«Արաքսի միջանցք»–ին ծանոթանալուց հետո երիցս ակնհայտ դարձավ՝ «Զանգեզուրի միջանցք»–ը  խաբեական ծրագիր է և ընդդեմ Հայաստանի է

27.09.2024 11:49
406

Այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստեղծելու գաղափարը՝ Արցախյան երրորդ պատերազմից և Արցախում հայերի ցեղասպանություն իրականացնելուց հետո, դարձել է աշխարհաքաղաքական գլխավոր հարցերից մեկը։ Չկա օր, որ այդ մասին մոլորակի ուժային ու քաղաքական կենտրոններից և Թուրքիայից ու Ադրբեջանից խոսակցություններ չլսենք։

Ժամանակներ առաջ անդրադարձել ենք Զանգեզուրի միջանցք կոչված գաղափարի հանդեպ տարածաշրջանում գլխավոր խաղացողների դիրքորոշմանը՝ առանձին–առանձին։

Այսօր ուզում ենք հավելյալ ուշադրություն հրավիրել խնդրո առարկայի հանդեպ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշմանը։

Այդ երկրի պետական բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ պնդել և պնդում են՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված ծրագիրը ոչ մի պարագայում չի կարող իրագործվել, ինչի համար բազմաթիվ լրջագույն պատճառներ են նշվում։

Մյուս կողմից՝ Իրանը դեմ չէ, որ Սյունիքի տարածքով վերաբացվեն հաղորդակցության ուղիներն Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, բայց վերաբացվող հաղորդակցության ուղիները բացառապես պետք է լինեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո, և ոչ մի խոսք միջանցքային տրամաբանության մասին։

Վերը շարադրվածը, իհարկե, նորություն չէ։ Սակայն Իրանը, կարևորելով ու բնական համարելով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապը, առաջարկում է խնդրի լուծման իր տարբերակը։ Խոսքն Արաքսի ճանապարհային միջանցքի մասին է, որը ձգվում է իր տարածքով՝ Արաքսի աջ ափով։

Արաքսի ճանապարհային միջանցքին և երեսուն տարի շարունակ գործող այդ մայրուղու՝ ներկայումս ընթացող ընդլայնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով էլ «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը սեպտեմբերի 24-ին այցելեց Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչի մասին ավելի վաղ տեղեկացրել ենք ընթերցողին։

 

***

107 կմ երկարությամբ Արաքսի ճանապարհային միջանցքի 3 կմ–ը Ադրբեջանի տարածքով է անցնում, 44 կմ–ը՝ Հայաստան–Իրան սահմանի երկայնքով (Արաքսի աջ ափով, Իրանի տարածքով), մայրուղու 60 կմ–ը՝ իրանական Նորդուզից մինչև Ջուլֆա ընկած հատվածն է, որտեղից էլ (Ջուլֆայից) միջանցքը միանում է Նախիջևանի տարածքին։

Մեկ օրվա ընթացքում հնարավորություն ունեցանք ծանոթանալ միայն մայրուղու՝ Նորդուզ–Ջուլֆա 60 կմ երկարությամբ ճանապարհին, ինչպես և այնտեղ կատարվող շինարարական աշխատանքներին։

Ասենք անմիջապես՝ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում մայրուղում՝ հարյուրավոր մեքենաների ու ճանապարհաշինական այլ մեխանիզմների, ինչպես և ոլորտի բազմաթիվ մասնագետների մասնակցությամբ։

Եղանք մոտ տասը շինհրապարակում, իսկ երեք տեղ ականատես եղանք նոր ու լայնահուն թունելների կառուցման աշխատանքներին։ Օրինակ, «Նանավայ» կոչված վայրում՝ ներկայումս գործող մայրուղու ամենառիսկային հատվածում, կառուցվող թունելը կունենա 700 մ երկարություն։

Արդյունքում՝ մոտ ապագայում, հնարավորություն կտրվի վարորդներին՝ ավելի ապահով ու անվտանգ երթևեկել մայրուղով։

Վերակառուցվող ու բարեկարգվող մայրուղին կունենա երթևեկության  չորս գոտի՝ ներկայումս գործող երկուսի փոխարեն։

Զուգահեռաբար ընդլայնվում են արդեն իսկ գործող ճանապարհային ենթակառուցվածքները։

Ուշագրավ են բեռնատար մեքենաների (և ոչ միայն) կայանատեղիները, որոնք ապահովված են (նման վայրերին բնորոշ) անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ արագ սննդի ապահովում, հանգստանալու, գիշերելու հնարավորություններ և այլ ծառայություններ։

Ասել է թե՝ Արաքսի ճանապարհային երթուղին կլինի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող, բարեհարմար ու անվտանգ նաև խոշոր բեռնատարների համար։

Ավելին, «Արաքսի միջանցք» ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում վերջնականապես անիմաստ կդառնան նաև Մեղրիի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ ադրբեջանաթուրքական բարբաջանքները։

Իսկ թե ե՞րբ ամբողջապես կիրականացվի «Արաքսի միջանցք» ծրագիրը, չկարողացանք ճշտել ո՛չ շինարարներից, ո՛չ էլ մեզ ուղեկցող ընկերներից։ Դրան խանգարող լրջագույն մի հանգամանք կա՝ երկիրը տարիներ շարունակ շղթայված է արևմտյան սանկցիաներով՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մյուս կողմից՝ վերաշինվող մայրուղին նաև գործող ճանապարհ է, ինչը նշանակում է՝ կատարվող աշխատանքները չպետք է խոչընդոտեն մայրուղով իրականացվող չափազանց ակտիվ երթևեկությանը։ Ուրիշ հանգամանք՝ Ադրբեջանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները՝ կապված «Արաքսի միջանցքի» հետ։

Այդ ամենով հանդերձ՝ կատարվող ճանապարհաշինական աշխատանքներն այնքան բուռն ու բազմաճակատ են, որ առաջիկա մեկ տարում միջանցքի մայրուղու կառուցումն ավարտված կամ ավարտման հանգրվանում կլինի, ինչը հավաստեցին մեզ հետ զրուցող շինարարները։

 

 

***

Արաքսի ճանապարհային միջանցքին ծանոթանալուց և կատարված ու կատարվող մեծածավալ ու բազմակողմանի աշխատանքները դիտարկելուց հետո պարզագույն հարցեր են առաջանում:

Եթե նման բարեհարմար, ապահով ու անվտանգ ճանապարհային միջանցքով (ինչպիսին «Արաքսի միջանցքն» է) Ադրբեջանը կապված է Նախիջևանի հետ, ապա ինչո՞ւ են Ադրբեջանը, Թուրքիան, Արևմուտքն առաջ քաշել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։

Մենք, մեր մասնագիտական կոչման բերումով, հետևել ենք այդ գաղափարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին ու միշտ էլ կասկածներ ու վերապահումներ ունեցել։

«Արաքսի միջանցք»–ին տեղում ծանոթանալուց  ու մեզ հետաքրքրող հարցերը պարզաբանելուց հետո մեզանում ավելի հաստատուն դարձավ այն միտքը, որ «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե Ադրբեջանը Նախիջևանի հետ տրանսպորտային երթուղով կապելու խնդիր ունի, այլ Հայաստանը մասնատելու, արդեն իսկ անդամահատված Սյունիքը վերստին անդամահատելու, Հայաստանի և Իրանի միջև հազարամյակներով գոյություն ունեցող ճանապարհը շրջափակելու, Թուրքիան և Ադրբեջանը ցամաքային ճանապարհով միմյանց կապելու (թուրանական կամ պանթուրքական ծրագիրն իրականացնելու), ՌԴ–ին տարածաշրջանից դուրս մղելու, Իրանի, Չինաստանի և ՌԴ–ի համար (մեր հաշվին ու մեր միջոցով) վտանգներ ստեղծելու ստույգ նպատակ։

Տեղին ենք համարում հիշել ու հիշեցնել նաև՝ պատմության մեջ «Զանգեզուրի միջանցք» կոչվող հասկացություն երբևէ գոյություն չի ունեցել։ Ասել է՝ Բաքվի ու Անկարայի այդ երազանքը պատմական և իրավական որևէ հիմք չունի։

Մենք կարող ենք «Զանգեզուրի միջանցք» խաբեական ծրագրի բուն էությունը բացահայտող շատ–շատ փորձագետների կարծիք ներկայացնել (մեր նկատառումներից զատ), բայց բավարարվենք իրանցի դոկտոր Քազեմիի դիտարկումը հիշեցնելով։ Ըստ նրա՝ Ադրբեջանը Նախիջևանին կապելու խնդիր իրականում չկա, մանավանդ որ «Արաքսի միջանցք» ծրագիրը տարանցիկ կապ է ապահովում և կապահովի այնպես, ինչպես նախորդ երեսուն տարվա ընթացքում։

«Ադրբեջանի և Հայաստանի տարածքային հակամարտությունը» խորագրով գիտաժողովում (20 դեկտեմբերի 2023 թ) Միջազգային իրավունքի և ԵԱՏՄ հարցերով այդ փորձագետը նշել է «Հայաստանի հարավից միջանցք ստանալու Բաքվի պնդումը վերաբերում է այն պարտավորություններին, որոնք Ադրբեջանն ունի լոնդոնասիոնիստական ճակատի հանդեպ, այն է՝  իրականացնելու ՆԱՏՕ–ի թուրանական միջանցքը և Կովկասում հաստատելու անգլո–սաքսոնական կարգ»։

***

Մեր օրերում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են իրենց օրակարգում պահել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման դարավոր փափագը։ Պարզապես, ժամանակ առ ժամանակ, շեշտադրումներն են փոխում՝ տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող երկրներին ու հասարակություններին ապակողմնորոշելու համար։

Ադրբեջանը, ըստ էության, համաձայն է Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծմանը, սակայն․․․

Դեռևս մեկուկես տարի առաջ Բաքվում Իրանի դեսպանն էր հայտարարել «Վերջին հանդիպումներում Իրանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդգծել են Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծման մասին համաձայնագրի իրագործման անհրաժեշտությունը, և Ադրբեջանի նախագահը կարգադրել է 8 մլն դոլար հատկացնել Աղբանդ–Քալալե կամրջի նախագծի իրագործման համար, իսկ երկաթուղային կապը նույնպես կվերականգնվի ապագայում՝ Ադրբեջանի 500 մլն դոլարի ներդրմամբ»։

Այդ բոլորով հանդերձ, ադրբեջանական կողմը «Արաքսի միջանցքը» համարում է այլընտրանք, իսկ հիմնական երթուղին (նրանց պատկերացմամբ) պետք է լինի «Զանգեզուրի միջանցքը»։

Տվյալ հանգամանքը վերստին ցույց է տալիս, որ «Զանգեզուրի միջանցք» ասվածը մեծ դավադրություն է, այդ թվում և առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ։

***

Իրանական դիրքորոշման հայանպաստ նշանակությունը նվազեցնելու կամ նսեմացնելու ակնհայտ նպատակով ականատես ենք նաև քարոզի, որը, կարծեք, գալիս է Ադրբեջանից ու Թուրքիայից։

Իբր իրանական տեսակետը կյանքի կոչման դեպքում Հայաստանը տարեկան կկորցնի 3-5 մլրդ դոլարի եկամուտ, որը կարող է ստանալ Ադրբեջան–Նախիջևան միջանցքը Սյունիքով անցկացնելու դեպքում։

Նաև Սյունիքում շրջանառվող այդ ասեկոսեի վերաբերյալ (մեր այցելության ընթացքում) կամեցանք իմանալ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի կարծիքը։

Ըստ հյուպատոսի՝ իրականությունն աղավաղելու փորձ է այդ ամենը։ Իրանը դեմ չէ Սյունիքի տարածքով հաղորդակցության ուղիների վերաբացմանը։ Իրանը պարզապես պնդում է՝ Սյունիքի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո։

Խնդրո առարկային առնչվող մեկ ուրիշ հարց ևս ուղղեցինք Մորթեզա Աբեդին Վարամինին՝ «ՀՀ վարչապետը հայտարարել է, թե Սյունիքի տարածքով անցնող ճանապարհը (վերաբացման դեպքում) պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ որ ունի Իրանի տարածքով անցնող և Ադրբեջանի երկու հատվածը միմյանց կապող ճանապարհը։ Եվ, մեր որոշ վերլուծաբանների պնդմամբ՝ Իրանում դժգոհությամբ են ընդունել ՀՀ վարչապետի այդ հայտարարությունը»։

- Դա իրականությանը չի համապատասխանում, – ասաց պարոն հյուպատոսը։ - ՀՀ վարչապետի հայտարարությունը Հայաստանի դիրքորոշումն է, որը բխում է Հայաստանի ինքնիշխանության շահերից, որը չի հակասում մեր երկրի դիրքորոշմանը։

 

 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ Շուշաննա Հարությունյանի

 

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57