Ալեքսանդր Բուրշտին. «Սահմանապահ ջոկատի վետերանները մեր ոսկե ֆոնդն են»

15.06.2017 11:14
1835

«Սյունյաց երկիր» մարզային թերթի հարցերին պատասխանում է ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրու ջոկատի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Վալերեւիչ Բուրշտինը


- Ալեքսանդր Վալերեւիչ, նախ ընդունեք թերթի խմբագրակազմի, թերթի ընթերցողների շնորհավորանքը՝ Մեղրու սահմանապահ ջոկատի հրամանատար նշանակվելու կապակցությամբ: Ձեզ՝ հաջողություններ:

Անցած տասնհինգ տարում (թերթի հիմնադրման օրվանից) «Սյունյաց երկիր» թերթի եւ Մեղրու սահմանապահ ջոկատի միջեւ սերտ համագործակցություն է եղել, մեզ միշտ էլ հետաքրքրել է այդ զորամասի գործունեությունը, որին վստահված է հայ-իրանական պետական սահմանի պահպանությունը:

Մենք ակնկալում ենք, որ համագործակցությունը, ավանդական բարեկամությունը շարունակություն կունենան նաեւ Ձեր հրամանատարության ժամանակաշրջանում:

Հավանաբար հասցրել եք ծանոթանալ ե՛ւ տարածաշրջանին, ե՛ւ Ձեր զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանային ամբողջ տարածքին: Մեղրիում մեզ պատմեցին, որ զորամասի հրամանատարի պարտականություններն ստանձնելուց հետո Դուք աննախադեպ քայլ եք կատարել՝ ոտքով կտրել-անցել եք սահմանը ամբողջ երկարությամբ, որպեսզի ստույգ պատկերացում կազմեք տեղանքի եւ իրավիճակի մասին. ուշագրավ է:

Կուզենայինք իմանալ Ձեր առաջին տպավորությունը ե՛ւ սահմանի, ե՛ւ Մեղրու, ե՛ւ զորամասի վերաբերյալ:

- Շնորհակալ եմ Մեղրու սահմանապահ ջոկատի պետի պաշտոնում նշանակելու առթիվ շնորհավորանքի համար: Կարծում եմ՝ զանգվածային լրատվամիջոցներում սահմանապահ ջոկատի կողմից պետական սահմանի պահպանության օբյեկտիվ լուսաբանումը դրականորեն կանդրադառնա Մեղրի համայնքի ղեկավարության, բնակչության, սահմանապահ ջոկատի զինվորականության փոխհարաբերությունների վրա:

Մեղրու սահմանապահ ջոկատի պատմությունը սկիզբ է առնում 1926 թվականից, երբ Մեղրու գավառի՝ պետական սահմանի հատվածը պահպանելու համար Նախիջեւանի եւ Ջաբրաիլի սահմանապահ ջոկատներից ձեւավորվեց սահմանապահ զորամաս, որն անվանվեց Մեղրու առանձին սահմանապահ պարետատուն, պարետ նշանակվեց Գրիգորի Խալապովը:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Մեղրու պարետատան սահմանապահները հաջողությամբ իրականացրին իրանական հենակետերի չեզոքացման օպերացիան, որի ընթացքում զոհվեց 12 սահմանապահ:

1955 թվականին ԽՍՀՄ ներքին զորքերի նախարարության հրամանով պետական սահմանը պահպանելու նպատակով ստեղծվեց Մեղրու սահմանապահ ջոկատը, որը ստանձնեց 127 կիլոմետր երկարությամբ պետական սահմանի պահպանությունը, իսկ հունիսի 10-ը սահմանվեց որպես սահմանապահ զորամասի կազմավորման օր:

- Կարո՞ղ եք մի քանի կոնկրետ փաստերով, ցուցանիշներով ասել, թե որքանով է արդյունավետ մաքսանենգության դեմ պայքարը՝ Ձեր զորամասին վստահված տեղամասում:

- Պետական սահմանի պահպանության ապահովումը, ահաբեկչական սպառնալիքների կանխումը, տնտեսության առաջնահերթությունների պաշտպանությունը, թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառության հակազդեցությունը, - այս ամենը բարդ աշխատանք եւ մեծ պատասխանատվություն է: Խոսենք թվերի լեզվով:

2016 թվականին պետական սահմանի վեց խախտող է բռնվել, 2017 թվականին՝ 4-ը: Անցած տարի սահմանային ռեժիմը խախտել է երկու հոգի, այս տարի նման դեպք չի արձանագրվել: 2016-ին բռնագրավվել է 45 միավոր սառը զենք, այս տարի՝ 12 միավոր: 2016-ին առգրավված է 324 860 ռուբլու մաքսանենգ ապրանք, 2017-ին՝ 280 000 ռուբլու, թմրամիջոցներ՝ անցած տարի 4.7 կիլոգրամ, այս տարի՝ 20,3 գրամ:

2016թ. փետրվարի 23-ին կանխվել է Իրանի երկու քաղաքացու կողմից «Մետամֆետամին» կոչվող 250 գրամ թմրամիջոցի սահմանն անցկացնելու փորձ, ովքեր ցանկանում էին օգտագործել Հայաստանի տարածքը՝ թմրանյութն Իրանից տանելու Ռուսաստան:

2016թ. մարտի 10-ին «Ագարակ» անցակետում սահմանապահ վերակարգի կողմից Իրանի քաղաքացու տրանսպորտային միջոցի զննման ժամանակ ղեկանվային համակարգի թաքստոցում հայտնաբերվել է 0,67 գրամ, ենթադրաբար, «Մետամֆետամին» թմրամիջոցը:

2016թ. սեպտեմբերի 1-ին «Ագարակ» անցակետում սահմանապահ վերակարգի կողմից մարդատար տրանսպորտային միջոցը զննելիս մեքենայի ուղեւորասրահում հայտնաբերվել է 157 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոց (մետադոն) եւ «Բիոմադոլ» հոգեմետ պրեպարատի 38 դեղահաբ՝ 1900 միլիգրամ ընդհանուր քաշով:

2017 թվականին անցակետում սահմանապահ վերակարգի կողմից ավտոբուսի զննության ժամանակ ծառայողական շների օգնությամբ ուղեւորի նստատեղի ծալվածքում հայտնաբերվել է 20 գրամ, ենթադրաբար, օպիումի հումք:

- Մի քանի օր առաջ իմացանք, որ Ձեր զորամասի եւ Մեղրի համայնքի միջեւ սոցիալական ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: Այդ մասին կուզենայինք մի փոքր ավելի մանրամասն իմանալ:

- Այո, 2017-ի մայիսին Մեղրու համայնքապետարանի հետ մշակվել է եւ ստորագրվել 2017 թվականին Մեղրու սահմանապահ ջոկատի եւ Մեղրու համայնքապետարանի համագործակցության պլան, որը միտված է համատեղ միջոցառումների անցկացմանը: Պլանի հիմնական նպատակներն են Մեղրի համայնքում սահմանային անվտանգության ապահովումը եւ Մեղրի համայնքի հասարակական, կուլտուր-մասսայական եւ հանրակրթական գործունեության մեջ զինվորականների եւ նրանց ընտանիքի անդամների մասնակցության ապահովումը:

Մեր առջեւ հետեւյալ ընդհանուր խնդիրներն են.

ա) սահմանապահ ջոկատի եւ Մեղրու համայնքի վարչակազմի հետ չընդհատվող կապի պահպանումը պետական սահմանի հուսալի պաշտպանության ապահովման նպատակով,

բ) Մեղրու տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերի բնակչության ներգրավումը պետական սահմանի պահպանության գործում,

գ) կուլտուր-ժամանցային, սպորտառողջարարական աշխատանքների կատարելագործումը տարածաշրջանի բնակչության, զինվորականության եւ նրանց ընտանիքի անդամների հետ,

դ) Մեղրիում, որպես Հայաստանի առավել անվտանգ եւ էկոլոգիապես մաքուր տարածաշրջան, տուրիզմի զարգացման պայմանների ստեղծումը:

Պետական սահմանի պահպանության գործում սահմանապահ ջոկատին անգնահատելի օգնություն են ցուցաբերում Մեղրու ուժային կառույցները, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ տեղի բնակչությունը:

Շնորհակալություն եմ հայտնում Մեղրու, Կարճեւանի եւ Ալվանքի միջնակարգ դպրոցների ուսուցիչներին՝ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ակտիվ մասնակցության, սահմանապահների պատանի բարեկամների ակումբի անդամներին՝ պետական սահմանի պահպանության գործում ներգրավվելու համար:

Անկասկած, սահմանապահ ջոկատի վետերանները մեր ոսկե ֆոնդն են: Չնայած առաջացած տարիքին՝ նրանցից շատերը կարեւոր իրադարձություններից մի կողմ չեն քաշվել, ակտիվորեն օգնում են աճող սերնդին դրսեւորվել շրջապատող բարդ աշխարհում: Հոգատարությունը նրանց հանդեպ, ովքեր իրենց առողջությունն ու ուժերը դրել են հայրենիքի ծառայության զոհասեղանին, մեծ նշանակություն ունի հայրենիքի պաշտպանների ապագա սերունդների դաստիարակության գործում:

- Մեղրու սահմանապահ ջոկատն ավանդաբար, պետական կարեւորագույն առաջադրանք կատարելուց զատ, տարածաշրջանում սոցիալական խնդիր է լուծում, մասնավորապես՝ զբաղվածության խնդիր:

- Դուք ճշմարիտ եք, Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են համարվում քաղաքական, տնտեսական, ռազմական եւ գաղափարախոսական հայացքներով:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում զինվորական ծառայության անցնելու եւ կոմպլեկտավորման կարգի մասին» Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված համաձայնագրով՝ Մեղրու սահմանապահ ջոկատում ծառայության են անցնում զինծառայողներ՝ երկու եղբայրական երկրների՝ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիներ, ինչը հնարավորություն է ընձեռում որոշակի չափով լուծել տարածաշրջանի բնակչության զբաղվածության խնդիրը, բարելավել կյանքի որակն ու կենսամակարդակը, ավելացնել բնակչության եկամուտները եւ, անկասկած, նպաստել սոցիալական մի շարք հիմնախնդիրների լուծմանը:

- Կարելի՞ է իմանալ, թե Մեղրու շրջանից որքան մարդ է աշխատում Մեղրու սահմանապահ ջոկատում:

- Մեղրու սահմանապահ ջոկատում ծառայության են անցնում պայմանագրով եւ ընդհանուր առմամբ աշխատում է 200-ից ավելի մարդ, ինչը կարեւոր դեր է խաղում Մեղրու աշխատունակ բնակչության զբաղվածության ապահովման գործում:

- Մեր՝ հայաստանյան միջավայրում շատ ծնողներ ցանկալի են համարում, որ իրենց որդիները ծառայեն հատկապես ռուսական սահմանապահ զորամասում, այդ թվում՝ Մեղրիում:
Հետաքրքիր է, ֆիզիկական, իմացական ի՞նչ որակներով պետք է օժտված լինի լեռնային պայմաններում սահմանի պաշտպանության գործում ընդգրկված զինվորը, պայմանագրային զինծառայողը:

- Զինծառայողը, ով ծառայության է անցնում սահմանապահ ջոկատում, նախեւառաջ, պետք է նվիրված լինի հայրենիքին, պատրաստ լինի ծառայել՝ անտեսելով զինվորական ծառայության դժվարություններն ու զրկանքները: Բացի այդ, երիտասարդության առջեւ այնպիսի պահանջներ են դրվում, ինչպիսիք են ֆիզիկական պատրաստականությունը եւ դիմացկունությունը, ռուսերենի իմացությունը, իսկ մյուս հմտություններն ու կարողությունները, ինչպիսիք են հոգեբանական կայունությունը, զենքը հմտորեն օգտագործելը, սահմանապահին հատուկ պրոֆեսիոնալիզմը, ձեռք են բերվում սահմանապահ ջոկատում ուսուցման եւ զինծառայության ընթացքում:

Հարցազրույցը՝
ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25