ժամացույցներ, գինու, օղու և կոնյակի շշերի դեկորատիվ պատյաններ, նկարի շրջանակներ, առանձնատների դարպասներ, մուտքի դռներ, գահ, դժոխքի, դրախտի խորհրդանիշներ, եկեղեցու դուռ, եղջերուի եղջյուրից մրգաման, մարդկային կերպարներով շախմատի ֆիգուրներ, հայ թագավորների, զորավարների, ֆիդայիների կերպարներ՝ Անդրանիկ, Դրո, Նժդեհ...
Լուսահոգի հոր գերեզմանի տուֆակերտ հսկա խաչքարի հեղինակն է: 2016 թվականին ժողովրդական վարպետի կոչում է ստացել:
Միհրանը տեղյակ էր մեր զրույցի թեմայի՝ հեղինակի փայտի փորագրման արվեստի, արվեստագետի կենսագրության, ստեղագործական կերպարի բացահայտման մասին: Բայց առանց հարցադրման հիշում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողական տարիներից մի դրվագ, որը վկայում է բնատուր շնորհով օժտված արվեստագետի ստեղծագործական համարձակության մասին:
- 1969 թ. նոյեմբերի 7-ի անձրևոտ օրը, ուսանողական և դասախոսական կազմով նախապատրաստվում էինք Հոկտեմբերյան հեղափոխության օրվան նվիրված շքերթին: Կանգնած էինք Կառավարության շենքի մոտ, որտեղից պետք է շարքով հանդիսավորապես անցնեինք Լենինի՝ ներկայիս Հանրապետության հրապարակով: Մեր ֆակուլտետի դեկանը տեղատարափ անձրևի տակ ամուր բռնել էր ցուցապաստառներից մեկի փայտի մի կոթից, իսկ լոզունգի մյուս ծայրն ընկած էր գետնին. այն բռնողն «անհետացել էր»: Այդ պահին դեկանի հույսը կարծես ես էի` ինստիտուտում ակտիվ ուսանողի համբավ ունեի: Խնդրեց շտապ գտնել մեկին, ով լոզունգը կբռներ: Արագ գտա, ամեն ինչ լավ անցավ: Հերթական պատի թերթի թեման այդ տհաճ միջադեպն էր ու իմ ծաղրանկարը, որում անձրևի տակ թրջվող շքերթի մասնակից ուսանողներս էինք և մեր դեկանը: Մնացածն ինչպես իրականում` նա բռնել էր լոզունգը, որի մյուս ծայրն ընկած էր գետնին... Նկարի համար ոչ թե պատժվեցի, այլ պարգևատրվեցի կոմերիտմիության պատվոգրով: Այն ինձ ճանաչում բերեց պոլիտեխնիկական ինստիտուտում…
- Մեր քաղաքում բոլորը քեզ վարպետ Միհրան են ասում: Մարդիկ քեզ տեսնում են հաստոցի մոտ փայտե աշխատանքներ կատարելիս: Ապա երբ տեսնում են ձեռքի էլեկտրական փոքրիկ հատուկ գործիքով շաբաթներ տևած քո տքնաջան աշխատանքի վերջնական արդյունքը, համարում են արվեստի գործ և հիացական խոսքեր ասում: Գործդ անում ես սիրով ու նվիրումով: Չես զլանում քո արվեստի գաղտնիքները կիսել փայտափորագրման մեջ խորամուխ լինող մարդկանց հետ, որոնց հնարավորություն ես տալիս մոտիկից հետևել աշխատանքներիդ՝ անմշակ հումքի նախապատրաստությունից մինչև ավարտուն գործ:
Փայտափորագրված ստեղծագործություններիդ անվանացանկը մեծ է՝ առանց արհեստական գունավորման ընկուզենու, բալենու, թթենու ծառերի կոճղի կամ միջուկի կարմիր, դեղին, մուգ դարչնագույն փայտե հուշանվերային կոնյակի շշերի պատյաններից մինչև հայկական ժողովրդական հեքիաթների, առակների մոտիվներով մարդկանց ու կենդանիների կերպարներ, հայ բանաստեղծների ստեղծագործությունների թևավոր խոսքեր դարձած նշանավոր տողերով փայտե հարթաքանդակներ, գրող, երգիչ, զորավար… Ահա, այդ մասին պիտի խոսենք…
- 1951-61 թթ. սովորել եմ Գորիսի Ակսել Բակունցի անվան 1-ին միջնակարգ դպրոցում: Սիրում էի բոլոր բնագիտական առարկաները, հատկապես քիմիան, որն ինձ համար կարծես արկածային մի աշխարհ էր՝ «ինչից ինչ կարող է առաջանալ»: Դպրոցում ստացած գիտելիքներս բացեցին աչքերս՝ մարդը կարող է բնության մեջ աննշան թվացող ինչ-որ բան վերցնել, վերափոխել, դարձնել մարդու աչքը շոյող որևէ կատարյալ բան՝ անհրաժեշտ կենցաղային իր, գեղագիտական հաճույք պատճառող հուշանվեր, էսթետիկական նշանակության առարկա... Արվեստին առնչվող իմ երկու նորարարությունը հենց դպրոցական տարիների ծնունդ են՝ կաղապարի միջոցով կենդանու դիմակի պատրաստումն ու արձանի կոտրած մատի վերականգնումը:
Նոր տարվա նախօրյակին բակի երեխաներով դիմակներ էինք պատրաստում, ծաղրածուի, Ձմեռ պապի շորեր հագնում, ոչխարի կաշին ձգում մետաղե շրջանակի վրա, որը մեր կոպալների հարվածներից դղրդում էր: Բոլորի դիմակները ստվարաթղթից էր: Ուզում էի, որ իմն ամբողջովին տարբերվեր: Կավից արջի դեմք քանդակեցի, որը լավ չորանալուց հետո դիմակի համար որպես կաղապար ծառայեց: Տան հին ամսագրերի թերթերը սոսնձով մի քանի շերտով կպցրի, դարձավ արջի դեմքով ամուր դիմակ: Այն ես էի կրում: Բակում ճանաչվեցի որպես կավից քանդակ ստեղծող, կաղապարից դիմակ սարքող տղա: Երբ 9-րդ դասարանում էի, Մուշեղ Քյարունցի մահից հետո դպրոցի նոր տնօրեն նշանակվեց Ռուբեն Գիչունցը:
Դպրոցի միջանցքում դրված էր Ստալինի 2,5 մ բարձրությամբ ցեմենտբետոնե արձանը, որը կանգուն էր իմ՝ դպրոցում սովորելու ողջ տարիներին՝ 1951-61 թթ.: Ճառ ասող առաջնորդի աջ ձեռքը պարզած էր առաջ՝ դեպի վեր, ձախը՝ իջեցված ներքև: Չորս մատներն ամուր սեղմված էին, իսկ բութ մատը՝ բացված: Արձանի բութ մատը վաղուց չկար՝ հետաքրքրասեր աշակերտները դասամիջոցներին թաքուն իրենց ուժն էին փորձել... «Ինչ գնով լինի, պետք է այդ մատը վերականգնեմ»: Այսպես մտածելուս համար երկու պատճառ կար: Ընկեր Գիչունցը, ով նաև մեզ պատմություն էր դասավանդում, քիչ էր մնում ինձ թողներ նույն դասարանում: Բոլոր առարկաները գերազանց էի սովորում, իսկ պատմության երեսը տեսնել չէի ուզում: Պետք էր շինարարական ջոկատից ազատվել ու արձակուրդի մնացած ամիսներին Ստալինի արձանի կոտրած մատը վերականգնել: Այդպես էլ եղավ: Երբ մատը պատրաստեցի, բոլորը հավանեցին: Դպրոցում ճանաչում ձեռք բերեցի:
Նկարչության ժամերին պլաստիլինից, կավից պարզ իրեր էի պատրաստում, ինքնուրույն սովորում նկարչության, քանդակագործության գաղտնիքները: Տուշով, մատիտով էսքիզներ էի անում, ջրաներկով, գուաշով՝ բնանկար, նատյուրմորտ: Հետաքրքրվում էի արվեստի տարբեր ճյուղերով: Ընթերցում էի նշանավոր նկարիչների, քանդակագործների մասին գեղարվեստական և ինժեներական միտքը կատարելագործող հանրամատչելի գրականություն:
Որպես արվեստագետ ձևավորվեցի մեծահամբավ նկարիչ Գևորգ Պարոնյանի դասավանդման մեթոդներով: Նա մեր նկարչության ուսուցիչն էր:
Հետագայում ընդունվեցի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քիմ-տեխնոլոգիական ֆակուլտետ:
Ինստիտուտում ակտիվ էի, նկարում էի, փայտափորագրում: Իմ ստեղծագործական կյանքի բեկումը կարելի է համարել «Նաիրի» կինոթատրոնում դիտած «Գիշերային փոքրիկ սերենադ» իտալական ֆիլմը, որի գլխավոր հերոսը համաշխարհային տենոր Մարիո Լանցան էր: Ֆիլմում նա սիրահարվում է մի աղջկա, ով խլացել էր: Շատ երկրներում մասնագետներ փնտրեց և, ի վերջո, բուժեց սիրած աղջկան: Բուժումից հետո Մարիոն պետք է մեծ բեմում երգեր, իսկ սիրելին՝ լսեր և դահլիճից բեմում երգող սիրած տղամարդուն ապացուցեր, որ լսում է: Մարիո Լանցան երգում է «Ավե Մարիա»: Ֆիլմի ներսում և ֆիլմից դուրս՝ կինոդահլիճում, նրան քարացած լսում է հանդիսատեսը: Աղջիկը շրջվում է, ասում՝ «էլի երգիր»… Մեկ-երկու օր անց, հետաքրքիր զուգադիպությամբ, «Նաիրի» կինոթատրոնից դեպի Օպերայի շենք իջնելիս, ձայնասկավառակի խանութի աշխատակիցը բարձր միացրել էր ինձ ցնցած նույն երգչի նույն երգը: Իսկույն այն գնեցի: Եվ ձայնասկավառակն այնքան լսեցի, որ սիրեցի ջութակը: Այնքան սիրեցի, որ մի օր փայտից ջութակ պատրաստեցի: Հետագայում ապագա կնոջս հանդեպ սերս ստիպեց այն ավարտին հասցնել: Ավելացրի ջութակահարի դասական սիմվոլը՝ ֆրակով մորեխը: Խենթ սիրահարս այն նվիրեց սիրած աղջկան...
Հետագայում փայտափորագրությունը կլանեց ինձ...
1970 թ. ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել եմ տարբեր տեղերում, այդ թվում՝ Գորիսի, ապա՝ Շինուհայրի ռետինե կոշիկների գործարանի գլխավոր ինժեներ: Չնայած բարձր պաշտոնիս, ուշքս ու միտքս փայտափորագրությունն էր: Առաջին գործս՝ նշանավոր ջութակս ու ֆրակով ջութակահար մորեխս ինձ հանգիստ չէին տալիս:
Գործարանում մամլիչ-կաղապարների պատրաստման ժամանակ օգտագործվում էր բոր մեքենա: Այն շատ հարմար է փայտի վրա փորագրություններ կատարելու համար: Երբ տնօրենը նախկին բոր մեքենան՝ մաշված լինելու պատճառով, դուրս գրեց ու նվիրեց ինձ, ուրախությանս չափ չկար: Սկսեցի լրջորեն փայտափորագրությամբ զբաղվել… Ծեծում էի, նկարներ հանում: Ընկուզենու փայտից լավ գրաֆիկական գործեր էին ստացվում: Սկզբից ջահեր էի պատրաստում: Ներքևում՝ արվեստանոցում, աղջիկս եկավ, տեսավ ջահի քանդակից մի կտոր. 40 տարի առաջ էի արել, գցել նկուղ: Հիմա կա:
Վերիշենից Լևոն հորեղբորս տանը՝ մի հավաքի ժամանակ, եղել է այս խոսակցությունը: Լևոնի փեսան՝ քարտաշ Արմոն, գերեզմանաքարերին գրանիտե նկար էր ծեծում: Նրան ասացի.
- Ես էլ կարող եմ դա անել:
- «Պաբեդիտ» ասեղ ունե՞ս:
Ես չգիտեի, որ քար ծեծելու համար դա անհրաժեշտ է, առաջին անգամ էի լսում, բայց ասացի.
Քառակուսիների մեթոդով այդ փոքր նկարի մասշտաբը մի քանի անգամ մեծացրի, շատ դժվարությամբ ծեծած նկարս մի կերպ նմանեցրի նկարին:
- Նման է, - դատավճռի պես ասաց քարտաշ Արմոն ու խոստացավ պատվեր տալ ինձ:
Երկու օր անց ունեցա առաջին պատվիրատուս…
- Ճաշասեղան, գրասեղան, լուսամփոփ ... Ստեղծագործությունից ստեղծագործություն ինչպե՞ս է առաջանում մտահղացումդ: - Հարցնում եմ Միհրանին:
- Որևէ բան ստեղծելուց առաջ պատկերը գալիս է աչքիս առաջ: Դետալ, նախշ, ֆրազ… Կողքիս հում փայտանյութ է՝ կոճղ: Պատրաստելիք աշխատանքս տեսնում եմ այդ կոճղի մեջ:
Փայտափորագրությունը մեկի համար տառապանք է, մյուսի համար՝ հաճույք: Ես սիրում եմ իմ գործը: Չնայած թոշակառու եմ, բայց ինձ երիտասարդ եմ զգում: Ամեն օր մի բան եմ ստեղծում: Այնպիսի վիճակում եմ, որ եթե հանկարծ ասեն՝ այլևս որևէ բան չպիտի փորագրես, կգերադասեմ մեռնել:
Մի քանի օր առաջ մեր տուն եկավ եղբորս հարսը. «Հոպար ջան, մայրս բաժակի հավաքածուներից մեկի կոթը կոտրել է, կսարքե՞ս»: Ապակե կոթը որքան ամուր կպցնես, մի օր կպոկվի: Կոթով փայտե պատյան սարքեցի, բաժակը մտցրի մեջը, նվիրեցի իրեն: Գնաց, մի քանի օր հետո մի ուրիշ բաժակ ձեռքին եկավ, թե՝ «Հոպար, էն սարքածդ շատ լավն էր: Ի՞նչ կլինի, սա էլ սարքես»: «Մտքինդ այն է, որ հավաքածուի բոլոր բաժակներին փայտե պատյա՞ն հագցնեմ», - կատակեցի ես:
…Իմ գործերի գլուխգործոցն եմ ուզում ստեղծել: Ինչու՞… Վաղամեռիկ երգիչ ու կոմպոզիտոր Հայկոյին չէի ճանաչում, նրա երգերին ծանոթ չէի: Գործերս թողած, կլանված լսում էի մի աստվածային երաժշտություն: Երաժշտությունը Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» վեպի հիման վրա ստեղծված ֆիլմի համար Հայկոյի ստեղծագործած հայտնի երաժշտությունն էր… Հիմա հաճախ եմ աշխատում այդ երաժշտության տակ:
Ներկայումս բրենդային «ՆՈՅ» կոնյակի տափաշշի օրինակով մի պատյան եմ քանդակում: Մի կողմին պիտի լինի Հայկոյի փայտափորագրված դիմաքանդակը: Քանի որ ստեղծագործությունս այդ երգի ազդեցությամբ է ստեղծված, քանդակն էլ «Խաչագողի հիշատակարան»-ի մոտիվներով պիտի լինի: Մտածում եմ՝ «Ո՞նց պիտի քանդակեմ Քավոր Պետրոսին կամ Մուրադին»: Մինչ փորձում էի կերպար որոնել, ինքս ինձ հարց տվի՝ «Ովքե՞ր են նրանք՝ մարդ, սատանա…»: Ու որոշեցի քանդակել անապատում փիլոնը գլխին մարդու և քարավանի առջևից գնացող երեխայի:
Աշխատում եմ նաև Հայոց բանակին առնչվող թեմաներով...
Վաչե Մկրտչյան