Ակսել Բակունցի հիշատակին առնչվող երկու հարցի մասին (նամակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին)

01.04.2024 16:20
772

Հարգելի տիկին նախարար

Լրանում է հայ արձակի մեծագույն ներկայացուցիչ Ակսել Բակունցի 125-ամյակը:

Հոբելյանի նախապատրաստության ընթացքում, սակայն, ի հայտ են եկել որոշ հարցեր, որոնցից երկուսի վրա ենք հրավիրում Ձեր ուշադրությունը՝ ակնկալելով դրական արձագանք:

Հավանաբար տեղյակ եք, որ 1915-16 թթ. Բակունցը դասավանդել է Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում: Կարճ ժամանակամիջոցում Ալեքսանդր վարժապետի անունը Լորի գեղջուկների համար դարձել էր հարազատ:

Լոր գյուղից ստացած տպավորությունները հետագայում Բակունցն օգտագործել է «Խոնարհ աղջիկը», «Կարմրաքար», «Ծիրանի տափ», «Մրոց» և մի քանի այլ ստեղծագործություններում:

Հետագայում ևս՝ 1926-ին, Բակունցը եղել է Լորում՝ հարևան Շենաթաղի (Լեռնաշենի) հետ հողային վեճը կարգավորելու համար: Այդ ամենից հետո էր, որ լորեցիներն ասում էին՝ «Ալեքսանդր վարժապետը արևի պես բարձրացավ մեր սարերից և լույս տվեց ձորերին»:

Ակսել Բակունցի հանդեպ համագյուղացիների անկեղծ սերն էր պատճառը, որ 1956 թվականին Լորի բնակիչներն իրենց գյուղի յոթնամյա դպրոցը Բակունցի անունով կոչելու խնդրանք ներկայացրին, ինչն էլ արժանացավ օրվա իշխանությունների հավանությանը:

Եվ մոտ հինգ տասնամյակ շարունակ Լորի դպրոցը կրում էր Ակսել Բակունց մեծ երևույթի անունը:

Սակայն, որքան էլ տարօրինակ է, վերջին տարիներին (ոմանց կարծիքով՝ 2006 թվականին, երբ 8-ամյա դպրոցին տրվել է միջնակարգի կարգավիճակ) Բակունցի անունը դուրս է մղվել Լորի դպրոցի ամբողջական անվանումից, ինչը ցավով ու ափսոսանքով է ընդունվել ոչ միայն Լորում:

Մեր նպատակը չէ խորանալ հանգամանքների մեջ, թե ինչու և ինչպես Բակունցի անունը դուրս մղվեց Լորի դպրոցի ամբողջական անվանումից:

Պարզապես խնդրում ենք հարցը քննության առնել և Լորի դպրոցին վերադարձնել Ակսել Բակունցի անունը, այլապես հասկանալի չէ ու չի լինի ոչ միայն կատարվածը, այլև մեր անտարբերությունը կատարվածի հանդեպ:

Երկրորդ հարցը: 2021 թ. մայիսյան և նոյեմբերյան դեպքերից հետո, երբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով որոշակիորեն անդամահատվեց Սյունիքի մարզը, Ակսել Բակունցի տուն-թանգարանից Երևան՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, տեղափոխեցին Ակսել Բակունցին առնչվող հինգ ցուցանմուշ՝ Մարտիրոս Սարյանի հեղինակած՝ Բակունցի մոր՝ Բոխչագյուլ Խուրշուդյանի գեղանկարը, Մարիամ Ասլամազյանի հեղինակած՝ «Բակունցը մոր հետ» գեղանկարը, Բակունցի լուսանկարչական ապարատը, Էջմիածնում՝ Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին Բակունցի գործածած ափսեն (մակագրությամբ) և Բոխչագյուլ մայրիկի գործած ուղեգորգը՝ չորս կտորից բաղկացած՝ յուրաքանչյուր որդուն մեկ օրինակ նվիրելու նպատակով:

Ցուցանմուշները Երևան տեղափոխելու ժամանակ իբրև պատճառաբանություն վկայակոչվել է Գորիսի շուրջ ստեղծված անվտանգային ծանր վիճակը... Չենք ուզում քննարկել այդ որոշման ողջամտությունը: Սակայն խորապես համոզված ենք՝ մինչև այս տարվա հունիսի 13-ն այդ ցուցանմուշները պետք է վերադարձվեն տուն-թանգարան: Չպետք է մոռանալ, որ գրողի տուն-թանգարան այցելողները նախևառաջ հետաքրքրվում են այդ ցուցանմուշներով:

Մյուս կողմից՝ անվտանգային նկատառումներով դրանք Գորիս չվերադարձնելը, ինքնըստինքյան, կխորացնի տարակույսները՝ կապված Գորիսի պաշտպանվածության հետ:

Ի դեպ, Ադրբեջանի 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Սիսիանից Երևան է տեղափոխվել մի քանի տասնյակ գեղանկար (Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղից), որոնց վերադարձի ձգձգումը նույնպես մտահոգությունների և ամենատարբեր ասեկոսեների տեղիք է տալիս:

Եվ ուրեմն՝ ուզում ենք հավատալ՝ մինչև Բակունցի 125-ամյակի օրը տուն-թանգարան կվերադարձվեն այն ցուցանմուշները, որոնք 2021-ին տեղափոխվել են մայրաքաղաք:

Ահա այդ խնդրանքով էլ դիմում ենք Ձեզ՝ համոզված լինելով, որ խնդրի լուծմանը խոչընդոտող որևէ հիմնավոր և լուրջ պատճառ չկա ու չի կարող լինել:

Սամվել Ալեքսանյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08