Դարի կառույցը՝ «Հյուսիս–հարավ»-ը, նույնպես կյանքի է կոչվում Ազատ Գասպարյանի շինկազմակերպության ակտիվ դերակատարությամբ

12.01.2026 16:37
1231

Այս օրերի Մեղրին շինարարական մի հսկա հրապարակ է հիշեցնում։ Իսկ կառուցման հևքին դեռ Մեղրի չհասած ես առնչվում։

Ճանապարհաշինարարությունն իրականացնող իրանական կազմակերպությունն այս ու այնտեղ բազավորվել է։ Մեծ քանակության շինտեխնիկա ես տեսնում, շինանյութեր, խախտվել է լեռնային տեղանքը, հզոր տեխնիկան ճեղքել է քարափի կուրծքը, հարթեցրել։ Ժամանակ առ ժամանակ պայթեցումներ են լինում։  Մի խոսքով, Մեղրի հասնելիս մեզ ծանոթ որոշ բնապատկերներն այլևս չկան․․․

«Հյուսիս-հարավ» միջանցքային ճանապարհն այստեղով է անցնում, ավելի ստույգ՝ Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհի մի հատվածը, որտեղ շինարարական աշխատանքներ է իրականացնում նաև «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը՝ որպես  ենթակապալառու կազմակերպություն։

Շինհրապարակում էլ հանդիպում ենք ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանին և «Հյուսիս-հարավի» Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքները համակարգող Անդրե Մեջլումյանին, ով նաև ընկերության գլխավոր ճարտարագետն է։

Ընդհանրապես դժվար է պատկերացնել, որ այստեղ գտնվող պտղատու այգիները, մանավանդ Մեղրիում հայտնի գյուղատնտես Յուրի Շամիրիչի օրինակելի այգին, որտեղ բազմիցս եղել ենք, ճաշակել Մեղրիի անուշահամ միրգն ու բանջարեղենը, կարող են  վերածվել շինհրապարակի․․․

Ազատ Գասպարյանը տեղեկացնում է, որ «Հյուսիս-հարավ»-ի շինաշխատանքներում իրենց ընկերությունը ներգրավված է 2024 թվականից։ Այնտեղ, որտեղ  Մեղրիի ճանապարհաշինարարները շինարարություն են իրականացնում, նախատեսված է կառուցել հինգ մեծ հանգույց, որ շինարարների լեզվով  փոխհատումներ են կոչվում, կատարելու են այլ հողային և բետոնային աշխատանքներ։ Նաև խոստովանում է, որ ընկերությունը կամրջաշինության ոլորտում մեծ փորձ չունի, հիմքից մի կամուրջ են կառուցել՝ 18 մետր թռիչքով, մի քանի կամուրջ նորոգել։

Ընկերությանը վստահված հատվածում «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունում 100 շինարար է աշխատում։ Շինտեխնիկայի առումով էլ որևէ խնդիր չունեն։ Դեռ ավելին, վերջին ժամանակներս լրջորեն վերազինվել են՝  ներկրել են «KOMATSU» մակնիշի էքսկավատորներ և բուլդոզերներ, ինքնաթափ մեքենաներ, գլդոններ, փոքր չափի մեքենաներ և էքսկավատորներ։

Այդ ամենում համոզվում ես՝ մի հայացք սահեցնելով շինհրապարակով։

Անդրե Մեջլումյանն էլ որոշ մանրամասներ է հաղորդում։ Նա բարձրագույն կրթություն է ստացել Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ հմտանալով ճանապարհաշինության մեջ։ Թեհրանից տեղափոխվել է Հայաստան, ճանապարհաշինության ոլորտում 20 տարվա փորձ ունի։ Մեկուկես տարի է՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունում է։ Կառուցման տեմպից գոհ է, նաև գոհունակություն է արտահայտում այն  առիթով, որ կամուրջների համար թռիչքային հեծանները տեղում են արտադրում։ Իսկ չորրորդ հանգույցից հետո կառուցվող կամուրջը 240 մ երկարություն է ունենալու, որը «Հյուսիս-հարավ»–ը միացնելու է թունելին։

Այնուամենայնիվ, Ազատ Գասպարյանից փորձում ենք իմանալ, թե ի՞նչն է խոչընդոտում գործին։ Պատասխանում է՝ որոշ էլեկտրական սյուների տեղափոխման խնդիր կա, որ խանգարում են շինարարության ընթացքին։ Նաև հավելում, որ պատասխանատու և աշխատարար գործ են ստանձնել, հավաստիացնում՝ իր ղեկավարած ընկերությանը վստահված  ճանապարհահատվածի կառուցումն ավարտին կհասցնեն 2027 թվականի վերջում։

Հրաժեշտից առաջ էլ փորձում ենք «դավադիր» հարց տալ՝ որքա՞ն կդիմանան իրենց կառուցած ճանապարհային հանգույցները։ Նա էլ տակ չի մնում․ «Սերունդները գալու են ու գնան, այս կամուրջը լինելու է, ասում են՝ 100 տարի հետո բետոնը նոր-նոր սկսում է ամրանալ»։

Հարավն ու հյուսիսը կապող ճանապարհի կարևորությունը ոչ ոք չի կարող թերագնահատել, բայց դրա կառուցումն արդյո՞ք  բնապահպանական խնդիրներ չի՞ առաջացնում։ Այս առումով Ազատ Գասպարյանը նշում է, որ նման խնդիրներ, իհարկե, առաջանալու են, մանավանդ հզոր պայթյուններից հետո, դրանք անխուսափելի են․․․

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Արմինե Մարգարյանի

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12