Արժանի գրոյ յիշատակի

18.10.2013 14:59
2401

Խդրանց, Չորեքդռնի խաչի նավ

 

 

ՆԻՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ


 

 

 

Հորս` Գագիկ (Սլավիկ) Սարգսյանի հիշատակին

 

 

Փայլասարի հանդիպակաց լեռնալանջի ծալքերում ծվարած փոքրիկ գյուղ է Խդրանցը: Սյունիքի մարզի ամենափոքր համայնքներից մեկը: Կապանից դեպի հյուսիս-արեւելք 12կմ հեռավորության վրա է գտնվում գյուղը: Բնակչության զգալի մասը տարեց է: Գյուղում չկան դպրոց եւ մանկապարտեզ. դպրոցահասակ երեխաները տարիներ շարունակ հաճախում են հարեւան Ագարակ գյուղի դպրոցը: Խորհրդային ժամանակներում երկու գյուղը մեկ ընդհանուր կոլտնտեսություն էր: Ներկայում Խդրանցն առանձին համայնք է, որը գրեթե չունի զարգացման հեռանկար: Գյուղապետարանի շենքում տեղակայված են գրադարանը, ակումբը, բուժկետը:

Պատմության ընթացքում մի քանի անգամ փոփոխվել է Խդրանցի բնակատեղին: Ոչ ոք չի կարող ասել, թե երբ է հիմնվել գյուղը, բայց գյուղի տարածքում գտնվող կիսավեր մատուռները վկայում են, որ այն դարերի պատմություն ունի: Ավանդության համաձայն` գյուղը հիմնել են երկու եղբայր: Տեղի այլազգիները գյուղն անվանել են Սիրքաթաս, իսկ Խդրանց անունը, ասում են, ասոցացվել է հունարեն ծաղկաձորի հետ: Ըստ Ումառյանի «Սյունիքի դիցարանի»` Խդրանց անունը կապվում է եգիպտական Խոտոր աստվածուհու անվան հետ (սկզբում` Խոտորանց, այնուհետեւ` Խդրանց): Գյուղի առաջին բնակատեղին եղել է 2կմ արեւելք գտնվող Չորեքդռնի վանքի շրջակայքում: «Չորեքդռնի-վանք Կապանի շրջանում, Խդրանց գյուղի մոտ: Ուներ երեք եկեղեցի, որից երկուսը փլված է, մեկը` կանգուն: Դռան քիվի վրա կար հունարեն արձանագրություն, շրջակայքում` զանազան հուշարձաններ, որոնք չեն ուսումնասիրվել» (Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, IV հատոր): Վանքը չորս մուտք է ունեցել, դրա համար էլ կոչվում է Չորեքդռնի: Ժամանակին այն ոչ միայն կրթական, հոգեւոր, մշակութային կենտրոն է եղել, այլեւ ունեցել է ռազմական, ստրատեգիական նշանակություն` շնորհիվ ճիշտ ընտրված դիրքի: Տեղանքը բարձրադիր է, գեղատեսիլ բնության գրկում, լեռնային գյուղի ամենաբարձր գագաթն է: Այդտեղից չորս քաղցրահամ աղբյուր է բխում: Այս երեւույթն ասես առեղծված լինի, որովհետեւ` այդտեղից վերեւ աղբյուրները սնուցող լեռներ չկան: Աղբյուրներից մեկը վանքից մոտ 100մ հեռավորության վրա գտնվող բացատում է: Գյուղացիներն այն անվանում են Խաչի նավ, քանզի ջուրը թափվում է տապանի ձեւ ունեցող ավազան: Տարիների ընթացքում ավազանի ստորին մասը քայքայվել է, կորցրել նախնական ձեւը, բայց վերին հատվածի սրբատաշ քարերը, խաչքարերը պահպանվել են: Աղբյուրը երբեւէ չի ցամաքել դարերի ընթացքում: Ջուրն անզուգական համ ունի: Ամռանն ավելի է սառչում, ձմռանը տաքանում է: Գյուղացիների համար ինչպես սրբավայրն է զորավոր, այնպես էլ աղբյուրի ջուրը: Ամենադժվարամարս ուտելիքի վրայից էլ խմես այդ ջրից` կերածդ դյուրությամբ կմարսես: Հնում հարեւան գյուղերից գալիս, ջուր էին տանում աղբյուրից եւ շաղ տալիս իրենց արտերին, որ բարեբեր լինեն արտերը, չոչնչանան երաշտից, մորեխներից, հիվանդություններից: Աղբյուրի վաղեմությունը, ակունքի առեղծվածը, ջրի բուժիչ օգտակարությունը հանելուկ են անգամ մերօրյա մարդու համար: Մի վեհ անդորր է թագավորում սրբավայրի շրջակայքում: Հանգստավետ լռությունը եւ կուսական բնությունը տանում են այցելուին մի աշխարհ, որտեղ միաձուլվում են աշխարհիկ եւ հոգեւոր գեղեցկությունը` որպես տիեզերական սքանչացում` մոռացնելով աշխարհի ունայնությունն ու մեղքը:

Հետագայում, երբ գյուղի բնակչությունը տեղափոխվեց այժմյան բնակատեղի, Չորեքդռնին աստիճանաբար կորցրեց կրթական, հոգեւոր-մշակութային նշանակությունը եւ ի վերջո վերածվեց պատմական հուշարձանի ու հինավուրց սրբավայրի, որտեղ մարդիկ մոմ են վառում, զոհ մատուցում Աստծուն եւ ապավինում Սուրբ խաչի զորությանը:

1892թ. գյուղացիների միջոցներով գյուղում կառուցվեց նոր եկեղեցի, որին կից գործում էր նաեւ ծխական դպրոցը: Խորհրդային տարիներին եկեղեցին վերածվեց կոլտնտեսության պահեստի: Հայաստանի անկախացումից հետո գյուղացիները մաքրել են եկեղեցին, մոմ են վառում ու աղոթք անում, բայց մոտ մեկ դար այնտեղ ժամերգություն եւ պատարագ չի հնչել:

Ինչպես հայկական շատ բնակավայրեր, Խդրանցն էլ դարերի ընթացքում բազմաթիվ անգամ ենթարկվել է պարսիկների, թուրքերի, մոնղոլ-թաթարների ասպատակություններին, ավերվել ու թալանվել, բայց մարդիկ կառչել են իրենց քարին, հողին ու ջրին, խոր արմատներ են արձակել հողի մեջ ու կրկին վերընձյուղվել:

1831թ. գյուղում մնացել էր ընդամենը 27 բնակիչ, իսկ 1897թ. բնակչության թիվը հասել էր 391-ի: Հայրենական մեծ պատերազմից առաջ գյուղում կար 75 ընտանիք: Գյուղից 42 տղամարդ է մասնակցել պատերազմին: Գյուղ մտնող ճանապարհի աջ կողմում մի համեստ հուշարձան կա` նվիրված Մեծ հայրենականում զոհված 28 խդրանցցիների հիշատակին:

Այսօր գյուղն ունի 68 բնակիչ, 28 գյուղացիական տնտեսություն: Պարզ, ազնիվ, աշխատասեր մարդիկ են խդրանցցիները` նման բակունցյան հերոսներին: Թեեւ քաղաքի սովորույթներն ու կենցաղը վաղուց թափանցել են գյուղ, սակայն հինը, ավանդականը չի ավերվել: Մարդկանց մեջ պահպանվել են հյուրընկալությունը, դյուրահավատությունն ու մաքրությունը: Դյուրին ու հաճելի է նրանց հետ շփվելն ու զրուցելը: Ժողովրդական բանն ու բառը, հավատալիքները, սովորույթները` այն ամենը, ինչն ազգային տեսակի գրավականն է, անթեղված է հայ գյուղում, իսկ այդ գանձերը վեր հանել եւ պահպանել է պետք. դրանք կարող են կրթել եւ դաստիարակել մի ամբողջ սերունդ ավելի լավ, քան ժամանակակից իրականությունը, հարաբերությունները, տեղեկատվական տեխնոլոգիաները: Այդ փոքրիկ, արտաքուստ արտասովոր ոչինչ չունեցող գյուղը ժամանակին շատերին է գրավել: Տարեց բնակիչ Գառնիկ Գրիգորյանը պատմում է, որ գյուղում եղել է վիպասան Րաֆֆին, այցելել քահանա տեր Հակոբին, ով շատ զարգացած մարդ էր, երկար զրուցել է նրա հետ հենց քահանայի տանը: Գյուղում եղել են նաեւ Դրոն, բազմաթիվ անգամ` Նժդեհը, որի զինակիցներից մեկը` Սամսոնը, հենց Խդրանցից էր, իսկ Նժդեհի վաշտապետ Հարությունը, ով շատ խիզախ մարդ էր, նույնպես Խդրանցից էր: Հետագայում Սամսոնն աքսորվել է Ստալինի օրոք ու չի վերադարձել, իսկ Հարությունն ապրել է մինչեւ խոր ծերություն: Իմ հարցին, թե նրան ինչպե՞ս է հաջողվել փրկվել աքսորից, համագյուղացի Գառնիկ Գրիգորյանն ասում է` Հարությունը ղոչաղ մարդ էր, նրան հեշտ չէր աքսորելը: Իսկ ավելի կոնկրետ` նրան փրկել է չեկայի Աշոտը:

Երբ տարեց գյուղացիներից մեկին հարցնում եմ, թե հե՞շտ են ընդունել կոլեկտիվացումը, պատասխանում է. «Մեր ծնողները միամիտ մարդիկ էին, մտածում էին, որ մեր երկրի համար լավ կլինի. հավասարությունն արդար բան է: Բռնություն չի եղել. ով ինչ կարող էր, կամավոր սկզբունքով տալիս էր կոլխոզին: Գյուղում հարուստներ չկային, բայց վատ էլ չէին ապրում, ամենակարեւորը` հավատ կար ժողովրդի մեջ Աստծու նկատմամբ, ղեկավարության նկատմամբ, միմյանց նկատմամբ: Քանի գնաց, էդ հավատը պակասեց. պատճառը` ուսումն է. ուսումը պիտի մարդու հավատն ամրացնի, ոգեշնչի, բայց հիմա էդպես չի: Նժդեհի մարդիկ մի օր եկան մեր գյուղ, որ քահանային պատժեն, ինչ է թե օղի էր խմում: Քահանան ասաց, «Ճիշտ է, ես բաժակաճառ եմ ասում, խրատ եմ կարդում, ոգեշնչում եմ ժողովրդին, հիմա մեր ունեցածն օղի է, օղիով եմ բաժակաճառ ասում: Թշնամին որ հարձակվում է, կռվից առաջ կարեւոր չէ, թե թասի մեջ ինչ է, կարեւորը ժողովրդի կողքին լինելն է, հայրենասիրության ոգին վառ պահելը»: Ներեցին, ասին` ճիշտ ես ասում. տե՛ր Հակոբ, էդպես էլ շարունակիր:

Բա՜ …ուսումն էդպես պետք է լինի` ժողովրդի կարիքներին, պահանջներին համապատասխան»:

Իմ հարցին, թե խորհրդային կարգերի հաստատումից հետո շա՞տ բան փոխվեց գյուղի բարքերի, ավանդույթների մեջ, զրուցակիցս պատասխանեց. «Փոխվեց, բա չփոխվե՞ց. եկեղեցին որ փակվեց, էդ շատ մեծ կորուստ էր: Լռեցին պատարագն ու ժամերգությունը: Չորեքդռնին ամայացավ: Նախկինում ուխտի էին գնում էնտեղ, անգամ ուրիշ գյուղից գալիս, մատաղ էին անում, շատ հիվանդներ են էնտեղ բուժվել, մեր խաչը շատ զորավոր է, բայց Ստալինի ժամանակներում վախենում էին բացահայտ գնալ սրբավայր: Վախը շատ վատ ուղեկից է մարդուն: Վախը չի թողնի, որ ժողովուրդն իշխանավորին հարգի, սիրի, վստահի: Անգամ Նժդեհի ժամանակ, որ այդքան խիստ մարդ էր, վախ չկար. արդար էր քննում գործը: Մի օր մեր գյուղացիներից մեկի եղբայրը, որ Բաքվում էր ապրում, եկավ մեր գյուղ: Լուր հասավ սպարապետին, թե գյուղը բոլշեւիկ է եկել:

Եկան, կալանավորեցին, բայց գործը քննեցին ու բաց թողեցին: Վաշտապետ Հարությունն էլ երաշխավորեց նրա համար: Իսկ Ստալինի ժամանակ մեկին որ կասկածեին, էլ փրկություն չկար:

Բայց դե երկիրը սովետական կարգերի ժամանակ կառուցվեց: Հավասարություն կար, աշխատանք կար, ապրուստը հեշտ էր: Հիմա շատ դժվար ա… Հալբաթ մի լույս կբացվի», – հայացքը հինավուրց սրբավայրին հառելով` ասում է զրուցակիցս: Իսկ սրբավայրը` Չորեքդռնին, գյուղացիների գոյության խարիսխն է, անցյալի վկան, ապագայի երաշխիքը: Դժվար պահերին ապավինել են խաչի զորությանը, օգնություն խնդրել նրանից, հաջողության պահերին չեն մոռացել իրենց գոհությունը մատուցել, մատաղ անել եւ փառք տալ երիցս զորավոր խաչին: Այդպես են ապրել մեր նախնիները, պապերը, հայրերը:

Արտագաղթը չի շրջանցել Խդրանցը: Գյուղի 28 ընտանիքից չկա մեկը, որի զավակները Հայաստանից դուրս չգտնվեն: Ծնողներն ասում են` գնացել են աշխատանք գտնելու, բայց էնտեղ էլ հեշտ չէ: Օտար հողում մարդ չի կարող խոր արմատ գցել. շատերն առողջությունն են կորցնում, շատերը` ազատությունը, շատերն օտարվում են մեր սովորույթներից:

Մի ուրիշ տարեց գյուղացի ասում է. «Ես որ Ռուսաստանից եկած իմ թոռանն ասում եմ «մատաղ նիմ քեզ, ջանեդ մատաղ», զարմացած ինձ է նայում, ինչքան էլ տանը հայերեն սովորեցնեն, միեւնույն է, օտարվում են: Պատերազմի ժամանակ մնացին, գյուղը պահեցին, պատերազմից հետո տեսան, որ չեն կարողանում աշխատանք գտնել, թողեցին, գնացին: Վախենամ, թե շատերը հետ չգան. գյուղը կամայանա. շատ մեծ ցավա»:

Իսկապես, ի՜նչ դժվարությամբ պահեցին գյուղն Արցախյան պատերազմի ժամանակ: Հիշում եմ, հայրս այդ տարիներին գյուղի համայնքի ղեկավարն էր. ոչ մի ընտանիք, ոչ մի երիտասարդ չլքեց գյուղը, մեր տունն ավերվեց հրետակոծության հետեւանքով, բայց չհուսահատվեցինք, հայրս կարճ ժամանակում վերակառուցեց: Շուրջ երեսուն կամավորական էր մնում ու կերակրվում մեր տանը: Տանը եղած բենզինն ու դիզվառելիքը, տեխնիկան, ամեն ինչ հայրս տրամադրել էր դիրքը պաշտպանող զինվորներին, նույն կերպով էին վարվել բոլոր գյուղացիները:

Ինչ-որ ընդհանուր կապ եմ տեսնում այդ օրերի եւ «Ի՜նչ ուրախ գիշեր էր» պատմվածքի միջեւ: Այսօր շա՜տ ենք հեռացել այդ օրերից, թվում է` ոչ թե գյուղացիներն են լքել գյուղը, այլ ինչ-որ ավելի վեհ բան` գեղջական հավա՞տը , մաքրությունը կամ պարզությո՞ւնը, թե՞ մարդկային ոգին:

Ավելի լավ է մտածել` հալբաթ մի լույս կբացվի:

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57