Զորաց քարեր. աստղադիտարա՞ն, թե՞ բնակավայր ու դամբանադաշտ

04.09.2017 16:07
1572

(«Սյունյաց երկրի» հարցերին պատասխանում է հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը)

Ժամանակակից Հայաստանի հարավի հնագիտական համալիրների մեջ առանձնացող մեգալիթյան հուշարձանը՝ Զորաց քարերը, շարունակում է հետաքրքրություն առաջացնել ոչ միայն հանրապետության բնակչության, այլեւ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների շրջանում:

Օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը հուշարձանի տարածքում հերթական անգամ կատարում էին պեղումներ, ինչն էլ պատճառ դարձավ վերջին ամսում երկրորդ անգամ այցելելու Զորաց քարեր:

Հնագիտական արշավախումբը՝ 15 հոգուց կազմված, ղեկավարում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

Հնագիտական արշավախմբի աշխատանքները ֆինանսավորել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն:

Սիսիան քաղաքից 3կմ հյուսիս գտնվող հնավայր այցելեցինք պեղումների վերջին օրը՝ սեպտեմբերի 2-ին, որտեղ էլ զրույց ունեցանք Աշոտ Փիլիպոսյանի հետ:

***

- Պարո՛ն Փիլիպոսյան, նախ կուզենայինք իմանալ, թե երբվանի՞ց եք զբաղվում Զորաց քարեր հուշարձանի ուսումնասիրմամբ:

- Իմ ղեկավարած արշավախումբն առաջին անգամ այս հնավայրում աշխատել է 2014 թվականին:
2015-16թթ. հիմնականում զբաղված էինք աղբյուրագիտական, ճարտարապետական նյութեր հայթայթելով:

Հիմա էլ շարունակում ենք աշխատանքները, պեղումները կշարունակենք նաեւ հոկտեմբերին՝ երկու շաբաթով:

- Դուք նշեցիք, որ 2015-16թթ. աղբյուրագիտական նյութերի հավաքմամբ էիք նաեւ զբաղված: Աղբյուրագիտական ի՞նչ նյութեր կարողացաք ի մի գումարել, ավելի ճիշտ՝ ի՞նչ ասել է աղբյուրագիտական նյութեր այս հուշարձանի առումով:

- Ժողովրդական ավանդազրույցներ կան, որոնք գրի են առել Երվանդ Լալայանը (19-րդ դարավերջին), Ստեփան Լիսիցյանը (20-րդ դարի 20-30-ականներին), Մորուս Հասրաթյանը (20-րդ դարի 50-60-ականներին):

Դրանք տեղ են գտել նաեւ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» հիմնարար աշխատության մեջ:

Ըստ ավանդազրույցների՝ մեծ քարակույտերի խորքում առաջնորդներ են թաղված, իսկ ուղղահայաց կանգնեցված հսկա քարաբեկորների տակ՝ զինվորներ: Այդ պատճառով էլ վայրը նաեւ Զորաց քարեր է կոչվում:

Ուշագրավ են հետագա շրջանի ուսումնասիրությունների արդյունքները եւս: Մորուս Հասրաթյանից հետո տարածքը հետազոտել են Օ.Խնկիկյանը, Է.Պարսամյանը, Գ.Արեշյանը, ուրիշներ (20-րդ դարի 70-80-ականներ), այնուհետեւ՝ 20-րդ դարավերջին եւ 21-րդ դարասկզբին՝ Պարիս Հերունին, ապա՝ Հ.Մարտիրոսյանը, Վ. եւ Մ. Վահրադյանները, իսկ 2010-ից հետո՝ Ա.Բոբոխյանը, Հ.Ավետիսյանը, Ա.Գնունին, Գ.Սարգսյանը…

- Եվ, այդուհանդերձ, մեզ զարմացրել է գրավոր աղբյուրների եւ հատկապես Ստեփանոս պատմիչի, Ղեւոնդ Ալիշանի աշխատություններում այդ կապակցությամբ հիշատակությունների բացակայությունը:

- Հուշարձանին եւ հարակից տարածքներին առնչվող գրավոր սկզբնաղբյուրների շարքում առաջինը Վանի թագավորության (Ուրարտուի) սեպագիր արձանագրություններն են: Դրանք թեեւ ուղղակի տվյալներ չեն տալիս Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանի վերաբերյալ, սակայն կարեւոր տեղեկություններ են պարունակում: Նկատի ունեմ Սարդուր 2-րդի (մ.թ.ա. 764-735թթ.) տարեգրության համապատասխան հատվածը, Սիսիանից մոտ 17 կմ արեւմուտք՝ Արեւիս գյուղից ոչ հեռու, Թանահատ վանքի ավերակներում հայտնաբերված Արգիշտի 2-րդի (մ.թ.ա. 714-685թթ.) սեպագիր արձանագրությունը, ինչպես եւ Ռուսա 2-րդի (մ.թ.ա. 685-645թթ.) Այանիսում բացված Խալդի աստծո տաճարի մուտքի արձանագրությունը:

Ինչ վերաբերում է Ստեփանոս Օրբելյանի պատմությանը կամ Ալիշանի հայտնի տեղագրությանը… Հավանաբար մ.թ. 11-13-րդ դարերում՝ սելջուկների, ապա եւ մոնղոլների աշավանքի ժամանակ, Զորաց քարերի դամբարաններն արդեն թալանված էին եւ ծառայում էին որպես ապաստարաններ՝ պաշտպանվելու համար:

Ի դեպ, Զորաց քարերի գրեթե բոլոր մեծ դամբարանները (թիվն անցնում է երեք տասնյակից) քանդված են եւ թալանված: Դրանք շրջապատված եւ ամբողջական կամ թերի պահպանված կրոմլեխներով ու կենտրոնում (հիմնականում՝ արեւելք-արեւմուտք դիրքով) գետնափոր, քարարկղային դամբանախցեր ունեն:

- Զորաց քարեր հուշարձանի ուսումնասիրմամբ, ինչպես նշեցիք, շատերն են զբաղվել, բայց Պարիս Հերունու հետազոտությունը, նրա արտահայտած տեսակետը տարբերվում են մինչեւ հիմա եղած տեսակետների, ավանդազրույցների համապատկերի վրա:

- Պարիս Հերունին ֆիզիկոս էր, նա կարող էր տեսակետ, կարծիք հայտնել, բայց ոչ տեսություն առաջադրել: Ընդամենը տեսակետ է հայտնել, որ հրապուրիչ է մեր ժողովրդի համար: Միայն այդքանը…

Ինչպե՞ս կարող էր ֆիզիկոսը հնագիտական նման հարցի վերաբերյալ հիմնավոր կարծիք հայտնել:

Պարիս Հերունու կարծիքը կիսում են ոչ մասնագետները. ցույց տվեք մի հնագետ, որ համաձայն է նրա հետ:

- Մենք Հերունուն 1996 կամ 97 թվականին հանդիպեցինք այստեղ՝ Զորաց քարերում՝ պեղումների ժամանակ: Մեր զրույցը հրապարակվեց մարզային թերթում: Տարիներ հետո էլ «Սյունյաց երկրին» հարցազրույց տվեց գրերի գյուտի 1600-ամյակի առիթով: Այդ ժամանակներից ի վեր (միգուցե եւ ավելի վաղ ժամանակներից) նա հոդվածներ է հրապարակել, գրքեր հրատարակել (դրանք նաեւ այլ լեզուներով են թարգմանվել)՝ առաջ քաշելով իր տեսակետը՝ Զորաց քարեր հուշարձանն աստղադիտարան է եղել:

Մարդիկ ողջամիտ հարց են տալիս՝ ինչո՞ւ Հերունուն հնագետները չէին հերքում, հակադարձում, ընդդիմանում այն ժամանակ, երբ կենդանի էր…

- Ինքս մի քանի անգամ մասնակցել եմ Զորաց քարերին նվիրված գիտական ժողովների, որոնց հրավիրվել է նաեւ երջանկահիշատակ Պարիս Հերունին, բայց միշտ էլ հրաժարվել է մասնակցել մասնագիտական քննարկումների:

- Իսկ զուգահեռներն անգլիական Սթոունհենջի հետ, դա՞ էլ անհիմն է:

- Ընդամենը մեկ ամիս առաջ ռուսական «Կուլտուրա» ալիքով ներկայացվեց երկմասանոց ֆիլմ Սթոունհենջի մասին, որտեղ խոսք անգամ չկար այդ հուշարձանի՝ աստղադիտարան լինելու տեսակետի վերաբերյալ: Ընդհակառակը՝ ներկայացրին հնագիտական տվյալներ այն մասին, որ այնտեղ՝ պեղումների ժամանակ, հայտնաբերվել են զոհված մարդու ոսկորներ, եւ այդ հուշարձանը կարեւոր ծիսական կառույց է եղել: Բացի դրանից, համացանցում այսօր տեղադրված են շատ հետաքրքիր փաստեր, թե ինչպես 20-րդ դարի 30-50-ական թվականներին վերակառուցվեց ու վերաձեւվեց Սթոունհենջը:

- Եվ ինչո՞ւ այդչափ նմանություն կա Զորաց քարերի ու Սթոունհենջի միջեւ, ինչպե՞ս հասկանալ:

- Երկուսն էլ մեգալիթյան հուշարձան են, երկուսն էլ կապված են թաղման ծեսի եւ ծիսական պատկերացումների որոշակի համակարգի հետ՝ այն տարբերությամբ, որ Զորաց քարեր հուշարձանը ե՛ւ բնակավայր ուներ, ե՛ւ դամբանադաշտ, իսկ Սթոունհենջում բնակավայրի հետքեր՝ ցայտուն արտահայտությամբ, չկան:

Ի դեպ, մեգալիթյան հուշարձաններ՝ տարաժամանակյա, բայց իրար նման, շատ կան աշխարհում՝ Իսպանիայից մինչեւ Կամբոջա, Թաիլանդ, Հնդկաստան, Իրան… Եվ նրանց նմանությունը չպետք է թյուրիմացության մեջ գցի մեզ:

- Դե ուրեմն, խնդրեմ, Դուք բնութագրեք Զորաց քարեր հուշարձանը:

- Առանց վարանելու կարող եմ ասել՝ Անդրկովկասի մեգալիթյան եզակի հուշարձաններից է. զբաղեցնում է մի քանի տասնյակ հեկտար տարածք: Հիմնական մասը գտնվում է Դառը (Դար) գետի (Որոտանի վտակներից է) ձորի ձախակողմյան քարափի բարձունքում՝ ծովի մակարդակից 1770 մ բարձրություն ունեցող սարահարթում, եւ բաժանված է երկու մասի: Հարավային հատվածը դամբանադաշտ է, հյուսիսային մասը՝ բնակավայր, որն էլ ունի պաշտպանական պարիսպ՝ իր որմնահեցերով, հետքերն էլ պահպանված են:

- Եվ ո՞ր դարաշրջանի մասին է խոսքը:

- Երեք-չորս տարի շարունակ մետր առ մետր ուսումնասիրել ենք եւ ուսումնասիրում ենք վերգետնյա նյութերը նույնպես: Ամենահին մշակութային շերտը վերաբերում է մ.թ.ա. 20-18-րդ դարերին՝ միջին բրոնզի շրջափուլին: Ավելի վաղ շրջանին առնչվող որեւէ նյութական մշակույթի մնացորդ չունենք:

- Բացի Ձեզանից եւ Ձեր արշավախմբից, ներկայումս ուրիշ ովքե՞ր են զբաղվում այս հուշարձանի ուսումնասիրմամբ:

- Հուշարձանով եւ նրա մեգալիթյան կառույցների ուսումնասիրմամբ իրենց ծրագրի շրջանակում զբաղվում են Երեւանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը, նույն ամբիոնի դասախոսներ Արսեն Բոբոխյանը եւ Արտակ Գնունին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը…

- Հետաքրքիր է՝ կա՞ տարբերություն Ձեր եւ նրանց կարծիքների, տեսակետների միջեւ:

- Հիմնականում նույն տեսակետն ունենք:

- Փաստորեն այսօր ավարտում եք հնագիտական արշավախմբի այս փուլի աշխատանքները: Կարո՞ղ եք շատ համառոտ ամփոփել կատարված աշխատանքը, եզրակացություններ անել:

- Աստղադիտարան կամ աստղագիտական տաճար հորջորջվող կառույցն իրականում ուշ բրոնզի դարին կամ շրջափուլին վերաբերող դամբանադաշտ է: Դամբարանը, որտեղ աշխատում ենք, ունի իր քարաշար կրոմլեխը, որը շուրջ 18 մ տրամագծով առանձնացված տարածք է: Արեւմտյան կողմից սկսում է դամբարանի ստորգետնյա մուտքը (դրոմոսը), ձգվում է դեպի արեւելք 7 մ եւ ավարտվում ուղղանկյուն դամբանախցով, որի երկարությունը մոտ 6,5 մ է, լայնքը՝ մոտ 3 մ, խորությունը՝ 2,10 մ: Այդ դամբանախցում, իհարկե խառնված վիճակում, հայտնաբերվել են միջին բրոնզի դարաշրջանի, ուշ բրոնզի դարաշրջանի, երկաթի դարաշրջանի եւ աքեմենյան շրջանի նյութական մշակույթի մնացորդներ: Այսօրվա տվյալներով ունենք նաեւ երեք մարդու գանգի մնացորդներ (մարմինները չեն պահպանվել) եւ խոշոր ու մանր եղջերավոր անասունների մի քանի արկղ ոսկորներ՝ թաղման ծեսի ժամանակ զոհաբերված կենդանիների մնացորդներ:

- Ի՞նչն է նոր կամ ուշագրավ այդ գտածոների մեջ:

- Դամբանախցում հայտնաբերվել են նաեւ տասը բրոնզի ապարանջան, հինգ երկաթե նիզակ եւ մի արկղ բրոնզեդարյան, երկաթեդարյան խեցանոթների բեկորներ: Այդ իրերը կոնկրետ մշակութային պատկանելություն ունեն եւ որոշակի ժամանակ են ներկայացնում:

- Կարելի՞ է եզրակացնել, որ հուշարձանը շարունակում է մնալ հնագետների ուշադրության կենտրոնում:

- Մեգալիթյան այդ հուշարձանը, որ հայտնի է Դիք-դիք քարեր, Ցից-ցից քարեր, Զորաց քար, Զորաց քարեր, Քարե զորք, Ղոշուն դաշ, վերջերս նաեւ Քարահունջ անվանական տարբերակներով, արդեն մեկ դարից ավելի ուշադրության կենտրոնում է: Հնագետներին հետաքրքրում են հուշարձանի դիրքը, տարածքը, ընդհանուր տեսքը, կառուցվածքային մանրամասները, տեղում հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդները եւ հատկապես ուղղահայաց կանգնեցված հսկա քարաբեկորների բազմությունը…

- Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, Ձեր արշավախմբին՝ հաջողություններ:

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25