Ամուսնալուծությունն ընտանիքի ինքնասպանությունն է

18.12.2015 14:39
3280

Ինչպես հայ վիպասան Մուրացանն է ասել, «Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի եւ հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ»: Բայց այսօր առանց համապատասխան հետազոտություններ անելու անգամ, անզեն աչքով կարելի է տեսնել, որ հայ ընտանիքի ինստիտուտը ճգնաժամ է ապրում:

Ինչպես մի հրապարակման մեջ է ասվում, հայկական ընտանիքի մոդելը եվրոպականի եւ ավանդական հայկականի պատվաստ է, որ ունի ե՛ւ իր դրական, ե՛ւ բացասական կողմերը: Քննարկվող թեմայից չշեղվելու համար չենք անդրադառնա այն երեւույթներին, որոնց հանդիպում ենք ներկայիս հայկական ընտանիքներում: Ժամանակ առ ժամանակ լսելով հանրապետության հոգեբաններին, սոցիոլոգներին, դիտելով համապատասխան կառույցների վիճակագրական տվյալները՝ ցավալիորեն արձանագրում ենք այն փաստը, որ այլեւս հայ հասարակությունում ամուսնալուծությունը դարձել է «օրինաչափ» երեւույթ: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մոտ 40-50 տարի առաջ, էլ չենք խոսում ավելի վաղ ժամանակների մասին, ամուսնալուծված մարդուն մատով էին ցույց տալիս, ապա այսօր այլեւս հասարակության կարծիքին զոհ գնալն արդիական չէ: Մարդուն մեկ անգամ է հնարավորություն տրվում ապրելու եւ այն պիտի լիարժեք օգտագործել՝ սեփական անձի երջանկությունը չզոհաբերելով հասարակական կարծիքին, դարերով ամրագրված ավանդույթներին: Բայց մյուս կողմից էլ այս մտածելակերպը հանգեցնում է ամուսնական՝ հատկապես վաղ շրջանի տարիներին առաջացող ամենաչնչին խնդիրների դեպքում անգամ ամուսնալուծվել. երիտասարդներն այսօր շատ հաճախ պատրաստ չեն լինում պայքարելու, աղջիկները ձգտում են ամուսնանալ նրանց հետ, ովքեր ունեն կահավորված բնակարան, մեքենա եւ այլն, իսկ տղաներն էլ ձգտում են արդեն կայացած, ինչու չէ նաեւ բարձր աշխատավարձով աղջիկների հետ ամուսնանալ՝ պատասխանատվությունը նվազեցնելու համար եւ այլն: Արդյունքում համատեղ խնդիրները կարծեք պակասում են, եւ յուրաքանչյուրը սկսում է ապրել սեփական անձի հաճույքների համար, իսկ խնդիր առաջանալու դեպքում էլ պայքարելու տարբերակներ չեն կարողանում գտնել. չէ՞ որ ամեն ինչ ժամանակին պատրաստի էր մատուցվել:

Իհարկե, անվերջ կարելի է խոսել ներկայումս հայկական ընտանիք մուտք գործած ավանդույթների մասին, բայց փորձենք ներկայացնել հոգեբանների ամուսնալուծությունների պատճառների վերլուծության արդյունքները, որոնք կատարվել են վերջին տարիներին:

Հայաստանում ամուսնալուծությունների պատճառների վերաբերյալ որեւէ պաշտոնական վիճակագրություն դեռեւս չկա: Դժվար է գտնել նաեւ մասնավոր հետազոտություններ, որոնք արվել են այդ խնդրի շուրջ: Հետեւաբար` հայաստանյան զույգերի ամուսնալուծության պատճառների մասին կարելի է կարծիք կազմել` հիմնվելով հոգեբանների վերլուծության, պրակտիկայի ընթացքում հանդիպած դեպքերի վրա:

Հոգեբանների կարծիքով` դժվարն ամուսնության առաջին հինգ տարին հաղթահարելն է, քանի որ ամուսնալուծության համար ճգնաժամային է համարվում ամուսնության առաջին տարին, որը, կարելի է ասել, իրար հարմարվելու շրջանն է: Ճգնաժամային է ամուսնության 5-րդ տարին, երբ սիրահարության շրջանն անցնում է: Հաջորդ ճգնաժամային շրջանը երեխաների մեծանալուց կամ հեռանալուց հետո է լինում: Դրանից բացի` կան նաեւ ճգնաժամային տարիքներ, օրինակ` ամուսնալուծությունները շատանում են 30-40 տարեկանում. այդ շրջանները հաղթահարելուց հետո ընտանիքը կարելի է համարել կայուն:

Հայաստանում ամուսնալուծությունների առաջին պատճառներից է ամուսինների դավաճանությունը` տղամարդկանց դավաճանությունների գերակշռմամբ: Հիմնականում դավաճանում են տղամարդիկ, ինչի արդյունքում կանայք առաջարկում են բաժանվել: Ամուսնալուծության պատճառներից երկրորդը զույգերի ծնողների միջամտությունն է, ըստ որում` թե՛ տղամարդու, թե՛ կնոջ ծնողների միջամտությունը, այսինքն` այն ընտանիքներում, որտեղ միասին են ապրում կամ մեծ է ծնողների միջամտությունն ընտանեկան կյանքին, այդտեղ խնդիրները շատ են լինում: Երրորդ պատճառը տնտեսական է, օրինակ` կանայք բողոքում են, որ տղամարդիկ չեն աշխատում, չեն ապահովում ընտանիքին, մեղադրում են ամուսնուն՝ սոցիալական առումով կոմպետենտ չլինելու մեջ: Դրանից հետո գալիս են ամուսնալուծությունները` սեռական կյանքում անհամատեղելիության պատճառով: Այս հարցում, հոգեբանների հավաստմամբ, հայ զույգերն ավելի հարմարվող են, ավելի հաճախ հանդիպում ես զույգերի անտարբերությունը միմյանց նկատմամբ:

Կանանց համար ամուսնալուծության հիմնական պատճառներ են ալկոհոլամոլությունը, թմրամոլությունը, հոգեբանական ու ֆիզիկական բռնությունը, ամուսնական դավաճանությունը, խանդը, հոգեբանական անհամատեղելիությունը, ընդհանուր հետաքրքրությունների բացակայությունը, ամուսնու անուշադրությունն ու անտարբերությունը, անտարբեր վերաբերմունքը երեխայի ծննդից հետո, ամուսնական դերերի ու պարտականությունների բաշխման հետ կապված դժգոհությունները, ֆինանսական, կենցաղային խնդիրները, երեխաների բացակայությունը (ամուսիններից որեւէ մեկի երեխա ունենալու անկարողությունը, չբերությունը), ծնողների կամ այլ բարեկամների միջամտությունն ամուսինների ընտանեկան հարաբերություններին, կանոնավոր սեռական կյանքի բացակայությունը:

Տղամարդկանց համար ամուսնալուծության հիմնական պատճառներ են ընտանեկան կյանքի միօրինակությունն ու տաղտկությունը: Ինչպես ասում են` ձանձրույթից  դեպի ամուսնալուծություն մեկ քայլ է: Հենց այդպիսի ընտանեկան կյանքն է տղամարդուն դրդում դավաճանության` նոր արկածների եւ էմոցիոնալ զգացողությունների որոնումների: Պատճառներից են նաեւ ամուսնական դավաճանությունը, խանդը, երեխաների բացակայությունը (ամուսիններից  որեւէ մեկի երեխա ունենալու անկարողությունը, չբերությունը), ընդհանուր հետաքրքրությունների բացակայությունը, սեքսուալ բնույթի խնդիրները, հոգեբանական անհամատեղելիությունը, ձգձգվող ընտանեկան կոնֆլիկտները, զգացմունքների սառեցումը, ֆինանսական, կենցաղային խնդիրները:

Գաղտնիք չէ, որ ամուսնություններն ու ամուսնալուծությունները հաճախ չեն օրինականացվում, իսկ վիճակագրություն ունենալու համար, բնականաբար, հիմք ենք ընդունում քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալները (ՔԿԱԳ, նախկինում՝ ԶԱԳՍ):

Պատկերն ավելի ամբողջական դարձնելու համար ներկայացնենք մի քանի թվային տվյալներ. 2011թ. հանրապետությունում գրանցվել է 19706 ամուսնություն, ամուսնալուծություն՝ 3188, 2012թ.՝ 19063 ամուսնություն, 3250 ամուսնալուծություն, 2013թ.՝ 18363 ամուսնություն, 3756՝ ամուսնալուծություն, 2014թ.՝ 18912 ամուսնություն, 4496 ամուսնալուծություն: 2011թ. Սյունիքի մարզում գրանցվել է 751 ամուսնություն, 121 ամուսնալուծություն, 2012թ.՝ 735 ամուսնություն, 104 ամուսնալուծություն, 2013թ.՝ 749 ամուսնություն, 112 ամուսնալուծություն:

«Գորիսի տարածաշրջանում 2012թ. գրանցվել է 189 ամուսնություն, 27 ամուսնալուծություն, 2013թ.՝ 206 ամուսնություն, 25 ամուսնալուծություն, 2014թ.՝ 207 ամուսնություն, 69 ամուսնալուծություն, 2015թ. դեկտեմբերի 8-ի դրությամբ՝ 183 ամուսնություն եւ 39 ամուսնալուծություն: Վերջին երկու տարվա ընթացքում ամուսնալուծությունները հիմնականում պաշտոնական ձեւակերպումով են, որովհետեւ փոքր քաղաք է, եւ իսկույն պարզվում է ամուսնալուծության իրական հիմքը: Հաճախ ամուսնալուծվում են այլ երկրի քաղաքացիություն, ընտանեկան նպաստ ստանալու համար: Ուրախալի է այն փաստը, որ մեր օրերում շատերն են ձգտում օրինականացնել ամուսնական հարաբերությունները», - նշեց ՔԿԱԳ Գորիսի տարածքային ստորաբաժանման պետ Լորետա Բարսեղյանը:

ՔԿԱԳ Կապանի տարածքային ստորաբաժանման պետ Ադա Գրիգորյանի հավաստմամբ՝ ամուսնալուծությունների թվի աճի միտում կա հատկապես երիտասարդ ընտանիքների շրջանում: «Եթե թվային տվյալներով արտահայտեմ, 2013թ. առաջին կիսամյակում մեր ստորաբաժանումում գրանցվել է 102 ամուսնություն, 30 ամուսնալուծություն (որից մոտ 20-ը՝ զուտ պաշտոնական ձեւակերպմամբ), 2014 եւ 2015թթ. նույն ժամանակահատվածում համապատասխանաբար 125 ամուսնություն, 32 ամուսնալուծություն, 100 ամուսնություն, 28 ամուսնալուծություն (փաստացի): Հիմնականում որպես ամուսնալուծության պատճառ նշում են փոխըմբռնման բացակայությունը», - նշեց Ա.Գրիգորյանը:

ՔԿԱԳ Սիսիանի տարածքային ստորաբաժանման պետ Լիանա Վասիլյանը նույնպես հաստատեց այն փաստը, որ ամուսնալուծությունների աճի միտում կա: «Վերջին երեք տարում տարեկան գրանցել ենք մոտ 160-170 ամուսնություն, 20-30 ամուսնալուծություն: Հիմնականում որպես ամուսնալուծության պատճառ նշում են բնավորության անհամատեղելիությունն ու դավաճանությունը: Տարեկան 3-4 ամուսնալուծության դիմում հետ են վերցնում՝ պայմանավորված նաեւ մեր բացատրական աշխատանքներով», - նշեց Լ.Վասիլյանը եւ հավելեց, որ տղամարդկանց «խոպան» գնալը նույնպես բավականին մեծ դերակատարություն ունի ամուսնալուծությունների թվի աճի հարցում:

ՔԿԱԳ Մեղրու տարածքային ստորաբաժանման պետ Ալվարդ Գրիգորյանը նույնպես փաստեց ամուսնալուծությունների երիտասարդացման միտումը եւ հավելեց. «Պատահում է՝ փոշմանում եւ հետ են վերցնում դիմումը, երկկողմանի համաձայնությամբ բաժանումներն ավելի սակավաթիվ են, հիմնականում միակողմանի է լինում, եւ դատարանի որոշումից հետո ենք օրինականացնում ամուսնալուծությունը»:

Հոգեբանների հավաստմամբ` դժվարն ամուսնության առաջին հինգ տարին հաղթահարելն է, քանի որ ամուսնալուծության համար ճգնաժամային է համարվում ամուսնության առաջին տարին, որն այսպես ասած` իրար հարմարվելու շրջանն է: Ճգնաժամային է նաեւ ամուսնության հինգերորդ տարին, երբ սիրահարությունն անցնում է: Հաջորդ ճգնաժամային շրջանը երեխաների մեծանալուց կամ հեռանալուց հետո է լինում:

Կապանի մանկական կենտրոնի հոգեբան Ռուզաննա Ղուկասյանի հավաստմամբ՝ երեխայի անձի ներդաշնակ զարգացումը հնարավոր է միայն առողջ պայմաններում, որ նախեւառաջ ընտանիքը կարող է ապահովել: Այստեղ է կայանում երեխայի ֆիզիկական, հոգեկան եւ սոցիալական ճիշտ զարգացումը: Սակայն շատ հաճախ ընտանիքները չեն կարողանում հաղթահարել իրենց առջեւ ծառացած սթրեսային իրավիճակները, եւ ընտանիքը կանգնում է ամուսնալուծության փաստի առաջ:

«Ամուսնալուծությունը մեծ սթրես է երեխայի համար եւ վնասում է երեխայի հոգեկան առողջությանը: Երեխաները տարբեր կերպ են արձագանքում ամուսնալուծությանը՝ կախված սեռից, տարիքից, փորձից, խառնվածքից: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, հատկապես ցավագին են տանում նախադպրոցական եւ դեռահասության տարիքի երեխաները: Շատ հաճախ ծնողներն այնքան են զբաղվում իրենց խնդիրները պարզաբանելով, որ մոռանում են երեխայի զգացմունքների մասին: Որպես կանոն ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ագրեսիվությունը կամ ինքնամփոփությունը, բարձր տագնապայնությունը, առաջադիմության անկումը, երեխայի վարքը կարող է կրել անկառավարելի բնույթ: Հաճախ լինում են դեպքեր, երբ երեխան, որպես ծնողների ամուսնալուծության հետեւանք կարող է հանկարծ հիվանդանալ: Որպես կանոն առաջանում են կոնֆլիկտային հարաբերություններ դպրոցում, ընկերների հետ, ծայրահեղ դեպքերում կարող է դիտվել նաեւ փախուստ տնից: Որոշ դեպքերում երեխաներն ամուսնալուծությունից հետո դառնում են խիստ կարգապահ, հետեւում կարգ ու կանոնին, իրենց պահում մեծահասակի պես: Այս վարքի թաքնված պատճառն այն է, որ երեխաները կարծում են, թե իրենց «վատ» վարքի հետեւանքն է ծնողների ամուսնալուծությունը: Նրանց տանջում է մեղքի զգացումը եւ իրենց «ճիշտ» պահելով կարծում են, թե կարող են վերականգնել ընտանիքը: Այս վարքի պատճառներից մեկն էլ կարող է լինել նաեւ այն,որ երեխաներն իրենց վրա են վերցնում մեծահասակի դեր (տղաները՝ հոր, աղջիկները՝ մոր)», - մանրամասն ներկայացնում է հոգեբանը եւ որպես ամփոփում նշում, որ այնուամենայնիվ որոշ դեպքերում ամուսնալուծությունը կարող է լինել լավագույն հանգուցալուծումն այնպիսի իրավիճակների, ինչպիսիք են՝ մշտական վեճերը, կռիվները, բռնությունը, ալկոհոլիզմը, թմրամոլությունը: Այս դեպքում ծնողների միջեւ տարաձայնությունները երեխաներին ավելի մեծ ցավ են պատճառում, քան ամուսնալուծությունը: Միայն երեխաների պատճառով ընտանիքը պահպանել խորհուրդ չի տրվում:

Հանրապետության նշանավոր հոգեբաններից Սամվել Խուդոյանը մի հրապարակման մեջ նշում է. «Ամուսնալուծությունն ընտանիքի ինքնասպանությունն է: Ինչքան թույլ, անօգնական, ցածր մակարդակի պետք է լինեք, որ ձեր խնդիրների համար լուծումներ չգտնեք եւ դիմեք ինքնասպանության, ընտանիքի ինքնասպանության»:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03