Ամառային հանգիստ բակային ճամբարում

27.07.2015 16:27
3401

Մանուկների հաճույքների ճամփան բացվել է: Նախկինում մոտավորապես այսպիսի ձեւակերպումով էինք բնորոշում դպրոցականների ամառային արձակուրդների մեկնարկը, նաեւ երբ հրապարակում էինք պատրաստում նրանց ճամբարային առօրյայի մասին: Բայց անտառի գրկում ամառային հանգիստ անցկացնելը հիմա հեռավոր հուշ է թվում: Միայն նախաձեռնության եւ ձեռներեցության (որոշ անձանց եւ ձեռնարկությունների բարի կամեցողության) շնորհիվ գործում են ամառային ճամբարներ:

Ինչեւէ, չորրորդ տարին է, ինչ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության հովանավորությամբ Քաջարանում գործում է բակային ճամբար: Հուլիսի 14-ից 300-ից ավելի դպրոցական իր ամառային կյանքը լցնում է ճամբարային առօրյայով: Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանն այս դեպքում դեմ է «բակային ճամբար» ձեւակերպմանը: «Բակային ճամբարն ընդամենը պարապ վախտի խաղալիք է, իսկ այս դեպքում մենք չենք ապահովում միայն ճամբարականների գիշերակացը, մյուս չափանիշներով չի տարբերվում նախկինում գործող ճամբարներից: Առավոտյան իննից (երբ Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո բարձրացվում է եռագույնը) մինչեւ ժամը 17-18-ը երեխաներն անցկացնում են ճամբարում, զուգակցելով ակտիվ եւ պասիվ հանգիստը, նրանց համար մարզական միջոցառումներ են կազմակերպվում, բացի այդ ճամբարների միջեւ ինտելեկտուալ խաղ պիտի անցկացվի: Տարեցտարի եւ երեխաների, եւ ճամբարի աշխատակիցների հոսքն ավելանում է, երեխաներ կան, որ երեք հերթափոխին էլ ցանկանում են մասնակցել: Ի՞նչն է ուշագրավ. երկու ճամբարը ղեկավարում են Քաջարանի դպրոցների տնօրենները: Փորձառու մանկավարժներից զատ աշխատում են տարբեր բուհերում սովորող ուսանողներ, ովքեր աշխատանքային փորձ են ձեռք բերում: Յուրաքանչյուր հերթափոխում պլանավորել ենք կազմակերպել 150 երեխայի ամառային հանգիստը, բայց ցանկացողների թիվը գերազանցում է նախատեսվածը», - պատմում է քաղաքապետը եւ հավելում. «Ինքս որպես ծնող գոհ եմ, քանի որ չորրորդ տարին է, ինչ իմ երեխաները թե որպես աշխատակից, եւ թե որպես ճամբարական մասնակցություն են ունենում ճամբարի կյանքին»:

Համայնքապետը նաեւ տեղեկացրեց, որ Քաջարանի քաղաքապետարանի սպորտի, կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի բաժինը, քաղաքապետարանի մյուս աշխատակիցները զբաղվում են ճամբարի աշխատանքներով: Ճամբարարականներին այցելել եւ նրանց առօրյայով հետաքրքրվել են Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանը: Իսկ կարեւորն այն է, որ ամռան այս տարեշրջանում մոտ 100 մարդ (մանկավարժներ եւ սպասարկող անձնակազմ) ընդգրկված են ճամբարի աշխատանքներում, ասել է թե՝ ճամբարը նաեւ սոցիալական հարց է լուծում:

Քաղաքապետարանի սպորտի, կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի բաժնի պետ Գայանե Համազասպյանն ավելացնում է, որ ճամբարներն ապահովված են գրենական պիտույքներով, այլ պարագաներով, բացի այդ ճամբարականներն ընդհանուր համազգեստ են կրում՝ եռագույն վզկապներ, պետական դրոշի գույները՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, խորհրդանշող շապիկներ, գլխարկներ: «Ճամբարականների օրն անցնում է նախապես սահմանված գրաֆիկով, տեսնել է պետք, թե նրանք ճաշարանում որպիսի կարգապահությամբ են տեղ զբաղեցնում սեղանների շուրջ, ինչպես են միմյանց բարի ախորժակ ցանկանում», - ասում է Գ.Համազասպյանը:

Բակային ճամբարներից մեկը տեղակայված է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Կրթօջախի միջանցքներն ավելի շատ աշխույժով են լցված, քան լինում է ուսումնական տարվա ընթացքում: Երրորդ կուրսի ուսանողուհի Էլոդիա Հովհաննիսյանի փոխանցմամբ ներկայացում են պատրաստում, 23 մանուկ կա «Ծիրանիկներ» խմբում, որտեղ ընդգրկված են ամենափոքրերը:

Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետթատրոնի դերասան Տիգրան Ղուկասյանը չորրորդ տարին անընդմեջ ճամբարականների հետ է, յուրաքանչյուր տարի Հովհ.Թումանյանի հեքիաթների մոտիվներով փոքրիկ բեմադրություններ է պատրաստում, այս տարի ավելի շատ հանդես է գալիս որպես պարուսույց: Ազգային տարազներ հագած՝ աղջնակների հետ պարային տարրեր էր հղկում, երբ մտանք սենյակ:

Մարիաննա Ազարյանը Երեւանի պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հանրային կապեր» բաժնում է սովորում, երկրորդ տարին է, ինչ մասնակցում է ճամբարի աշխատանքներին: Ասում է, որ իրեն ճամբարը երեխաների հետ շփվելու հնարավորություն է տալիս, գործնական հմտություններ է ձեռք բերում, այդ նպատակով է ուսանողի իր ամառային հանգիստը «զոհել» ճամբարին:

Տեղափոխվում ենք մյուս բակային ճամբարը, որ Քաջարանի Եղիշե Չարենցի անվան թիվ 1 դպրոցում է տեղակայված: Աշխույժ ռիթմերով երաժշտությունը հեռվից է լսվում: Առանց ավելորդ պայմանականությունների մեզ թույլ են տալիս մտնել ճամբարի տարածք, որի խաղահրապարակում պարային ռիթմերի տակ վարժություններ են անում ճամբարականները: Ավագ ջոկատավար Արման Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ ճամբար հաճախող 139 հոգուց երեքն է բացակայում: Խաղահրապարակի անկյունում փչովի ջրավազանն է, ճամբարի ֆիզղեկ Գարիկ Խաչատրյանն ասում է, որ այս ամռան եղանակը թույլ է տալիս ամեն օր ճամբարականներին սովորեցնել լողի այբուբենը, իսկ ընդհանրապես դեռահասների ֆիզդաստիարակության գործն առաջին պլանին է:

Կեսօրից հետո ճամբարականների շարասյունն ուղղություն է վերցնում դեպի ճաշարան: Ճամբարի ավագ խոհարար Սասուն Խաչատրյանը այս անգամ ճաշացանկի մեջ ընդգրկել է մակարոնով ու մսով ապուր, ոլոռով խավարտ, աղցան ու թարմ մրգերից պատրաստված կոմպոտ: Ընդհանուր առմամբ ճաշարանից օգտվողների թիվն անցնում է 320-ից:

Այս տարի եւս ճամբարը գործում է երեք հերթափոխով:

«Չորրորդ անգամ անընդմեջ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենության բարի կամեցողության շնորհիվ գործում է բակային ճամբարը: Գործ նախաձեռնելն առաջին քայլն է, բայց առանց նյութական միջոցների ամենաբարի մտահղացումն իսկ մնում է որպես այդպիսին: Շնորհակալություն կոմբինատի տնօրենությանը, որի շնորհիվ սեպտեմբերի 1-ին ընդառաջ կունենանք ամառային հանգիստը վայելած դպրոցականներ», - հրաժեշտից առաջ ասաց քաղաքապետը՝ ավելացնելով, որ ճամբարում աշխատած բուհերի ուսանողներին շնորհակալագրեր կհանձնեն, նաեւ տեղեկանք՝ ուսանողական արտադրական պրակտիկան բակային ճամբարում անցկացնելու մասին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21