Արցախյան առաջին պատերազմի նահատակ, բանաստեղծ Աղվան Մինասյանը կդառնար 50 տարեկան

08.10.2020 10:18
5691

Ընդամենը 23 գարուն ապրեց Աղվան Մինասյանը՝ պոետը, ազատամարտիկը: Ծննդավայրը Սիսիան աշխարհի Լծեն փոքրիկ գյուղն է՝ լեռնաշխարհի մի բարձրավանդակի վրա: Պատանեկան տարիքում կորցրել է մորը, ինչի առիթով բանաստեղծություններից մեկում հարցադրում է անում.

Ո՞վ էր՝ այսքան փութով մարեց

Լույսերն իմ աշխարհի,

 Ու՞ մ էր արդյոք շատ թվացել

Մանկությունն իմ թերի:

Աղվանի բանաստեղծությունը նրա ապրած կյանքն է՝ մայր եւ հայրենիք, սեր եւ փիլիսոփայություն: Թե կռվի ժամանակ, թե կարճատեւ դադարներին նրանից անբաժան էին թե՛ զենքը, թե՛ գրիչը: 1988-ին զորակոչվեց խորհրդային բանակ, երբ Արցախյան  ազգային- ազատագրական շարժման թափանիվն ավելացնում էր պտույտները, ուստի կիսատ թողեց ծառայությունը՝ համարելով , որ իր տեղը հայրենիքում է: Ընդգրկվեց Սիսիանի երկրապահ ջոկատում, որի կազմում մասնակցել է Մարտակերտի, Ֆիզուլիի, Լաչինի, Քարվաճառի, Կապանի, Արցախի բնակավայրերի համար մղված մարտերին: Նրա կարճատեւ կյանքի վերջին ակորդը 1993-ի օգոստոսի 30-ն էր. զոհվեց Լաչինի Մուրադխանլի գյուղի մարտի ժամանակ:

Ներքին մի անիմանալի զգացողությամբ գուշակել էր իր եղերական մահը, զոհվելու նախորդ գիշերը ձայնագրիչի ժապավենին էր հանձնել բանաստեղծությունները՝ մարգարեաբար գուշակելով. «Դու գնում էիր երկինք՝ այնտեղ գտնելու քո դատարկված տեղը»:

Բացի այդ գրել է մի քառատող «Տապանագիր» վերնագրով, որում կանխատեսել է, որ հետդարձի ճամփա չկա.

Հեռացել եմ աշխարհից,

Կյանքից շատ եմ հեռացել,

 Հասկացել է կյանքը ինձ,

Բայց ես կյանքը չեմ հասկացել:

Միակ սփոփանքն այն էր, որ գնում է միախառնվելու մոր հիշատակներին,

քանզի նվիրական է դառնում սարի փեշին կպած մի բուռ սեւ հողը:

 

Ես կգամ ձուլվելու քեզ հետ, ես՝ քո վտակը:

Եվ կգտնեմ ես իմ հարությունը,

 Փորձում եմ գտնել մեր նմանությունները

Եվ ինձ հուսադրել:

 Եվ այժմ, երբ չկա Աղվանը, ակամա ուզում  ես պատկերացնել, թե ի՞նչ ընթացք կունենար նրա ստեղծագործական կյանքը, ի՞նչ հանգրվանի կհասներ նրա պոեզիան:

Վաղամեռիկ պոետ-ազատամարտիկի բանաստեղծությունները մահվանից հետո ամփոփվեցին «Տապանագիր» (բանաստեղծ Թադեւոս Տոնոյանի առաջաբանով եւ խմբագրումով,1994 թ.) ու «Սեր եւ խաչ» (բանաստեղծ Իգնատ Մամյանի առաջաբանով, 1997թ.) ժողովածուների մեջ, որոնց համար արժանացավ Հայաստանի գրողների միության Եղիշե Չարենցի անվան մրցանակի:

Հետմահու վաղամեռիկ բանաստեղծին ընդունել են Հայաստանի գրողների միության շարքերը:

«Չկրակված փամփուշտներ». այսպես է կոչվում Արցախյան պատերազմի մասնակից, բեմադրիչ Սամվել Թադեւոսյանի ֆիլմը նահատակ պոետ-մարտիկի մասին, որի հիմքում ընկած են մարտական գործողությունների ժամանակ նկարահանված փաստագրական նյութը, ինչպես նաեւ եղբոր՝ Աշոտ Մինասյանի՝ Աղվանին հասցեագրված «Չուղարկված նամակները»:

Կապանում 2006 թվականին տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ, կինոնկարի բեմադրիչ Սամվել Թադեւոսյանն ասել . «Ֆիլմի կենտրոնական դեմքն Աղվան Մինասյանն է, ով շատ երիտասարդ տարիքում զոհվեց՝ այս կատարելությունից հեռու աշխարհին հմայք հաղորդելով, փայլ տալով մեր տանուլ տված կենսագրությանը, մեր ողնաշարն ուղղեց իր փառքով, իր վարքով ապացուցեց, որ ավելի հզոր բաներ կան այս աշխարհում, քան ողորմելի ու տկար ապրելը»:

...Այժմ եւս չարագուշակ ամպեր են կուտակվել Արցախ եւ Հայաստան աշխարհի վրա, մեր ոխերիմ հարեւանների մեջ կրկին զարթնել է արյուն թափելու՝ անցյալ դարասկզբի բնազդը: Եթե կենդանի լիներ, անշուշտ, առաջնագիծ կշտապեր իր հրամանատար եղբոր՝ Աշոտ Մինասյանի առաջնորդությամբ՝ «Սիսական» գնդի կազմում:

Բայց, ավաղ, անցյալ ժամանակով ենք շնորհավորում նրա 50-ամյա հոբելյանը, որի կեսն անգամ չապրեց երկրային կյանքով: Կռվեց ու զոհվեց՝ համալրելով մեր վաղամեռիկ պոետների շարքը ...

Ստորեւ՝ Աղվան Մինասյանի բանաստեղծություններից երեքը:

 

Վահրամ Օրբելյան

 

Մորս

Ժամանա՞կն էր այդ ցանկացել,

Թե՞ օրերը անցան,

Նվիրական դարձավ

Սարի փեշին կպած մի բուռ սեւ հող,

 Տարին կռունկ դարձավ,

Երամի հետ գնաց,

Մայրս արցունք դարձավ ու դարձավ հող:

 

Տունը հայրենիք չէ՛,

Հայրենիք չէ՛ վանքը,

Հայրենիքն է հողը՝ հոր արյան հետ խառնած,

Սրբություն չէ վանքը, սրբություն է մայրը՝

Կրծքերի մեջ հոգու մեր հավատը պահած:

 

Հեթանոս եմ ծնվել, մնում եմ հեթանոս

Եվ ասում եմ հիմա՝

Ես ինձ համար, մարդիկ, եւ Ձեզ՝ իբրեւ

                                                     խորհուրդ.

Ուր էլ լինեմ, մայր իմ, ուր էլ գնամ,

Գերեզմանիդ հողին աղոթելու կգամ:

...................................................................

 

Անանուն քար

Անանուն քարեր՝

Ցողված արցունքով,

Էլ ո՞վ է հիմա ձեզ այցի գալու,

Գիշերվա թանձր, անանց խավարում

Անձրեւն է միայն ձեզ վրա լալու:

 

Եվ խուլ մի հաչոց.-

Քերբերի ձայնն է Հադեսի հեռվից:

Ես իմ ոռնոցով կպատասխանեմ

Մեռած ողջերի խրթին աշխարհից:

 

Գիշերում անքուն ճռիկներ կերգեն,

Ես ձեր հոգու մեջ կաղոթեմ երկար,

Անունն իմ ձերին մի օր կխառնեմ,

 Եվ իմ տապանն էլ մի օր կդառնա մի

                                       անանուն քար:

 

 

Զառանցանքին չկա վերջ

 

Զառանցանքին չկա վերջ՝

Հոգու ցավ է, հոգու ցավ,

Կուչ է գալիս իմ հոգին

Այնտեղ, ուր լույսը հանգավ:

 

Ծառը տրվում է քամուն,

Մերկանում է մի առ մի,

Դանդաղ իլիկ մանում

Աշնանային խենթ քամուն:

 

Քույր իմ, մարիր լույսն իմ տան,

Օրոր երգիր, որ քնեմ,

Այստեղ կուզեմ մանկանալ,

Այստեղ ուզում եմ քնել...

 

Զառանցանքին չկա վերջ՝

 Հոգու ցավ է, հոգու ցավ,

Թող որ կուչ գա քո հոգին

Իմ մեջ, ուր լույսը հանգավ:

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35

Արա Պապյան. «Պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիան չգա Հայաստան։ Եթե ռուսներից նեղանում ենք, որ իր պարտականությունները չի կատարում, Թուրքիան բացարձակ հակահայկական պարտավորություններ ունի»

04.06.2026 12:05

Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)

04.06.2026 11:34

Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29–ին ու կավարտվի օգոստոսի 15–ին

04.06.2026 11:08

Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

04.06.2026 11:06

«Շարունակում ենք արցախցիներից ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար». Արտակ Բեգլարյան

04.06.2026 10:56

Հարցազրույց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի հետ

04.06.2026 10:44

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05