Արտյոմ Մաշուրյան. «Հղիությունը հիվանդություն չէ. սա ընդամենը ֆիզիոլոգիական պրոցես է, որ ընթանում է կնոջ օրգանիզմում»

08.02.2016 12:05
3262

2015թ. գրանցված ծնունդների, հղիության ընթացքի, գինեկոլոգիական որոշ հարցերի շուրջ է զրույցը «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արտյոմ Մաշուրյանի հետ:

Արտյոմ Մաշուրյանը ծնվել է 1981թ. Երեւանում: Ավարտելով թիվ 112 միջնակարգ դպրոցը՝ 1998թ. ընդունվել է Երեւանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանը: ՈՒսումնառության ընթացքում տարկետում վերցնելով՝ ծառայել է հայոց բանակում, որից հետո շարունակել է ուսումը: 2007թ. ավարտել է բժշկական համալսարանը, որից հետո ընդունվել է Մոսկվայում Ազգերի բարեկամության ռուսական համալսարանի օրդինատուրան եւ սովորել մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Ռաձինսկու կուրսում: 2010թ.-ից մինչեւ 2015թ. մարտի վերջ աշխատել է Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոնում («Բեգլարյան կենտրոն» ՓԲԸ): 2015թ. մարտի 30-ից աշխատում է «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ:


- Երբ ստանձնեցիք Գորիսի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի պաշտոնը, ի՞նչ «ժառանգություն» ստացաք:

- Տարիներ շարունակ Գորիսի հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում աշխատել են փորձառու բժիշկներ, եւ հատկապես ծննդօգնությունը մշտական ուշադրության կենտրոնում է եղել: Հիվանդանոցի տնօրեն Սաշիկ Խաչատրյանի ջանքերով հիվանդանոցում շարունակվում են բարի ավանդույթները, եւ կենտրոնը պարբերաբար համալրվում է ոչ միայն ժամանակակից տեխնիկական սարքավորումներով, այլեւ որակյալ մասնագետներով: Մեր բաժանմունքում կադրային խնդիր չկա, ծննդօգնություն եւ մի շարք այլ գինեկոլոգիական ծառայություններ մատուցելու համար համապատասխան մասնագետներով ապահովված ենք:

- 2015թ. քանի՞ ծնունդ գրանցվեց:

- 2015թ. գրանցվել է 547 ծնունդ, որ 17 ծնունդով ավելի է 2014 թվականից:

- Մեր կառավարության քաղաքականության առաջնային կողմերից մեկն էլ ծնելիության մակարդակի բարձրացմանը նպաստելն է: Առաջնածի՞ն, թե՞ կրկնածին ծնունդներն են գերակշռել անցյալ տարի:

- Սյունիքում կրկնածինները նույնպես գերակշռում են: Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ շատ ընտանիքներում երրորդ երեխայի ճիչն է լսվում, որ նպաստում է ազգաբնակչության թվի ավելացմանը: Գորիսի տարածաշրջանի որոշ գյուղերում, հատկապես Շինուհայրում եւ Խոտում, բազմածին ծնունդները նույնպես գերակշռում են: Ավանդույթը չխախտելու համար գյուղերում հաճախ են հանդիպում չորս եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներ: Վերջերս Շինուհայր գյուղից 11 երեխա ունեցող մի կնոջ մոտ, որ ցանկանում էր 12-րդ երեխան ունենալ, չզարգացող հղիություն էր, ստիպված ընդհատեցինք:

- Մեր տեղեկություններով՝ մարզի այլ բնակավայրերից նույնպես այստեղ ծննդօգնություն են ստանում:

- Մեր քաղաքականությունն այն է, որ այստեղ մտնողն արդեն իսկ մեր հիվանդն է: Ծննդօգնություն ցուցաբերվում է մարզի մասշտաբով, այլ ոչ թե միայն Գորիսի տարածաշրջանի: Նշեմ, որ Քաշաթաղի շրջանի բնակիչներից շատերն այստեղ են բուժօգնություն ստանում:

- Ոչ պաշտոնական տվյալներով եթե արձանագրենք, կեսարյան հատման դեպքերը կարո՞ղ ենք ասել, որ ավելացել են:

- Տոկոսային հարաբերությանը չենք նայում եւ կեսարյան հատում կատարում ենք՝ մոր եւ մանկան շահերից եւ զուտ բժշկական ցուցումներից ելնելով: Այնպես չէ, որ հղի կնոջ ցանկությունն ենք հաշվի առնում կեսարյան հատում կատարելու համար:

- Քանի՞ մեռելածնության կամ նորածնային մահվան դեպք է արձանագրվել հիվանդանոցում անցյալ տարի:

- Նորածնային մահացության դեպքերը գրանցվում են հղիության 22 շաբաթականից սկսած՝ վաղաժամ ծննդաբերության հետեւանքով: Հղիության 22 շաբաթականից սկսած վիժումների հետեւանքով երեխային կորցնելն արդեն մահ է համարվում: Հաճախ վիժում առաջանում է կանանց անգրագիտության պատճառով, երբ ուշ են իմանում հղիության մասին, դրանից հետո փորձում են ինչ-ինչ միջոցներով ազատվել երեխայից եւ արդյունքում վիժման նշաններով դիմում են հիվանդանոց երբեմն արդեն ծայրահեղ վիճակում: Եթե թվային տվյալներով արձանագրենք, անցյալ տարի 7 դեպք է գրանցվել հիվանդանոցում, որի արջի բաժինը տարբեր մեթոդներով վիժում առաջացնելուն է պատկանում:

- Այսօր գրեթե բոլոր լրատվամիջոցներով կարելի է ստանալ տեղեկատվություն կանանց առողջության, ապագա մայրիկների խորհրդատվության եւ այլ թեմաների շուրջ մեզ հետաքրքրող տարբեր նյութեր: Արդյոք տեղեկատվական տեխնոլոգիաները նպաստում են այդ առումով գրագիտությունն անհրաժեշտ մակարդակի վրա պահելու համար:

- Բնականաբար, շատ հաճելի եւ գովելի է, երբ կինը տեղեկացված է լինում իր առողջական վիճակից: Այսօր ժամանակակից տեղեկատվական միջոցները թույլ են տալիս ամեն ինչի մասին անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ: Հաճախակի կազմակերպվող դասընթացները թե՛ հիվանդանոցի բժիշկների, թե՛ տարբեր հկ-ների կողմից նպաստում են կանանց գիտելիքների ավելացմանը, որոնք վերաբերում են կնոջ ֆիզիոլոգիական վիճակի փոփոխություններին, առողջ ապրելակերպին, ծնողավարական հմտությունների զարգացմանը եւ այլն: Կա թյուր կարծիք, որ հղիությունը հիվանդություն է, բայց սա ընդամենը ֆիզիոլոգիական պրոցես է, որ ընթանում է կնոջ օրգանիզմում:

- 2015թ. հունիսին հաստատվեց պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պետական ծրագիրը, որի կայացմանը մեծապես աջակցում են տարբեր հկ-ներ, միջազգային կառույցներ: Ինպիսի՞ն է այդ հարցում պատկերը մարզի, մասնավորապես Գորիսի տարածաշրջանում:

- Անցյալ տարվա տվյալները (262 աղջիկ, 285 տղա) համենայն դեպս չեն խոսում այն  մասին, որ մեր տարածաշրջանում պտղի սեռի խտրական ընտրություն կա: Իհարկե, չեմ բացառում, որ մեզ դիմում են սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հարցով, բայց բացատրական աշխատանքների շնորհիվ կարողանում ենք կանխել այդ երեւույթը: Բացի դրանից՝ երեխայի սեռը որոշում են հղիության 12-րդ շաբաթում, իսկ այդ ժամկետից հետո արհեստական ընդհատում չի թույլատրվում կատարել: Աբորտի հարցով դիմող կանանցից նախեւառաջ փորձում ենք պարզել, թե ինչն է պատճառը: Հաճախ դա պայմանավորված է լինում սոցիալական բավարար պայմաններ չունենալով: Իսկ սեռով պայմանավորված արհեստական ընդհատման դիմողները շատ չեն, մասսայական բնույթ այն մեզանում չունի, մեր հիվանդանոցում համենայն դեպս նման պատճառաբանությամբ հղիության արհեստական ընդհատում չի կատարվում: Կանանց հետ խորհրդատվական հանդիպումների ժամանակ մեր մասնագետները փորձում են բացատրել, որ արհեստական ընդհատումն օրգանիզմի համար վնասակար է, եւ գոյություն ունեն բազում մեթոդներ՝ անցանկալի հղիությունից խուսափելու համար: Խրախուսում ենք տարբեր մեթոդներով պաշտպանվելը՝ դեղորայքային, ներարգանդային պարույրներ տեղադրելը եւ այլն:

- Մի քանի տարի առաջ բավականին լայն տարածում էր գտել տնային պայմաններում համապատասխան դեղամիջոցով վիժում առաջացնելը, որ հաճախ կնոջ համար ճակատագրական հետեւանքներ էր թողնում: Որքանով տեղյակ ենք, ներկայումս դեղատներից հնարավոր է այդ դեղամիջոցը ձեռք բերել միայն բժշկի համապատասխան ցուցումով:

- Հղիության դեղորայքային ընդհատման մեթոդն ինքնուրույն վիժում է առաջացնում, որ ֆիզիոլոգիական պրոցես է, եւ որի դեպքում կինն ավելի քիչ է հոգեբանական սթրեսի ենթարկվում: Այդ մեթոդով հղիության ընդհատումը բացարձակապես կատարվում է բժշկի հսկողությամբ եւ միայն այն դեպքում, եթե չկան համապատասխան հակացուցումներ: Բացի դրանից՝ այս դեպքում կնոջ առողջության վերականգնումն ավելի արագ է կատարվում: Բայց ես մշտապես զգուշացնում եմ, որ հղիության դեղորայքային ընդհատումը տնային պայմաններում կարող է կնոջ կյանքի համար վտանգավոր լինել: Երբեմն պատահում է, որ նման քայլի գնալով կանայք հիվանդանոց են գալիս ծայրահեղ ծանր վիճակում, որ ունենում է անդառնալի հետեւանքներ: Դեղատներում այդ դեղամիջոցի վաճառքն արգելված է եւ պիտի կատարվի միայն ու միայն բժշկի դեղատոմսով:

- Հաճախ կարելի է հրապարակումներ հանդիպել, որոնցում շեշտվում է այն տեսակետը, որ ՀՀ-ում աճել է անպտղության մակարդակը. երիտասարդ զույգերը երեխա են ունենում երկարատեւ բուժման կուրսից հետո, իսկ ծայրահեղ դեպքում՝ արհեստական բեղմնավորման եղանակով:

- Վիճակագրական տվյալներն իհարկե փաստում են ՀՀ-ում անպտղության մակարդակի բարձրացման մասին, որի հիմնական պատճառը, ըստ հետազոտությունների, պայմանավորված է հիմնականում արական սեռի շրջանում հանդիպող խնդիրներով: Երիտասարդ զույգերը, ովքեր ունեն որոշակի խնդիրներ, հետազոտվում եւ համապատասխան բուժում են ստանում մեր մասնագետների օգնությամբ, իսկ արդյունքը ոգեւորում է թե՛ բժշկին, թե՛ զույգին: Չբերության մակարդակի բարձրացումը պայմանավորված է սթրեսով, օդի աղտոտվածությամբ, անառողջ սննդի ու ապրելակերպի եւ մի շարք այլ գործոններով: Բայց եթե ասեմ, որ մեր տարածաշրջանում անպտղության դեպքերը շատացել են, ճիշտ չի լինի: Խնդիրը կա, բայց մասսայական բնույթ չի ստացել:

- Ձեր հիվանդանոցում կա՞ն համապատասխան միջոցներ նմանատիպ խնդիրներով դիմող հիվանդների ամբողջական հետազոտման համար:

- Գրեթե բոլոր անհրաժեշտ լաբորատոր եւ տեխնիկական միջոցները կան հետազոտության համար: Բայց լաբորատոր որոշ հետազոտություններ համապատասխան սարքավորում չունենալու պատճառով չենք կարողանում անել: Կենտրոնի տնօրենի ջանքերով շուտով արդիական լաբորատոր սարքավորում կունենանք, որը կիրառելիս մարդկային գործոնը կհավասարվի 0-ի, այսինքն՝ համապատասխան անալիզի պատասխանը կկարդա տվյալ սարքավորումը:

- Հղիության ո՞րերորդ շաբաթից պիտի հաշվառվել:

- Ըստ օրենքի՝ կինը բժշկական հսկողության տակ է անցնում հղիության 12-րդ շաբաթից: Բնականաբար, եթե լինում են հղիներ, որոնց նախորդ հղիությունն անցել է որոշակի բարդություններով կամ առաջնային չբերությամբ պայմանավորված երկարատեւ բուժումից հետո է հղիացել, հղիության ավելի վաղ շրջանում են հաշվառվում: Հանդիպում են դեպքեր, երբ կինը միայն վերջին ամիսներին է իմանում իր հղիության մասին. վերջերս մի կին է այցելել մեզ որոշակի ցավերով, եւ պարզվել է, որ արդեն ծննդաբերություն է սկսվել: Չնայած առաջացած դժվարություններին, այնուամենայնիվ թիմային աշխատանքի շնորհիվ ծննդաբերությունը բարեհաջող ընթացք է ունեցել:

- Դոպլեր հետազոտության համար, որ պարտադիր է բոլոր հղիների համար, մարզի տարբեր շրջաններից մեկնում են մայրաքաղաք: Հնարավո՞ր չէ արդյոք այդ սարքավորումից մարզում գոնե մեկն ունենալ՝ այդքան երկար ճանապարհ չանցնելու համար:

- Նախ ասեմ, որ դոպլեր հետազոտությունը կատարվում է հղիության ընթացքում արյան շրջանառության հոսքը մայր-ընկերք-պտուղ համակարգում գնահատելու համար, որ անց է կացվում հղիության 21-28 շաբաթական հատվածում: Հպարտությամբ պիտի նշեմ, որ մեր հիվանդանոցում արդեն կա դոպլեր եւ դուպլեքս հետազոտությունների համար ամենավերջին արտադրության սարքավորում, որից ավելի լավը համենայն դեպս առաջիկա հինգ տարում դժվար թե արտադրվի:   Մեր մասնագետներն անցել ու անցնում են համապատասխան վերապատրաստման դասընթացներ, եւ այլեւս այդ հետազոտությունների համար մայրաքաղաք մեկնելու անհրաժեշտություն չկա: Դուպլեքս հետազոտությունն անցնում են անոթային խնդիրներ ունեցող հիվանդները, եւ այս սարքավորումը նպաստում է մեր վիրաբույժների արդյունավետ գործունեությանը: Գիտե՞ք ինչ, ժամանակակից բժշկությունը առանց արդի սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավոր չէ պատկերացնել, դու պարզապես արագ տեմպերով զարգացող գիտությունից հետ կմնաս: Այդ առումով պիտի նշեմ, որ մարզպետ Սուրեն Խաչատրյանն ամեն ինչ անում է մարզի բժշկական կենտրոններն արդիականացնելու ուղղությամբ. նպատակը մեկն է՝ մեր մարզի բնակիչը պիտի բուժօգնություն ստանա իր բնակավայրում:

- Որո՞նք են հղիների շրջանում առավել շատ հանդիպող խնդիրները:

- Չեմ կարող ընդհանրացնելով ասել, որ այսինչ խնդիրը համատարած է, բայց կարող եմ նշել, որ շատացել է արյան մակարդելիության հետ կապված խնդիրը, որի դեպքում հնարավոր է առաջանա վիժում, չբերություն եւ այլն: Բայց ժամանակակից միջոցները թույլ են տալիս ժամանակին պարզել խնդիրը եւ որոշակի դեղամիջոցներ կիրառելով՝ կարգավորել այդ հարցը. միայն թե պիտի ժամանակին դիմել բժշկի՝ անհրաժեշտ հետազոտություն անցնելու համար: Հանդիպում են նաեւ սնկային, բորբոքային տարբեր տիպի խնդիրներ:

- Գինեկոլոգիական ո՞ր հիվանդություններն են գերակշռում:

- Գինեկոլոգիական հիվանդություններից գերակշռում են արգանդի բազմահանգույց միոմաները, տարբեր աստիճանի արգանդի վզիկի դիսպլազիաները, ինչպես նաեւ տարբեր բնույթի կիստաները: Եթե հնարավոր է լինում դեղորայքային մեթոդով բուժել, կատարում ենք, իսկ բուժման անէֆեկտիվության դեպքում դիմում ենք վիրահատական միջամտության՝ լապարատոմիկ կամ լապարասկոպիկ եղանակով: Կատարում ենք նաեւ արգանդի էքստիրպացիա, արգանդի վզիկի ամպուտացիա, ինչպես նաեւ հեշտոցի պատերի իջեցման դեպքում՝ պլաստիկ վիրահատություններ: Պետք է նշեմ, որ վիրահատական միջամտության դիմում ենք ծայրահեղ դեպքում, իսկ այն հնարավոր է կանխել, եթե ժամանակին դիմեն բժշկի:

- Վերջերս հանրապետությունում գրիպն ու սուր շնչառական վարակներով հիվանդությունները տագնապ առաջացրին բնակչության շրջանում, եւ խոցելի խմբերից մեկն էլ համարվում են հղիները: Ձեր բաժանմունքում նման հիվանդությամբ քանի՞ հիվանդ կար:

- Հունվարի 18-ի դրությամբ երեք հղի կին է սուր շնչառական վարակով ստացիոնար բուժում ստացել մեզ մոտ: Ներկայումս նրանք ապաքինվել են:

- Ձեր խորհուրդը կանանց եւ ապագա մայրիկներին:

- Նախեւառաջ կցանկանայի, որ բոլոր երիտասարդ աղջիկներն ամուսնանան, ունենան բալիկներ: Կանայք տարեկան գոնե երկու անգամ հետազոտվեն: Ներկայումս պետությունը մեծ ուշադրություն է դարձնում կանանց առողջությանը, եւ որոշ հետազոտություններ կազմակերպվում են անվճար: Յուրաքանչյուր կին տարեկան եթե ոչ երկու, ապա գոնե մեկ անգամ պետք է ներզննում անցնի, հեշտոցային քսուքի անալիզ հանձնի եւ այլն: Հատկապես արգանդի վզիկից շատ խնդիրներ կարող են առաջանալ, ուստի ցանկալի է ՊԱՊ թեստ հանձնել: Ապագա մայրիկներին խորհուրդ կտայի հետեւել բժիշկների խորհուրդներին, զգոն լինել՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար:
Կցանկանայի, որ հայկական ավանդական ընտանիքում գոնե երրորդ երեխայի ճիչն անպայման լսվի:

***

Սեռավարակների մասին հարցրինք Գորիսի բժշկական կենտրոնի բուժական գծով տեղակալ, մաշկավեներաբան Լեւոն Հարությունյանին:

- Սեռավարակների թիվն ընդհանուր առմամբ աճել է: Բայց եթե դիտարկենք նախկին վեներական հիվանդություններից, օրինակ, սիֆիլիսը, դրա թիվը տասնյակ անգամ նվազել է: Սիֆիլիսն արդեն քանի տարի է` մեր մարզում չի գրանցվում: Վեներական հիվանդություններից որոշների դեպքում, օրինակ գոնորեայի, ուժեղ արտահայտված նշաններ են լինում՝ առատ արտադրություն, քոր, այրոցի զգացում, ինչը ստիպում է դիմել բժշկի: Բայց շատ հիվանդություններ տասնյակ տարիներով չեն անհանգստացնում եւ բացահայտվում են պատահական ստուգման ընթացքում: Պետք է նշեմ, որ կան երիտասարդներ, որոնք մինչ ամուսնությունը համապատասխան հետազոտություն են անցնում: Ճիշտ է, նրանց թիվը մեծ չէ, բայց ավելացման միտում ունի: Եթե ընդհանրացնելու լինեմ, սեռավարակների ընդհանուր թիվը մեծացել է նոր սերնդի սեռավարակների հաշվին, իսկ կլասիկ վեներական հիվանդությունների թիվը տասնյակ անգամ նվազել է:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25