Բնության և մարդու ներդաշնակությունը Լորիկ Մինասյանի արվեստում

12.06.2024 12:54
887

Գեղանկարիչ Լորիկ Մինասյանի՝ օրերս բացված անհատական ցուցահանդեսը խորագրված է «Մարդու և բնության ներդաշնակությունը»։ Տեղեկացված լինելով Լորիկի արվեստից՝ այս խորագիրը կվերաձևակերպեի՝ «Աստծո որոնումը մարդու և բնության ներդաշնությամբ»։ Իհարկե, ցուցադրված շուրջ քառասունհինգ կտավները հայոց բնության հանդեպ սիրո արտահայտություն են՝ արվեստային բարձրորակ կատարումներով, գունային հանդարտ թախծությունից մինչև վառ երանգների խտությամբ, ընդգծուն նուրբ - քնարական տրամադրությամբ եղանակներով, սյունյաց սոսիների պուրակի խորհրդավորությամբ, հայկական լեռնաշխարհի խստությունը մեղմող՝ խաղաղորեն տարածված բնակավայրերի վրձնումով, ժայռերից, ասես, խոյացող, բնությանը նույնքան ներդաշն մեր հինավուրց ձեռակերտ տաճարների պատկերներով։ Հայաստանի բնության թանգարանում ցուցադրված կտավները նաև ճանաչողական նշանակություն ունեն այցելուների համար, քանի որ Լ․ Մինասյանի արվեստը հնարավորություն է մտովի շրջելու Հայաստանի տարբեր վայրերում, ճանաչելու մեր երկիրը՝ իր հազարումի գույնով, հազարումի լեռ ու ծերպով, լեռների փեշերին, լեռների պաշտպանությանն ապավինած գյուղակներով, կենդանի աղոթքներ դարձած վանքերով․․․ Քառասունհինգ գործը բավարար չէ Լորիկի արվեստի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար, բայց և ակնարկ է, թե ի՛նչ կերպ է ստեղծագործում, ի՛նչ ձեռագիր ունի, ինչի՛ց է խոսում և խորհում, ինչպիսին են նրա երազները, և ինչ նոր միտումներ են ուրվագծվում իր նկարչությունում։ «Հաղպատ» և «Տաթև», «Հալիձոր» և «Վահանավանք», «Դադիվանք» և «Այրիվանք»,- այս և մնացյալ վանքանկարները մեր միջնադարյան ճարտարապետական կոթողների զուտ գեղանկարչական արձանագրումներ չեն, այլ բնապաշտության ու հայրենանվիրության արտահայտություններ, որոնց հիմքում նկարչի ներքին ապրումն ու Աստծո որոնումն է։

 

Լորիկը նաև քանդակագործ է։ Ենթադրում եմ՝ իր ձգտումը դեպի քանդակագործություն բխում է իր ծագումից։ Ծագումով Սյունյաց աշխարհից է՝ շիկահողցի․ նրա նախնիները բրուտագործներ են եղել, և հավանաբար, արյան հիշողությունն է նաև մղել իրեն դեպի արվեստը։ Լորիկի առաջին նշանակալից գործերից է 1990-ին իր ավագ եղբոր՝ գեղանկարիչ և քանդակագործ Բորիկ Մինասյանի համահեղինակությամբ ստեղծված «Մուսա» հարթաքանդակը, որ պահպանվում է Կապանի պատկերասրահում։ Քաջարանում է կանգնեցված քաղաքի 50-ամյակի առթիվ Լորիկ Մինասյանի և Գևորգ Մշեցու համահեղինակությամբ ստեղծված քանդակը։ Քաջարանի «Կենաց ծառ»-ի հեղինակը դարձյալ Լորիկն է։ Ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակը հավերժացնող կոթողի մրցույթի հաղթողն է, Արցախյան առաջին պատերազմի զոհվածների հիշատակին ձոնված հուշակոթող - խաչքարի համահեղինակ և այլն։ Բայց ամենից առավել կարևորում է այն փաստը, որ հեղինակել է Կապան քաղաքի զինանշանը։ Խորին հարգանքով և երախտագիտությամբ է տալիս իր ուսուցիչների՝ Լևոն Կոջոյանի և Ղուկաս Չուբարյանի անունները, որոնց ուսանել և որոնցից արվեստային և մարդկայնության դասեր է քաղել։  Հայկական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետում ուսանելու շրջանը Լորիկի համար ինքնահաստատման և ինքնադրսևորման տարիներ էին։ Հետագայում դասավանդեց Կապանի արվեստի դպրոցում, որպես մեթոդիստ՝ աշխատեց Կապանի Ժամանակակից արվեստի թանգարանում, որպես դիզայներ՝ ՀՀ Գիտությունների ակադեմիայի Կապանի մասնաճյուղի փորձարարական գործարանում։ Միաժամանակ նկարում էր, մասնակցում ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներով հանդես գալիս Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում (2014, 2015, 2019 թվականներին), Մոսկվայում (2017 թ․), 2012 թ. Գարեգին Նժդեհի 125-ամյակի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսում լավագույնն է ճանաչվում նրա «Խուստուփի գարունը» կտավը։

 

Լ․ Մինասյանի վրձնած լեռնագագաթների մեջ առանձնանում է «Խուստուփ»-ը։ Նրանում հորիզոնին մերձ լեռն այնքա՜ն վեհություն ու հզորություն է իրենից արձակում, այնքա՜ն վստահ հանդարտությամբ է փռված նրա փեշերի տակ գյուղակը, և այնքա՜ն լայնակուրծ ես շնչում այն դիտելիս։ Կողքին Դադիվանքը պատկերող կտավն է, «ծերը»՝ կանաչի մեջ խրված, մեր հավերժ անկորույսը, մե՛րը։ Մի քանի շաբաթ առաջ էր, որ Գորիսում նկարչական սիմպոզիումի մասնակիցների հետ վրձնեց ևս մի ժայռանկար։ Ու՞մ ծանոթ չէ Գորիսից դեպի Խնձորեսկ ճանապարհին դարերից հողմավար - ցցուն ժայռախումբը, և սիմպոզիումի մասնակից յուրաքանչյուր նկարիչ իր ձեռագրակերպով և գունաբաշխումներով է պատկերել այն։ Բայց Լորիկը մի անսպասելի կերպար է ներմուծել իր բնանկարում։ Վառ գունախաղով ժայռերի ֆոնին և ներքո՝ մարդկային բնակավայրից վեր՝ թևող երկնավորն է՝ հրեշտակը։ Բնանկարներից բացի Լորիկը հոգևոր թեմաներով շատ կտավներ ունի․ դա ուղղակի սրբանկարչություն չէ, այլ հեղինակային գեղանկարչական մտածումներ են, խոկումներ։ Որտեղի՞ց է բխում աստվածայինի որոնման իր ջանքը։ Անկեղծանում է՝ իր կյանքի ծանր, ողբերգական մի պահի, ծնկի եկած իր արվեստանոցում, դիմել է Երկնքին, խնդրել արձագանքելու իր փնտրումին։ Եվ այդ ժամանակ իր ճակատին լույս է բացվել, լույս, որ, իր զգացողությամբ, Սուրբ հոգին էր, որ սեր էր, կյանքի աղբյուր։ «Այդ պահից էր, որ սկսեցի ճանաչել Աստծուն, ճանաչել մարդուն․․․»,- ասում է նկարիչը։

Հոգևոր թեմաներով նկարչության շարքին եմ դասում Լորիկ Մինասյանի «Կուսանաց վանք»-ը․ Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանքն է՝ թեթև մշուշոտ օրվա թախծության մեջ․․․ Այդ կտավի տպավորությամբ եմ գրում բանաստեղծական տողս․  

Մոխրակապտաթույր միգամածության թավիշ-դյութանքով

Ասես շուրջանակ ճառագայթում է վանքը Կուսանաց,

Մինչ մայրամուտի պայծառ - լուսարար պատարագումով

Հաշտության խոսքով Անտեսն է ասես՝ իբրև հուշարար:

Միտքս մինչ այս պահ սերտած աղոթքի բառը մոռացած՝

Նոր սաղմոսների կնդրուկաբուրվառ հունչն է որոնում՝

Մերձավոր դաշտի գունափոխ խոտի ալեհերությամբ,

Չոր ավշե ճյուղքով ծառի մերկացյալ անօգությունով․․․

 

Հասմիկ Սարգսյան

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08