Ամրակապվելը պարտադիր է, ինչպես կարմիր լույս տակ կայանելը

05.03.2019 11:30
1127

Ամրագոտի կապելը, որպես ճանապարհատրանսպորտային անվտանգության ապահովման կարևոր պայման,  Հայաստանում օրեցօր ավելի մեծ տարածում է գտնում: Շնորհիվ ճանապարհային ոստիկանության հետևողական ջանքերի ու իրազեկության բարձրացման հանրային նախաձեռնությունների՝ ավելանում է գիտակից ու պատասխանատու վարորդների թիվը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայության պետ Եգոր Կարապետյանը, ներկայացնելով չամրակապված վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար կազմված արձանագրությունների 2017-2019 թվականների վիճակագրական տվյալները, նշեց, որ 2017 թվականին արձանագրվել է 126 645 դեպք: 2018 թվականին  արձանագրությունների թիվն աճել է ու դարձել 143 580: Մեկ տարվա ընթացքում մոտ 13.4 տոկոսով աճ է գրանցվել: 2019 թվականին՝ հունվարի 1-ից փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում արդեն իսկ կազմվել է 28 756 արձանագրություն:

«Դեպքերը վերաբերում են ոչ միայն վարորդներին, այլև նրանց կողքին նստած ուղևորներին: Իհարկե, չամրակապված վիճակում տրանսպորտային միջոց վարելը դժվար ապացուցելի է, քանի որ ՃՈ աշխատակցի վրա ամրացված կամ մեքենայի մեջ տեղադրված տեսախցիկը հիմնականում չի կարող ֆիքսել: Միակ տարբերակը խախտումն արձանագրելու՝ ՃՈ աշխատակցի տեսողությունն է: Վարորդները հիմնականում իրենց անհամաձայնությունն են հայտնում, որ իրենք ամրակապված են եղել կամ մինչ ՃՈ աշխատակցի մոտենալն արդեն ամրակապվում են: Մեր աշխատակիցների տարիների փորձը թույլ է տալիս անգամ թաղանթապատված ապակու հետևից տեսնել ամրակապված են վարորդն ու ուղևորը, թե ոչ»,- ասաց Եգոր Կարապետյանը և հավելեց, որ իրենց նպատակը վարորդներին միայն վարչական պատասխանատվության ենթարկելը չէ, այլ առաջին հերթին նրանց անվտանգությունը:

Ոստիկանները բազմաթիվ պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացրել, որպեսզի վարորդները հասկանան, որ ամրագոտին ոստիկանների համար չեն կապում, այլ իրենց կյանքի անվտանգությունն ու առողջությունն ապահովելու համար:

Վարորդ Վարվառա Հայրապետյանը կողմ է պարտադիր ամրակապվելուն և իր կողքին նստող բոլոր ուղևորները մշտապես լսում են «իսկ ամրագոտի՞ն» արտահայտությունն ու անմիջապես ամրակապվում:

«Ամրակապվելն ինձ համար օրենքի նույն ուժն ունի, ինչպես կարմիր լույսի տակ պարտադիր կանգնելը: Ամրակապվելն առաջին հերթին անվտանգություն է և որևէ դեպքի ժամանակ ապահովագրում է տարբեր տհաճ վնասվածքներից»,- նշեց Վարվառան:

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը, ով ամրագոտիներ կապելու՝ տարիներ առաջ մեկնարկած քարոզարշավի մասնակիցներից էր, նշեց, որ այս տարիների ընթացքում միանշանակ պրոգրես տեսնում է, քանի որ այժմ իր ընկերների, ծանոթների մեջ բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր սովորել են ամրակապվել: «Այն ժամանակ մարդիկ այնքան էլ չէին գիտակցում ամրագոտու ողջ կարևորությունը, սակայն հիմա ամեն ինչ այլ է: Եթե կա օրենք, եթե ավտոմեքենայում կա ամրագոտի, ապա պետք է ամրակապվել»,- ասաց Հասմիկ Կարապետյանը:

 

Նա ցանկություն հայտնեց, որպեսզի գա մի օր, որ մարդիկ ոչ թե պարտադրաբար ամրակապվեն, այլ գիտակցաբար: Երգչուհին անկեղծացավ, որ նախկինում ինքն անձամբ միշտ չէ, որ ամրակապվել է, սակայն երբ սկսել է մեքենա վարել, հասկացել է ամրագոտու ողջ իմաստը:

ՃՈ ծառայության պետ Եգոր Կարապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ միանշանակ ոչ ոք չի կարող ասել, որ ամրակապված լինելու դեպքում ոչինչ չի լինի կամ եթե ամրակապված լիներ, դժբախտ դեպք չէր պատահի: «Սակայն 99/1 տոկոսային հարաբերակցությամբ ամրագոտին միանշանակ փրկում է մարդկանց կյանքը և անվտանգություն է: Ցանկացած վարորդ ավտոմեքենայի շարժիչը գործի գցելուց առաջ պետք է ամրակապվի, հետո մնացած գործողություններն իրականացնի»,- նշեց Կարապետյանը:

ՃՈ-ն հատուկ ամրագոտու համար համապատասխան սարքավորում ունի՝ 9-10 մ երկարությամբ թեք ստենդ: Մարտին, երբ եղանակները կտաքանան, այն կրկին գործի կդրվի: 2018 թվականին ՃՈ աշխատակիցները մի քանի կանխարգելիչ միջոցառում են իրականացրել. չամրակապված վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները բերել են այդ ստենդի մոտ, որտեղ նստարան է ամրացված: Վարորդները նստում են, գցում ամրագոտին ու նստարանն անմիջապես շարժվում է 20-30 կմ/ժ արագությամբ ու արհեստական վթարի իրավիճակ է ստեղծվում: Այսպիսով` վարորդը հասկանում է, թե ինչ կարող է պատահել անգամ նման չնչին արագությամբ: Ստենդն օգտագործվել է Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքում, խոշոր կազմակերպություններում, շտապ օգնության բաժանմունքում, տարբեր դպրոցներում, ԲՈւՀ-երում:

«Այն աշխատանքները, որոնք մենք իրականացնում ենք ՀՀ քաղաքացիների, հատկապես դպրոցահասակ և մանկապարտեզների երեխաների հետ, գուցե անմիջապես ամեն ինչ չփոխվի, սակայն համոզված եմ, որ 2, հնարավոր է նաև 5 տարի հետո զգանք այդ ամենի արդյունքը»,- շեշտեց ՃՈ ծառայության պետը:

Անդրադառնալով հարցին, թե ովքեր իրավունք ունեն ընդհանրապես չամրակապվելու, Կարապետյանն ընդգծեց, որ դեպքեր են եղել, որ առաջարկվել է օրենքում փոփոխություն անել, որպեսզի ամրագոտի չկապվի բնակավայրերում, այլ միայն արագընթաց միջպետական ճանապարհներին: Օրենքում փոփոխությունը չի արվել, քանի որ բնակելի վայրերում նույնպես հնարավոր են լուրջ բախումներ, այդ իսկ պատճառով ցանկացած դեպքում տրանսպորտային միջոցների վարորդները պետք է ամրակապվեն: Ամրագոտի չկապելու իրավունք ունեն միայն Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով, քանի որ նրանք հատուկ ծառայություն են իրականացնում:

«2018 թվականի հունվարի 8-ից հետո, երբ ավտովթարի հետևանքով 2 ոստիկան զոհվեց, այնուամենայնիվ, մեր աշխատակիցներին նույնպես հորդորում ենք ամրակապվել: Դեպքեր են լինում, երբ հասարակության մեջ խոսակցություններ են պտտվում, թե հղիները, սրտանոթային հիվանդություններ ունեցող անձինք իրավունք ունեն ամրագոտի չկապել: Դա սխալ է և մեր ՀՀ օրենսգրքում նման կետ չկա: Բացառություններ չկան, անգամ, եթե բժիշկը նման տեղեկանք կարողանա տալ, որ ամրագոտին վնասում է տվյալ անձի առողջությանը:

Ամրակապված չլինելու դեպքում վարորդների տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը: Նվազագույն աշխատավարձը հաշվարկվում է 1000 դրամ, այսինքն՝ տուգանքը 5000 դրամ է: Ուղևորների չամրակապվելու դեպքում էլ գումարը նույնն է, սակայն, եթե և՛ վարորդը, և՛ ուղևորը ամրակապված չեն, ընդհանուր տուգանքը կրկին 5000 դրամ է, քանի որ վարորդից գանձվում է այդ պահին կատարած խախտման ամենաբարձր չափն ունեցող տուգանքի գումարը: Այսինքն՝ միաժամանակ 4 խախտում անելու դեպքում՝ հաշվարկվում է դրանցից ամենաբարձր չափն ունեցող տուգանքը:

Հեղինակ՝ Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Ձեր պաշտոնավարման ժամանակ 45 գյուղի դպրոց է փակվում. Նարեկ Կարապետյանը Սյունիքի մարզպետին

14.12.2025 18:40

Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը Նիկոլ Փաշինյանի առաջ զեղչեց Գարեգին Երկրորդի անունը

14.12.2025 13:28

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է

13.12.2025 22:27

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

13.12.2025 16:15

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

13.12.2025 12:58

Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

12.12.2025 23:14

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Սյունիքի մարզ․ Սիսիանում և Գորիսում բացվել են շարժման նոր մարզային գրասենյակներ (տեսանյութ)

12.12.2025 22:26

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

12.12.2025 19:01

Ինչպիսին է ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը` ըստ «Գելափ Ինթերնեշնլի» հարցման

12.12.2025 18:55

Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր

12.12.2025 16:49

Կապան․ կացարան անօթևան մարդկանց

12.12.2025 16:26

Մեղրու գավառի սահմանների ձևավորման գործընթացը 1922-1929 թթ․

12.12.2025 16:00