Բնունիսում էինք. այնտեղ էին առաջինը նկատել Սյունիք ներթափանցած ադրբեջանցի զինվորներին

20.04.2023 15:08
678

Ինչպես արդեն հաղորդել ենք, ապրիլի 17-ին մեր ստեղծագործական խումբը Բնունիսում էր. այնտեղ էին ապրիլի 10-ին առաջինը նկատել Սյունիք ներթափանցած ադրբեջանցի զինվորներին: Նպատակ ունեինք ծանոթանալ գյուղի կացությանը, մարդկանց տրամադրությանը, տարածաշրջանի անվտանգային համակարգի բարեկարգմանը միտված քայլերին...

Մեր այցը համընկավ ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանի շրջագայությանը, և միասին այցելեցինք գյուղի հիմնական դպրոց, նախադպրոցական ուսումնական հաստատություն, հանդիպումներ ունեցանք երեխաների, մանկավարժների, մյուս գյուղաբնակների հետ:

Ավելի ուշ, երբ պատգամավորը մեկնեց Աշոտավան, մենք այցելեցինք գյուղի մերձակա բարձունքներ, նաև գյուղի սրբավայրեր:

Անշուշտ, սույն հրապարակմամբ կներկայացնենք բնունիսցիների մտածումներն ապրիլի 10-ից հետո գյուղում ստեղծված վիճակի մասին: Մինչ այդ, սակայն, պատշաճ ենք համարում մի քանի տեղեկություն հայտնել գյուղի անցյալի ու ներկայի մասին, որը հնարավորություն կտա ավելի լավ ճանաչել Սյունիքի արևմտյան սահմանները պաշտպանող գյուղերից  մեկին:

***

Սյունյաց աշխարհի հնագույն և նշանավոր գյուղերից է Բնունիսը՝ Սիսիան քաղաքից 12 կմ հեռավորությամբ, Լաստ լեռան հյուսիսային կողմում, արևելյան եզերքով Որոտանի աջակողմյա վտակ Սիսիանի օժանդակ Այրի գետն է հոսում՝ Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից սկիզբ առնող...

Սյունյաց աշխարհի տիեզերահռչակ պատմիչը՝ Ստեփանոս Օրբելյանը, գյուղը հիշում է Բնունիք անվամբ: Տաթևի վանքի մայր տաճարի նավակատիքի ժամանակ (906 թ.) Սյունյաց գահերեց իշխան Աշոտը Ծղուկ գավառի Բնունիքն ընծայում է վանքին: Ըստ հին սահմանվածի՝ 6 չափ հարկ էր վճարում Տաթևի վանքին:

Գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Ամենանշանավորը, կարելի է ասել, գյուղի 13-րդ դարասկզբի իշխան Օրբելիի մահարձանն է՝ գերեզմանատանը մինչև հիմա պահպանված:

Ըստ Հայր Ալիշանի՝ ոմն Մարտիրոս ԺԳ դարում (իբրև ժառանգություն) ստանում է Բնունիս և Կիրակոսիկ (ներկայումս՝ Աշոտավան) գյուղերը: Նա է որդու՝ Մեծ իշխանի կարգավիճակ ունեցող Օրբելու արձանը կառուցել տվել: Օրբելու մահվանից հետո գյուղը նորից նվիրաբերվել է Տաթևի վանքին:

Օրբելու մահարձանին, որ յուրօրինակ խաչքար-կոթող է, կա չորս արձանագրություն՝ ներկայումս մեծամասամբ եղծված, բայց Սյունյաց աշխարհի երախտավոր Սեդրակ Բարխուդարյանը ժամանակին վերծանել է արձանագրությունները և զետեղել «Դիվան հայ վիմագրության» պրակի 2-րդ հատորում:

Դամբարանի առաջ և շուրջը կան գերեզմաններ. տապանաքարերից մեկի վրա մարդու պատկերի հետ միասին քանդակված են բլիթներ: Մեծ հայագետ Երվանդ Լալայանի կարծիքով (19-րդ դարավերջին նա եղել է Բնունիսում)՝ բլիթներն արտացոլում են ննջեցյալի հյուրասիրությունը, որը հատուկ է այդ կողմերի մարդկանց:

Գերեզմաններից մեկն էլ, որ ունի «Գրիգորիկ քաջ վարդապետ» տապանագիրը՝ գյուղացիները սուրբ են համարում, և դարեր շարունակ հիվանդներն այդտեղ բժշկության են եկել:

Տապանագրի վերաբերյալ Սեդրակ Բարխուդարյանն այլ կարծիք ունի՝ ոչ թե «Գրիգորիկ քաջ վարդապետ», այլ «Գրիգորիկ քաջ վարպետ», ով (ըստ հնագետի) Օրբելու հուշարձանը կառուցող ճարտարապետն է:

Այդ գյուղից է եղել Զաքարիա վարդապետ Աղամյանը, ով շատ լեզուներ է իմացել, Հայաստանում կաթոլիկություն է քարոզել և հետո Հռոմի Սուրբ Մարիամ Եգիպտացի անվանված եկեղեցում հայերի խոստովանահայր ու հայերեն գրքերի սրբագրիչ եղել: Այնտեղ էլ մահացել է 1688-ին՝ իր ունեցվածքը թողնելով եկեղեցուն: Նրա գերեզմանը մինչև հիմա պահպանվում է:

Զաքարիա վարդապետ Աղամյանին անդրադարձել է նաև Ղևոնդ Ալիշանը:

Պատմական մի փուլում Բնունիսն անկում է ապրել և դարձել անմարդաբնակ:

Ըստ Երվանդ Լալայանի՝ «Արդի Բնունիս գյուղը վերաշինվել է 1866 թվականին, երբ ախլաթյանցիներից նրանք, որոնց հողաբաժինը այդ կողմերումն է ընկել՝ իրենց բնակությունն այդտեղ են տեղափոխել: Բնակիչները բոլորն էլ հայ լուսավորչական են...»:

***

Բնունիսում են ծնվել Խորհրդային Միության հերոս Անդրանիկ Մանուկյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր Անահիտ Միրզաբեկյանը, պատմական գիտությունների դոկտոր Արտաշես Պողոսյանը, գեներալ-մայոր Ռաֆիկ Կարապետյանը, ՀՀ ջրային տնտեսության նախարար Յուրի Ջավադյանը, Սամվել Ավանեսյանը՝ հանրապետությունում ճանաչված սերմնաբույծ՝ հացահատիկային մշակաբույսերի ոլորտում, Արման Բաբաջանյանը՝ մանկաբույժ, պրոֆեսոր:

Բնունիսցիներն ակտիվ մասնակցություն են ունեցել Մեծ հայրենականին, փոքրիկ այդ գյուղը 99 զոհ է տվել պատերազմում: Նրանց հիշատակը հավերժացված է գյուղի դպրոցի մերձակայքում կանգնեցված հուշարձան-կոթողի արևմտյան պատին:

Բնունիսում առանձնահատուկ երախտագիտությամբ են հիշում Արցախյան պատերազմների նահատակներ Գրիգոր Գրիգորյանին (զոհվել է 1993-ին), Գևորգ Բաբաջանյանին (զոհվել է 2020-ին), Գոռ Գասպարյանին (զոհվել է 2020-ին) և Էդիկ Մարգարյանին (զոհվել է 2020-ին):

Նրանցից ծագումով Բնունիսից է միայն Գևորգ Բաբաջանյանը, մյուսներն այլ առնչություններով են կապված գյուղի հետ:

Էդգար Մարգարյանը, օրինակ, ուշագրավ առիթով է մտել գյուղի տարեգրության մեջ: Ասում են՝ Արցախյան վերջին պատերազմից առաջ երազել է Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում տուն ունենալ և այնտեղ  բնակվել: Բայց 44-օրյա պատերազմը կտրեց նրա կյանքի թելը: Մայրը՝ Արսինե Սահակյանը, որոշեց ի կատար ածել նահատակ որդու երազանքը. Բնունիսում ձեռք բերեց տուն և այն կոչեց «Էդգարի տուն», որի դռները բաց են գյուղ այցելող հյուրերի առջև:

Ներկայումս 37 ընտանիք է բնակվում գյուղում՝ 135 բնակչով: Գյուղի վարչական տարածքը 1629 հա է:

Բնունիսի հյուսիսային եզրում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի կառուցման տարեթիվ է համարվում 1879 թվականը, սակայն պատերի մեջ օգտագործված են 14-րդ դարի խաչքարեր, ինչը նշանակում է՝ ներկայիս եկեղեցին վերաշինվել է հին սրբավայրի հիման վրա:

Եկեղեցու ոչ բարվոք վիճակը մտահոգել է ծագումով բնունիսցի Ռոզա Մինասյանին, ով 2016-ից ձեռնամուխ է եղել եկեղեցու հիմնանորոգմանը: 85-ամյա տիկին Ռոզան ի վերջո հասել է իր նպատակին՝ հիմնանորոգելով Սուրբ Աստվածածինը (Ռոզա Մինասյանը բնակվում է Երևանում):

Ավելի ուշ սրբազան այդ առաքելությանը միացել է ծագումով մեկ այլ բնունիսցի (ամերիկաբնակ) Հասմիկ Մաթևոսյանը:

Գյուղի տարածքում կան այլ սրբավայրեր ևս, որոնցից ուշագրավ են հատկապես երկու մատուռը:

***

Բնունիսում տիրող վիճակի, բնունիսցիների մտածումների մասին կարելի է պատկերացում կազմել գյուղացիների խոսքերից:

Վլադիմիր Հովհաննիսյան, 1996-2016 թթ. Բնունիսի գյուղապետ

- Ապրիլի 10-ի դեպքը և՛ սպասելի էր, և՛ ոչ: Միշտ մեր գյուղացիներին ասում եմ՝ սահմանապահ ենք, նման դեպքեր կարող են լինել, զգույշ եղեք: 1990-ական թվականներին պատահել են դեպքեր, երբ Նախիջևանի տարածքից անասուններ են անցել մեր կողմը: Մոտավորապես 10 կմ տարածքով սահմանակից ենք Նախիջևանին, բայց այս դեպքը (իր յուրօրինակությամբ) առաջինն էր: Իսկ թե ինչպե՞ս են մոլորվել և հասել այստեղ՝ հարց է, կամ՝ արդյո՞ք մոլորվել են: Այս վերջին իրադարձությունից հետո մարդկանց ասում եմ՝ դռները փակ պահեք, ուշադիր եղեք: Անգամ զգուշացրել եմ գյուղի կանանց՝ եթե շորեր եք կախում՝ ուշադիր եղեք, կարող է ինչ-որ մեկը մտնի՝ շորերը վերցնի ու կերպարանափոխվի:

Բնունիսցիներն անվախ են, սակայն ստեղծված վիճակում որոշակի լարվածություն կա, մարդկանց մեջ հարցեր են առաջանում. ո՞նց եկան, ինչպե՞ս, բա որ հանկարծ մեկին վնասեի՞ն: Բայց միշտ ասում եմ ու կասեմ՝ թուրքից չպետք է վախենալ…

Գյուղում հերթապահություն է իրականացվում, բայց կուզենայի, որ մի քիչ ակտիվացվի, և ոչ միայն գյուղում, այլ սահմանամերձ բոլոր տարածքներում: Սահմանամերձի գյուղացիները նախևառաջ սահմանապահ են, յուրաքանչյուր բնակիչ ավելի լավ գիտի տարածքը, քաղաքից բերված զինվորականը կարող է մոլորվել՝ տեղանքին անծանոթ լինելով: Ուրեմն պետք է գյուղից լավ, ճարպիկ տղաներ լինեն մեր զինվորականների հետ: Կողմնակից եմ, որ գյուղացիներին զենք տրամադրվի, բայց ոչ բոլորին, միայն նրանց, ովքեր ի վիճակի են օգտագործելու, անվախ են, ֆիզիկապես պատրաստ…

Անուշ Բահարյան, Բնունիսի հիմնական դպրոցի տնօրեն

- Բնունիսի հիմնական դպրոցը շահագործման է հանձնվել 2012-ին։ Ունենք 15 աշխատակից՝ մանկավարժական և ուսումնաօժանդակ, 11 աշակերտ։

Ուսուցիչներից երեքը գալիս են Սիսիանից։ Տարիներ շարունակ գալիս էինք տաքսիով, վերադառնում՝ պատահական մեքենաներով։ Մեկ ամիս է՝ երթուղային է աշխատում՝ օրը երեք անգամ, շատ չեն լինում ուղևորները, բայց գործում է:

Երկու տարի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էի։ Այս տարի հունվար ամսին ընտրվել եմ տնօրեն։ 23 տարվա մանկավարժի փորձ ունեմ։ Մասնագիտությամբ բանասեր եմ…

Ապրիլի 10-ին տեղի ունեցածը շատ ցավալի է։ Երբ լսեցինք դեպքի մասին՝ բոլորս շփոթվեցինք, չհավատացինք մեր լսածին, բայց հետո հասկացանք՝ սա է իրականությունը։ Մեզ այդ պահին անվտանգ չէինք զգում։ Կամաց-կամաց հասկացանք, որ պետք է ուժեղ լինել, մեկ բռունցք դառնալ, կշռադատված քայլեր անել…

Դասապրոցեսն անց ենք կացրել սովորականի պես՝ ամեն ինչ ընդունելով այնպես, ինչպես կա: Այսինքն՝ եթե կա խնդիր կամ դժվարություն, ապա պետք է հաղթահարել, պետք է ուժեղ գտնվել։

Ճիշտ է, դպրոցի անվտանգությանը հավելյալ ուշադրություն էինք դարձնում, դպրոցի դուռն էինք փակ պահում (միայն մեկ օր), աշակերտները չգիտեին…

Երբ շփվում ես գյուղացիների հետ, բոլորը նույնն են ասում՝ թող մեզ զենք տան, մենք մեր հողը կպաշտպանենք։ Հիմա ես շատ եմ ուզում, որ կառավարությունը բոլոր ոլորտների խորքային փոփոխությունները մի կողմ թողնի և ամեն ինչ ուղղի բանակի զարգացմանը։ Դա իմ երազանքն է։ Ոչինչ, հողածածկ ճանապարհով կերթևեկենք, էլի թող տրանսպորտ չունենանք, դպրոցների նյութական բազան թող զարգացած չլինի, բայց մեր բանակն ուժեղ լինի։

Տղա ունեմ՝ բանակ պետք է ճանապարհեմ։ Հիմա աշակերտ է, լրիվ երեխա է… Պետք է պետությունն ուժեղ լինի, որ իր զավակներին էլ ուժեղացնի։

Այս տարի դպրոց են հաճախել երկու առաջին դասարանցի, եկող ուսումնական տարում կշատանան՝ կունենանք 5 առաջին դասարանցի։ Մեկ շրջանավարտ ունենք։

Թամարա Հովակիմյան, Բնունիսի դպրոցի պատմության ուսուցչուհի

- Այդ դեպքը բավականին անսպասելի էր գյուղի բնակչության համար, բայց բոլորը գիտակցել են մի բան, որ ահաբեկելու, վախի, սարսափի մթնոլորտ ստեղծելու նպատակով էր այդ ամենը: Եթե ասենք վախ չկա՝ ճիշտ չի լինի, գյուղացիների մեջ կա որոշակի վախ: Այսօր դուռ են կողպում, ներքևի հողամասեր գնալու համար վախի դրսևորումներ են ունենում. եթե թուրքը եկել հասել է Բնունիս, ուրեմն ինչ-որ բան ճիշտ չէ մեր սահմանում, հավատը մի տեսակ փշրվում է …

Ուզում եմ ուժեղ լինենք, վերահսկողություն լինի սահմանին, նաև ներսում: Եթե ամեն մեկն իր գործին լինի, իր ֆունկցիան կատարի՝ խնդիր չենք ունենա: Բայց մեծամասնությունն իր տեղում չէ, արժանավորները չեն զբաղեցնում պաշտոններ: Ես ուզում եմ վերահսկողություն լինի նաև ոստիկանական համակարգում, պետական կառավարման ոլորտում… Երեխաները հարցնում են՝ թուրքն ինչպե՞ս է հասել Բնունիս, ո՞նց է անցել սահմանը, որտեղ էր ոստիկանական համակարգը, երբ նրանք շրջագայում էին մեր տարածաշրջանում, ինչպե՞ս են այդ երկու ազերիները՝ 18-19 տարեկան, հասել մինչև Բնունիս, իսկ հետո Աշոտավան, Կապան...

Գոռ Հովհաննիսյան, Բնունիսի վարչական ղեկավար

- Իրավիճակն այսօր հանգիստ է, խուճապ չկա գյուղում, ամեն մարդ զբաղվում է իր գյուղատնտեսական աշխատանքով, առօրյա գործերով: Համապատասխան մարմիններն էլ խնդրով զբաղվում են առաջին իսկ օրվանից…

Ընտանիքը, որ առաջինն է նկատել ադրբեջանցի զինվորներին, նույնպես նորմալ վիճակում է: Ադրբեջանցի զինվորները տուն չեն մտել, դուռն են ծեծել, տան տիկինը բացել է դուռը, տեսել, որ անծանոթ մարդիկ են, նորից դուռը փակել է: Հետագայում համացանցում սխալ նկարներ էին տարածվել, լրիվ ուրիշ բնակչի նկար: Աշոտավանում են տուն մտել: Մենք անմիջապես իմացել ենք՝ ինչ է կատարվել, տեղեկացրել ենք իրավապահ մարմիններին, սակայն այստեղ ազերիներին չենք հայտնաբերել: Երկուսով են եղել, մեկը դուռն է ծեծել, մյուսը մի քիչ հեռու էր կանգնել:

Մեր կարծիքով՝ գյուղի ներքևի մասով եկած կլինեն, որովհետև նրանց ծեծած դուռը հենց առաջին տան դուռն էր: Գյուղի ընդհանուր տարածքը նայել ենք, հետքեր չենք գտել…

Վստահում ենք մեր ուժայիններին, բայց մենք նույնպես կցանկանայինք զենք ունենալ. այդպես ավելի անվտանգ կլինենք: Գյուղում կան տդամարդիկ, ովքեր գիտեն՝ ինչպես զենքը կիրառել…

Ապրիլի 10-ի դեպքից հետո գիշերը հերթապահում ենք գյուղում, շրջում մերձակա տարածքներում…

***

Բնունիսից հեռացանք չափազանց դրական լիցքերով:

Չէր կարելի չնկատել մարդկանց նվիրվածությունը հայրենի եզերքին, նորահայտ մարտահրավերներին դիմակայելու վճռականությունը, սթափ մտածելակերպը:

Ուշագրավ էին և ոգևորիչ գյուղի 20 տարվա (նախկին) ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանի՝ ավագին պատշաճող վարքագիծը, ուսուցչուհի Թամար Հովակիմյանի՝ առկա խնդիրները հավասարակշռված և համարձակ դիտարկելու կարողությունը:

Առանձնահատուկ հարգանքի արժանի են գյուղի վարչական ղեկավար Գոռ Հովհաննիսյանը (իր աշխատակազմով), հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Բահարյանը, ՆՈՒՀ-ի տնօրեն Լիլիթ Սողոմոնյանը և շատ շատերը...

Չէր կարելի չնկատել դպրոցի և մանկապարտեզի մաքուր, տրամադրող վիճակը, բարձրաճաշակ ձևավորումը, ցուցադրանքի թեմատիկ (ազգային-հայրենասիրական) ուղղվածությունը:

Անհնար էր հուզմունք չապրել 2-րդ դասարանցի Դավիթին լսելուց. ի՜նչ հպարտությամբ էր արտասանում հայոց այբուբենը...

Հ.Գ.

Նորօրյա Բնունիսը նաև խնդիրներ ու հոգսեր ունի: Մեր կարծիքով՝ դրանցից ամենակարևորը (անվտանգությանն առնչվող հարցերի հետ մեկտեղ) ժողովրդագրական վիճակն է: Միայն մեկ փաստ՝ 15 երիտասարդ, ովքեր վաղուց են հասել ամուսնանալու տարիքին, չեն շտապում ամուսնանալ և ընտանիք կազմել: Նրանցից յուրաքանչյուրը հավանաբար իր պատճառներն ունի, բայց կա ընդհանրական մի հանգամանք, որ ամուսնությունն ու ընտանիք ձևավորելը հետին պլան է մղում՝  սոցիալական վիճակն է՝ իր բազմաթիվ բաղադրիչներով:

Ցավոք, այդ երևույթը նկատում ենք մարզի լեռնային ու սահմանամերձ այլ գյուղերում նույնպես:

Խնդիրը և առհասարակ Սյունիքում իրականացվող՝ երիտասարդությանը միտված քաղաքականությունը (եթե, իհարկե, նման քաղաքականություն վարվում է) հիմնովին վերանայելու կարիք ունենք:

Բնունիսում, այդուհանդերձ, այդ սառույցը կարող է կոտրել գյուղի վարչական ղեկավար Գոռ Հովհաննիսյանը, ով հրաշալի մի երիտասարդ է, ճանաչված ու վաստակաշատ ընտանիքի զավակ: Իսկ մենք խոստացանք՝ «Սյունյաց երկրի» ամբողջ խմբագրակազմով մասնակցել նրա հարսանիքին...

Սամվել Ալեքսանյան

17 ապրիլի 2023 թ.

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03