Բարձր իշխանության որոշմանը սպասելիս

16.09.2014 20:29
2436

Դիրքորոշում


Սյունիքը սպասումների մեջ է. մարդիկ սպասում են, թե ով կլինի մարզի նոր ղեկավարը: Միաժամանակ, կարծիքներ են հնչում այս կամ այն թեկնածուի դեմ կամ օգտին: Մեղրու տարածաշրջանից արդեն իսկ հայտնի է Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի դիրքորոշումը: Համընդհանուր այս քննարկումներում հետաքրքիր էր նաեւ Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի դիրքորոշումը, ինչի համար եւ սեպտեմբերի 16-ին զրուցեցինք նրա հետ:


- Պարո՛ն Հովհաննիսյան, այս օրերին քննարկվում է Սյունիքի նոր մարզպետի նշանակման հարցը, եւ տարբեր անուններ են շրջանառվում: Ո՞ւմ կուզենար տեսնել Սյունիքի մարզպետի պաշտոնում Մեղրու քաղաքապետը:

- Այսօր ե՛ւ ՀՀ բարձր իշխանությունը, եւ՛ համայնքի ղեկավարներն ու մարզի բնակիչներն անձի խնդիր չէ, որ պետք է լուծեն. ինքս ցանկանում եմ մարզի ղեկավարի աթոռին տեսնել այն մարդուն, ով համապատասխանում է մարզպետի` շատերիս համար ընդունելի չափանիշներին: Կարծում եմ՝ առաջին հերթին ապագա մարզպետը պետք է ունենա մարտական ոգի, անցած լինի մարտական ճանապարհ: Երկրորդը՝ պետք է լինի գործի հմուտ  կազմակերպիչ, գերազանց տիրապետի մարզի տնտեսությանը եւ ընդհանուր իրավիճակին: Ցամաքային տարածքով Սյունիքը հանրապետության ամենամեծ մարզն է, եւ բավականին ծանրաբեռնված է նրա ղեկավարի աշխատանքը, ուստի մարզպետը պետք է լինի արագ կողմնորոշվող եւ արագ որոշում կայացնող անձնավորություն: Կարծում եմ՝ բոլոր այս հատկանիշներն ունեցող անձը Սուրիկ Խաչատրյանն է:

- Դա միայն Ձեր անձնակա՞ն տեսակետն է, թե՞ մեղրեցիները եւս համամիտ են Ձեզ հետ:

- Քաղաքում, անգամ փոքր աշխատանք կատարելիս, պարտադիր լսում եմ բնակիչների ձայնը, կարեւորում եւ հաշվի առնում նրանց կարծիքը, այնպես որ, մարզի համար նման լուրջ հարցի շուրջ եւս թե՛ քննարկումներ են եղել, թե՛ անհատական զրույցներ. ես արտահայտում եմ համայնքի բնակիչների դիրքորոշումը:

- Պարո՛ն Հովհաննիսյան, ոմանք պնդում են, թե Սուրեն Խաչատրյանը, լինելով մարզպետ, վախի մթնոլորտ էր ստեղծել այստեղ, եւ չի կարելի թույլ տալ, որ այդ մթնոլորտը վերածնվի: Դուք նման մթնոլորտ զգացե՞լ եք նախորդ տարիներին:

- Ես, իհարկե, կխոսեմ զուտ Մեղրու մասին. երկար տարիներ աշխատած լինելով մարզպետ՝ եկեք պատկերացնենք, թե քանի այցելություն կատարած կլինի Մեղրի: Նրա յուրաքանչյուր այցելության արդյունքում համայնքային որեւէ խնդիր է լուծվել: Եթե մեղրեցին կարող է վախենալ մի մարդուց, ով իր խնդիրներին լուծում է տալիս, զարգացնում իր տնտեսությունը, ներեցեք, շատ տարօրինակ է… Իսկ, եթե ավելի լուրջ, կարծում եմ՝ նույնիսկ անհեթեթ է նման հարց քննարկելը:

- 2012-ի ՏԻՄ ընտրության ժամանակ Դուք Սուրեն Խաչատրյանի թեկնածուն չէիք, ավելին՝ ինքը դեմ էր Ձեր թեկնածությանը, բայց քաղաքապետ ընտրվելուց հետո Ձեր համագործակցությունը ստացվեց, ինչպե՞ս դա հաջողվեց:

- Չգիտեմ՝ ինչ ձեւակերպում տամ երեւույթին. կա՛մ դա բարի կամքի դրսեւորում էր պարոն Խաչատրյանի կողմից, կա՛մ հենց նրա աշխատաոճն էր, համենայնդեպս, ընտրվելուց հետո հենց նրա առաջին այցը Մեղրի տպավորիչ էր: Պահանջեց հարցեր բարձրացնել, բնակչության համար կարեւոր եւ լուծման կարիք ունեցող խնդիրներից խոսել. ինձ թվաց՝ առաջին հանդիպման համար սպասվածից ավելի շատ հարցեր բարձրացրի, եւ, անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ դրանց լուծումն իրատեսական է: Բայց, կարճ ժամանակ հետո հասկանալի դարձավ, որ դրանք բոլորը լուծման ուղիներ ունեն: Դե, եթե մարզի ղեկավարն ուներ նման մոտեցում, բարի կամքի դրսեւորում, բնականաբար, ինքս էլ մեր հարաբերությունների մեջ պիտի փորձեի առավելագույնն անել: Եվ, իրոք, քաղաքում բավականին խնդիրներ լուծվեցին: Այնպես որ, Մեղրիում կատարված շատ գործեր կան, որոնց հեղինակը հենց Սուրեն Խաչատրյանն է:

- Վերջին օրերի ծայրահեղ դրսեւորումներից է եւ այն, որ վաղուց՝ տասնյակ տարիներ առաջ Սյունիքից հեռացած մարդիկ կամ անուն ու համբավ չունեցող անհատներ իրենց իրավունք են վերապահում Սյունիքի ու սյունեցիների անունից կարծիք հայտնել: Որքանո՞վ է դա բարոյական ու տրամաբանական:

- Պատահական չէ, որ ինքս ինձ իրավունք եմ վերապահում խոսել միայն մեղրեցիների, այլ ոչ բոլոր սյունեցիների անունից. մեղրեցիներն են ինձ ընտրել: Եթե Սյունիքում չեն բնակվում, Սյունիքի դարդուցավով չեն ապրում, ապա նման պահվածքը տարօրինակ է: Թող գան ու ապրեն այստեղ, կիսեն մեր հոգսերը: Իհարկե, ցակացած հարցում ընդունելի են այլակարծությունը, կարծիքների բախումը, տարբեր տեսակետները: Այդ բախման ընթացքում է ծնվում առողջ միտքը: Բայց անընդունելի է, որ կարծիք են հայտնում մարդիկ, ովքեր մարզում  չեն բնակվում կամ ապրում են մարզում, բայց խոսում են հազարավորների անունից:

- Սուրեն Խաչատրյանի մարզպետ լինել-չլինելու հարցը քննարկելիս նրա ընդդիմախոսներն  առանձնապես հիշեցնում են 2013թ. հունիսի 1-ի միջադեպը. ինչպե՞ս եք վերաբերվում այդ երեւույթին:

- ՀՀ-ում կա բավականին վաղուց կայացած դատաիրավական համակարգ: Եվ կարծում եմ, որ նման հարցերում գնահատական պիտի տանք ոչ թե մենք, այլ համապատասխան մարմինները:

- Իսկ մարզպետ նշանակելիս՝ ՀՀ բարձր իշխանությունը պետք է հաշվի առնի՞ Սյունիքում բնակվողների, տեղական ինքնակառավարման մարմինների կարծիքը:

- Գիտեք, ես չեմ կարծում, թե այս հարցում իշխանությունները կարող են սխալվել: Հարցը ձգձգվում է, սեպտեմբերի 4-ից հետո մարզը ղեկավար չունի, եւ ինչքան երկար տեւի փնտրտուքը,  կարծում եմ՝ սխալվելու հավանականությունը կնվազի:

- Դուք աշխատել եք Սուրեն Խաչատրյան մարզպետի հետ, ինչպիսի՞ հատկանիշներով ու բնավորության գծերով կբնութագրեք նրան՝ աշխատանքային հարաբերություններում:

- Ես, իհարկե, հայոց լեզվի մասնագետ չեմ, բայց բառեր ընտրելիս պետք է զգույշ լինենք. այսօր որոշ լրագրողներ նրա մասին խոսելիս գործածում են բառեր, որոնցով չի կարելի բնութագրել Սուրեն Խաչատրյանին: Իրականում Սուրեն Խաչատրյանը խիստ, խստապահանջ, աշխատանքի նկատմամբ հետեւողական մարդ է: Իմ ապրած տարիների փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր աշխատասեր մարդ ունի նման բնութագիր, անգամ, եթե մարդը ղեկավար չէ, հողագործ է. հապա մի փորձիր հողագործի կողքին երեք րոպե անգործ կանգնել…

- Պարո՛ն Հովհաննիսյան, այս օրերին բոլորը քննարկում են ապագա մարզպետի նշանակման հարցը, բայց ոչ նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գործունեությունը: Ինչպե՞ս կամփոփեիք Վահե Հակոբյանի մարզպետության մեկ տարին:

- Նախեւառաջ, առիթից օգտվելով, թույլ տվեք շնորհավորել Վահե Հակոբյանին` նոր պաշտոն ստանալու կապակցությամբ, նաեւ շնորհակալություն հայտնել նրան եւ առհասարակ Հակոբյան գերդաստանին` երկար տարիներ Մեղրիում եւ ընդհանրապես մարզում կատարած աշխատանքների համար:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34