Ժողովրդի սերը` ամենաբարձր գնահատական

15.05.2013 19:30
3847

Հարցազրույց «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Սվետլանա Իսախանյանի հետ

Սիսիանի բժշկական կենտրոնի ընդհանուր թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Սվետլանա Իսախանյանը ծնվել է Գորիսում, 1951 թվականին: 1965-66 ուստարում ոսկե մեդալով ավարտել է Գորիսի N2 միջնակարգ դպրոցը, 1972թ. գերազանցության դիպլոմով` Երեւանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Շուրջ 1.5 տարի աշխատել է Գորիսի շրջանային հիվանդանոցում` թերապեւտ: 1975 թվականից աշխատում է «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ թերապեւտ, այնուհետ` սրտաբան: Աշխատանքային տարիների ընթացքում, մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով, բազմիցս վերապատրաստվել է Երեւանում, Սրտաբանության գիտահետազոտական կենտրոնում, Առողջապահության ազգային ինստիտուտում, Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական «ՀԱՍԿ» կենտրոնում, առաջին համալսարանական կլինիկայում, Մոսկվայում` Մյասնիկովի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում եւ այլն: 1990 թվականից ունի բարձր կատեգորիայի թերապեւտի որակավորում: 1992թ. Երեւանի սրտաբանության ինստիտուտում պաշտպանել է «Զարկերակային հիպերտենզիայի ոչ դեղորայքային բուժման արդյունավետությունը» գիտական թեզը եւ բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի կողմից ստացել բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան: Ունի սրտաբանի արտոնագիր: Առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության եւ աշխատանքային գնահատելի հաջողությունների համար առողջապահության նախարարության կողմից բազմիցս արժանացել է պատվոգրերի եւ շնորհակալագրերի:

Սվետլանա Իսախանյանի ընտանիքում բոլորը բժիշկներ են. ամուսինը` «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, վիրաբույժ Արտյոմ Թադեւոսյանն է, որդին` Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արա Թադեւոսյանն է, եւ դուստրը` հանրային առողջապահության կազմակերպիչ Անահիտ Թադեւոսյանն է:

Բնակչության առողջության պահպանման առաջին երաշխիքը Սվետլանա Իսախանյանը պայմանավորում է պետության հզորացմամբ, տնտեսության զարգացմամբ, ժողովրդի սոցիալ-կենցաղային բարեկեցությամբ, ազգաբնակչության շրջանում առողջապահությունը որպես մշակույթ ամրագրելով:

Մարդկանց տածած վստահությունը, նրանց սերն ու հարգանքը Սվետլանա Իսախանյանը համարում է իր աշխատանքային գործունեության մեծագույն նվաճումն ու ամենաբարձր գնահատականը, եւ նույն փոխադարձ սիրով ու անսահման նվիրումով` պատրաստ է միշտ ծառայել իր սիրելի ժողովրդին:

Նա իր մասնագիտական հաջողությունները մեծապես պայմանավորում է Սիսիանի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմի նվիրական աշխատանքով, կոլեկտիվի միասնությամբ ու համերաշխությամբ:

– Տիկին Իսախանյան, ի՞նչ է Ձեզ համար բժշկի մասնագիտությունը: Արդյո՞ք այն սահմանափակվում է սոսկ հիվանդության կանխարգելմամբ, ախտորոշմամբ եւ բուժմամբ, թե՞…

– Դրանք, անշուշտ, կարեւոր նախապայման են, բայց բժշկի մասնագիտության եւ նրա պրակտիկ գործունեության մեջ շատ նրբերանգներ կան, որոնք ամեն օր` յուրաքանչյուր նոր հիվանդի հետ փոփոխվում, կատարելագործվում կամ, ինչպես ասում են, հարմարեցվում են տվյալ հիվանդի հոգեբանությանը, տարիքին, իրավիճակին, նրա հիվանդության փուլերին: Բժշկի մասնագիտությունը, նախեւառաջ, որքան էլ կրկնված թվա, ծայրաստիճան պատասխանատվություն է, քանի որ նրան են վստահվում մարդու համար ամենաթանկը` նրա կյանքն ու առողջությունը: Բժիշկը ոչ միայն պետք է բժշկագիտական խոր իմացությամբ օժտված լինի, նաեւ` կլինիկական մտածելակերպով: Նա պարտավոր է մինչեւ կյանքի վերջ սովորել, թարմացնել ու խորացնել բժշկական գիտելիքները, լինել տեղեկացված` ամեն րոպե զարգացող եւ փոփոխվող բժշկական աշխարհում: Այլապես նա հետ կմնա բժշկագիտությունից, կհեռանա իր մասնագիտությունից, կդոփի տեղում, եւ դա առաջին հերթին կնկատի հիվանդը: Այստեղից էլ առաջանում է հիվանդի` բժշկին վստահելու խնդիրը, առանց որի բժիշկն անլիարժեք է: Հիվանդը եթե արդեն չհավատաց, չվստահեց բժշկին, նրա ցուցումով բուժման կուրս սկսելն այլեւս անիմաստ է դառնում. հիվանդն ինքը կորցնում է հիվանդությանը դիմադրելու, հաղթահարելու կարողությունը: Էլ չեմ խոսում բժշկի, նման պարագայում, հեղինակության կորստի մասին: Բժշկի մասնագիտության մեջ, ուզում եմ ասել, անփոխարինելի դեր եւ նշանակություն ունի հիվանդի հավատը բժշկի հանդեպ, եւ վերջինս ամենաթանկարժեք դեղամիջոցն է, ամենամեծ սպեղանին հիվանդի համար: Բժիշկը չպետք է մոռանա, որ հիվանդին զննելուց առաջ, հիվանդը, ինչպես ասում են, իրեն է զննում, փորձում նրա վստահելիությունը:

– Տիկին Իսախանյան, ասում են` բժիշկը հիվանդությունը բուժելուց առաջ, նախ պետք է բուժի հիվանդին: Քանի որ Դուք նաեւ թերապեւտ եք եւ ապա` սրտաբան, ինչպե՞ս եք դիտում այս երեւույթը:

– Շատ լավ հարց է: Այո, նախքան սրտաբանական բժշկության մեջ վերապատրաստվելս, ես թերապեւտ եմ աշխատել, իսկ թերապեւտը բուժանձնակազմում առաջին եւ ամենակարեւոր անձն է, որին հիվանդը դիմում է: Եվ ընդհանրապես, բժշկության մեջ յուրաքանչյուր նեղ մասնագետ պետք է շատ լավ տիրապետի ընդհանուր բուժական գիտելիքների, առանց որոնց նեղ մասնագիտացումը թերի է: Բուժական գիտելիքներն ամեն ինչ են իրենց մեջ պարունակում` հիվանդը, հիվանդությունը եւ նրա հոգեբանությունը: Պատկերացրեք այն բժշկին, ով, ասենք, սրտի, լյարդի, թոքի կամ անոթների նեղ մասնագետ է: Ինչպե՞ս կարող է նա բուժել հիվանդի սիրտը, եթե տեղեկացվածություն չունենա նրա ստամոքսաաղիքային տրակտի, անոթների, ողջ օրգանիզմի օրգանների եւ նրանց գործունեության մասին: Այդ ամենն իրար հետ շաղկապված է: Երբեմն հիվանդի մատը կարող է ցավել, բայց պարզվի, որ նա շատ ավելի լուրջ խնդիր ունի, քան առաջին հայացքից կարող է թվալ: Կամ` բժիշկը, չարաչար սխալվելով, կարող է բուժման կուրս նշանակել ստամոքսի համար, մինչդեռ հիվանդը սրտամկանի ինֆարկտ ունենա արդեն ստացած: Այս վրիպումները կարող են ճակատագրական դառնալ հիվանդի կյանքի եւ առողջության համար, եթե բժիշկը լիարժեք տեղեկություն չունի հիվանդի օրգանիզմի ողջ համակարգի վերաբերյալ: Յուրաքանչյուր մարդ ինքը տիեզերքի պես է. համաձույլ, ամբողջական եւ ներդաշնակ: Բժիշկն իրավունք չունի հիվանդի օրգանիզմի ներդաշնակությունը խաթարել, առավել եւս նեղ մասնագետը չպետք է, այսպես ասած, մտահոգված լինի միայն իրեն «պատկանելիք» օրգանով` առանց հաշվի առնելու մյուս օրգանների վիճակը, նրանց փոխկապակցվածությունը: Կարող է թվալ, թե հարցից շեղվեցի, բայց դա այդպես չէ. ես մոտենում եմ Ձեր հարցին: Ի՞նչ է նշանակում բուժել հիվանդին եւ հետո միայն` հիվանդությունը: Հիվանդը, մարդն առհասարակ, չի կարող տարանջատված լինել իր հիվանդությունից, իր օրգանիզմում կատարվող երեւույթներից: Նա սկսում է համապատասխան հոգեբանություն ձեռք բերել, երեւան են գալիս վախի, սթրեսի, ընկճվածության կամ հոռետեության գործոնները, եւ, այդ ամենով հանդերձ, նա դիմում է բժշկին: Հիվանդի հոգին ալեկոծված է, հաճախ ոչ այնքան հիվանդությունն է նրա մեջ խորացված լինում, որքան` նրա տագնապը կամ ընկճվածությունը: Այս դեպքերում է, երբ բժիշկը հոգեբանական միջոցներ է ձեռնարկում եւ առաջին հերթին բուժում հիվանդին, թոթափում նրա վախերը, հույս ներշնչում եւ ապա միայն` անցնում հիվանդության բուժմանը: Ի վերջո, հիվանդի եւ հիվանդության բուժումն ընթացքում զուգահեռվում, լրացնում են միմյանց: Մեր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ հիվանդն իրականում լուրջ խնդիր չի ունեցել, բայց վախով եւ կասկածով ներշնչված` դիմել է մեզ: Իր գործի մասնագետ բժիշկը նախ «ախտորոշում» է հիվանդի սովորույթները, անհատական հատկանիշները, բնույթն ու բնավորությունը եւ հետո միայն եզրահանգում կատարում հիվանդության, նրա ընթացքի, բուժման արդյունավետության մասին: Մի խոսքով, լավ բժիշկը միայն հիվանդի հետ անկեղծ եւ սրտացավ զրուցելով` կարող է կարծիք կազմել հիվանդի եւ նրա հիվանդության պատմության մասին:

Հեշտ չէ բժշկի աշխատանքը, պատահական չէ, որ բոլոր մասնագիտությունների մեջ բժշկական կրթությունն ամենատեւականն է եւ ամենադժվարինը: Միայն բժշկական կրթությունը դեռեւս բավարար չէ որակյալ եւ ժամանակակից բժիշկ լինելու համար. բժիշկ մասնագետին անհրաժեշտ են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են հոգատարությունը, նրբանկատությունը, անձնվիրությունը, անսահման բարությունը, ուրիշին օգնության հասնելու ձգտումը, ներքին բարձր կուլտուրան: Ինչպես մի նշանավոր բժիշկ է ասել` «Միայն բժշկություն իմացող բժիշկը նույնիսկ բժշկություն էլ չգիտի»: Բժիշկը գործ ունենալով մարդու, նրա կյանքի ու առողջության հետ, պետք է հրաշալի տիրապետի հիվանդի հոգեբանությանը, միջանձնային հարաբերությունների նրբություններին, լինի չափազանց ներողամիտ եւ նրբանկատ:

Քանի որ շատ տարողունակ է հարցը եւ ընդարձակվելու դեպքում` ամբողջ բժշկագիտությունը կներառի, ուստի, ավելի ճիշտ կլինի, որ այն ամփոփեմ այսպես. բժիշկը չի կարող բուժել հիվանդի մարմինը` չբուժելով նրա հոգին: Ի վերջո, հիվանդը պետք է հոգեպես թեթեւանա` բժշկի հետ զրուցելով, հակառակ դեպքում, այդ բժիշկը բժիշկ չէ: Բժշկության մեջ, իմ խորին համոզմամբ, հիմնական դեղամիջոցը բժիշկն է:

– Տիկին Իսախանյան, այսպիսի մի ասույթ կա. լավ բժշկին, ինչպես լավ կապիտանին, իրավամբ ճանաչում են փոթորկի ժամանակ, վտանգի րոպեներին: Նման պահերին, Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է իրեն պահի իսկական բժիշկը, եւ արդյո՞ք հեշտ է բժշկի համար միշտ հավասարակշռված վիճակ պահպանելը: Բժիշկը կարո՞ղ է այնքան «սառնանալ», որ այլեւս նրա համար սովորական դառնան անցանկալի` մահվան ելքով դեպքերը:

– Համեմատությունը տեղին էր. լավ բժիշկը եւ վտանգի պահին նավի կամ ռազմի կապիտանը նույնն են: Նման պահերին բժշկին չպետք է լքեն զսպվածությունն ու վստահություն ներշնչող խաղաղությունը: Բժիշկն, ամենածանր պահին անգամ, չպետք է կորցնի իր հավասարակշռությունը: Նա իրավունք չունի խուճապի մատնվել` ամենատխուր կասկածների դեպքում անգամ: Նա պետք է գործի հստակ, պայծառ մտքով, լավատեսական տրամադրությամբ, արագ եւ ճկուն միջոցներով: Այլ կերպ ասած` բժիշկը երբեք չպետք է կորցնի իրեն եւ անզոր մի կողմ քաշվի: Նա պետք է մինչեւ վերջ պայքարի հիվանդի կյանքի ու առողջության համար, որպեսզի ե՛ւ իր խիղճը հանգիստ լինի, ե՛ւ հիվանդին շրջապատող մարդկանց մեջ բժշկի հեղինակությանն ուղղված կասկածի որեւէ ստվեր չառաջանա: Նա երբեք չպետք է կորցնի իր հավատը. վերջին պահին անգամ, ամենաանհուսալի իրավիճակում, կարող է հանկարծ հրաշք տեղի ունենալ եւ իրավիճակը կտրուկ շրջադարձվել: Շատ դեպքերում է, որ բժիշկը վտանգից դուրս է գալիս հաղթանակած եւ հիմնականում` իր լավատեսության, չհուսալքվելու, հավասարակշիռ գործելակերպի շնորհիվ: Պատահում են դեպքեր, երբ բժիշկը ներքուստ չի հավատում, որ հիվանդը կբարձրանա անկողնուց, բայց նա դարձյալ կարողանում է լավատեսություն ներշնչել հիվանդին եւ նրա հարազատներին ու … հրաշք է տեղի ունենում. հիվանդը փրկվում է: Այնպես որ մեր մասնագիտությունը լի է նաեւ հրաշքներով, եւ այդ հրաշագործության առաջին հեղինակն իսկական բժիշկն է: Ինչ վերաբերում է բժշկի «սառնանալուն»` բազում անցանկալի դեպքեր տեսնելուց, «գլխովն անցնելուց» հետո, ասեմ, գոնե իմ պարագայում, դա այդպես չէ, եւ, կարծում եմ, շատ-շատ բժիշկներ կան, ովքեր ինձ պես են մտածում: Երբեմն բժշկի զսպվածությունը կարող է սխալ հասկացվել կամ ընկալվել հիվանդի եւ նրա հարազատների կողմից: Նրանք դա կարող են համարել սառնություն, կամ, որ ավելի վատ է` անտարբերություն: Բժիշկն ինքն էլ մարդ է` ավելի քան (եւ պարտավոր է այդպիսին լինել) եւ իր մեջ է կրում տասնյակ հարյուրավորների ճակատագրերը, նրանց տխրությունն ու հուսահատությունը, նրանց ուրախությունները, կյանքի զարթոնքները: Իսկ մարդն ինքը բնույթով զգացմունքային, հուզական արարած է: Հաճախ բժիշկն ավելի ծանր է տանում հիվանդի կորուստը, քան կարող է թվալ առաջին հայացքից: Պարզապես դա բավարար չափով չի երեւում, որովհետեւ միայն բժշկին են հայտնի իր անքուն գիշերները, լուռ տառապանքը, մտորումները, ինքնախարազանումը, եթե վրիպել կամ անտեսել է փոքրիկ, բայց կարեւոր մանրուք, սովորական մարդկային ցավը` հիվանդի համար: Այնպես որ անցանկալի երեւույթն ամենավատն է, որ կարող է տեղի ունենալ բժշկի կյանքում: Դա լուրջ փորձություն է բժշկի համար, եւ յուրաքանչյուր ծանր դեպքից հետո բժիշկը նորից նույն հոգեկան ապրումներն է ունենում, եւ դրանք երբեք չեն կարող սովորական դառնալ` թեկուզ այն պատճառով, որ ամեն հիվանդ տարբեր է, անհատականություն, մի յուրովի ճակատագիր է եւ աշխարհ:

– Տիկին Իսախանյան, ասում են` վտանգի պահին բժիշկն իրավունք չունի ցույց տալ իր զգացմունքները: Մինչդեռ ես տեսել եմ, թե ինչպես է բժիշկն արտասվելով ստուգում հիվանդի զարկերակը եւ այլեւս մեռնող հիվանդին, որ արդեն չէր էլ լսում, հավատացնում, որ ամեն ինչ լավ կլինի…

– Այո, այդպես էլ է պատահում, երբ հիվանդն արդեն անփրկելի է լինում, եւ բժիշկն ինքը չի կարողանում զսպել իր հուզմունքը: Բայց նա պարտավոր է մինչեւ վերջ հուսադրել հիվանդին, եթե անգամ նա արդեն չի լսում (պետք է մտածել, որ հիվանդն անգամ անգիտակից վիճակում`միշտ լսում է) եւ անել ամեն ինչ` մինչեւ վերջին վայրկյանը: Տեսնու՞մ եք, որ մենք` բժիշկներս էլ, սովորական մարդիկ ենք. վտանգի պահին` արտասովոր ուժով, բայց երբ կատարվում է անխուսափելին` մենք էլ հաճախ հուզվում ենք` ամենքս յուրովի: Այդպիսին է բժշկի կյանքը` գերբեռնված հուզական տարաբնույթ լարվածությամբ, փորձի` խաբուսիկ, եզրահանգման` դժվար պահերով, որովհետեւ կյանքն ինքն է այդպիսին. աննշան երեւույթից` անպատկերացնելի ողբերգություն եւ մեծ, անլուծելի խնդրից` բարեհաջող շրջադարձ: Վտանգավոր պահերը կյանքում էլ, որպես օրենք, հանկարծակի են գալիս: Հաճախ մտածելու ժամանակ չի լինում, եւ ամենամեծ փորձն էլ կարող է չօգնել քեզ: Միակ ելքը բժշկի համար մնում է հոգով արիանալը, իր հնարամտությունը եւ վճռականությունը: Այս ամենով հանդերձ, բժշկի առաքելության կողքին ոչ պակաս կուզեի կարեւորել հիվանդի եւ նրան շրջապատողների դերը, ովքեր պետք է նպաստեն բժշկի գործունեության արդյունավետությանը` իրենց հավատով, զսպվածությամբ, հիվանդի համար արտաքին բարենպաստ իրավիճակի ապահովմամբ:

– Ի դեպ, տիկին Իսախանյան, հիվանդի մասին. ասում են, եթե հիվանդն ինքը չի ուզում առողջանալ` բժիշկն անզոր է:

– Այո, այդպիսի բան կա, եւ Դուք լրացրիք իմ միտքը: Նույնիսկ բժշկության մեջ մի այսպիսի հետաքրքիր պատմություն-խրատ կա. բժիշկը, հիվանդը եւ նրա հիվանդությունը մնում են երեքով, դեմ առ դեմ: Եթե հիվանդը միանում է իր հիվանդությանը, բժիշկը մնում է մենակ` երկուսի դեմ, իսկ եթե բժշկին, ապա` երկուսով հաղթում են հիվանդությանը: Հիվանդը պետք է լավատեսորեն տրամադրվի իր հիվանդության նկատմամբ, հավատա բժշկին, ում խոսքը պետք է համոզիչ եւ ազդեցիկ լինի: Առանց այս նախապայմանների բուժումն իմաստ չունի սկսել: Մեր ժողովուրդը դարեր շարունակ բժշկությունը համարել է աստվածային գիտություն, հրաշք, հրաշագործություն, իսկ բժշկին` աստվածացրել է, համարել հրաշագործ: Իրոք, բժշկությունը հրաշագործության պես մի բան է, եւ հիվանդը բուժվելուց առաջ պետք է հավատա այդ հրաշքին: Մեր պրակտիկան լի է իրական հրաշքներով, եւ դրանց հեղինակը ոչ այնքան դեղորայքներն են, որքան հիվանդը`իր հավատով, համբերությամբ, բժիշկը` իր խոսքով, դեմքի ուրախ արտահայտությամբ, նաեւ` հումորով, հիվանդությունը թեթեւությամբ ընդունելու եւ ճանապարհելու կարողությամբ: Այսպիսի մի խոսք էլ կա. երբ դու ծիծաղում ես, հիվանդությունն իրեն ծաղրված է զգում եւ քեզանից հեռանում է:

– Տիկին Իսախանյան, առաջին եռյակի շարքում ո՞ր հիվանդություններն են, որ այսօր առավել հաճախակի են դիտվում, եւ ո՞ր հիվանդություններն են, որ երիտասարդացել են… Ձեր կարծիքը` բժշկի ունեցած այսօրվա հեղինակության մասին: Տուժել է այն. ինչո՞ւ: Հասարակ քաղաքացու համար` բժշկության մատչելիության մասին:

– Վերջին տարիների սոցիոլոգիական հաշվումներով` առաջին տեղում են սիրտանոթային հիվանդությունները, երկրորդ` ուռուցքային, եւ երրորդ` բոլոր մյուս հիվանդությունները: Երիտասարդացել են ինչպես հիշյալ հիվանդությունները, այնպես էլ` մի շարք այլ հիվանդություններ, որոնց գլխավորում են սիրտանոթային համակարգում ամենատարածված` զարկերակային հիպերտենզիան, շաքարային դիաբետը: Ի դեպ, ասեմ, որ թվարկած հիվանդությունները, եթե, իհարկե, ընդգծված ժառանգական չեն, նաեւ ինչ-որ չափով պայմանավորված են տարածաշրջանում 90-ական թվականների պատերազմական իրավիճակով, նյարդային-սթրեսային ապրումներով: Ցավոք, մեր հասարակությունը ենթարկվեց լուրջ հոգեբանական փորձությունների, եւ չծնված պտուղն անգամ արդեն կրում է դրանց ազդեցությունը: Մարդիկ հնարավորինս պետք է իրենց զերծ պահեն տխուր, հոռետեսական մտքերից, ավելորդ նյարդային եւ հուզական բեռնվածությունից: Այստեղ է, որ լավ բժիշկը կարեւորում է ոչ այնքան առատ դեղորայքների նշանակումը, որքան` օգտակարը: Ասում են` սկսնակ բժիշկը դուրս է գրում քսան դեղամիջոց` մեկ հիվանդության դեմ, իսկ փորձառու բժիշկը` մեկ դեղամիջոց` քսան հիվանդության դեմ: Երբեմն բժիշկը նույնիսկ այդ մեկ դեղամիջոցը դուրս գրելու կարիք չի ունենում. նա իր հիվանդին պարզապես բուժում է որեւէ խորհրդով կամ բարի ներշնչանքով:

Բժշկի ունեցած այսօրվա հեղինակությունը, ինչ խոսք, փոքր-ինչ խաթարվել է, դարձել է երերուն եւ ասես փախչում է հենց բժշկի ոտքերի տակից: Երկրի համակարգային փոփոխությունները, բնականաբար, նաեւ առողջության համակարգին են անդրադարձել: Առաջին հայացքից` անվերջ կարելի է մեղավորներ փնտրել` եւ կառավարական մարմինների, օրենք սահմանողների, եւ բժշկական համակարգի ասպարեզում: Մինչդեռ, ես կասեմ. բժշկի հեղինակության համար առաջին պատասխանատուն հենց բժիշկն է: Յուրաքանչյուր բժիշկ ինքն է ստեղծում իր հեղինակությունը, եւ այստեղ այնքան էլ կարեւոր չեն ոչ աշխատավարձի չափը, ոչ առողջապահությանը հատկացված պետական միջոցների չափը, ոչ փոփոխված համակարգը, ոչ էլ, առավել եւս, հիվանդի վճարունակությունը: Միանշանակ, եթե բժիշկն ապրում է հիվանդի կյանքով, նրա ցավը եւ մտահոգությունը համարում իրենը, ձգտում անկեղծորեն օգնել նրան, բուժել նրա հիվանդությունը, այդպիսի բժիշկը վայելելու է եւ հեղինակություն, եւ հիվանդի հարգանքն ու սերը: Բժիշկը երբեք իրավունք չունի հիվանդից խնայելու իր հանգիստը, իր սերն ու բարությունը, իր բժշկական իմացությունն ու ջանքերը: Նա պետք է ամեն օր կատարելագործի իր գիտելիքները, տեղյակ լինի հիվանդության կլինիկային, ժամանակակից բուժման մեթոդներին, չլճանա, չբավարարվի բուհական գիտելիքներով, բժշկության ասպարեզում կենդանի շփումներ հաստատի, որովետեւ այսօր բժշկությունը մեծ տեմպերով զարգանում եւ հիվանդությունների բուժման անընդհատ կատարելագործվող նոր տեխնոլոգիաներ եւ եղանակներ է առաջադրում: Մեծ թռիչքներ կատարվեցին նաեւ կարդիո-վիրաբուժության ասպարեզում:

Բժշկի հեղինակությունը նաեւ նրա խոր տեղեկացվածությունն է ժամանակակից բժշկագիտությունից: Ինչ վերաբերում է բնակչության համար այսօրվա բժշկության մատչելիությանը, բոլորս էլ տեղեկացված ենք, որ բնակչության մեծ տոկոսը վճարունակ չէ: Ինչպես ասում են, հիվանդը շատ հաճախ դիմում է բժշկին այն ժամանակ, երբ դանակը հասնում է ոսկորին: Նման դեպքերում` երբեմն շատ ուշ է լինում, իսկ երբեմն էլ տարիներով ձգձգվում-երկարում է բուժման գործընթացը: Մինչդեռ, ո՞վ չգիտե, որ հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ է, քան նրա բուժումը: Բժշկության համակարգում էլ դեռ շատ հարցեր հստակեցված չեն, նորանկախ երկիրն ինքն էլ կայացման շրջան է ապրում. դա վերաբերում է եւ ոլորտին հատկացված սահմանափակ բյուջեին, ե՛ւ` պետական պատվերներին, ե՛ւ հաշվառված հիվանդներին տրամադրվելիք անվճար դեղամիջոցներին, ընդհանուր առմամբ` առողջապահության կառավարմանը, հօգուտ ազգաբնակչության` նոր օրենքների ընդունման անհրաժեշտությանը:

– Տիկին Իսախանյան, զրույցի ընթացքում Դուք նշեցիք առողջապահության մշակույթի, կուլտուրայի մասին: Ինչպիսի՞ն է այն մեզ մոտ, եւ ինչպե՞ս կարող է սովորական քաղաքացին ընկալել այդ հասկացությունը:

– Առողջապահության մշակույթը շատ ծավալուն թեմա է, հնարավոր չէ մի քանի բառով խոսել նրա կարեւորության մասին: Ընդամենը կասեմ, որ առողջություն պահպանելը նաեւ մշակույթ է, կուլտուրա, որը վաղուց ձեւավորված է զարգացած պետություններում: Մեր բնակչության շրջանում, ցավոք, այն ամրագրված երեւույթ չէ, որն էլ իր հերթին շատ եւ շատ խնդիրներ է առաջացնում ե՛ւ բուժանձնակազմի աշխատանքում, ե՛ւ բնակչության կյանքի ու առողջության պահպանման ասպարեզում: Յուրաքանչյուր մարդ, լինի հիվանդ, թե` ոչ, պետք է իր մեջ ներքին մշակույթ ձեւավորի` իր առողջության պահպանման, ժամանակին հետազոտման, հնարավոր այս կամ հիվանդության հայտնաբերման, կանխարգելման եւ բուժման ուղղությամբ: Բնակչության մեջ այդ մշակույթը բացակայում է, եւ շատ հաճախ մարդիկ սիրում են պատճառաբանել իրենց անվճարունակությունը: Մինչդեռ, խոստովանենք, դա այդպես չէ. մեր բոլոր պոլիկլինիկաներն անվճար են, իսկ ստացիոնարում ամեն բուժում չէ, որ անմատչելի է հասարակ քաղաքացու գրպանի համար: Շատ հաճախ դրանք կոպեկներ են այն գների համեմատ, որը հետո նրանք ստիպված են լինում վճարել արդեն բարդացած հիվանդությունների հետազոտման, բուժման կամ վիրահատությունների ժամանակ: Կուզեի առողջության պահպանման մշակույթն ամրապնդվեր մեր հասարակության մեջ, մարդիկ ավելի քաղաքակիրթ, սրտացավ վերաբերվեին իրենց իսկ առողջությանը, օրգանիզմին, վարեին առողջ ապրելակերպ:

– Տիկին Իսախանյան, ի՞նչ է Ձեզ համար Հիպոկրատի երդումը, եւ ո՞րն է հիվանդների կամ երբեւէ Ձեզ դիմած մարդկանց կողմից Ձեր վայելած անկեղծ սիրո ու հարգանքի գաղտնիքը: Ի՞նչ կմաղթեիք մեր ժողովրդին, մեր երկրին:

– Հիպոկրատի երդումն ինձ համար կենսակերպ է, բժշկական օրենքներին եւ նորմերին` հավատարմության ուխտ: Ով ոտք է դնում բժշկի ուղին, նրա մտավոր ու բարոյական սկզբունքները պետք է նոր որակ ստանան, քննություն բռնեն բարձր բարոյա-էթիկական դաշտում: Չէ՞ որ կարեւոր է ոչ միայն հիվանդության բուժումը, կարեւոր են ոչ պակաս հիվանդի հոգեկան աշխարհ թափանցելու կարողությունը, նրա անհատականությունը, առանձնահատկությունները ճանաչելն ու հարգելը: Եվ քանի որ բժիշկը գործ ունի մարդու կյանքի եւ առողջության հետ, ուստի, գիտելիքներից բացի, նա պետք է օժտված լինի բազմաթիվ բարոյահոգեբանական հատկանիշներով, ինչպիսիք են սրտացավությունն ու անձնվիրումը: Իսկ իմ հիվանդները, հավանաբար, ավելի լավ գիտեն, թե ինչու են սիրում իրենց բժշկին: Ես իրականում ընդամենն օգնում եմ, որ հիվանդներս առողջանան, որ կյանքին նայեն ավելի պայծառ ու հավատով: Դա յուրաքանչյուր բժշկի կոչումն ու պարտքն է:

Մեր ժողովրդին էլ մաղթում եմ, բնականաբար, առողջություն, ներքին կուլտուրա եւ հոգատարություն` իրենց առողջությունը պահպանելու, թույլ չտալու, որ հիվանդությունները բարդանան:

Մեր երկրին, պետությանը մաղթում եմ բարգավաճ տնտեսություն, հզորացում, որն էլ երաշխիք կհանդիսանա մեր ժողովրդի արժանապատիվ գոյության, եւ մարդիկ ավելի բարձր պատասխանատվությամբ ու սիրով կվերաբերվեն իրենց կյանքին ու առողջությանը:

Հարցազրույցը` ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34