Արա Վարդանյան. «Ավաղ, պատմական արժեքների միայն մեկ-երկու տոկոսը հնարավոր եղավ փրկել»

03.01.2021 16:46
3497

Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում մնացած հազարավոր սրբությունների ճակատագիրը շարունակում է մնալ «Սյունյաց երկրի» ուշադրության կենտրոնում:

Այդ նպատակով էլ զրուցեցինք խնդրո առարկային քաջատեղյակ Արա Վարդանյանի հետ, ով 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո մեծ աշխատանք է կատարել մեր ազգային-քրիստոնեական սրբությունները գոնե մասամբ փրկելու գործում:

Գորիսի զավակ Արա Վարդանյանը ծնվել է 1975 թվականին, ավարտել է ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ 2003 թվականից դասավանդում է նույն համալսարանում։ 2013 թվականից Մայր աթոռի գլխավոր ճարտարապետն է։ Նաեւ գործունեություն է ծավալում մասնավոր նախագծման ասպարեզում։

Ճարտարապետության թեկնածու է, դոցենտ։

- Պարոն Վարդանյան, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո հայ ժողովրդին մտահոգող գլխավոր հարցերից մեկը եղել ու մնում է պատմամշակութային ժառանգության փրկությունը, որ մնացել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած  տարածքներում: Մեր ունեցած տեղեկություններով`  Դուք եւ Ձեզ հետ մի խումբ մարդիկ մտահոգ եք եղել այդ խնդրով ու բավականին աշխատանք եք կատարել  մասնավորապես  Ծիծեռնավանքում, Դադիվանքում

- Իրոք, նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո խնդիր առաջացավ պատմամշակութային հուշարձանների հնարավոր փրկության եւ տեղափոխման առումով: Մայր Աթոռը բավականին մտահոգ էր այդ խնդրով: Անմիջապես սկսեցինք կազմակերպել փրկության գործը եւ նոյեմբերի 12-ին պատրաստ էինք  մեծ թիմով գործի անցնել։ Բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ իրենց աջակցությունը հայտնեցին եւ լուծեցին տրանսպորտի, հատուկ տեխնիկական միջոցների, նյութերի եւ մարդկային ուժի համալրման հարցերը՝ տեղափոխման կամ էվակուացիայի խնդիրները լուծելու համար։

Տարածքներում, որոնք անցան Ադրբեջանի վերահսկողության ներքո, ունենք 10-12 հազար հուշարձան, որից շատ փոքր մասը հնարավոր եղավ տեղափոխել Հայաստան:

 Տեղափոխման աշխատանքներ էին կատարում նաեւ ԿԳՍՄ նախարարության մշակույթի ոլորտի պատասխանատուները` ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ու այլ կազմակերպությունների աջակցությամբ։

Մենք էվակուացիան սկսեցինք Դադիվանքից։ 14-րդ դարի հայտնի ասեղնագործ երկու հրաշալի խաչքարերն ու մնացած բոլոր խաչքարերը, որոնք ագուցված չէին պատերի մեջ, տեղափոխեցինք Մայր Աթոռ։

Հաջորդ այցելությունն էլի Քարվաճառի շրջանի տարբեր գյուղերն էր, որտեղից նույնպես հավաքեցինք խաչքարեր, խաչքարերի բեկորներ: Ամենակարեւորը Ծար գյուղն էր, որ ժամանակին եղել է իշխանանիստ գյուղաքաղաք, որտեղ մինչեւ 18-րդ դարն ապրել են հայեր: Ծարում եղել է չորս վանք, որոնցից կիսավեր մնացել է միայն երկուսը: Ծարում հայերից հետո բնակվել են քրդեր, այնուհետեւ` ադրբեջանցիներ։ Եվ վերջին 200 տարվա ընթացքում հասցրել են ոչնչացնել բավականին մշակութային  արժեքներ, մասնավորապես խաչքարերը ջարդել եւ որպես շինանյութ շարել են գյուղական դպրոցի պատերում: Այդ բեկորները տարբեր աջակիցների միջոցով տեղափոխվել են Երեւան։

Մինչեւ նոյեմբերի 23-24-ը  ինչ որ հնարավոր էր տեղափոխել, տեղափոխել ենք, իհարկե, բազմապատիկ անգամ ավելի արժեքներ մնացին, քանի որ անհնար էր այդ ամենը տեղափոխել ժամանակի, տեխնիկական միջոցների սակավության ու դժվարամատչելիության պատճառով: Ճանապարհները սկսել էին փակել ու պայթեցնել՝ ռազմավարական հարցերից ելնելով, եւ տեղափոխության հնարավորությունները սահմանափակվեցին...

Հաջորդ այցելությունը Քաշաթաղի շրջանն էր` Ծիծեռնավանք, հետո` Հոչաց ձորի գյուղերը` Սոնասար, Հոչան, Սպիտակաջուր, Անի, որտեղ բազմաթիվ այլ հուշարձաններից բացի գտնվում է 4-5-րդ  դարերի հայտնի Կաթոսավանքը: Կաթոսավանքից, անկախ մեզնից, տղաները սկսել էին տեղափոխել, բերել Գորիս, այդտեղից` Երեւան։ Մինչեւ ամսի 27-28-ն ավարտեցինք  նաեւ որմնանկարների տեղափոխման հարցը՝ մեր մասնագետների միջոցով, Ծիծեռնավանքից եւ Դադիվանքից

- Մեզ համար նորություն էր, որ որմնանկարներ եք հանել եւ տեղափոխել. ինչպե՞ս է դա հնարավոր։ Երեւի նաեւ ընթերցողներից շատերը չգիտեն՝  ի՞նչ ասել է` որմնանկարները հանել եւ տեղափոխել։

- Նախ ասեմ, որ Դադիվանքում մեր լավագույն որմնանկարներից մեկն էր  գտնվում, եւ այն թողնել բախտի քմահաճուքին, չէր կարելի։ Որմնանկարները հանելու եւ տեղափոխելու տեխնոլոգիան կիրառվում է ամբողջ աշխարհում, մասնավորապես Իտալիայում։

Այդ տեխնոլոգիան կիրառվել է Մինասի հայտնի որմնանկարը Գյումրիից «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխելու ժամանակ։ Նույն տեխնոլոգիայով Մայր տաճարի որմնանկարներն են հանվել՝ ամրացման եւ վերականգնողական աշխատանքների համար: Հանելուց հետո մասնագետներն  արվեստանոցում վերականգնում են, եւ նորից պիտի վերատեղադրվեն։

Նույն տեխնոլոգիայով հանվել են Դադիվանքի եւ Ծիծեռնավանքի որմնանկարների որոշ հատվածներ։ Ծիծեռնավանքում առկա են 7-րդ դարի որմնանկարներ, որոնց վիճակը շատ անմխիթար էր, եւ դրանց ձեռք տալ, առավել եւս հանել, հնարավոր չէր։ Դրանք հանելու համար անհրաժեշտ էր մոտ երկու ամիս մշակել, որի ժամանակը, ցավոք, չունեինք: Այդ որմնանկարներն ամբողջապես լուսանկարվել են  եւ փաստագրվել, արձանագրվել, հաստատվել  է դրանց գոյությունը՝ ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աջակցությամբ։ Եթե դրանք ոչնչացվեն, մենք փաստեր կունենանք այդ ամենի մասին  միջազգային ատյաններում բարձրաձայնելու համար։

- Արդեն հայտնի է, որ շատ-շատ արժեքներ չի հաջողվել հանձնված տարածքներից դուրս բերել, պարզապես ժամանակը չի բավականացրել։ Հատկապես ինչի՞ համար եք ափսոսում։

- Նկատի ունենալով Ագուլիսի օրինակը, վանքերի ու եկեղեցիների ավերման ու Ջուղայի խաչքարերի ոչնչացման փաստը, եւ դրանք պարզապես փոշիացնելուց հետո միջազգային արձագանքի սնանկությունն  ու տկարությունը, ակնհայտ էր, որ այդ արժեքները, գտնվելով իրենց տիրապետության տակ, շատ արագ վերացվելու են՝ հայկական հետքը բացառելու քաղաքականության շրջանակներում, եւ վերացնելու են ոչ թե խաչքարը ջարդելով եւ շինանյութ օգտագործելով, այլ պարզապես ոչնչացնելով, որպեսզի մենք այլեւս ապացույց չունենանք։ Ցավոք, հարեւան հանրապետությունում անթաքույց ագրեսիա է քարոզվում մեր հանդեպ, դրա նախադեպերը  մեկը-երկուսը չեն, վերցնենք հենց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օրինակը, որ հրետակոծության թիրախ դարձավ։

 Արդեն նշեցի, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո կան 10-12 հազար հուշարձան, դրանց մեկ-երկու տոկոսը հնարավոր եղավ փրկել։ Մենք 200-300 լավ խաչքարեր, տապանաքարեր պիտի բերած լինեինք, ցավոք, այդ կարճ ժամանակում հնարավոր չէր, ինչի համար շատ ենք ափսոսում։

- Իսկ ասենք, Մայր աթոռը կամ Հայաստանի մշակույթի պատասխանատուներն ի՞նչ են ձեռնարկում, որ կարողանանք աշխարհի մասշտաբով ձայն բարձրացնել եւ հնարավորինս փրկել մեր ճարտարապետական արժեքները։

- Այս պահին մեր անելիքը «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի միջոցով  տարբեր կառույցներին դիմելն է, նրանց տեղից շարժելը: Ցավոք  անցել է մեկուկես ամսից ավելի ժամանակ, եւ մինչեւ այսօր ոչ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ից է այցելություն եղել, ոչ փաստագրման որեւէ գործընթաց է իրականացվել, ոչ էլ արձագանք կա այդ ատյաններից: Եվ անցած յուրաքանչյուր օրը մեր պատմաճարտարապետական որեւէ հուշարձանի կորստով է չափվում։

- Իսկ Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցուց տեղեկություն ունե՞ք

- Եկեղեցին հրետակոծելուց հետո որոշակի լուսանկարներ կան։ Հիմնական գմբեթի ծածկն էլ է վնասված, դա, ըստ ամենայնի, Շուշիի գրավումից հետո է եղել։ Իսկ որ տաճարը պղծվել է` նրա պատերին սեւ ներկով գրառումներ կատարելով, համացանցից տեղեկացանք։ Այժմ հույս ունենք, որ դա չի շարունակվի, այցելություն այդ եկեղեցի այս պահին անհնար է։ Բայց փորձում ենք այցելություն կազմակերպել, եւ հույս ունեմ  այցելող  խմբի մեջ ընդգրկվել, փաստագրել, թե այս պահին ինչ է կատարվում, մինչեւ որ Աստծո կամոք այնտեղ քահանա նշանակվի։ Թեկուզ Շուշին նրանց վերահսկողության ներքո է, քահանան ժամանակ առ ժամանակ պատարագ կմատուցի, մինչեւ   Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերահսկողության ձեւերից մեկը կգտնվի

- Որքանով հասկացանք, բավականին մասունքներ տեղափոխել եք Հայաստան եւ,  կարծեք,  դրանք ցաքուցրիվ վիճակում են.  գոնե հնարավո՞ր է, որ կենտրոնացվեն, գույքագրվեն, փաստագրվեն

 - ԿԳՍՄ  նախարարության կողմից բերվածն  ամբողջությամբ տեղավորվել  է Մատենադարանի նկուղում, Մայր աթոռի բերածը ժողովված է Մայր աթոռի տարածքում։ Գիտեմ, որ Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում եւ «Միրհավ» հյուրանոցում գտնվող նմուշները եւս կտեղափոխվեն  Մայր աթոռ։ Այդ բոլորը փաստագրված եւ գույքագրված է։

- Եթե կարելի է, նշեք մի քանի գերատեսչությունների եւ անհատ մարդկանց անուններ, ովքեր այդ ազգօգուտ, աստվածահաճո գործի մեջ ընդգրկված են եղել։

- Մայր աթոռին աջակցել են հիմնականում գործարարներ, «Արմենիան վայն» ընկերությունը, «Ապավեն» ընկերությունը, «Վահագն եւ Սամվել» ՍՊ ընկերությունը, շատ-շատ անհատներ։ «Կոմանդոս» ռազմամարզական ակումբի տղաները, ամբողջ իրենց թիմով՝ 15 հոգով, երկու -երեք գիշեր-ցերեկ իրենց մեքենաներով եւ տեխնիկայով աջակցել են՝ նաեւ ֆիզիկական աշխատանք մեզ հետ կատարելով։

Մի այցելության ժամանակ 50 հոգուց ավելի մարդ է եղել ընդգրկված այդ գործում։ Արժանիկ Հովհաննիսյանը, ով Մայր աթոռի որմնանկարների վերականգնող մասնագիտական թիմի ղեկավարն է, իր թիմով՝ 8-10 հոգի, երկու-երեք օր միայն Դադիվանքում է որմնանկարներով զբաղվել, հետո` Ծիծեռնավանքում։

Շատ մարդիկ կան, ցանկը բավականին ընդգրկուն է, ցուցակն ինձ մոտ կաԱշխատանքներն ամբողջությամբ կազմակերպվել եւ համակարգել է Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի ղեկավար Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ի դեպ ծննդով Տաթեւից է:

Հարցազրույցը՝

Վահրամ Օրբելյանի

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53