Ամենայն հայոց մաեստրոյին՝ Հովհաննես Չեքիջյանին (ծննդյան 90-ամյակի առթիվ)

27.12.2018 12:48
852

«Անհայրենիք արվեստ չկա: Արվեստը պետք է ապրի   տանտիրոջ պես, լինի իր օջախի, ծխի տերը, արմատներով իջնի հողի մեջ, սաղարթով թեւածի իր երկնքում»:

Հովհաննես Չեքիջյան           

Խորհրդային իշխանության հաստատումից հետո համայն հայության հայրենիք Հայաստանում սկիզբ առավ մշակութային կյանքի արտակարգ, աննախադեպ եռուզեռ: Մայր հայրենիքից հեռու ապրող Թումանյանը, Չարենցը, Իսահակյանը, Փանոս Թերլեմեզյանը ու Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Սպենդիարյանն ու Ռոմանոս Մելիքյանը, Վահրամ Փափազյանն ու Հրաչյա Ներսիսյանը, Գոհար Գասպարյանն ու Հայկանուշ  Դանիելյանը, Արամ Խաչատրյանը եւ շատ–շատերը խանդավառ լծվեցին հայ ազգային արվեստի զարգացմանը:         

Մեծերի այս շարքում է ստամբուլահայ ֆենոմենալ խմբավար, անզուգական սիմֆոնիկ դիրիժոր, կոմպոզիտոր, պրոֆեսոր, հասարակական գործիչ, ազնվազարմ մարդ Հովհաննես Հարությունի Չեքիջյանը, ով 1961-ից դարձավ հայաստանաբնակ եւ նույն տարում՝ նոյեմբերի 27-ին, Երեւանում կայացած իր առաջին համերգի օրը համարում է իր երկրորդ՝ երաժշտական ծննդյան օրը: Մայրը բուն ծննդյան օրը՝ 1928 թ. դեկտեմբերի 23-ին, պարգեւել է կյանք՝ իր առաջին առավոտով, ամբողջ լույսով ու ստվերով, որ հետո դարձել է ճակատագիր: Իսկ երբ հայրենադարձը աստվածաշնորհ  ամեն օրը բացվող լույսի հետ գտնում է հայրենի երկիրն ու ժողովրդին, թոթափում է հոգուց օտար նստվածքները եւ սրտով սնվում իր ժողովրդի զարկերակից, լցվում նրա մտածմունքով ու մերվում նրա առօրյային, իսկապես ապրում է հոգեւոր վերածնունդ:      

Պատահական չէ, որ 2015 թ. ապրիլի 24-ին «24/04» նվագախմբով Երեւանի Հանրապետության հրապարակում իրականացրած ֆանտաստիկ համերգը՝ նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, կրում է «Վերածնունդ» խորագիրը, որին մասնակցեցին աշխարհի 43 երկրներից հրավիրված 125 երաժիշտներ, մենակատարները միջազգային մրցույթների դափնեկիրներ էին, իսկ համերգը բաղկացած էր չորս մասից, եւ հնչեցին միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգի առաջին մասի դիրիժորն էր Հովհաննես Չեքիջյանը, հընթացս պաստառին ցուցադրվում էին Արեւմտյան Հայաստանի պատմական բնակավայրերի պատկերներ, իսկ աշխարհահռչակ ողջախոհ հումանիստների իմաստախոսությունները բարձրաձայնում էին հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանությանն ուղղված ուղերձներ:          

Արամ Խաչատրյանը, բարձր գնահատելով Չեքիջյանի համաշխարհային ընդգրկուն երաժշտական գործունեությունը, նշել է մի բանաձեւ՝ «համամարդկայինը՝ ազգայինի մեջ», ընդունել է, որ մաեստրոն ազատ կարող է եվրոպական լավագույն դահլիճների զարդը լինել, խմբերգային արվեստում ձեռք բերած նրա մասնագիտական մակարդակը ողջ աշխարհում մեծ համբավ ունի: Հայկական ակադեմիական կապելլային հատուկ են մարդկային բոլոր հույզերը՝ նուրբ երազկոտությունից մինչեւ շեքսպիրյան բարձրաշխարհիկ կրքեր, թեթեւ կատակից մինչեւ լարված դրամատիզմ:            

Չեքիջյանի կերտած արվեստը սահմաններ չի ճանաչում: Նշենք նրա նորարարական գյուտերից միայն մեկը՝ օպերաների համերգային կատարումները ավանդույթ դարձնելը:          

Որ նա հայ եւ միջազգային երաժշտական սերուցքի երեւելիներից է, ապացուցենք թվերի լեզվով. Հայաստանի պետական երգչախմբի երկացանկը հարուստ է ու բազմազան՝ ավելի քան 800 ստեղծագործություն, այդ թվում՝ խոշոր կտավի 40 օրատորիա եւ օպերաներ: Մաեստրոն ունկնդիրների դատին է ներկայացրել 4000-ը վաղուց գերազանցող համերգ: Որպես կոմպոզիտոր՝ հեղինակել է մի շարք վոկալ–սիմֆոնիկ երկեր, կատարել է երգչախմբային բազմաքանակ մշակումներ, ամբողջ աշխարհում առաջնորդել  է 56 սիմֆոնիկ նվագախումբ:       

Չեքիջյանը կրթությամբ նաեւ ինժեներ–քիմիկոս է, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի  դասախոս, նվագում է 4 գործիք՝ դաշնամուր, շվի, հոբոյ, կլառնետ, ազատ տիրապետում է 5 լեզվի: Այս պարագայում հիշեցի Մ. Խորենացուն. «Կրթությունն ամեն ինչ է»:         

Հովհ. Չեքիջյանը պնդում է, որ ի սկզբանե իր կյանքի բուն նպատակն  եղել է ծառայել իր ժողովրդին, իսկ գործունեության գլխավոր առաքելությունն է աշխարհին մատուցել հայկական  երաժշտական արվեստը: 

Շնորհապարտ եմ Ձեզ, պաշտելի՛ մաեստրո            

Մաեստրո Չեքիջյանը նաեւ իմ խմբավարն էր: 1962-1968 թթ.-ին նա միաժամանակ Երեւանի պետհամալսարանի ուսանողական երգչախումբն էր վարում: Շուտով քառաձայն երգչախումբը լայն ճանաչման հասավ, երբ  Չեխոսլովակիայում ձեռք բերեց միջազգային համբավ՝ արժանանալով առաջին մրցանակի ու ոսկե մեդալի եւ դարձավ Հայաստանի երաժշտական այցեքարտը:        

1967-ին ընդունվեցի մայր բուհի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժինը, ուր դասավանդում էին հայոց կաճառի գերակա  ու իմաստուն, ինտելեկտուալ  մեծ ներուժի տեր իսկական անդամներ Մկրտիչ Մկրյանը, Գուրգեն Սեւակը, Վաչե Նալբանդյանը, Գեւորգ Ջահուկյանը եւ այլք: Դասախոսական հրաշագործության հեղինակ էր նաեւ աննման, կանացիության կատարելություն, սիրված գրող – հոգեբան Էլդա Գրին – Աբրահամյանը: Արտասահմանյան գրականության անտիկ շրջանը մեկնաբանելիս դերասանի վարպետության դասերով ցնցում էր Լեւոն Ներսիսյանը՝ ճիշտ Հրաչյա Ներսիսյանի դիմապատկերով տաղանդաշատ որդին, որը տեղովը մեկ շեքսպիրյան ոճի դերասան էր եւ պատմական մի նախադասություն հիշատակ թողեց մեզ. «Հայ բեմին երկրորդ Ներսիսյան պետք չէ»: Հայագիտության ոլորտից այլ նվիրյալներ եւս կրթեցին–կոփեցին մեր աշխարհայացքը ամենագիտակ զինվածությամբ:           

Իմ ուսանողական կյանքի շեմին անակնկալ ներթափանցեց Հովհաննես Չեքիջյանը առաջին կուրսի սեպտեմբերի երկրորդ կեսին, երբ համալսարանի երգչախումբը համալրելու պատրվակով քննեց մեր բաժնի ուսանողների ձայնային բնատուր տվյալները: Ահա ես եւս ակնածանքով մտա համալսարանի մեծ դահլիճի ետնաբեմի դաշնամուրային սենյակը: Նիհար, ճաղատ, երկար ու նուրբ մատներով, խորաքնին հայացքով մաեստրոն դաշնամուրի ստեղնաշարին մատնահարում էր եւ առաջարկում ճիշտ երգել նվագածը, որը դժվար չէր ինձ համար, քանի որ դաշնամուրային ու խմբերգային յոթնամյա կրթություն ունեի: Առաջին պահի սառնությունն անմիջապես կոտրվեց նրա դրվատանքից, եւ ընդգրկվեցի ալտի խմբում: Ուղիղ մեկ տարի հափշտակված երգեցի մեր երգչախմբում եւ ոչ մի դիտողություն չստացա խմբավարի կողմից:        

Միշտ ապշում էինք, թե շրջահայաց մաեստրոյի սուր ականջը մեծ դահլիճի բեմահարթակի հեռավորությունից  ինչպե՜ս էր իսկույն որսում դահլիճում նստած ուսանողական բազմության միջից միայն մեկ կատարողի  «ֆալշ» երգեցողությունը, տեղնուտեղը կտրուկ խմբերգն ընդհատում էր եւ խստապահանջ ուղղում: Այդ երկարավուն ու շքեղ դահլիճում հաճախ փորձերին որպես մեներգիչներ մեզ միանում էին նաեւ Լուսինե Զաքարյանը, Խորեն Պալյանը, Ռուբեն Մաթեւոսյանը…        

Ընդմիջումներին մեր խնդրանքով Վարպետն իր խոսքը համեմում էր կենսապատման բախտորոշ պատառիկների վերհուշով ականավոր Մակար Եկմալյանի, ամենահայ Կոմիտասի եւ այլ պատվելիների մասին: Այդ պահերին առնում էր աստվածային վերացած կերպարանք, աչքերում անմահության կրակներ էին բոցկլտում: Հզոր էներգիայով Չեքիջյանը հասնում էր կրքոտ ներշնչանքի եւ նրանց մասին ակնարկային առինքնող կարճառոտ բնութագրություններով  թովում մեզ:      

Մեծ բախտ էր նման անձանձիր ու գործունյա, ինքնատիպ աշխատաոճ ունեցող մարդուն կյանքում հանդիպելը, ով մեզ վարակում էր տիտանական հայի անկոտրում ուժով, անդուլ ժրաջանությամբ, դրդում ողջ երգչախմբով դառնալու մի բռունցք, մի շունչ, մի հոգի, մի երգող կոկորդ: Ուսանողներին հորդորում էր հաղթահարել երգեցողության ցանկացած խրթինություն եւ հասնել վարպետության: Մաեստրոն չէր սիրում լսել անհիմն  դժգոհության որեւէ դրսեւորում, քանի որ նա կանխապես գիտեր բոլորիս բացարձակ  հնարավորությունները, մեր մեջ անշահ երգիչ չկար նրա իսկ ընտրությամբ:         

Իդեալական խմբավար էր, երգչախմբի ուսանողների հետ դյուրությամբ հոգեւոր հաղորդակցման մեջ էր մտնում ազնվաբարո–բարեկիրթ: Անգամ երաժշտական մարգարիտների իրականացման ժամանակ օգտվում էր դասական ավանդույթների քիչ միջոցների՝ երգիչների տեսողության, լսողության, համերգային փորձի, հոգու եւ մտքի հանրագումարից: Միանգամից ստեղծում էր եւ ունկնդիր–կատարող բավարարված, սրտաշարժ երկխոսություն, արարում էր կյանքի գույների եւ ձայների համամարդկային ու նվագավարի մեկնարկների միասնություն:        

Պատգամներով զորավիգ էր ուսանողներին, որպեսզի սիրով ու նվիրումով կրթվեն համալսարանում, գերազանց տիրապետեն նախընտրած մասնագիտությունները, ինքնահաստատվեն, բաղձալի երազանքները հստակ կայացնեն նպատակասլաց եւ ջերմեռանդ աշխատասիրությամբ, անխարդախ առաջընթացի եւ հանրաճանաչության իրատեսական առկայությամբ: Համոզված էր, որ կյանքում հաղթում են միայն փորձառության, դավադիր մարտահրավերներին ու ձախողումներին դիմակայողները, հարկ եղած դեպքում նաեւ «Մարտահրավեր նետիր ինքդ քեզ» նշանաբանը կիրարկողները: Վստահ ու հաստատակամ մարդը չարի արմատը ոչնչացնում է եւ չի գրանցում իր կյանքում պարտություններ: Նրա լավ գործը ապրում է դարեդար: Քարոզում էր, որ կա եւս մի հավաստի, հենակետային ճշմարտություն. առանց հայրենիքի չկա երջանկություն:           

Մեծարգո արվեստագետը ուսանողական մեր օրերը տոգորեց ազգային կենսահորդ երգերով, կոմիտասասիրությամբ, այլալեզու օպերաների եւ օրատորիաների ներգործուն դիպաշարերով ու ինքնաբերաբար  երգվող զմայլելի մեղեդիներով…Գուրգուրոտ սիրով անդրադառնում եմ համալսարանական երանելի օրերին. սիրելի խմբավարի աչալուրջ դեմքը, ձիգ  կերպարանքը՝ դիրիժորական մոգական  փայտիկը ձեռքին, պատկերանում  են որպես երաժշտության  սրբազան առաքյալ, ով սատար է լինում ինձ առանձնապես հոգեկան մորմոքի պահերին: Մնայուն պատվիրաններով ու անձնական վսեմ  կենսակերպով արթուն է պահում խիղճս եւ  մաքրագործում որպես  անամպ, լազուր  երկնքի ֆոնին շողշողացող դեղձան արեւ: Իր մասնագիտական սրբասուրբ դավանանքով ու հայրենաշունչ հայկականությամբ էությունս լցնում է բուժիչ բալասան հիշեցնող երաժշտության տոնական եւ քաղցրալուր ղողանջներով, սրտի ու մտքի բարեպաշտությամբ:     

Այսօր հարգարժան Վարպետը տարեց է, բայց էլի ստեղծագործական որոնումների տարերքի մեջ է, երիտասարդական ավյունով, խորհրդածություններով սթափ է եւ գերիմաստուն:     

Մաղթենք  նրան քաջառողջություն, արեւշատություն, խմբավարման  ու նվագավարման նոր արարչագործություններ՝  ի շահ  հայ երաժշտարվեստի վերելքի ու երաժշտական կոթողների համասփյուռ տարածման:      

Տե՛ր, կեցցո՛ զ Հայս եւ նրա փառապանծ զավակ Հովհաննես Հարությունի  Չեքիջյանին՝ լույսի, հանճարի, երաժշտության  պայծառ Լուսաստղին: 

 

Սեդա Սարդարյան

 մեթոդիստ ուսուցչուհի

        

                                                     

                                                                                                            


                                                             


 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25