2-3 տարի հետո մենք ֆիզիկայի ուսուցիչների դեֆիցիտ ենք ունենալու, քիմիայի վիճակն ավելի ողբալի է․ Կրթության փորձագետ

25.06.2020 11:16
1078

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ հեղափոխությունից հետո պետք էր նոր շունչ տալ կրթական համակարգին, իսկ դա անելու համար անցյալը համակարգված ձևով պետք է վերլուծեին, որոշակի գիծ քաշեին և անցնեին առաջ։

«Կրթության ոլորտում ռեֆորմի ալգորիթմը ճիշտ չենք աշխատեցնում։ Օրինակ, ես ակնկալում էի, որ հեղափոխությունից հետո կիրականացվի նախորդ տարիների կրթական բարեփոխումների որոշակի վերլուծություն, գնահատական կտրվի որոշակի պրոցեսների, կասվի՝ արվել են այսպիսի բաներ, որոնք անթույլատրելի են, կամ արվել են այսպիսի բաներ, որոնք պետք է շարունակենք։ Այսինքն, երեք մակարդակով պետք է վերլուծություն արվեր, որի արդյունքում պետք  է ֆիքսվեր՝ այսուհետ ինչ չենք անում, ինչն ենք շարունակում և ինչն ենք այլ որակով անում։ Գոնե այսպիսի եռամակարդակ գնահատում էի ես ակնկալում։ Ցավոք, այս գործընթացն այդպես էլ չիրականացավ, հեղհեղուկ ձևով ասվեց, որ այսուհետ դպրոցների կուսակցականացում չի լինի, համակարգային կոռուպցիա չի լինի, բայց կարծում եմ՝  դրանք հարցազրույցների կամ հավաքների ժամանակ ասելը բավարար չէ։ Ամենը պետք  է շատ համակարգված ձևով վերլուծվեր և դրվեր սեղանին»,- «Մեդիա» կենտրոնում կազմակերպված առցանց քննարկման ժամանակ ասաց կրթության փորձագետը՝ նշելով, որ մյուս խնդիրն այն է, որ իր համար հասկանալի չէ, թե ով պետք է անի այս ռեֆորմը։
«Ռեֆորմ անելու համար դու պետք է ունենաս որոշակի ինստիտուտներ։ Բնական է, որ միայն նախարարությունը դա չի կարող անել, որովհետև շատ դեպքերում զբաղված է ընթացիկ հարցերով՝ հրդեհներ մարելով, աշխատողներն այլ պատրաստվածություն ունեն։ Այս տեսակի ռեֆորմ անելու համար քեզ պետք են որոշակի ինստիտուտներ, ուղեղային կենտրոններ։ Ընդ որում՝ դրանք չպետք է լինեն 2-4 ամսով հավաքվող ինչ-որ ժամանակավոր փորձագիտական խմբեր, որոնք ինչ-որ միջազգային կազմակերպությունից գումար են ստանում, հետո ծրագիրը ավարտվում է և գնում են տուն։ Ամենապարզ հարցը, որ պետք է տան՝ ո՞ր ինստիտուտը, օղակն է այս ամենը անելու։ Այս հարցի պատասխանը չկա։ Կրթության նախարարությունը ֆինանսավորում է բազմաթիվ գիտական ծրագրեր, նախագծեր և այլն, բայց ո՞ւր է այն ֆինանսավորումը, որը պետք է կրթությանը, գիտությանը նպաստի։ Ո՞րն է այն ինստիտուտը, որ կրթական, գիտական կողմը պետք է առաջ տանի, որովհետև առանց ստրատեգիական մտածողության՝ ոչինչ չի լինի»,- հարց բարձրացրեց Սերոբ Խաչատրյանը՝ հայտնելով, որ առաջարկել է ստեղծել խումբ, որը պետք է կայուն ձևով այդ ստրատեգիական աշխատանքը կատարեր, քանի որ  ոչ ԿԳՄՍ նախարարը, ոչ փոխնախարարը, ոչ վարչության պետերը դա չեն կարող անել, որովհետև ներգրավված են ամենօրյա վարչական, կազմակերպչական հարցերի մեջ։

«Հիմա, այս դատարկ իրավիճակում ակնկալել, որ ինչ-որ ստրատեգիական բան կլինի Հայաստանում՝ ուղղակի անհույս է, որովհետև չկա ինստիտուտ, որ դա առաջ տանի։ Այդ պատճառով մեր ռեֆորմները ես համեմատում եմ տերևի հետ, որ քամին տանում-բերում է, մեկ այս ենք անում, մեկ այն, ու չկա ռազմավարական հիմք։ Ամենաթարմ օրինակը բերեմ․ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ սեպտեմբերից ուսուցիչների ատեստավորման նոր կարգ է դրվում, որի համաձայն՝ որոշ ուսուցիչներ շատ բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն կունենան, եթե գնան ատեստավորման այդ բարդ ճանապարհով։ Բայց արդյո՞ք մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը և լուրջ գիտական տվյալները, որոնք ասում են, որ, երբ դու ստեղծում ես մի կրթական համակարգ, որտեղ ուսուցիչների մի խումբը շատ բարձր աշխատավարձ է ստանում, մյուսը՝ շատ ցածր, դա չի աշխատում։ Այսօր այդ գիտական տվյալը կա, որ պետք չէ այդպիսի բաժանում անել ուսուցիչների միջև։ Երբ մի ուսուցիչը կստանա 60․000 դրամ, մյուսը՝ 300․000, թվում է, թե դու խրախուսում ես ուժեղ ուսուցչին, բարձր ստացողի համար դա լավ է, իսկ ցածր ստացողները, որոնց թիվը շատ է լինելու, կարող են այդ համակարգում շատ ավելի մեծ վնաս տալ՝ տեսնելով, որ մյուս ուսուցիչն իրենից 5 անգամ ավելի շատ աշխատավարձ է ստանում։ Ու  մտածել, որ՝ թող ինքն էլ ձգտի, հասնի այդ մակարդակին՝ դա ռեալ չէ։ Հայաստանը չի կարող 37․000 ուսուցչի տալ 300․000 դրամ աշխատավարձ, եթե ձգտեն ու հասնեն, և երկրորդ, բնական է, որ ոչ բոլորն ունեն այդ հնարավորությունը»,- ընդգծեց կրթության փորձագետը։

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ երբ ռեֆորմ ենք անում, պետք է ստուգենք դա։

«Հաճախ, ցավոք, Հայաստանին վաճառվում են ժամկետանց գաղափարներ, ռեֆորմներ, որովհետև շատ դեպքերում մեզ հետ աշխատում են այնպիսի փորձագետներ, որոնք Արևմուտքում այնքան էլ առաջավոր խմբերի մեջ չեն ընդգրկված։ Այո՛, մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չունենք որևէ տեսլական, ռազմավարություն, չգիտենք՝ ուր է գնում կրթական համակարգը։ Կորոնավիրուսը ԿԳՄՍ-ին ևս մեկ հնարավորություն է տվել՝ ցատկ ապահովել համակարգում, որովհետև նեղն ընկնելով՝ ուսուցիչները հիմա փորձում են ելքեր գտնել․ իրարից սովորում են։ 1000-ավոր ուսուցիչներ ինքնակամ գրանցվում են վերապատրաստման դասընթացների համար, այն դեպքում, երբ նախկինում զոռով էին տանում։ Կան շատ լավ ուսուցիչներ, դասախոսներ, անհատներ, ովքեր իսկապես պատրաստ են աջակցել։ Կարծում եմ՝ նախարարությունը պետք է դրսևորի համարձակություն, դուրս գա պաշտպանողական կեցվածքից։ Մտածում են՝ եթե շատ մարդկանց ներս թողնեն, միգուցե քննադատության ալիքն ուժեղանա, նախարարության պաշտոնյաների դիրքերը թուլանան։ Բայց կարծում եմ՝ այդ կոմպլեքսից պետք է դուրս գալ, կրթական համակարգն այլևս նահանջելու տեղ չունի։ Եվ, եթե նախարարությունը չբացվի՝ հետագայում ամբողջ իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը ջարդվելու է նախարարության գլխին»,- նշեց կրթության փորձագետը՝ հավելելով, որ երկու օր առաջ ավարտվեց բուհերի ընդունելության քննությունների հայտերի ընդունումը, գրեթե բոլոր համալսարաններում 1 կամ 2 հոգի է դիմել ֆիզիկա մասնագիտությամբ։

«Սա նշանակում է, որ 2-3 տարի հետո մենք ֆիզիկայի ուսուցիչների դեֆիցիտ ենք ունենալու։ Քիմիայի վիճակն ավելի ողբալի է, որովհետև շատ համալսարաններ արդեն փակել են քիմիայի ֆակուլտետները։ Մանկավարաժական համալսարանի Ինֆորմատիկայի բաժին ընդամենը 6 հոգի է դիմել։ Այսինքն, թվային  դարաշրջանում ընդամենը 6 հոգի է ցանկանում դառնալ ինֆորմատիկայի ուսուցիչ։ Երևանում տնօրեններն արդեն դժվարությամբ են ուսուցիչներ գտնում։ Համալսարաններում նույնպես իրավիճակը բավական բարդ է։ Դրա համար կոչ կանեմ ԿԳՄՍ նախարարությանը՝ բաց լինել, չվախենալ քննադատություններից»,- եզրափակեց կրթության փորձագետը։

168.am

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21