Արտուշ Ղուկասյան. «Միայն լսարանում դասապրոցես կազմակերպելով համալսարանական միջավայր չես ստեղծի»

18.03.2016 15:43
3182

Գորիսի պետական համալսարանում տիրող իրավիճակի, առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների եւ առաջիկա անելիքների մասին է զրույցը ԳՊՀ ռեկտորի նորանշանակ պաշտոնակատար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արտուշ Ղուկասյանի հետ:


Այցեքարտ

Ծնվել է 1958թ. հուլիսի 30-ին Ստեփանակերտում: Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի Մեծ Շեն գյուղում եւ Մարտակերտում: 1975թ. ընդունվել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկայի բաժին, 1980թ.՝ ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրան եւ գործուղվել ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտ (Մոսկվա): 1984թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1984-1988թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտում ավագ գիտաշխատող, 1988-ից՝ ԵՊՀ մեխանիկայի ֆակուլտետի տեսական մեխանիկայի ամբիոնում: 1994-2002թթ. եղել է նույն ամբիոնի վարիչ: 1997թ. ստացել է պրոֆեսորի կոչում: 1996թ. Մոսկվայի ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Բացարձակ պինդ եւ առաձգական օղակներով մանիպուլյացիոն ռոբոտների շարժումների ղեկավարում եւ օպտիմիզացիա» թեմայով: 2002-2010թթ. եղել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր: 2010-2013թթ. ղեկավարել է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը: 2013թ.-ից մինչեւ 2016թ. փետրվարի 10-ը եղել է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ: 1998-ից ՀՀ ԲՈՀ-ի 047 եւ 2012-ից 032 մասնագիտական խորհուրդների անդամ է: 2003-2010թթ. ղեկավարել է ՀՀ ԲՈՀ-ի 020 մասնագիտական խորհուրդը: ՀՀ ԳԱԱ «Մեխանիկա» գիտական հանդեսի եւ ԼՂՀ ԿԳՆ «Կրթությունը եւ գիտությունը Արցախում» գիտամեթոդական եւ գիտահանրամատչելի պարբերական հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ է: 2010-ից ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի անդամ է, 2009-ից` ՀՀ հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ: 2009թ. շնորհվել է Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում: 2016թ. փետրվարի 11-ին նշանակվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտում առաջատար գիտաշխատող:

Հեղինակ է շուրջ 90 գիտական եւ ուսումնամեթոդական աշխատանքների: Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է տեսական մեխանիկա, մանիպուլյացիոն համակարգերի մեխանիկա եւ օպտիմալ ղեկավարում, ղեկավարման տեսություն, դասավանդման մեթոդիկա, կրթության կառավարման հիմնահարցեր: Նրա անմիջական ղեկավարությամբ ԵՊՀ-ում բացվել է «Մանիպուլյացիոն ռոբոտների մեխանիկա եւ ղեկավարում» մասնագիտացման համակարգը: Նրա համանախագահությամբ 1997 եւ 2002թթ. Երեւանում կազմակերպվել են «Օպտիմալ ղեկավարման, կայունության եւ մեխանիկական համակարգերի ամրության հարցերին» նվիրված միջազգային գիտաժողովներ:

Ա. Ղուկասյանի ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 7 ատենախոսություն: Մասնակցել է միջազգային գիտաժողովների աշխատանքներին (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Տաշքենդ, Օքսֆորդ, Հելսինկի), արժանացել հանրապետական եւ միջազգային բազում մրցանակների:
Ամուսնացած է, ունի երկու զավակ, մեկ թոռ:


 - Պարո՛ն Ղուկասյան, փետրվարի 11-ից նշանակվել եք Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Հասցրե՞լ եք ծանոթանալ համալսարանում տիրող իրավիճակին, խնդիրներին, հարմարվել նոր միջավայրին:

- Լինելով Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամ, ինչպես նաեւ Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր՝ երկար տարիներ համագործակցել եմ համալսարանի հետ: Մեզ միավորել են միեւնույն խնդիրները, որոնց լուծման համար տարբեր միջոցառումներ ենք ձեռնարկել: Այնպես որ այս գիտական, մանկավարժական միջավայրն ինչ-որ առումով ինձ ծանոթ է. կան մասնագետներ, որոնց հետ համատեղ աշխատել եմ: Ներկայումս բախտ է վիճակվել ռեկտորի կարգավիճակով լինել համալսարանում, հասցրել եմ նորություններ հայտնաբերել, ավելի խորությամբ ուսումնասիրել խնդիրները, ծանոթանալ բուհի կառուցվածքին, կյանքին, մասնագիտական կարողություններին: Կարելի է ասել, այստեղ բավականին հետաքրքիր միջավայր է, որը միանգամից ամբողջովին բացահայտել հնարավոր չէ, բայց այդ ճանապարհին ենք: Տարբեր ժողովների, նիստերի ընթացքում փորձում ենք հասկանալ խնդիրները, լուծման ուղիներ փնտրել: Իհարկե, խնդիրները շատ են ու տարբեր բնույթի՝ մասնագիտականից մինչեւ ֆինանսական:

- Արդեն նշանակվե՞լ է ռեկտորի ընտրության օրը:

- Կառավարման խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում հաստատվեց կառավարման խորհրդի կազմը՝ մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, ինչպես նաեւ ամփոփվեց բուհի 2015թ. գործունեությունը: Առաջիկա նիստում կհաստատվի ռեկտորի ընտրության կարգը, որից հետո կդիմենք լիազոր պետական մարմնին՝ ընտրության օրը սահմանված կարգով նշանակելու համար:

- Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց հետո ի՞նչ ժառանգություն ստացաք հատկապես Սյունիքի տարածաշրջանում ավանդույթներ ունեցող համալսարանից:

- Չեմ ուզում գնահատականներ տալ, բայց հարուստ ժառանգություն չեմ ստացել: Բուհի բոլոր օղակներում կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Եթե ընդհանրացնեմ, կարող եմ ասել, որ վերջին շրջանում բուհում տիրող անտարբեր վիճակն իր հետքն է թողել բոլոր օղակների վրա: Բայց դրանք ժամանակավոր երեւույթներ են. հիմնականում առողջ մթոնոլորտ է տիրում, հուսով եմ, խնդիրները հնարավորինս կլուծվեն:

- Հատկապես Գորիսում Ձեր ղեկավարության առաջին տպավորությունն այնպիսին է, որ բավականին խստապահանջ եք. նույնիսկ ստուգումներ եք անցկացրել… 

- Ինձ թվում է՝ արտառոց ոչինչ չկա հատկապես ստուգումներ իրականացնելու մեջ: Ղեկավարը փոխվում է, բնական է, որ իրավիճակին ծանոթանալու համար պիտի ստուգումներ կատարվեն: Հիմնականում 2015թ. գործունեությունն եմ ուսումնասիրել, որոշ դիտողություններ կատարել. այդ օրերին ծավալված քննարկումները պարզապես անհրաժեշտություն էին: 

- Ինչպիսի՞ քաղաքականություն եք որդեգրել կադրերի հարցում:

- Կադրերի հետ պիտի զգույշ վարվել, որովհետեւ գործ ունես մարդկային ճակատագրերի հետ: Բուհում մի խնդիր կա, որ առաջանահերթ լուծում է պահանջում՝ բուհի ընդհանուր ծանրաբեռնվածություն-կադրերի քանակ համամասնությունը: Խոսքը դասախոսների գիտական, մանկավարժական գործունեության մասին չէ. սա առանձին քննարկման առարկա է: Այստեղ նրանց կատարած աշխատանքի ծավալի եւ կադրերի քանակի անհամաչափության խնդիրն է: Մեր ֆինանսական սուղ պայմաններում ստեղծված իրավիճակը, մեղմ ասած, անթույլատրելի է: Նախքան որեւէ քայլ կատարելը պիտի հաշվի առնենք ամեն մանրուք, որպեսզի մարդիկ խուճապի չմատնվեն: Շատ լուրջ աշխատանք կկատարենք դասախոսների գիտական կոչումների, աստիճանների բարձրացման ուղղությամբ՝ հատկապես երիտասարդներին խրախուսելով:

- Երկար տարիներ ղեկավարել եք հանրապետության ամենանշանավոր բուհերից մեկը՝ մանկավարժական համալսարանը: Արդյո՞ք տարբերությունն ակնհայտ է մայրաքաղաքային եւ մարզային բուհերի միջեւ:

- Ամեն ինչով հանդերձ՝ գորիսեցին պիտի հպարտանա, որ սովորում է ԳՊՀ-ում: Սա կարեւոր հանգամանք է: Եթե ուսանողն իր բուհի կարեւորությունը չտեսնի, դժվար կլինի հետագա ուսումնառությունը կազմակերպել: Բնական է, մայրաքաղաքային բուհերի գիտակրթական, ուսանողական միջավայրից զգալիորեն տարբերվում է. առաջին տպավորությամբ այստեղ պիտի կյանքն աշխուժացնել բոլոր առումներով: Համալսարանը միայն գրատախտակը, երկու-երեք ժամ տեւողությամբ դասապրոցեսը չէ. սա գործող մարմին է, որը մշտապես պիտի լինի մարզի ուշադրության կենտրոնում՝ իր միջոցառումներով, ժողովրդի սպասելիքների արդարացումով, դասախոսների ձեռքբերումներով: Ուսումնասիրելով բուհի մասնագիտությունների ցանկը՝ տպավորություն է ստեղծվում, որ հաստատությունը մարզի սոցիալ-տնտեսական կարիքները չի արտացոլում: Մենք ինչ-որ իմաստով կտրվել ենք այն պահանջներից, որ մարզն ունի: Միայն լսարանում դասապրոցես կազմակերպելով համալսարանական միջավայր չես ստեղծի: Բուհի գիտական, կրթական, մշակութային միջավայրը պիտի ազդի շուկայի վրա, ձեւավորի այն, թելադրի իր պահանջները: Այսօր, ցավոք սրտի, պիտի արձանագրեմ, որ բուն դասապրոցեսի ավարտից հետո սպառվում է նաեւ բուհական միջավայրը, այնինչ այն պիտի նոր թափ առնի: Բուն դասապրոցեսից հետո պիտի կազմակերպվեն քննարկումներ, սեմինարներ, կատարվեն հետազոտություններ, գործեն տարբեր ակումբներ:  

- Այլ բուհերից դասախոսներ հրավիրելը կարելի՞ է դիտարկել որպես բուհական միջավայրն ակտիվացնող ուղիներից մեկը:

- Դեռեւս խորհրդային տարիներին այս բուհ են հրավիրվել շատ նշանավոր գիտնականներ, եւ այդ առումով ավանդույթներ էին ձեւավորվել: Սա, իհարկե, բուհական կյանքն ակտիվացնող ուղիներից է, բայց միակը չէ: Բուհն իր գոյության համար պիտի սեփական մասնագետներն ունենա, իսկ նեղ մասնագիտական դասընթացների համար կարելի է հրավիրել նաեւ այլ մասնագետների՝ հարուստ փորձի փոխանակման եւ անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերման համար: Խորհրդային տարիներից հետո հանրակացարանները, քոթեջները վերացվել են, որը նույնպես դժվարություններ է ստեղծում դասախոսներ հրավիրելու համար: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք, եւ ռեալ պատկերը հաշվի առնելով՝ պիտի որոշենք մեր հետագա անելիքները: Ամենակարեւորն այն է, որ ժամանակին համահունչ քայլես՝ հատկապես հարստացնելով մասնագիտությունների ցանկը:

- Դուք նշեցիք, որ մարզային բուհը պիտի աշխատի նախեւառաջ մարզի պահանջները բավարարելու ուղղությամբ: Արդյո՞ք այսօր Գորիսի պետական համալսարանը թերանում է այդ հարցում:  

- Եթե դիտարկենք մարզն ու համալսարանի խնդիրները, ապա կնկատենք ակնհայտ տարբերություն, այնինչ իրականում պիտի այդպես չլինի: Յուրաքանչյուր մարզային համալսարան նախեւառաջ պիտի մարզի կարիքները բավարարի: Առաջնահերթ մենք պիտի պատրաստենք մանկավարժական կադրեր, բայց այդ հարցում նույնպես թերանում ենք: Ընդամենը 5-6 մանկավարժական մասնագիտության գծով ենք կրթություն իրականացնում: Օրինակ, որտե՞ղ պիտի պատրաստվեն մարզի դպրոցների համար աշխարհագրության ուսուցիչներ: Մյուս կողմից էլ ֆինանսական խնդրի առաջ ենք կանգնում. բացելով տվյալ մասնագիտությունը՝ մենք ունենում ենք թերբեռնված խմբեր: Բուհը պահելու համար յուրաքանչյուր մասնագիտության համար առնվազն պիտի 20-25 դիմորդ լինի խմբում, որը մենք չենք ունենում: Առանց պետպատվերի ավելացման հնարավոր չէ ֆակուլտետ պահել: Ամբողջ տարվա կտրվածքով բուհին հատկացվում է ընդամենը 17-18 պետպատվերով տեղ: Համալսարանը նախ պիտի ապահովի մասնագիտությունների լայն ցանկ, այլ վայրերից ուսանողներով համալրվի եւ մասնագետներ պատրաստի հանրապետության ողջ տարածքի համար: Եթե ամեն տարածաշրջանում տեղակայված բուհ պատրաստի մասնագետներ միայն այդ տարածաշրջանի համար, երկար գոյատեւել չի կարողանա: Խնդիրը գլոբալ առումով պիտի լուծվի. մարզային բուհը պիտի լուծի նաեւ համապետական խնդիրներ: Բուհը գրավիչ է, նախեւառաջ, իր կադրերով, գիտակրթական, մշակութային, մանկավարժական միջավայրով, այսինքն՝ մայրաքաղաքային եւ մարզային բուհերի մակարդակները պիտի հավասար լինեն: Եթե մենք խոսում են եվրոպական կրթական ստանդարտների, Բոլոնիայի գործընթացի մասին, ապա պիտի աստիճանաբար դրա մասնիկը դառնանք: Ի՞նչ տարբերություն, թե մաթեմատիկայի ուսուցիչ որտեղ կպատրաստես: Խնդիրը բոլոր տեղերում մասնագիտական դաշտ ստեղծելն է, կրթական նվազագույն պահանջները բավարարելը: Նորանշանակ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ խորհրդակցություններում պիտի անդրադառնալ հատկապես միջբուհական համագործակցության ակտիվացմանը, ուսանողների փոխանակմանը: Կրեդիտային համակարգի ներդրումն ակնկալում է այլ բուհերում մասնակցած դասընթացների արդյունքում հավաքած կրեդիտների փոխանցումն այն հաստատություն, որտեղ ընդունվել ես: Այստեղ մեկ վայրից կառչելու խնդիր չպիտի դրվի, բայց այս գործընթացը դեռեւս մեր բուհական համակարգ լիարժեք մուտք չի գործել: Նախքան ուսանողների մակարդակին հասնելն ամբիոնների համագործակցությունը պիտի ակտիվացնել: Բուհի ամենակարեւոր օղակն ամբիոնն է՝ իր մանկավարժական կադրերով եւ գիտական մակարդակով: Ռեկտորատի խնդիրը համապատասխան միջավայր ստեղծելն է, ամբիոնների առաջադրած խնդիրները լուծելը: Եռաստիճան բուհական համակարգը պիտի ծառայի իր նպատակին, որ ենթադրում է մրցակցային դաշտ բոլոր օղակներում:

- Համարձակվում ենք արձանագրել, որ գիտական միտքն այստեղ այնքան էլ չէր խրախուսվում, ավելի կոնկրետ՝ ստվերում էր մնում:             

- Բուհում կան գիտնականներ, ովքեր իսկապես իրենց գործի նվիրյալներն են, ու նաեւ նրանցով է պայմանավորվում գիտական մթնոլորտը: Հնարավորինս մեծ ուշադրություն պիտի դարձնել այդ կադրերի գործունեությանը, որովհետեւ նրանք են վաղվա մասնագետին կերտողները: Շուկայական այս հարաբերություններում, ցավոք, նրանք դուրս են մնացել ուշադրությունից, բայց ամբիոնների զարգացման համար ֆինանսական միջոցներ հայթայթելու ծրագրեր կան: Պետությունը գիտական աշխատանքների կազմակերպման համար ֆինանսավորում չի հատկացնում, բայց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեին գիտական հայտեր պիտի ուղարկենք՝ հույս ունենալով դրանց շահելու դեպքում լրացուցիչ ֆինանսավորում ստանալ: Բուհի ֆինանսական ներկայիս վիճակը հնարավորություն չի տալիս զարգացման ծրագրեր կազմել, լրացուցիչ միջոցներ հատկացնել այդ մարդկանց աշխատանքների համար: Եթե հաստատության բյուջեի 60%-ից ավելին ծախսվում է աշխատավարձի ֆոնդի վրա, նշանակում է՝ այն գոյատեւում է միայն այսօրվա համար եւ հեռանկարային պլաններ մշակել չի կարող: Ստեղծված իրավիճակում միակ ելքը մնում է տարբեր տեղերից միջոցներ հայթայթել, այս դեպքում գիտության պետական կոմիտեն թե՛ բազային, թե՛ թեմատիկ ֆինանսավորման հնարավորություններ է տալիս, պարզապես պիտի աշխատել այդ ուղղությամբ: Թեմատիկ ֆինանսավորման հասնելն ավելի բարդ է, իսկ բազայինով հնարավոր է գոնե լաբորատոր աշխատանքների համար լրացուցիչ ֆինանսավորում ստանալ: Գիտական աստիճան ունենալու դեպքում պետության կողմից հավելավճար ստանում ես միայն այն դեպքում, եթե ընդգրկված ես որեւէ գիտական թեմայում: ԳՊՀ-ում գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվում է հայագիտական հետազոտությունների կենտրոնը, բայց բնագիտական գիտությունների ուղղությամբ բավականաչափ աշխատանք կա կատարելու: Առաջիկա մեր խնդիրներից է լինելու 2017թ. համար գիտական հայտեր ներկայացնելը. տասը թեմա ներկայացնենք, թող երկուսն ընդունվի: Ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է. պարտադիր չէ, որ բոլոր թեմաներն ընդունվեն, բայց անընդհատ մասնակցելն անհրաժեշտություն է:

- Բուհերում պետպատվերով տեղերի թիվը նվազել է: Արդյո՞ք այս երեւույթը լրացուցիչ խնդիրներ չի ստեղծում:

- Պետպատվերով տեղերի նվազումը ողջ հանրապետության բուհերին է բնորոշ: Պետությունն ավելի շատ գնում է դեպի վճարովի համակարգի խրախուսում՝ իր սուղ պայմաններն օգտագործելով երկրի համար ավելի կարեւոր հարցերի լուծման համար: Մեր բուհի մասնագիտությունների  ուսման վճարները զգալիորեն տարբերվում են մայրաքաղաքային բուհի նույն մասնագիտությունների վճարներից: Բուհն է սահմանում չափը՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի բնակչության սոցիալական մակարդակը: Կան մասնագիտություններ, որոնց պատրաստման համար քիչ ծախս է պահանջվում, բայց վճարը բարձր է, օրինակ՝ իրավաբանությունը, իսկ մեկ քիմիայի մասնագետ պատրաստելու համար տասը անգամ ավելի շատ գումար է պետք: Ես կարծում եմ, որ գրավիչ մասնագիտություններից փոխանցվող գումարը կարող է լրացուցիչ միջոց լինել այլ մասնագիտությունների զարգացման համար: Նորից եմ կրկնում՝ մեր առաջնահերթ խնդիրը մասնագիտությունների ցանկի վերանայումն է:

- Ի՞նչ մասնագիտությունների գծով է իրականացվում բակալավրիատի եւ մագիստրատուրայի կրթությունը ԳՊՀ-ում:

- Բակալավրիատում կրթությունն իրականացնում ենք հետեւյալ մասնագիտությունների գծով՝ մաթեմատիկա, կենսաբանություն, դեղագործական քիմիա, պատմություն, իրավագիտություն, հայոց լեզու եւ գրականություն, մանկավարժություն եւ մեթոդիկա, ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում, էլեկտրաէներգետիկա, էլեկտրոնային տեխնիկա, ֆիզիկա, իսկ մագիստրատուրայում՝ ինը մասնագիտությունների գծով՝ մաթեմատիկա, կենսաբանություն, պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, մանկավարժություն եւ մեթոդիկա, տնտեսագիտության տեսություն, ՀՊՃՀ կիբեռնետիկայի ֆակուլտետ, իրավագիտություն, քիմիա: Ասպիրանտական կրթություն իրականացնելու հեռահար պլաններ էլ ունենք:
Ինչպես արդեն նշեցի, եռաստիճան կրթական համակարգը պիտի ծառայի իր նպատակին: Բակալավրիատից հետո մագիստրոսական ծրագրերը նեղ մասնագիտական են, միտված գիտահետազոտական աշխատանքների զարգացմանը. այլ հարց է, թե որքանով է այն իրագործվում մեր բուհական համակարգում: Մագիստրատուրայի դիմորդը չպիտի այն գիտակցությունն ունենա, որ սա ուղղակի ուսումնական գործընթացի շարունակությունն է, այն պիտի ուղղորդված լինի: Բուհի համար խնդիր է նաեւ, թե ում հետ գործ ունես մագիստրատուրայում: Այստեղ անհատական ծրագրերով սովորողներ պիտի լինեն, դասախոսական կադրերի որակը պիտի տարբերվի, ասպիրանտական, գիտական հետազոտության շարունակությունն ապահովվի:

- Խումբ ձեւավորելու համար սահմանվա՞ծ է ուսանողների նվազագույն թիվ:

- Պետականորեն սահմանված նման չափանիշ չկա, բայց ֆինանսական կայունության համար ցանկալի կլինի յուրաքանչյուր խմբում առնվազն 25 ուսանող ունենալ, որը, ցավոք, երազանք է շատ ֆակուլտետների համար: Այդ իսկ պատճառով թերբեռնված ֆակուլտետներ ենք ունենում: Ներկայումս բուհում սովորում է մոտ 1500 ուսանող, որ քիչ է, մինչդեռ կայուն վիճակ ստեղծելու համար ցանկալի է գոնե 2000-2500 ուսանող ունենալ: Դասախոսների եւ ուսանողների թվի համամասնության հետ կապված նախկինում չափանիշ է եղել՝ ինը ուսանողին մեկ դասախոս հարաբերակցությամբ, իսկ լավագույն դեպքում, օրինակ, Մոսկվայի եւ Լենինգրադի պետական համալսարաններում՝ հինգ ուսանողին մեկ դասախոս հարաբերակցությամբ: Դասախոսները, ճիշտ է, թերբեռնված էին, բայց գիտական աշխատանքով զբաղվելու շատ ժամանակ ունեին: Ներկայումս դասախոսի ստեղծագործելու համար միջոցներ են հարկավոր, որ մենք չունենք:

- Ի՞նչ կասեք ԳՊՀ-ում իրականացվող միջազգային ծրագրերի մասին:

- Միջազգային ծրագրերով աշխատել են, բայց դրանք արդեն ավարտվում են: Հետագայում, իհարկե, որոշ աշխատանքներ կկատարենք համագործակցությունն ակտիվացնելու համար: Նախկին խորհրդային երկրների համալսարանների հետ պիտի վերականգնել համագործակցությունը, համատեղ գիտական ուսումնասիրություններ կատարելու ավանդույթները: Բայց քանի դեռ հաստատված որեւէ ծրագիր չունենք, չեմ ցանկանում դրանցից խոսել:

- Ընդունելության քննությունների կազմակերպման ներկայիս ձեւն արդյո՞ք բավարարում է բուհական պահանջները:

- Ընդունելության քննությունների կազմակերպման այս ճանապարհը վերանայման կարիք ունի, բայց Հայաստանն այդ առումով զգալիորեն առաջ է անցել նախկին խորհրդային երկրներից: Կար ժամանակ, որ միասնական ընդունելության քննություն կազմակերպելը երազանք կարելի էր համարել: Կրեդիտների, քննությունների կազմակերպման եւ մի շարք խնդիրներ ունենք դեռեւս լուծելու: Առհասարակ որեւէ համակարգ փոխելու համար փոքր երկրների փորձը շատ կարեւոր է մեծ պետությունների համար:

- Բուհն ապահովվա՞ծ է համապատասխան նյութատեխնիկական բազայով:

- Ժամանակակից տեխնիկայով ապահովված ենք, բայց այլ հարց է, թե որքանով են դրանք օգտագործվում: Գրեթե բոլոր լսարանները, գրադարանը հագեցած են համակարգիչներով, որ ձեռք է բերվել բարերարների, միջազգային ծրագրերի, բուհի միջոցներով: Գիտական լաբորատորիաները, սակայն, թերհագեցած են, կարելի է ասել, «խղճուկ վիճակ» է: Անհրաժեշտ են ժամանակակից սարքավորումներ տարբեր գիտական հետազոտությունների համար, որը, սակայն, թանկ հաճույք է:

- Մարզային բուհերի համար նպատակահարմար է մասնաճյուղ լինե՞լը, թե՞ առանձին գործունեություն ծավալելը:

- Միանշանակ պատասխան տալը միգուցե այնքան էլ ճիշտ չի լինի, բայց պարզ է մի իրողություն. մասնաճյուղ լինելու դեպքում բուհը շատ հարցերում պարզապես «արտագրող»-ի դերում է լինում: Որեւէ խնդիր լուծելու համար հաճախ մայր բուհի լուծումը տեղայնացվում է, որն այնքան էլ չի նպաստում բուհի ինքնուրույն զարգացմանը: Գորիսի պետական համալսարանն արդեն առանձին գործող ուսումնական հաստատություն է եւ պիտի ուղիներ փնտրել սեփական միջավայր ստեղծելու, զարգացման հեռանկարներ կազմելու, եղած հնարավորությունները նպատակային օգտագործելու համար: Բուհերի զարգացման համար կարեւոր է նաեւ հենակետային վարժարաններ ստեղծելը, որտեղ կպատրաստվեն քո ապագա դիմորդները, այսինքն՝ սնուցման աղբյուր պիտի ստեղծել: Մեր շրջանակներն ընդլայնելով՝ աստիճանաբար պիտի համալսարանը վերածենք համալիրի՝ ընդհուպ մինչեւ գիտական հետազոտությունների կենտրոնի:

- Պարո՛ն Ղուկասյան, մինչ այժմ Ձեր մատնանշած ուղիները տարիների աշխատանքի համար են, իսկ որո՞նք են Ձեր առաջիկա անելիքները:

- Առաջիկա անելիքս բուհի մասնագիտությունների ցանկի թարմացումը կլինի (հեղ.՝ մագիստրոսական մասնագիտությունների լիցենզավորման հայտ ուղարկել են նախարարություն): Մինչեւ սեպտեմբեր կուղարկենք նախարարություն հայտ նոր մասնագիտությունների ցանկն ավելացնելու համար: Ներառական կրթությունը սկսվում է Սյունիքի մարզից, բայց մեր բուհը սոցիալական մանկավարժներ, հոգեբաններ, նախադպրոցական հաստատության եւ այլ մասնագետներ պատրաստելու համար համապատասխան բաժիններ չունի: Առաջիկայում մարզի հեռանկարային զարգացման ծրագրերի իրագործմանը նպաստող մասնագիտություններ պիտի բացենք:

Բուհի մասնաշենքերից մեկը, որն առանձնանում է իր կառուցվածքով, քայքայվում է, պիտի անհապաղ միջոցներ գտնել այն վերջնական փլուզումից փրկելու համար: 

Բուհի կառավարման խորհրդի նախագահ, մարզպետ Սուրեն Խաչատրյանը, շահագրգիռ այլ անձինք պատրաստակամ են ամեն հարցում աջակցել մեզ, պարզապես մենք պիտի արդարացնենք նրանց սպասելիքները: Նրանք ավելին են ուզում, քան մենք այս պահին կարող ենք տալ:

- Ի՞նչ եք պահանջելու դասախոսից եւ ուսանողից:

- Դասախոսը պիտի զգա իր կարեւորությունը, գնահատի իր դերը հասարակության մեջ եւ իրավիճակի տերը լինի: Նախեւառաջ, նա պիտի ստեղծի կրթական միջավայր ուսանողի համար: Ամենախիստ ղեկավարը նա է, որ կարողանա մասնագետին հասցնել այն գիտակցության, որ նա կարեւոր մարդ է, նրա աշխատանքից է կախված բուհի գործունեությունը, եւ հպարտությամբ կատարի իր առջեւ դրված յուրաքանչյուր առաջադրանք: Դասախոսը պիտի պահանջատեր եւ իրավիճակի տեր լինի: Լավագույն ուսանողներին պիտի ընտրել եւ հարկ եղած դեպքում ստիպել սովորել: Իսկ ուսանողը պիտի գիտակցի, որ մասնագիտական կարիերան կրթության միջոցով է ստեղծվում, ընտրի այն մասնագիտությունը, որն իրեն հոգեհարազատ է, եւ զգա կրթության շարունակականության կարեւորությունը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10