Առեղծվածային Դղդղնածակ էինք այցելել. Հարժիսի այդ հնավայրը շարունակում է զբաղեցնել աշխարհի քարանձավագետների ուշադրությունը

18.05.2025 11:37
724

Մայիսի 17-ին կրկին այցելեցինք Դղդղնածակ...

Դա մեր երկրորդ այցն էր. առաջին անգամ այնտեղ էինք եղել 2019 թ. հոկտեմբերի 6-ին, ինչի մասին պատմել ենք լրագրային մեր հրապարակման մեջ՝ «Դղդղնածակ կոչվող քարանձավը Հարժիսի կիրճում, որ համաշխարհային ճանաչում ունի»:

Հերթական այցելության երթուղին նույնն էր՝ Հարժիս-Ներքին շեն-Հարժիսի լիճ, որտեղից էլ բարձրացանք Որոտանի կիրճի հարավային լեռնալանջը՝ 700-800 մ հեռավորության վրա գտնվող:

Այս անգամ եւս մեզ ուղեկցում էր համագյուղացի Հրայր Ղեւոնդյանը, ով այդ կողմերի քաջագիտակներից է, ում մեր երախտագիտությունն ենք հայտնում:

Մեկ այլ առիթով ասել ենք՝ շատ տարիներ առաջ քարանձավ այցելած համագյուղացիներս պատմում էին, թե այնտեղ՝ քարանձավի խոռոչներում, տեսել են մատյանների, գորգերի եւ կարպետների կույտեր, որոնք փլվում-մոխրանում էին, երբ մարդկային ձեռք էր դիպչում:

Գյուղի տարեցներն էլ պատմում էին, թե քարանձավը Տաթեւի վանքի ամենամեծ ու ապահով ստորգետնյա գաղտնարանն է եղել դարեր շարունակ:

Տարիների ընթացքում, սակայն, քարանձավի ներսում փլվածքներ են գոյացել, ու հիմա հատուկ մասնագիտական արշավախմբերը միայն  կարող են ստորգետնյա այդ տարածքում կողմնորոշվել, քանզի քարանձավի ներսում ճանապարհների բազում ճյուղավորումներ կան, անդունդներ ու խոռոչներ:

Այս անգամ եւս քարանձավի խորքերը մտնելու քայլեր չձեռնարկեցինք. չղջիկների այդ «թագավորությունում» անհրաժեշտ էին լուսավորության միջոցներ, պարաններ, թթվածին եւ, իհարկե, պաշտպանության միջոցներ՝ գազանների հնարավոր հարձակումներին դիմագրավելու համար:

Ինչպես արդեն ասել ենք՝ Դղդղնածակ կոչվող քարանձավի հանդեպ հետաքրքրություն է առաջացել աշխարհի տարբեր երկրներում:

Ուսումնասիրության առաջին արդյունքները տարիներ առաջ հրապարակվել են անգլիական մամուլում:

Բրիտանական արշավախումբը կարողացել էր քարանձավի ներսում խորանալ մինչեւ 570 մետր՝ Տաթեւի ուղղությամբ: Սակայն, ըստ նույն արշավախբի մասնագետների, քարանձավն ամբողջապես պարուրված է առեղծվածներով եւ, հավանաբար, շարունակություն ունի, որտեղ դեռեւս ոչ ոք ոտք չի դրել:

Բրիտանացի քարանձավագետների պնդմամբ՝ Դղդղնածակը (արդեն իսկ հայտնի չափսերով) Հայաստանի տարածքում գտնվող՝ մեծությամբ երրորդ քարանձավն է: Սակայն, ուսումնասիրությունները շարունակվելու դեպքում, կարող ենք ունենալ միանգամայն այլ պատկեր՝ չափսերի առումով:

Հետազոտողները Դղդղնածակում գտել են տարբեր կենդանիների ոսկորներ, խեցեղեն իրեր...

Ամենահետաքրքիր հարցերից մեկը շարունակում է մնալ հետեւյալը՝ ի՞նչ ծագում ունի Դղդղնածակը:

Այդ առումով շրջանառվում է երկու տեսակետ՝ ձեռակերտ եւ անձեռակերտ:

Հայաստանի քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանի կարծիքով՝ դա կարստային քարանձավ է՝ առաջացած երկրաբանական, քիմիական երեւույթների ազդեցությամբ:

Կարստային ասելով՝ Սամվել Շահինյանը նկատի ունի նախկին Հարավսլավիայի հյուսիս-արեւմուտքում (Իստրիա թերակղզուց հյուսիս) գտնվող, աշխարհի ամենանշանավոր քարանձավներից մեկի` Պոստոյնսկա-Յամա քարայրի տեսակը: Կարստ կամ Կրաս սարավանդի անունից առաջացած երեւույթ-քարանձավները (կարստային) ջրի եւ քիմիական պրոցեսների արդյունք են, ինչպիսին կարող է լինել նաեւ Դղդղնածակը:

Բոլոր դեպքերում հարցի գիտական պատասխանը դեռեւս վերջնականապես տրված չէ:

Տարակարծություն կա նաեւ քարանձավի Դղդղնածակ անվանումի ստուգաբանման հարցում:

Սամվել Շահինյանի կարծիքով՝ «Անվանումի արմատը, ամենայն հավանականությամբ, դաղդղան բառն է:

Դաղդղանը կախարդազարդ է, հմայիլ, թալիսման:

Դաղդղաններն օգտագործվել են հին Հայաստանում:

Հին հայերը համարում էին, որ դաղդղաններն իրենց մեջ գերբնական ուժ ունեն եւ պաշտպանում են մարդկանց չար աչքից, դժբախտություններից եւ սատանայից»:

Դա, իհարկե, վարկածներից մեկն է: Իսկ թե ինչով էր պայմանավորված քարանձավի՝ գերբնական ուժ ունենալը, կարելի է միայն ենթադրություններ անել:

Այդ ամենը վերստին տեսնելով՝ շարունակում ենք կարծել՝ Սյունիք այցելող զբոսաշրջիկները, նաեւ հայրենագիտությամբ հետաքրքրվող սյունեցիներն անպայման պետք է այցելեն առեղծվածային Դղդղնածակ, թեեւ դրա համար կամք եւ որոշակի ֆիզիկական ջանք է պահանջում: Իսկ իշխանությունները պետք է մտահոգվեն դեպի հնավայր ձգվող արահետը գոնե անցանելի դարձնելու խնդրով:

Ասվածին ավելացնենք՝ մեր արշավախմբի կազմում էին Աննա Ալեքսանյանը, Մարիամ եւ Գրիգոր Լազարյանները, Հայկ ու Եվա Հովսեփյանները, ովքեր հաջողությամբ հաղթահարեցին դժվարությունները:

Սամվել Ալեքսանյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34