Բոլթոնի այցը տարածաշրջան. հստակեցվում են խաղի կանոնները

28.10.2018 12:46
1181

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան: Թեպետ այս փուլում այցն իր բնույթով ավելի շատ ճանաչողական էր, ինչի մասին ԱՄՆ պաշտոնյան բազմիցս նշեց իր ելույթներում, Թրամփի վարչակազմի կողմից նման մակարդակով այց նախաձեռնելու փաստը խոսում է տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունն ակտիվացնելու ԱՄՆ մտադրության մասին: Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ մինչ Թրամփի խորհրդական նշանակվելը, Ջոն Բոլթոնը նախկինում ևս իր հոդվածներում և ելույթներում բարձրաձայնել է տարածաշրջանի հանդեպ ԱՄՆ ավելի ակտիվ, նախաձեռնողական քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին:

Ստորև անդրադառնանք ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի՝ երեք երկրներ այցերին՝ յուրաքանչյուրի դեպքում առանձնացնելով հիմնական շեշտադրումները:

Ադրբեջան

Ադրբեջանում ԱՄՆ պաշտոնյան հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի, ինչպես նաև Ադրբեջանի պետական նավթային միության՝ SOCAR-ի ղեկավարին: Հետաքրքրական է, որ, ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, Ադրբեջանում Բոլթոնը հանդիպում չունեցավ երկրի ՊՆ նախարարի հետ: Բացի այդ Հայաստանում ԱՄՆ պաշտոնյան հանդիպեց անվտանգության խորհրդի քարտուղարին, իսկ Վրաստանում՝ ներքին գործերի նախարարին, մինչդեռ Ադրբեջանում այդ ձևաչափերով հանդիպումներ ևս տեղի չունեցան: Ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանում հանդիպումների հիմնական շեշտադրումները վերաբերում էին էներգետիկ ոլորտի համագործակցությանը՝ ընդգծելով հարաբերությունների ռազմավարական լինելու փաստը: Ղարաբաղյան հակամարտության համատեքստում, ԱՄՆ նախագահի խորհրդականը  հիմնականում շեշտադրեց հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը՝ այն կարևորելով ավելի լայն՝ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական հարցերի համատեքստում:

Բավական հետաքրքրական է համեմատել Ադրբեջանում և Հայաստանում Իրանի վերաբերյալ արված հայտարարությունները: Մասնավորապես, եթե Ադրբեջանում քննարկվել է «Թեհրանի գործողությունները զսպելուն ուղղված քայլերը», ապա Հայաստանում այս մասով նման ձևակերպումներ չկան, փոխարենը շեշտվում է հարցի վերաբերյալ հետագա երկխոսության կարևորությունը: Սա, թերևս, փաստում է այն մասին, որ ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, Հայաստանի իշխանություններն այս առումով ԱՄՆ-ին են ներկայացրել իրենց վերապահումները:

Հայաստան

Հայաստան այցի շրջանակներում ԱՄՆ պաշտոնյան հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի, ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների պաշտոնակատարների, ՀՀ Ազգային անվտանգության հարցերով քարտուղարի հետ: ՀՀ այցի շրջանակներում շեշտադրվեց Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացները, որի համատեքստում ԱՄՆ-ը հայտնեց իր լիարժեք աջակցությունը ՀՀ իշխանություններին՝  Հայաստանի հետ հարաբերությունները գնահատելով որպես «առաջնային գերակայություն»: Այս համատեքստում բարձրաձայնվեց երկկողմ փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու, բարձր մակարդակի փոխայցելություններն ավելի հաճախակի դարձնելու  անհրաժեշտությունը:  Փոխշահավետ համագործակցության տեսանկյունից քննարկվեցին ուղղակի ամերիկյան ներդրումներն ավելացնելու հեռանկարները:

Ինչ վերաբերում է մեզ համար գերակա հանդիսացող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, ապա Ջ. Բոլթոնը հայտնեց ԱՄՆ պատրաստակամությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ակտիվ ներգրավվածություն ունենալ կարգավորման գործընթացում:

Վրաստան

Վրաստանում Ջոն Բոլթոնը հանդիպել է երկրի վարչապետին, արտաքին, ներքին, ինչպես նաև պաշտպանության նախարարներին: Ինչպես Հայաստանում, Վրաստանում ևս ԱՄՆ պաշտոնյան շեշտել է ժողովրդավարական գործընթացների շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով Վրաստանում հոկտեմբերի 28-ին նախատեսվող նախագահական ընտրությունները: ԱՄՆ պաշտոնյան Վրաստանը  որակել է պետություն, որի հետ ԱՄՆ-ն ունի «ռազմավարական բարձր կարևորության շահեր»: Բոլթոնի կողմից համագործակցության հիմնական ուղղություններ են դիտարկվել պաշտպանական, անվտանգային և տնտեսական ոլորտները: Անդրադառնալով Վրաստանի՝ ՆԱՏՕ հնարավոր անդամակցությանը՝ Բոլթոնը նշել է, որ այս հարցում ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվել և ինչպես նախկինում, նրանք սպասում են «հարմար ժամանակի»:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ այս փուլում ԱՄՆ պաշտոնյայի այցը տարածաշրջան նպատակ էր հետապնդում հստակեցնելու «խաղի կանոնները». ծանոթանալու տարածաշրջանում ԱՄՆ համար գերակա համարվող հարցերի շուրջ տարածաշրջանի երկրների տեսակետներին, ինչպես նաև ներկայացնելու այդ հարցում ԱՄՆ ունեցած դիրքորոշումները: Հաշվի առնելով ԱՄՆ ներկայիս վարչակարգի տարբեր հարցերի շուրջ, օրինակ Իրանի հետ հարաբերություններ, որդեգրած ավելի կոշտ դիրքորոշումներ, առավել քան տրամաբանական էր, որ ԱՄՆ-ն այդ հարցերի շուրջ տարածաշրջանի երկներից  ունենալու է ավելի բարձր ակնկալիքներ: Տրամաբանական է նաև այն, որ մեկ այցը բավարար չի կարող լինել «խաղի կանոններն» ամբողջությամբ հստակեցնելու համար: Պատահական չէ, որ օրինակ, Հայաստանի պարագայում ԱՄՆ պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը խնդրահարույց հարցերի շուրջ (Իրանի պարագայում Բոլթոնն ինքն է փաստում, որ Հայաստանի և ԱՄՆ միջև հետագա երկխոսությունը շատ կարևոր է լինելու): Ուստի, այս գործընթացը պետք է համարել շարունակական և  հետագայում ևս անհրաժեշտ է լինելու հետևողական երկխոսություն վարել ԱՄՆ-ի հետ՝ հստակեցնելու միմյանց համար խնդրահարույց հարցերը:

Լիանա Հովհաննիսյան

 

 

 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11