Արարատ Մանուչարյան. «Պարտավոր ենք հաղթահարել բոլոր դժվարությունները»

25.07.2018 11:51
1740

Գնդապետ, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Արարատ Մանուչարյանն ապրիլի չորսից ղեկավարում է Սյունիքի նորաստեղծ զինկոմիսարիատը: Նախկին շրջանների (Կապան, Գորիս, Սիսիան եւ Մեղրի) զինկոմիսարիատները լուծարվել են: Դրանց տեղերում ստեղծվել են բաժանմունքներ՝ 4 հոգանոց անձնակազմերով: Եղան կրճատումներ, նախկին զինկոմիսարիատների որոշ աշխատակիցներ ցանկություն հայտնեցին աշխատել Սյունիքի զինկոմիսարիատում: Նորանշանակ զինկոմի փոխանցմամբ՝ ուղիներ են փնտրում կրճատվածներին զորամասերում կամ որեւէ հիմնարկ- ձեռնարկությունում աշխատանքի տեղավորելու համար: 

Արարատ Մանուչարյանն Արցախյան ազատամարտում մնայուն հետք թողած առաջամարտիկներից է, զինվորականի ուսադիրներ կրեց 1992-ի նոյեմբերի 1-ին, երբ ավագ լեյտենանտի կոչումով զորակոչվեց հայկական բանակ: Երբ կազմավորվեց Կապանի 97-րդ      մոտոհրաձգային բրիգադը, առաջին համալրողների շարքում եղել է նաեւ Արարատ Մանուչարյանը: Մասնակցել է Կապանի սահմանամերձ գյուղերի, Կուբաթլիի, Զանգելանի, Ջեբրաիլի, Ֆիզուլիի եւ Հորադիզի մարտական գործողություններին: Կռվի թեժ ժամանակահատվածում՝ Հորադիզի մարտերի ժամանակ, նրան վստահվեց 97-րդ մոտոհրաձգային բրիգադի հինգերորդ դեսանտագրոհային գումարտակի հրամանատարությունը: Գումարտակ, որ մարտնչել է Հորադիզի պաշտպանության գծի ամենապատասխանատու հատվածում: 

Տարվա սկզբին 97-րդ մոտոհրաձգային բրիգադի ստեղծման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսության ժամանակ բրիգադի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը նրա մասին ասել է. «Արարատ Մանուչարյանի հրամանատարության ներքո գտնվող 5-րդ մոտոհրաձգային գումարտակն ամենադժվարին տեղում էր մարտնչում, հենց այն տեղում, որտեղից հակառակորդն ուզում էր ճեղքել դեպի Ֆիզուլի, բայց չկարողացավ: Մինչեւ հիմա էլ ճեղքում են…»: Պատերազմի տարիներին նրա մեջ բացահայտվեցին զինվորական հմտություններ, ունակություններ, հայրենիքին ծառայելու պատրաստակամություն եւ այլն: Զինակիցների փոխանցմամբ՝ որպես գումարտակի հրամանատար, կարեւոր հանձնարարություններ էին տալիս՝ համոզված լինելով, որ մարտական գործողությունների փորձը, գիտելիքները, իմացածը կփոխանցի սկսնակ մարտիկներին, եւ մարտական առաջադրանքի կատարումն ապահովված կլինի:

1994-ի զինադադարից հետո զինվորական համազգեստը չկախեց մեխից: Շարունակեց ծառայել հայոց բանակում՝ ստանալով նոր նշանակումներ: 1998-ին ստացավ փոխգնդապետի կոչում՝ նշանակվելով զորամասի շտաբի պետի տեղակալ-օպերատիվ բաժնի պետ: Այնուհետեւ հետագա ծառայության է տեղափոխվել N զորամաս՝ որպես մարտական պատրաստության բաժնի պետ: 2009-ից ծառայությունը շարունակել է ՀՀ պաշտպանության նախարարության օպերատիվ վարչությունում՝ պաշտոններ է վարել, այնուհետեւ՝ բաժանմունքի պետ՝ մինչեւ Սյունիքի զինկոմ նշանակվելը: Նրա նվիրված ծառայությունն աննկատ չի մնացել, արժանացել է մեդալների եւ այլ խրախուսանքների, իսկ հայրենի եզերքի պաշտպանության գործում ունեցած ավանդի համար գնդապետ Արարատ Մանուչարյանն արժանացել է «Կապան» ոսկե հուշամեդալի: 

Զինծառայության ժամկետը լրանալու պատճառով կենսաթոշակի պիտի անցներ՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով նշանակվել է Սյունիքի զինկոմ: Նախարարի ցանկությունն էր, որ գնդապետ Արարատ Մանուչարյանը ստանձնի այդ պաշտոնը: Նախկին չորս վարչական շրջանի զինկոմիսարիատները պիտի միավորվեին, ստեղծվեր նոր կառույց՝ նոր խնդիրներով ու պահանջներով: «Հարմարը քեզ եմ գտնում աշխատել այդ պաշտոնում»,- ասել է նախարարը: Բացի այդ՝ նախարարի կողմից զորացրման առթիվ պարգեւատվել է անվանական զենքով՝ «ՊՄ» տեսակի ատրճանակով:

Այժմ արդեն նոր ոլորտում նրա գործունեության պատասխանատու շրջանն է: Հուլիսի 2-ից մարզում մեկնարկել է ամառային զորակոչը: Հուլիսի 20-ին զինկոմին հանդիպեցինք Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում, որտեղից զինակոչիկների երկրորդ խումբը մեկնում էր կենտրոնական հավաքակայան: Հայրենիքի ապագա պաշտպաններին ողջերթի խոսքեր հղեցին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը, Կապանի վետերանների խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանը եւ Սյունիքի զինկոմը, ով մասնավորապես նորակոչիկներին պատգամեց՝ լինել կարգապահ, անթերի կատարել հրամանատարների առաջադրանքներն ու հրամանները՝ հրամանատարներին լսող զինվորը երբեք ոչ մի խոչնդոտի չի հանդիպի եւ հատկապես հմտորեն տիրապետել ռազմական տեխնիկային ու զենքին. «Հույսներդ դրեք ձեզ վրա, հաջողությունը ձերը կլինի, եթե սրբորեն հետեւեք  զինվորական կանոնադրության պահանջներին, տիրապետեք զենքին, որ իմանաք զենքն ինչ հնարավորություններ ունի, եթե չտիրապետես զենքին, աննպատակ կրակոցներ կարձակես եւ կտեսնես, որ փամփուշտդ վերջացել է, հակառակորդիդ հնարավորություն կտաս առաջ շարժվել: Իսկ ամենակարեւորը Սյունյաց ոգին է, որ ունենք: Այստեղ, մեր պապերը, հայրերը, դարեր ի վեր պահել են մեր հողը, ոչ մի ոսոխ Սյունիքում հաջողություն չի ունեցել, ժամանակավոր ներխուժել են, բայց հաջողությունը նրանց երկար չի ուղեկցել, մեր լեռները միշտ աննկուն են մնացել: Միշտ հիշեք Գարեգին Նժդեհի խոսքերը՝ հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ եւ կործանվում նրա պակասից»:

Զինկոմը հայտնեց, որ բանակից շնորհակալական նամակներ են ստանում լավագույն ծառայության համար: Դրանցից մեկը ստացվել է Նոյեմբերյանում տեղակայված զորամասից. Ռուբեն Մինասյան անուն-ազգանունով զինվորն է արժանացել այդ պատվին՝ սահմանների պաշտպանությանն ակտիվորեն մասնակցելու համար: «Հպարտացեք ձեր ավագ ընկերոջով եւ նմանվեք նրան»,- պատգամեց զինկոմը ծառայության մեկնողներին: 

Զինակոչիկներին բանակ ճանապարհելուց հետո հնարավորություն ունեցանք զրուցել զինկոմի հետ: Նախ մեզ հետաքրքում էր, թե ինչպե՞ս կատարվեց անցումը պաշտպանության նախարարությունից մարզային զինկոմիսարիատ, ինչպե՞ս է զգում նոր դերի մեջ: Պատասխանում է, որ հարմարվելու խնդիր չի ունեցել, քանի որ 26 տարի է, ինչ զինված ուժերում է, տարբեր ստորաբաժանումների հրամանատար է եղել, մշտապես շփվել զինվորների հետ, լավ գիտի նրանց հոգեբանությունը: Նաեւ չի թաքցնում, որ սկզբնական շրջանում դժվար էր, նոր ձեւավորված կառույց է՝ նոր խնդիրներով ու պահանջներով. «Երբ մի պրոֆիլի աշխատանքից տեղափոխվում ես մյուսին, պիտի արագ հարմարվես, հստակ իմանաս պարտականություններդ, որ կարողանաս ենթականերիցդ էլ պահանջես՝ իրենց պարտականությունները կատարեն»: 

Զինկոմիսարիատը Գորիսում  է գտնվում, եւ մարզի բոլոր տարածաշրջաններում լինելու համար ժամանակ եւ միջոցներ են պահանջվում: Իսկ տեղերում լինելը պարզապես անհրաժեշտություն է՝ նախազինակոչային տարիքի կոնտիգենտն ուսումնասիրելու համար: «Պարտավոր ենք հաղթահարել բոլոր դժվարությունները»,- այս առումով ասում է զրուցակիցս:  

Մի բան է միայն մտահոգում զինկոմին, որ զինակոչիկներն առողջական խնդիրներ չունենան: Յուրաքանչյուր զորակոչից առաջ բժշկական զննումների արդյունքում արտացոլվում է զինակոչիկների հիվանդացության պատկերը: Ասում է, թե եղել են դեպքեր, երբ զինակոչիկ էլ չգիտեր, որ տվյալ հիվանդությունն ունի: Ամեն դեպքում զինակոչիկների շրջանում տարածում ունեն տեսողական եւ կեցվածքի հետ խնդիրները, որոնք, թերեւս, պայմանավորված են այն բանով, որ պատանիները չափից դուրս նստում են համակարգչի առջեւ: Քաշի հետ կապված խնդիրներ կան: Զինկոմը տեղեկացնում է, որ մի շարք հիվանդություններով, որոնց դեպքում նախկինում չէին զորակոչվում, հիմա բանակ են տանում (գիշերամիզություն, թերսնուցում՝ հիմա 45 կգ-ից ցածր քաշ ունեցողները զորակոչվում են 150 սմ հասակ ունենալու դեպքում): Ծառայության հատուկ կարգ է սահմանված այդ հիվանդություններով զորակոչվողների համար: Լինելու է ծառայություն՝ հեշտացված օրակարգով: Վեց ամիսը մեկ տեղի է ունենալու փորձաքննություն, որտեղ ռազմաբժշկական հանձնաժողովը պետք է որոշի, ծառայությանը պիտանի՞ են, թե՞ ոչ: 

Զինակոչիկների ֆիզիկական պատրաստվածությանը եւս հեռու է բավարար լինելուց: Շատերը զլանում են զբաղվել ֆիզիկական աշխատանքով, ուստի հեշտությամբ չեն տանի բանակային կյանքի դժվարությունները: Սա զինկոմի դիտարկումն է, բայց ասում է, որ զինակոչիկների մեջ կան այնպիսիք, որ սպորտով զբաղվել են, հետեւել իրենց ֆիզիկական պատրաստվածությանը: Այդպիսիք տարբերվում են մյուսներից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ վերադառնալ հայրենիք ու կատարել սահմանադրական պարտքը հայկական բանակում, քանի՞ մարդ է հետեւել, եւ նախորդ զորակոչերից խուսափողներ կա՞ն հարցին Ա. Մանուչարյանը կոնկրետ թվեր չնշեց, բայց ասաց, որ բոլոր զորակոչերից խուսափողներ կան, ուղիներ են փնտրում նրանց հայտնաբերելու եւ հետ բերելու համար: Ինչ վերաբերում է զինակոչիկների կրթական մակարդակին, այս առումով զինկոմը դժգոհություն չհայտնեց, քանզի բանակ են զորակոչվում նաեւ բուհավարտ երիտասարդներ, բայց կան այնպիսիք, որ տեւական ժամանակ Ռուսաստանում են բնակվել եւ նույնիսկ հայերենին չեն տիրապետում… Այնպես որ բանակ զորակոչվող պատանիների կրթական մակարդակը տարբեր պատկեր է ներկայացնում: 

Մեր զրույցը զինկոմի հետ ընդհատվում էր հեռախոսազանգերով. Մեղրի էր զանգում, որտեղ զորակոչի երկրորդ հավաքն էր տեղի ունենում. հետաքրքրվում էր դրա ընթացքով: 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25