Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայողների՝ նախօրեին թույլ տված արարքը դարձել է հանրային աղմկոտ քննարկումների պատճառ, ընդ որում՝ միանգամայն բնականորեն: Ինչպես հայտնի է, ռուսական ռազմակայանի զինծառայողները Փանիկ գյուղի տարածքում կրակոցներ են արձակել՝ վախեցնելով բնակիչներին և ասելով, թե դա զորավարժություն է: Ընդ որում, տեսանյութը, որ տարածվել է, ցույց է տալիս, որ գյուղով անցնում է ռազմակայանի զինվորական բեռնատարների մի ամբողջ շարասյուն:
Այսօր արդեն ռազմակայանի ղեկավարությունը Շիրակի մարզպետի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ծառայական քննություն է սկսվում միջադեպի կապակցությամբ, նաև ներողություն են խնդրել տեղի ունեցածի համար: Պաշտոնական Երևանի ավելի բարձր մակարդակի արձագանք դեռ չի եղել: Կլինի՞, թե՞ կգերադասվի, այսպես ասած, մարզպետ-ռազմակայանի հրամանատար մակարդակում պարզաբանումը՝ ավելորդ քաղաքական երանգավորում չտալու համար, հատկապես նկատի առնելով, որ Հայաստանի նոր իշխանությունն ակնհայտորեն փորձում է հնարավորինս խուսափել Ռուսաստանի իշխանության հետ հնարավոր որևէ սուր անկյունից:
Այդ հանգամանքը, իհարկե, հասկանալի է՝ հաշվի առնելով նաև այն, որ թե՛ Հայաստանի նախկին համակարգի մի շարք շրջանակներ, թե՛ նրանց հետ կապ ունեցող խմբեր Ռուսաստանում, թե՛ ռուսական իշխանության շերտեր և, իհարկե, Ադրբեջանը աշխուժորեն աշխատում են Կրեմլին Հայաստանի նոր իշխանության դեմ տրամադրելու համար, ինչը անկասկած Հայաստանի համար կբերի լուրջ խնդիրներ:
Մյուս կողմից, սակայն, հերթական անգամ դրսևորվում է այն, որ հայ-ռուսական հարաբերության լրջագույն խնդիր է Հայաստանում ռուսական ռազմակայանը, և այն պարբերաբար հայտնվում է աղմկոտ պատմությունների մեջ, ինչը վկայում է, որ ռազմակայանը ըստ էության ավելի շուտ ոչ թե անվտանգության, այլ անկանխատեսելիության և անսպասելի վտանգների աղբյուր է:
Բարեբախտաբար, այս անգամ այդ վտանգը արտահայտվել է միայն բնակչության տագնապով ու անհանգստությամբ, թեև կարելի է պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել մարդկանց հետ, որոնց գյուղում զինվորական շարասյունով կրակոցներ են՝ թեկուզ, այսպես ասած, «խոլոստոյ», իսկ իրենք ոչնչից տեղյակ չեն և նախապես ոչ մի բանի մասին զգուշացված չեն: Սակայն «մխիթարվել», որ միջադեպը չի ունեցել մարդկային որևէ զոհ կամ վիրավոր, կնշանակի պարզապես ամեն ինչ թողնել ինչպես կա և «սպասել» բախտի քմահաճույքին հենված, որ հաջորդ անգամ էլ որևէ միջադեպ կանցնի առանց զոհերի և վիրավորների:
Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայության խնդիրը թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ ռազմաքաղաքական համատեքստում պարբերաբար քննարկվող խնդիր է, սակայն միջադեպից միջադեպ պարբերականությամբ: Այդ ռազմակայանի առկայության փաստը արժանանում է ամենատարբեր գնահատականի՝ Հայաստանում ռուսական օկուպացիայի խորհրդանիշից մինչև անվտանգության կարևոր գործոն:
Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը, և թող տարօրինակ չհնչի, սակայն հենց դրանով է պայմանավորված լինելու, թե ինչ է իրենից ներկայացնում ռուսական ռազմակայանը: Այն կարող է լինել իսկապես ապակառուցողական և վտանգի աղբյուր ոչ միայն Հայաստանի անվտանգության հետ կապ չունեցող, այլև այդ անվտանգության ուղղակի սպառնալիք, և կարող է լինել հայկական պետականության ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական սուբյեկտության կարևոր գործիք: Հարցն այն է, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը, այդ թվում՝ ռուսական ուղղությամբ քաղաքականության մասով, ինչ խնդիրներ պետք է դնի Ռուսաստանի իշխանության առաջ՝ ցույց տալով, իհարկե, նաև համատեղ շահերը, և ըստ այդմ՝ ինչ վարքագիծ պետք է թելադրի Ռուսաստանին նաև ռազմակայանի հարցում: Սրանք, իհարկե, լրջագույն հարցեր են, որոնք Հայաստանի նոր իշխանությունը չի կարող լուծել երեք ամսում, եթե մոտ երեք տասնամյակում այդ հարցերը անլուծելի են թողել նախորդ բոլոր իշխանությունները:
Սակայն ահազանգը հնչել է, և որպեսզի հաջորդը չլինի ավելի ուժգին ու վտանգավոր, իշխանությունը պետք է հարցը ներառի իր օրակարգ և առնվազն սկսի դրա վերաբերյալ իր մոտեցումների մշակումները, այդ թվում՝ փորձագիտական հանրության հետ շփումներով: