Աշոտ Մինասյան. «Մենք կկռվենք նաեւ մեր զոհված ընկերների փոխարեն»

07.04.2016 11:25
6714

Ապրիլի 6-ին Սիսիանի ու մերձակա գյուղերի հազարավոր բնակիչներ հրաժեշտ տվեցին Արցախյան վերսկսված պատերազմում զոհված սիսիանցի յոթ ազատամարտիկից հինգին՝ նրանց հողին հանձնելով քաղաքի սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մերձակայքում գտնվող պանթեոնում, որտեղ հանգչում են Արցախյան հերսամարտում նահատակված սիսիանցիներ:
Մարտական ընկերներին վերջին հրաժեշտը տալու համար ռազմաճակատից Սիսիան էր վերադարձել տեղի ջոկատի հրամանատար, հռչականուն Աշոտ Մինասյանը, ում հետ հասցրեցինք մտքեր փոխանակել:

***

- Պարոն Մինասյան, նախ ցավակցում ենք Ձեզ, ջոկատի անդամներին՝ մարտական ընկերների կորստյան առիթով:

Քանի՞ զոհ եւ վիրավոր ունենք ջոկատից:

- Յոթ զոհ… Երեկ Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում վեցի հոգեհանգիստն էր: Էդուարդ Ալեքսանյանի աճյունն այդ ժամանակ դեռ տեղափոխված չէր Սիսիան. Երեւանում մահացավ, տարել էինք փրկելու հույսով:

Վիրավորվածներից երեքի վիճակը ծանր է:

- Տեսնում ենք Ձեր հոգեվիճակը, բայց թույլ տվեք, այնուամենայնիվ, ընդհանուր գծերով պարզել միջադեպի հանգամանքները, որովհետեւ մարդկանց առաջին հերթին դա է հետաքրքրում:

- Դեպքը տեղի ունեցավ ապրիլի 4-ին ժամը 13-ի սահմաններում, Թալիշ գյուղի սկզբնամասում՝ հրամանատարական կետից մոտ 150 մ արեւելք: Սիսիանի ջոկատն էր, Կապանի ջոկատի մի մասն էլ մեզ հետ էր. նույն վայրում էինք տեղաբաշխված: Շենքի մերձակայքում մեքենաներ էին, զինտեխնիկա: Սիսիանի ջոկատից մի քանի հոգի եւ Կապանի ջոկատից Գագիկ Փարսադանյանն ընդմիջում էին անում դրսում՝ շենքի բակում՝ շենքի եւ մեքենաների արանքում: Ջոկատի մյուս մասի հետ ես զննում էի ճանապարհի երկարությամբ ձգվող ձորը, մոտակա տեղանքը…

Մինչ այդ մենք գործ չէինք ունեցել թռչող անօդաչու սարքավորումների հետ, բայց թույլ լսելի տզզոցից հասկանալի դարձավ, որ տարածքի հորիզոնում թռչող սարք է պտտվում, որը սովորաբար տեսանելի չի լինում կամ գրեթե տեսանելի չի լինում:

Քիչ անց՝ մոտ 500 մետր բարձրության վրա, տեսանք թռչող սարքը, կրակ բացեցինք, ինքս էլ գնդացրով փորձեցի ոչնչացնել սարքը: Մի պահ թվաց, թե վնասվել է այն, քանի որ պտտվելով, սրընթաց իջնում էր՝ վայր ընկնելու տպավորություն թողնելով: Սակայն վայրկյաններ անց բացվեցին սարքի թեւերը, եւ այն մխրճվեց ուղիղ այնտեղ, որտեղ տղաներն ընդմիջում էին անում…

Մինչ այդ Ախլաթյանի գյուղապետ Արմեն Բեգլարյանի միջոցով իմ հրամանը շտապ փոխանցեցի այնտեղ նստածներին՝ անմիջապես ցրվել, բայց տղաները չհասցրին…

Պայթյունն այնքան ուժգին էր, առաջացած ալիքն այնքան հզոր էր, որ ոմանք անմիջապես տեղում մնացին, իսկ մյուսներն ուղղակի շպրտվեցին…

Այդ ամենն իմ աչքի առաջ էր կատարվում, սոսկալի տեսարան էր…

Ռմբակոծությունը կարող էր ավելի շատ մարդկանց կյանք խլել, բայց շենքը, մեքենաները, կարծեք, առաջացած ալիքի հզորությունն իրենց վրա վերցրին:

- Արդյո՞ք հնարավոր չէր ցրվելու հրամանը տղաներին ավելի շուտ տալ. նման հարց, անկեղծ լինենք, շատերն են հնչեցնում:

- Իհարկե հնարավոր չէր, քանի որ թռչող անօդաչու սարքը տեսանելի է լինում միայն պարզկա երկնքի պարագայում, իսկ մշուշի առկայության դեպքում միայն թույլ տզզոցից կարելի է գուշակել, իմանալ: Այն պահին, երբ արդեն տեսանելի դարձավ թռչող սարքը, ես ցրվելու հրաման տվեցի եւ կրակ բացեցի…

Դրանից քիչ առաջ էլ մի ուրիշ անօդաչու հարվածել էր մեզանից մոտ 150-200 մ հեռավորության վրա տեղաբաշխված (բարձունքում գտնվող) հրամանատարական կետի վրա:

- Իսկ շտապ բուժօգնության դեպքում հնարավո՞ր կլիներ նրանց կյանքը փրկել:

- Ամեն ինչ, կրկնում եմ, տեղի ունեցավ վայրկյանների ընթացքում, եւ պայթյունն այնքան ուժգին էր, հարվածի ալիքն այնքան հզոր էր, որ ամեն ինչ ավարտվեց տեղում ու անմիջապես:

- Վերադառնանք սկիզբ. Սյունիքի գումարտակը Գորիսից ճանապարհվեց ապրիլի 3-ին, ժամը 19:30-ին: Հետո՞:

- Բարեհաջող տեղ հասանք, մեզ դիմավորեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Դրանից անմիջապես հետո գումարտակը բաժանվեց երկու մասի, եւ շարժվեցինք Մարտակերտի շրջան՝ Գորիսի, Քաջարանի, Մեղրու ջոկատները մեկ ուղղությամբ, Կապանն ու Սիսիանը՝ այլ ուղղությամբ:

- Հիմա որտե՞ղ է Սիսիանի ջոկատը:

- Մատաղիսի մերձակայքում է, ինձ փոխարինում է գնդապետ Արայիկ Վարդանյանը, տղաներին հողին հանձնելուց հետո, նոր համալրումով, կճանապարհվենք առաջնագիծ:

- Ջոկատում տիրող տրամադրության մասին չենք ուզում հարցնել, պատկերացնում ենք, թե մարտական ընկերների կորուստն ինչ ճնշող ազդեցություն է ունեցել:

- Իրենց ընկերներին են կորցրել եւ, բնականաբար, խիստ ընկճված են ու մեծ ցավ են ապրում, բայց հուսալքված չեն: Ջոկատի մարտիկներն առաջին օրվա պես տրամադրված են վճռական եւ պատրաստակամ են՝ մինչեւ վերջ կատարելու առաջադրանքը:

Ջոկատում կան նաեւ թեթեւ վնասվածքով տղաներ, ես նրանց առաջարկեցի վերադառնալ Սիսիան, բայց մերժեցին:

Այսօր էլ, ինչպես նշեցի, վերադառնում եմ առաջնագիծ՝ համալրումով՝ միանալու ջոկատին:

Մենք կկռվենք նաեւ մեր զոհված ընկերների փոխարեն:

- Հասցրե՞լ եք հանդիպել զոհվածների հարազատներին, մերձավորներին:

- Չեմ հասցրել, ջոկատի համալրման գործով եմ զբաղված:

- Կցանկանա՞ք որեւէ խոսք փոխանցել զոհված ազատամարտիկների հարազատներին:

- Ցավակցում են նրանց… Ազատամարտիկներից յուրաքանչյուրի կորուստը բոլորիս կորուստն է, մեր ամբողջ ժողովրդի կորուստը:

Նրանք պատերազմի բոհով անցած, թրծված, խիզախ տղաներ էին… Ճիշտ է ասված՝ նրանք չեն զոհվել, նրանք նահատակվել են:

- Ողբերգական պատահարից հետո արդյո՞ք նախկին ոգեւորությամբ մարդիկ ցանկանում են համալրել Սիսիանի ջոկատի կազմը:

- Ցանկացողներն ավելի շատ են, քան կարելի է պատկերացնել: Տասնյակ մարդկանց ստիպված եմ մերժել, թեեւ ինձանից նեղանում են: Ինձ, անկեղծ լինեմ, ավելի շատ ոչ թե քանակն է հետաքրքրում, այլ կամավորականների ֆիզիկական ու մարտական պատրաստվածությունը:

Ուղղակի մի իրողություն կա, որ հպարտության, նաեւ մտահոգության տեղիք է տալիս. առաջնագիծ գնալու պատրաստակամություն նախեւառաջ հայտնում են Արցախյան պատերազմի վետերանները, նրանք, ովքեր 25 տարի առաջ նույնպես առաջին շարքում էին:

Չգիտեմ նույնիսկ՝ լա՞վ է դա, թե՞ վատ:

- Ապրիլի 5-ին կողմերի միջեւ ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն: Ինչպե՞ս են առաջնագծում արձագանքել այդ նորությանը:

- Ես Արցախից վերադարձել եմ ապրիլի լույս 5-ի գիշերը, իսկ կրակը դադարեցվել է այդօրվա ժամը 12-ից: Բայց իմ կարծիքն ունեմ՝ նրանք հրադադարը կօգտագործեն իրենց ուժերը համալրելու եւ մարտական գործողությունները վերսկսելու համար:

Շատ վաղուց նրանց վստահելու, հավատալու հիմքեր չունենք: Մենք պետք է նոր եւ ավելի վճռական գործողությունների պատրաստ լինենք:

- Պարոն Մինասյան, շնորհակալություն զրույցի համար: «Սյունյաց երկրի» ջերմ ողջույններն ու մաղթանքները՝ Սիսիանի հերոսական ջոկատի բոլոր մարտիկներին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆԱՅՆ

Հ.Գ.

Ապրիլի 6-ին ժամը 17-ի սահմաններում կամավորականների երկրորդ խումբը, Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ, Սիսիանից մեկնեց Արցախ:

Այս անգամ եւս նրանց ճանապարհելու համար ԵԿՄ Սիսիանի մասնաճյուղի շենքի բակում հավաքվել էին հարյուրավոր սիսիանցիներ՝ գլխավորությամբ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի:

Պահպանիչ աղոթքով կամավորականներին օրհնեց եւ ռազմաճակատ ճանապարհեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը:

Նրանք կմիանան Սիսիանի ջոկատին, որը թեեւ կորցրել է իր յոթ մարտիկին, բայց շարունակում է ակտիվ գործունեությունն առաջնագծում:

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25