Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից 2021 թ. մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր. Նիկոլ Փաշինյան

17.11.2022 16:07
459

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին, խաղաղության օրակարգի սպասարկմանը և այլ թեմաների:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել է. 

«Օգտվելով առիթից՝ անդրադառնամ ընդդիմության՝ մեզ ուղղված այն քննադատությանը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առումով մեր արձանագրումները, մեր դիրքորոշումները կոնկրետ չեն և խուսափողական են: Այսպիսի գնահատական հնչեց: Եթե այս գնահատականը կարող էի հասկանել ընդամենը մեկ, մեկուկես ամիս առաջ, ապա այսօր չեմ կարող այն ընդունել և ընկալել: Ինչո՞ւ:

Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ «Վալդայ» քննարկումների ակումբում արած հայտարարությունը շատ կարևոր էր և էական, որպեսզի մենք մի շարք հարցեր պարզաբանենք և արձանագրենք, որ առնվազն Հայաստանի քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային վիճակ է:

Ուզում եմ հիշեցնել, թե ինչի մասին էր գնում խոսակցությունը: Նրա մասին էր, թե Հայաստանի Կառավարությունն ի՞նչ վերաբերմունք ունի Ռուսաստանի Դաշնության առաջարկների վերաբերյալ: Եվ այդ առաջարկի էությունը, ինչպես հետագայում բացահայտվեց, հետևյալն էր. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգել: Այն ժամանակ, երբ այս հարցադրումն արվեց ռուսական առաջարկների վերաբերյալ, կառավարությունը, իհարկե, շատ արագ արձագանքեց, բայց և՛ ընդդիմության դաշտում, և՛ Լեռնային Ղարաբաղում եղան դրսևորումներ, հայտարարություններ, որոնք կառավարությունից պահանջում էին ընդունել ռուսական առաջարկները:

Եվ ես հիմա կարող եմ ասել, որ կառավարությունը շատ վաղուց՝ դեռևս 2021 թվականի հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է, դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով: Եվ ես շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ թեման, այնուամենայնիվ, պարզաբանելու հնարավորությունը մեզ համար ընձեռեց: Եվ եթե մեր կառավարության դիրքորոշումը «խուսափողական» է, ըստ էության, այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը, իրենք էլ գուցե վստահ չլինելով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել – ինչո՞ւ եմ ասում վստահ չլինելով, որովհետև Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ ես շատ վաղուցվանից այդ դիրքորոշումը կիսել էի, և պիտի որ այնտեղ այդ տեղեկատվությունն արձանագրված լիներ: Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է և համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն:

Հաջորդ խնդիրը հետևյալն է՝ ուզում եմ, որ մենք գնահատենք նաև, թե ինչպիսին է այնուամենայնիվ անվտանգային իրավիճակը մեր տարածաշրջանում: Ես պիտի ասեմ, որ, այո, հայտարարությունների մակարդակում մենք տեսնում ենք որոշակի լարվածություն, բայց նաև օգտվելով այն առիթից և գուցե հետահայաց մեղավոր զգալով այն բանում, որ մենք հանրության հետ ոչ ամբողջ տեղեկատվությունն ենք կիսել հայտնի հանգամանքների պատճառով և օգտվելով առիթից, որ հրապարակային քննարկելու դաշտը մեզ հայտնի իրադարձություններից հետո ընդլայնվել է, ես ուզում եմ մի քանի շեշտադրումներ անել:

Առաջինը՝ ինչպիսի՞ն է խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքը: Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը Վաշինգտոնում ադրբեջանական կողմին է փոխանցել մեր մեկնաբանությունները և առաջարկները, ըստ էության՝ խաղաղության պայմանագրին վերաբերող մեր տեքստը, և մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին: Այդ արձագանքների առումով պիտի ասեմ, որ, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք նաև լարվածության որոշակի միտումներ: Այդ լարվածությունը կապված է նաև կոնկրետ իրադարձությունների և կոնկրետ իրավիճակների հետ:

Գիտեք՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր: Ըստ էության, միջազգային հանրությունն աջակցում է մեր այս դիրքորոշմանը: Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նույնպես մեր այս դիրքորոշումը կպաշտպանի: Իհարկե, տարօրինակ է իրավիճակը, որովհետև թվում է, թե հակառակը պետք է լիներ. ՀԱՊԿ-ը պետք է հստակ պաշտպաներ, և մենք մյուս գործընկերների հետ պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար, բայց մենք հիմա ուղիղ հակառակն ունենք: Ես հույս ունեմ, որ մենք նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում այս կոնսենսուսը կարձանագրենք: Սա սկզբունքային որոշում և դիրքորոշում է Հայաստանի Հանրապետության համար:

Ուզում եմ շատ հստակ լինել. մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել: Ոչ: Մենք ասում ենք, որ քաղաքական դիրքորոշումը, արձանագրումը, ի՞նչն է ՀԱՊԿ-ի ընկալումը այս իրավիճակի և ի՞նչ քաղաքական դիրքորոշում է ՀԱՊԿ-ը արձանագրում այս իրավիճակի հետ կապված, մեզ համար չափազանց կարևոր է:

Եվ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ ձևավորվելու է հենց այս հարցի հետ կապված:

Բայց վերադառնալով մեր դիրքորոշմանը, պիտի ասեմ, որ եթե շատ թարգմանաբար ներկայացնեմ, Ադրբեջանն ունի այսպիսի դիրքորոշում, որ 2021 թվականից առաջ էլ, մայիսից առաջ էլ կան տարածքներ, որոնք, այսպես ասած, օրինակ՝ Հայաստանը օկուպացրել է, և եթե կա խնդիր, և իրենք կարծում են, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է դուրս գա այդ տարածքներից:

Այս կապակցությամբ ես նախկինում հրապարակային չեմ խոսել, բայց ուզում եմ հիմա ձեզ ասել մեր դիրքորոշումը: Մենք ասում ենք՝ շատ լավ, եկեք հասկանանք, որ եթե ինչ-որ տարածքներից Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա, ի՞նչ սահմանով պետք է դուրս գա, այսինքն՝ որտեղի՞ց ուր պետք է գնա, և եթե մենք հասկանանք, ճշգրտենք այդ սահմանը, դա կարող է Հայաստանի համար լինել շատ ընդունելի խոսակցություն, որովհետև, օրինակ՝ նույն տարածքում մենք գծենք սահմանը, այսինքն՝ պարզ է, չէ՞, եթե մենք վերցնում ենք Խորհրդային Միության սահմանը, եթե Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը, օրինակ ՝հյուսիս-արևելքում օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի որոշ տարածքներ, նշանակում է նա նկատի ունի, որ այդտեղ ինչ-որ մի տարածքային բաժանում կա, սահման կա, գիծ կա:

Ասում ենք՝ շատ լավ, ցույց տվեք մեզ գիծը, ցույց տվեք մեզ քարտեզը, և դա կարող է լինել հետաքրքիր, և մենք չենք մերժում դա, ինչո՞ւ, նաև որովհետև հենց այդ նույն տարածքներում հայկական չորս գյուղերի տարածքների մեծամասնությունն օկուպացված է: Կարող եմ բերել կոնկրետ օրինակ, օրինակ՝ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է, օկուպացված է Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի վարելահողեր: 1991 թ. է դա եղել, 92-94 թվականներին:


Կարծում եմ, որ մենք հիմա այս հարցերի մասին պետք է ավելի շատ հրապարակային խոսենք: Մենք ասում ենք շատ լավ, ցույց տվեք քարտեզը, ցույց տվեք սահմանի գիծը և ցույց տվեք այդ սահմանի ձեր ցույց տված գիծն ի՞նչ իրավական հիմնավորում ունի: Այդ դեպքում նաև մենք պատրաստ ենք, ինչպես ասել եմ իմ վերջին հարցազրույցներից մեկում, իրադրությունը զարգացնել մինչև ամբողջ սահմանի երկայնքով, որ ոչ ադրբեջանական, ոչ հայաստանյան օկուպացված տարածքներ չլինեն: Մենք պատրաստ ենք գնալ այդ լուծումներին և ես այդ պատասխանատվությունը պատրաստ եմ վերցնել ինձ վրա: Ես ուզում եմ և՛ հայ հանրությունը, և՛ միջազգային հանրությունը սա արձանագրի՝ պայմանով, որ մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր քարտեզի մասին այդքան էլ լավ պատկերացում չունեն, միանգամից չշտապեն որակումներ տալ, որովհետև խոսքը 29800 կմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ոչ թե ընդհակառակը, զիջելու մասին է:

Հաջորդ խնդիրը՝ դելիմիտացիայի հետ կապված. գիտեք, որ պրոցեսներ են տեղի ունենում: Իրականում ասածս սրա շարունակությունն է, մենք հույս ունեինք, և կար ըմբռնում, և այսօր էլ այդպես ենք կարծում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կամ ուժի մեջ մտնելու պահին սահմանների դելիմիտացիան ավարտված լիներ: Հիմա այդպիսի ազդակներ կան, որ գուցե դա այդքան էլ իրատեսական չէ, բայց մյուս կողմից այդտեղ էլ լուծում կա: Կրկին զորքերի հետքաշման սխեմայով մենք առաջարկում ենք վերցնել ուղղակի 1990 թվականի փաստացի գոյություն ունեցած գիծը, զորքերի հայելային հետքաշում իրականացնել, մոնիթորինգի մեխանիզմ ստեղծել, զորքերն ընդհանրապես սահմանային հատվածում չունենալ, այդ ամբողջ հատվածը հանձնել սահմանապահ ծառայությանը, այս թեման առնվազն սահմանի գծի մասին պատկերացումը ֆիքսել, նոր հանգիստ պայմաններում գնալ դելիմիտացիայի գործընթացի, որն իսկապես կարող է շատ երկար տարիներ տևել:

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր դիրքորոշումը հետևյալն է. կա երկու մոտեցում՝ դետալացված մոտեցում և, այսպես ասած, շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցում, երբ որ շրջանակն է գծում՝ առանց շատ մեծ կոնկրետությունների: Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք շատ դետալացված հարցեր փորձենք լուծել, կարող ենք դժվարություններ ունենալ: Այս է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել, պայմանագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է, և մենք նույնպես պիտի աշխատենք, պիտի փորձենք գնալ այս ճանապարհով:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերադառնալով մեր հասցեին հնչող քննադատությանը, մենք կրկին ասում ենք՝ նաև ռուսական դիրքորոշումն ընդունելն է պատճառը, որ առաջ ենք քաշում ոչ թե կարգավիճակի, այլ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը: Ինչպես 2018 թվականին, հիմա էլ կարծում ենք, որ այդ խոսակցության շահագրգիռ թիվ մեկ կողմը պետք է լինի խոսակցության մասնակիցը, խոսքը Լեռնային Ղարաբաղի հայության, մեր հայրենակիցների մասին է: Մենք հույս ունենք, և միջազգային հանրության շրջանում էլ այդ ըմբռնումը կա, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պիտի տեղի ունենա, կայանա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին:

Եվ նաև այն, որ մենք համաձայն ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը տարանջատել Լեռնային Ղարաբաղի հայության, հայերի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումից, չի նշանակում, որ համաձայն ենք այդ հարցն օրակարգից հանելուն, նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների հարցը, և եթե մենք այս խնդիրը լուծում ենք, իհարկե Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հենքի վրա Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ շրջանակային պայմանագիր կնքել:

Ընդհանուր առմամբ սա էի ուզում ասել, գումարած տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանն անդրադառնալ: Կրկին ասում եմ, որ եթե Ադրբեջանի համար կոմունիկացիաների բացման հարցը ոչ թե էսկալացիա փնտրելու առիթ է, այլ իսկապես կոմունիկացիաներ ստեղծելու, վերակառուցելու, կառուցելու, այդ հարցը կարող ենք համարել լուծված: Կարծում եմ նաև, ընդհանուր առմամբ, մենք մեր ասելիքը զարգացրել ենք այնքան, որ կարող ենք գնալ կոնկրետ լուծումների, պարզապես պետք է, որ իսկապես աշխատենք այդ լուծումների ուղղությամբ և ոչ թե ուղղակի հանդիպումներով արձանագրենք, որ կրկին հանդիպեցինք:

Ընդ որում՝ կա գաղափար, ես կարծում եմ, որ այդ գաղափարին պետք է անդրադառնալ, որ, տեսեք, բարձր կամ բարձրագույն մակարդակների հանդիպումներում մենք հաճախ չենք հասցում հարցերի բոլոր դետալների մեջ խորանալ, և կարծում եմ, որ նաև պետք է դիտարկել այդ տարբերակը, որ փորձագիտական մակարդակում ավելի շատ աշխատանք արվի, հետո բարձր մակարդակով այդ աշխատանքի արդյունքները ֆիքսվեն, հետո բարձրագույն մակարդակում արդեն կայացվեն վերջնական որոշումներ:

Կարծում եմ՝ բանակցային այդպիսի հարթակներ ձևավորելն առաջիկա ամենակարևոր գործերից մեկն է, որը մեզ հնարավորություն կտա իսկապես տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատել:

Շնորհակալություն»:

https://www.1lurer.am/

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30