Արցախյան երեք պատերազմի  մասնակիցը

22.12.2020 12:27
5518

Մերօրյա պատերազմում կռվողների մեջ քիչ չէին նրանք, ովքեր մասնակցել են Արցախյան առաջին գոյամարտին, նրանք Արցախ մեկնեցին կամավոր, սրտի եւ խղճի թելադրանքով: Նրանցից մեկը Սլավա Սարգսյանն է, ով ծանր վիրավորում ստացավ անօդաչու թռչող սարքի հարվածից:

Մարտական մկրտությունը Սլավան ստացել է խորհրդային բանակի շարքերում՝ Աֆղանստանում ծառայելու տարիներին (1981-1983 թթ.): Գնդացրորդ եւ վարորդ է եղել, մեկ անգամ չէ, որ հայտնվել է լարված իրավիճակներում: Բայց բանակում ստացած հմտությունները եւ ռազմական փորձը, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, պետք եկան հայրենի սահմանները պաշտպանելիս:

1989-ից Արցախյան շարժման մեջ է եղել, որ հետո վերածվեց հայ- ադրբեջանական հակամարտության, այնուհետեւ՝ իրական պատերազմի: 1990-ականների սկզբներին վտանգավոր էր երթեւեկել Կապան- Գորիս ավտոճանապարհով, ադրբեջանցիները մարդկանց էին առեւանգում, եղան նաեւ սպանության դեպքեր: Լարված իրավիճակով պայմանավորված՝ շրջանի ղեկավարության պահանջով երկրապահի մարտիկներն ուղեկցում էին ավտոշարասյուները՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Այդ ուղեկցողներից մեկը՝ Կարմրաքարից մինչեւ Շուռնուխ, երբեմն՝ մինչեւ Թասի ոլորանների սկիզբը՝«Ուրալ» մեքենայով, Սլավա Սարգսյանն էր : Ինչո՞ւ նշեցինք մեքենայի մակնիշը, քանզի նա շրջապատին հայտնի էր ՝«Ուրալ» մականունով: «Զրահաբաճկոնը հագնում էր, նստում մեքենայի խցիկում, արյունը բերանն առած՝ անցնում մայրուղու այդ վտանգավոր հատվածով», - հետո նրա մասին պատմեցին ընկերները: Ի դեպ, այդ տարիներին, երբ շրջանային «Կապան» թերթում էի աշխատում, հերթական համարի հրապարակում պատրաստելու համար, երթեւեկել եմ Սլավայի վարած «Ուրալ»-ով՝ Կարմրաքարից Շուռնուխ եւ հակառակ ուղղությամբ:

Մեկ անգամ չէ, որ արյան ծարավ ադրբեջանցին դարանից կրակել էր նրա մեքենայի վրա: Հետո, երբ արդեն հարեւան հանրապետությունը պատերազմ սանձազերծեց Հայաստանին, Սլավան մասնակցեց ինքնապաշտպանական կռիվներին՝ Կապանի սահմանամերձ գյուղերում, նաեւ Լեռնային Ղարաբաղում է (Մարտունի-2) երեք ամիս մասնակցել մարտական գործողությունների, իր «Ուրալով» օգտակար եղել այդտեղ մարտնչող մարտիկներին: Ցավով է հիշում իր մարտական ընկերներին, ովքեր բռնել են հավերժության ճամփան՝ Համլետ Քոչարյան, Մարատ Միքայելյան (զոհվել է1992-ի ապրիլի 24-ին՝ զրահամեքենայի մեջ), Արմեն (Մակիչ) Գասպարյան (զոհվել է 2016թ. Ապրիլյան պատերազմում՝ հետմահու արժանացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի) եւ շատ ուրիշներ:

Ապրիլյան  պատերազմին  էլ է մասնակցել Սլավան, մինչեւ Ջաբրաիլ է հասել: Իսկ այս պատերազմին դիրքերում է եղել պատերազմի առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ում, որտեղ վարորդ է աշխատում, տեղյակ է պահել իր մտադրության մասին եւ մեկնել մարտադաշտ:

 Հոկտեմբերի 11-ին վիրավորվեց, ինչպե՞ս պատահեց. «Գալիս էի դիրքերից, մութն արդեն ընկել էր, տեսա հետիոտն զինվորների, 20-ից ավելին կլինեին: Հարցրի, թե որտե՞ղ են գնում: Պարզվեց, որ եկել էին իրենց փոխարինելու եւ կողքի գյուղ էին գնում՝ հանգստանալու: Կանգնեցրի մեքենան՝ զինվորները տեղավորվեցին թափքում: Որոշ տարածություն անցնելուց հետո կանգնեցրի մեքենան, դուրս եկա խցիկից՝ տեսնելու՝ ի՞նչ կա, չկա: Նկատեցի զույգ կարմիր լույս, հրահանգեցի զինվորներին իսկույն իջնել մեքենայի թափքից եւ ցրվել դաշտով մեկ, ինչքան հեռու՝ այնքան լավ: Ես էլ արագացրի մեքենայի ընթացքը: Որոշ տարածություն անցնելուց հետո որոշեցի կանգնեցնել մեքենան, որ թռչեմ դաշտը, բայց չհասցրի, հրթիռը խփեց մեքենային եւ հարվածող ալիքը, չեմ հիշում, ինձ ուր շպրտեց: Հետո այդ նույն զինվորները, որ «իրադարձության» վայրից բավականին հեռու էին եւ անվնաս, ինձ վիրավոր վիճակում տեղավորեցին մի մեքենայի թափքում»:

Սլավային նախ՝ տեղափոխեցին Գորիսի հիվանդանոց, հետո՝ Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ բուժում ստացավ մեկուկես ամսից ավելի: Այժմ էլ ապաքինվում է տանը:

Սլավայենց տուն տողերիս հեղինակին ուղեկցեց նրա մարտական ընկեր Սամվել Վարդանյանը: Անկեղծ էր նախկին մարտական ընկերների խոսքը, նրանք նախ՝ ցավ հայտնեցին այն առիթով, որ այս կռվում նաեւ իրենց նախկին զինակիցների զավակներն են զոհվել: Սլավան էլ հարեւանցի հասկանալ է տալիս, որ իր տեղը ոչ թե անկողնում է, այլ մարտադաշտում:

«Ինչպե՞ս եք ընդունում փաստը, որ մեր պատմական տարածքներն ազատագրեցիք, եւ այսօր դրանք հեշտությամբ հանձնում են թշնամուն», - հարցնում եմ մարտական ընկերներին: Բնականաբար, կորստյան ցավ կա նրանց աչքերում: Պատասխանում են, որ զարմանք է հարուցում այն, որ ըստ նոյեմբերի 9-ին ընդունված տխրահռչակ պայմանագրի՝ կողմերը պիտի կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում, բայց այսօր ադրբեջանցիներն ընդհուպ մոտեցել են Կապանին եւ արդեն սահմանամերձ դարձած գյուղերին, եւ ի՞նչ երաշխիք, որ վաղը, մյուս օրը հակառակորդը սադրանքների չի դիմի, ասենք, ինչպես 1990-ականների սկզբին, երբ Գորիս-Կապան ճանապարհից կամ Կապան- երեւան գնացքից պատանդ էր վերցնում մարդկանց:

 Սամվել Վարդանյանը, մասնավորապես, այն միտքը հայտնեց, որ մեր բանակի սպառազինությունը պետք է ավելացվի, մինչդեռ նորագույն զենք եւ զինամթերք ձեռք բերելու փոխարեն հանրապետությունում դղյակներն են շատացել:

 «Միջոցները պիտի ուղղվեն բանակի հզորացմանը, որ մեր ազգը գոյատեւի, որ հայի տեսակը մնա այս լույս աշխարհում», - ավելացնում է Սլավա Սարգսյանը, ում շուտափույթ ապաքինում մաղթեցինք:

Վահրամ Օրբելյան

 

 

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57