«Առանց հայրենիքի մարդը չի կարող գտնել իրեն, իր հոգին…» Մարտիրոս Սարյան

28.02.2020 12:24
4760

Մարտիրոս Սարյանին ներկայացնելու կարիք չկա, նրա ստեղծագործական կյանքը մեծ դեր է խաղացել հայկական ազգային գեղանկարչության դպրոցի հիմնման գործում:

Կյանք ու կենսունակություն պարունակող նրա կտավներին նայելիս դժվար է լինում պատկերացնելը, որ Սարյանը մի նկարիչ է, ով տեսել է հայերի Ցեղասպանությունը, ապրել քաղաքացիական ու Առաջին համաշխարհային պատերազմի տարիները: Նկարիչը պատկերել է լեռներ, գետեր, բլուրներ ու հարթություններ՝ դրանով իսկ կյանքի, խաղաղության ու գեղեցկության կոչ անելով:

Մայիսի 5-ը Հայաստանի «ամենաազգային» նկարչի մահվան օրն է: Անցել է ուղիղ 45 տարի: Այսօր մենք կհիշենք նկարչին ու նրա անցած դժվարին ուղին, որի ընթացքում նրան ամենաշատը սարսափեցնում էր «նորաձև» նկարիչ դառնալու գաղափարը:

Գեղանկարչական անհատականության որոնումները

Մարտիսրոս Սարյանը ծնվել է 1880թ. փետրվարի 16-ին (28)՝ Նոր Նախիջևան քաղաքում (ներկայումս՝ Դոնի Ռոստով)՝ հայ նահապետական ընտանիքում: Հենց այստեղ էլ՝ հոր ագարակում, անցել են նկարչի մանկության ու պատանեկության տարիները:

«Փոքրիկ ագարակը, որտեղ ապրում էր հայրս՝ իր բազմանդամ ընտանիքով, գտնվում էր Ռոստովից հիսուն վերստ դեպի հյուսիս-արևմուտք: Անբնակելի այդ տափաստանում գտնվող ագարակում ես անց եմ կացրել իմ մանկության ոսկե տարիները: Կյանքի նման պայմանները ինձ բնությունը, կենդանիներին ու գյուղական մարդկանց աշխատանքն ուսումնասիրելու հնարավորություն տվեցին»,- հիշում էր Սարյանը:

«Ես հաճախ եմ դառնում դեպի իմ մանկական հիշողությունները, որոնք մինչև օրս խորը հետք են թողնում ինձ վրա: Չեմ թվելու այն ամենը, որոնք այնքան շատ են հուզել իմ հոգին ու մնացել են իմ ներսում, շատ բան նույնիսկ մոռացել եմ, բայց պետք է հիշեցնեմ այնպիսի մի կարևոր հանգամանքի մասին, ինչպիսին որ ինձ համար ինքը՝ բնությունն է: Անսահման երկինքն ու լայնատարած տափաստանը՝ հողաթմբերով ու հեռավոր հորիզոններում նշմարվող «միրաժային գագաթներով» թույլ էին տալիս ուսումնասիրել բնության բոլոր երևույթները՝ կապված ոչ միայն տարվա եղանակների, այլ նաև առավոտվա, գիշերվա, ցերեկվա ու երեկոյի հետ: Այդ ամենի հանդեպ մանկական հասկացողությունը աննկարագրելի մեծ ու երևակայական է: Դեպի հողաթմբեր բարձրացող հարթություններով ու կանաչ մարգագետիններին աճած խիտ ու սլացիկ եղեգներով հոսում էին գետերը, իսկ թմբերի տակ գորգի պես տարածվում էին հացահատիկի դաշտերը: Ահա և վերջապես արևից ու օդից խանձված աշխատող գյուղացին՝ ոտքերի ու ձեռքերի ճաքած ու կոշտուկավոր մաշկով, որոնց վրայի ձյութը խտտացնում էր մեր ռունգերը: Անթիվ-անհամար ծաղիկներ ունեցող հսկա խոտերը՝ իրենց առաջ թռվռացող միլիոնավոր երփներանգ թիթեռնիկներով ու իրենց ոտքերի տակ ծվարած կամ արևի տակ տաքացող մողեսներով: Պայծառ արևը, ուժասպառության հասցնող շոգ օրերին արնախում միջատների հսկա բանակը երբեմն կատաղի հալածում էին եղջերավոր անասուններին կամ մի կծիկ դարձնում գառների հոտին: Գզգզված գամփռերը փոսերն էին մտնում, որպեսզի թաքնվեն տապից ու պնդաճակատ ճանճերից: Իսկ մենք՝ փոքր երեխաներս, շոգից ուժասպառ, թաքուն բարձրանում էինք արգելված պլանտացիաներ, որպեսզի հագեցնենք մեր ծարավը հյութալի սեխերով ու ձմերուկներով: Այդ ամենն իմ մանկական զվարճանքի մի մասն էին: Ահա թե որտեղից էի ես քաղաք եկել արդեն որպես 8-ամյա տղա», – հիշում է Սարյանը:

000097

Հենց այդ մանկական հիշողություններն էին, որ նկարչի մեջ սեր արթնացրին դեպի բնությունն ու հետագա տարիներին կարևոր դեր խաղացին բնապատկերների թեմատիկայի հանդեպ նրա հետաքրքրվածության հարցում:

1895թ. Սարյանն ավարտում է քաղաքային ուսումնարանը: 1897-1904թթ. սովորում է Մոսկվայի գեղարվեստի, քանդակագործության ու ճարտարապետության ուսումնարանում՝ ուսանելով նաև ռուս հեղինակավոր նկարիչների՝ Վալենտին ՍերովիԿոնստանտին Կորովինի արվեստանոցներում:

Որոշ ժամանակ Սարյանն աշխատել է նաև Ստեփանովի ու Վասնեցովի արվեստանոցներում: Վերջինս փոխարինում էր մահացած Իսահակ Լևիտանին, ում մոտ Սարյանը ստիպված եղավ շատ քիչ աշխատել:

Ուսումնարանում Սարյանը ձեռք բերեց համապատասխան հմտություններ: Դա են վկայում իր սովորելու տարիներին արված ստեղծագործությունները. «Մոր դիմանկարը», «Քեռու դիմանկարը», կամ «Կովերի» էտյուդները համարվում են գրագետ արված աշխատանքներ, սակայն դրանցում դեռևս ոչ-ոք նկարչի անհատականություն չէր տեսնում: 1903-1904թթ. Սերովի ու Կորովինի արվեստանոցներում զբաղվածությունը մեծ դեր խաղաց նկարչի ձևավորման գործում: Սարյանը հատկապես բարձր էր գնահատում Սերովին:

«Դպրոցում իմ ուսուցիչների աշխատանքներով ես չէի տարվում, բայց մենք՝ աշակերտներս, շատ բաներով պարտական ենք մեր հիանալի ուսուցիչ Վալենտին Ալեքսանդրովիչ Սերովին, ով մեր հանդեպ անդադար հսկողության ու սուր նկատողությունների շնորհիվ մեր մեջ կարողանում էր աշխատանքի հանդեպ հետաքրքրության լարվածությունը պահել»,- այսպես է ասել Սերովի մասին Սարյանը:

Նկարչի խոսքերով՝ դա իր կյանքի ամենադժվար տարիներն էին, երբ ակադեմիական ձևերի ու օտարների ոճերի մեջ փորձում էր գտնել ինքն իրեն: 1903թ. ավարտելով ուսումնարանը, Սարյանը չցանկացավ դիպլոմային կտավն անել՝ բավարարվելով «ազատ ունկնդիր- նկարիչ» կոչումով և, ինչպես արդեն ասվեց, ևս 1.5 տարի անցկացրեց Սերովի ու Կորովինի արվեստանոցներում:

1901-1904թթ. առաջին անգամ նա ոտք է դնում իր պատմական հայրենիքի՝ Հայաստանի հողին, որտեղ այցելում է Լոռի, Շիրակ, Էջմիածին, Հաղպատ, Սանահին, Երևան, Սևան:

Սարյանին Հայաստանում ցնցեց ամեն ինչ՝ հարավային արևը, տապը, այն նոր, ինքնատիպ աշխարհը, որում նա բացահայտեց մի նոր կյանք, նոր առօրյա, նոր մարդկանց ու նույնիսկ նոր կենդանիների: Սա այնքան տարբեր էր այն ամենից, ինչ ինքը տեսել էր Մոսկվայում: Նրա մեջ կրկին արթնացան մանկական տարիների մթնած պատկերներն ու հոր ագարակի կյանքը:

«Նոր իրականության ընկալումն ինչ-որ իմաստով համընկնում էր իմ մանկական աշխարհի, իմ անցած մանկության կյանքի հետ, որն ասես ժամանակավորապես քուն էր մտել»,- գրում է նկարիչը:

Հայրենիքից ստացած տպավորությունները չափազանց ուժգին էին, բայց այնքան նոր, որ միանգամից տեղ չգտան նրա աշխատանքներում:

Հայաստանը Սարյանին տվեց դեռևս անհասկանալի, փոքր-ինչ խառը պատկերացումներ բնության պատկերման բոլորովին նոր ձևերի մասին:

Ցեղասպանության կարմիր գույները

1910-1913թթ. Սարյանը մի շարք ուղևորություններ իրականացրեց դեպի Թուրքիա, Եգիպտոս, Իրան:

«Ու ահա, 1915թ. ես տեղեկանում եմ Հայաստանին բաժին հասած նոր դժբախտության մասին: Թողեցի ամեն ինչ ու ետ վերադարձա հայրենիք: Էջմիածնում ու դրա շրջակայքում ես տեսա մարդկային ամբոխներ, որոնք թուրքական Հայաստանի Ցեղասպանությունից էին փախչում… Իմ աչքի առաջ մեռնում էին մարդիկ, իսկ ես նրանց օգնել համարյա չէի կարողանում: Ես ծանր հիվանդացա, ինձ տարան Թիֆլիս՝ ակնհայտ խորը հոգեկան խանգարումով»,- հիշում է Սարյանը:

Նկարիչը երկար ժամանակ աշխատել չէր կարողանում: Սակայն Թիֆլիսում (ներկայումս Թբիլիսի) նա հանդիպում է հայ գրող ու մանկավարժ Ղազարոս Աղայանի դստերը՝ Լուսիկ Աղայանին: Սարյանը նրանում հարազատ հոգի է տեսնում, ու շուտով ամուսնանում հետը: Երկար ընդմիջումից հետո նա աշխատանքին վերադառնալու փորձեր է անում, ու հասկանում, որ հենց շնորհիվ Հայաստանի է իր ստեղծագործական կյանքը վերածնվում:

«Տառապանքի այդ օրերին ես իմ ողջ սրտով ու էությամբ միաձուլվեցի իմ ժողովրդին: Ու իմ մեջ չէր լինի ոչ նկարիչը, ոչ էլ անհատը, եթե չլիներ հայրենիքի այդ զգացողությունը: Հենց այդ հայրենիքին եմ ես նվիրել հետագա իմ ողջ ստեղծագործական կյանքը»,- գրում է Սարյանը:

Առաջին կտավը, որ նա արեց այդ բոլոր ապրումներից հետո կարմիր ծաղիկների մի հսկա փունջ էր: Կարծես թե փրկության ուղին գտնված էր:

«Արվեստը պետք է մարդուն կյանքի ու պայքարի կոչի, համամարդկային, ժամանակից դուրս ձևերով նրան հույս ու հավատ ներշնչի, ոչ թե հանգեցնի ողբերգական թեմաների նկարագրմանը»,- ասում էր նկարիչը:

Այն, որ Սարյանի կտավներում ողբ տեսնել հնարավոր չէ, նկատեց դեռևս ամերիկացի հայ գրող Վիլյամ Սարոյանը:

«Այո, Մարտիրոս Սարյանը հայ է, իսկ դա նշանակում է, որ նա ողջ է մնացել: Նրա անունին պետք է հաջորդի Մարկ Շագալ անունը: Նրանց իրար է կապում ամեն տեսակ մեռածը կենդանացնելու անասելի տաղանդը: Դուք չեք տեսնի զանգվածային ջարդեր Շագալի կտավներում, ու չեք էլ տեսնի կոտորած՝ Սարյանական պատկերներում: Նրանք փոքր երեխաներ են՝ լայն բացված աչքերով»,- գրում է Սարոյանը:

Առանց հայրենիքի ինքդ քեզ գտնել չես կարող

«Աշխարհում ամենաշատը ես արևն եմ սիրում: Սիրել արևը, նշանակում է  սիրել աշխարհը, հողն ու այն ամնեը, ինչ նրա վրա կա: Նշանակում է նայել աչքերով ու տեսնել սրտով: Երբեմն նայում ես վառ լուսավորված լեռնաշղթաներին ու խենթանում գույների այդ տեղատարափից՝ բաց  երկնագույն բարձունքներից մինչև մուգ շագանակագույն ժայռերը: Երբ գույների այդ հարստությունը տեղափոխում ես կտավ, շատերը զարմանում են՝ մանուշակագույն լեռներ է՞լ են լինում: Զարմանալու կարողությունը մարդու մեծագույն պարգևն է: Զարմանքը ճշմարտության բացահայտման ուղին է: Մտածում եմ՝ ինչպե՞ս պատկերեմ Կոմիտասին, ուզում եմ պատկերել Հայաստանը, նրա գյուղերն ու ժայռերը: Կոմիտասն իր մեջ բնություն ունի: Նա մեր հողն ու նրա բույրն է, համը, ջուրը, լեռների օդը: Այդ ամենը արտացոլված է նրա երգում: Հողը կենդանի էակ է, այն իր հոգին ունի ու առանց հարազատ հողի, առանց հայրենիքի սերտ կապի անկարելի է գտնել սեփական անձն ու սեփական հոգին»,- ասել է Մարտիրոս Սարյանը:
ca09167fc188

1921թ. Սարյանն ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Հայաստան: Այստեղ նա ընկղմվում է հարազատ բնության գեղեցկությունը պատկերելու մեջ: Շուտով նկարիչը կազմակերպում ու հիմնում է  հնէաբանության, ժողովրդագրության ու կերպարվեստի պետական թանգարանը, մասնակցում Երևանի գեղարվեստի ուսումնարանի ու Հայ արվեստագետների միության ստեղծմանը:

1922թ. Սարյանական էսքիզներով ստեղծվում են Խորհրդային Հայաստանի գերբն ու դրոշը: 1925թ. ավարտին նա արդեն համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի նկարիչ էր:

«Իմ այդ հաջողությունն իմ սրտով չէր, ես վախենում էի նորաձև նկարիչ դառնալուց»,- ասել է Սարյանը:

Շուտով նրան տրվեց Հայաստանի ազգային նկարչի կոչումը, որն էլ նրա առաջ նոր հնարավորություններ բաց արեց: 1926-28թթ. Սարյանն ապրել ու ստեղծագործել է Փարիզում, որտեղ էլ մասնակցել է տեղական Ժերար թանգարանի գեղարվեստի ցուցահանդեսին:

«Սարյանի կտավները ուժեղ ու բնական այն խառնվածքի վառ արտահայտումն են, որը հանդիսականի վրա մեծ ազդեցություն չթողնել չի կարող: Նրա թե գույները, թե նկարը ժամանակակից արվեստի ուսումնասիրման տեսանկյունից չափազանց ուշագրավ են»,- ասել է իտալացի քննադատ Ջուզեպպե Սպրովիերին:

1930-ականներին Սարյանի աշխատանքների հիմնական թեման մնում է Հայաստանի բնությունը:

Ապրելով հայրենիքից հեռու՝ նա շարունակում է գտնվել հարազատ բնության տպավորությունների տակ: Փարիզում հայկական բնապատկերները, ի տարբերություն հուշարձանային աշխատանքների, որոնք արվել են 1923-24թթ., ավելի անձնական բնույթ ունեին, ինչպես իրենց բովանդակությամբ, այդպես էլ չափսերով: Դրանք կամ քաղաքային ու գյուղական բնապատկերներ էին՝ նեղ փողոցներով, հարթ տանիքներ ունեցող խորանարդ տներով, հազվագյուտ ծառերով, կենդանիներով, մարդկային միանման մարմիններով, կամ լեռնալանջեր՝ արածող ոչխարներով, լեռնաշղթաներով եզրափակվող ու տեղ-տեղ դուրս ելած բարդիներով, վազող եղնիկներով ու այլ հրաշքներով աչքի ընկնող հարթավայրեր: Ինչպես անցյալում՝ դեպի Արևելք կատարած ճանապարհորդությունների ընթացքում այդ կտավներում նկարչի վառ երևակայության արգասիքը միաձուլվում է իրական դիտարկումների եզրահանգումներին: Այս նոր հայկական բնապատկերները ավելի քիչ են դեկորատիվ, տեղ-տեղ նկարիչն օգտագործում է իմպրեսիոնիստական հմտությունների փոքր հարվածներ: Բայց լակոնիկ ոճն ու լույսի ու ստվերի կտրուկ հակադարձումները դրանք նույնացնում են հին աշխատանքներին:

Ֆրանսիայի բնությունն ու Փարիզը վարպետին չգրավեցին: Ֆրանսիական մայրաքաղաքում անցկացրած ժամանակ նա միայն չորս բնապատկերային էտյուդ կարողացավ անել: Դրանցից երեքը՝ քաղաքի շրջակայքում Մառնիի ափերը, գեղանկարչության առումով քիչ են աչքի ընկնում, ամենահետաքրքիրը չորրորդն է՝ Սենան՝ Փարիզի շրջակայքում՝ վարպետի փարիզյան արվեստանոցի պատուհանից, որը նա շուտափույթ նկարել էր ժամանման պահին: Այս կտավում նկարիչն օգտագործել է դեկորատիվ գեղանկարչությանը բնորոշ հմտությունները: Սարյանը ուղևորություն կատարեց դեպի Շամոնի, բայց Ֆրանսիական Շվեյցարիայի բնությունը նույնպես նրան չձգեց, ու նկարիչը բավարարվեց ընդամենը մի քանի մատիտային գծանկարներով:

Ֆրանսիա ուղևորությունը բացասական առումով նշանավորվում է նաև նրանով, որ Սարյանի բոլոր կտավները, որոնք նա ցուցադրել էր Փարիզում, այրվում են Հայաստան վերադարձող նավի վրա բռնկված հրդեհի ժամանակ:

«Սարյանը չափազանց ազգային նկարիչ է… Սա դեղնա-նարնջագույն գույնի դրսևորում է՝ ծածկված կապույտ հրով, որը հիշեցնում է Օմմայադների ժամանակների մավրիտանական կերամիկայի պղնձա- մանուշակագույն հոսքերը»,- ասել է ռուս պոետ Մաքսիմիլլիան Վոլոշինը:

Կտավները, որոնք Սարյանն արեց Երևան վերադարձին, վկայում էի նրա ստեղծագործական շրջադարձի մասին: Դա արտահայտվում է նրա ստեղծագործական բոլոր ոլորտներում, բայց հատկապես վառ երևում է բնապատկերներում: Հաստոցային լանդշաֆտի ոլորտում բնապատկերից արտանկարումն այդ ժամանակներից սկսած դառնում է նկարչի աշխատելու միակ մեթոդը: Սարյանի կողմից ստեղծված հայկական բնապատկերների հսկայական այդ քանակը ապշեցնում է պատկերման ասպեկտի բազմազանությամբ: Միևնույն պատկերը, օրինակ՝ Արարատ լեռը, Երևանից կամ քաղաքի շրջակայքից բոլորովին այլ կերպ է ներկայացվում՝ կախված լուսավորությունից ու մթնոլորտի վիճակից:

5861181_1000

Սարյանի ամեն մի բնապատկերում որոշակի զգացում ու իմաստ է ներդրված: Ու թե որքանով է նշանակալի եղել այդ շրջադարձը, կարելի է դատել առաջին իսկ բնապատկերներով, որոնք արվել են 1928-1929թթ. գարնանն ու ամռանը՝ «Հին Երևանի անկյունը», «Ծաղկող ծիրանենիները» և այլն: Առավել իմպրեսիոնիստական այս բնապատկերներում Սարյանը զգալիորեն տարբերվում է ֆրանսիացի նկարիչներից, քանի որ բնությունն իր առջև րոպեական պատահականության մեջ չէ, ինչը համարվում է իմպրեսիոնիզմի հիմնական դրույթներից մեկը, այլ այդ բնությունն իր համար ավելի տիպիկ վիճակի մեջ է:

1930-ականները նկարչին նոր փորձություններ են բերում: Մշակութային գործիչների նկատմամբ Ստալինյան քաղաքականությունը դառնում է երկաթյա մի վարագույր: Սարյանին մեղադրում են ավելորդ դեկորատիվության ու «իդեալական աշխարհընկալման արատի» մեջ: Այդ ամենը զգալի կերպով սահմանափակում է նրա ստեղծագործական ազատությունը:

Զանգվածային ճնշումներից Սարյանին հաջողվում է խուսափել միայն շնորհիվ այն բանի, որ այդ ժամանակ նա աշխատում էր Տրետյակովյան պատկերասրահի արվեստանոցում՝ 46 քառ. մետր տարածքով մասշտաբային պաննոյի վրա, որը պետք է զարդարեր խորհրդային արվեստի ցուցադրության տաղավարը՝ Փարիզում, ինչն էլ հետագայում արժանացավ Գրան-պրիի:

Նիկիտա Խրուշովի իշխանության օրոք Մարտիրոս Սարյանը մի փոքր թեթևանում է, նա ստանում է Լենինյան մրցանակ, ինչպես նաև Հայկական ԽՍՀ պետական մրցանակ:1967թ. նոյեմբերին Երևանում բացվում է նրա տուն-թանգարանը, որը գործում է մինչև այժմ:

«Հայաստանի լույսը մեզ է հասնում շնորհիվ Մարտիրոս Սարյանի: Պտուղների, լեռների, դեմքերի այդ լույսը վերջապես երջանիկ է փայլում: Դա նորովի հայտնաբերված գանձարան է: Այդ գույնն այնքան գեղեցիկ է, որ դարերը պետք է Սարյանին մեր Մատիսսի ու Սեզանի հետ մեկտեղ առաջնային դիրքերում կարգեն: Գուցե և Սարյանի տեղն ավելի բարձր լինի, քանի որ նա երջանկության նկարիչն է»,- ասել է ֆրանսիացի պոետ Լուի Արագոնը:

Մարտիրոս Սարյանը մահացել է 1972թ. մայիսի 5-ին, Երևանում, 92 տարեկան հասակում: Նրա գերեզմանը գտնվում է Կոմիտասի անվան պանթեոնում: Ու թեպետ նա երբեք չի երազել հանրահայտ լինելու մասին, նա մինչև օրս էլ մնում է այն հազվագյուտ նկարիչներից մեկը, ով աշխարհին ներկայացրել է իր Հայաստանի ողջ գեղեցկությունը:

Պատրաստեց Հասմիկ Վանցյանը

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53