Դիմեք օմբուդսմենին մարզում

11.10.2014 16:32
1836

2012 թվականից հանրապետությունում բացված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վեց մարզային գրասենյակից երեքը 2014-ի սկզբից վերաբացվել է. կրկին գործում է նաեւ Սյունիքի տարածքային գրասենյակը: Կառույցը զբաղվում է մարզի բնակչության եւ պետական տարբեր ատյանների միջեւ առաջացած հարցերի կարգավորմամբ: Գրասենյակը գործում է Կապանում, բայց սպասարկում է ողջ մարզի բնակչությանը, անհրաժեշտության դեպքում` արագ արձագանքումներով լինում մարզի այլ բնակավայրերում: Այստեղ քաղաքացիական հարցերով եւ քրեական հարցերով մեկական իրավաբան է աշխատում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետ, Սյունիքի տարածաշրջային գրասենյակի քաղաքացիական հարցերով իրավաբան Օկսանա Դավթյանը, ով բացման օրվանից աշխատել է այստեղ, նկատում է, որ ժամանակի ընթացքում զգալի տեղաշարժ կա մարզում իրենց կառույցին դիմողների թվաքանակում. «Իհարկե, մարդկանց մեջ մի այսպիսի հոգեբանական պահ կա. չնայած մարզում գրասենյակ կա, շատերը կարծում են, որ եթե դիմեն ոչ թե մեզ, այլ միանգամից Երեւան, իրենց խնդիրն ավելի արագ ու լավ կլուծվի: Բացատրում ենք, որ միեւնույն է, եթե դիմումատուն Սյունիքից է, նրա բողոքը կրկին մեզ է մակագրվելու»:

Շեշտելով, որ մարդու իրավունքների պաշտպանին դիմելն անվճար է, տիկին Դավթյանը պարզաբանում է. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գրավոր կամ բանավոր (նաեւ հեռախոսազանգով) կարող է դիմել ՄԻՊ-ին, եթե իր իրավունքները խախտել են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձը: Ուրիշի իրավունքների պաշտպանության համար ՄԻՊ-ին կարող են դիմել նաեւ անձի լիազոր ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչները (ծնողներ, որդեգրողներ, հոգաբարձուներ, խնամակալներ), ինչպես նաեւ խնամակալության եւ հոգաբարձության մարմինները: Մեղավորներ ու անմեղներ որոշելու լիազորություն պաշտպանը չունի, մասնավոր ընկերությունների կամ անձանց գործողությունների դեմ կամ մասնավոր կազմակերպության դեմ, ինչպես նաեւ իրավախախտում չպարունակող, անանուն բողոքները չեն քննարկվում: Եթե կան բողոքը պարզաբանող կամ խնդրի լուծմանը նպաստող փաստաթղթեր, քաղաքացին դրանք եւս տրամադրում է գրասենյակին:

«Հաճախ ենք ունենում դեպքեր, երբ քաղաքացին բողոքում է քաղաքացու դեմ, որոնք քննարկելու իրավասություն չունենք: Եթե նման բողոքը բանավոր է, հարցը լուծվում է խորհրդատվությամբ, որը, անկախ հարցի բնույթից, պարտադիր տրամադրում ենք դիմողներին: Եթե վիճող երկու կողմն էլ մասնավոր անձինք են, հավասարապես կարող են ակնկալել պաշտպանի աջակցությունը, սակայն, երբ վիճում են պետական պաշտոնյան ու քաղաքացին, այդ դեպքում միայն քաղաքացին կարող է ակնկալել պաշտպանի աջակցությունը»:

Պաշտպանը չի քննարկում դատարանի վարույթում գտնվող գործերը կամ այն բողոքները, որոնք ենթակա են լուծման միայն դատական կարգով (oրինակ` անձի մեղքը կամ անմեղությունը որոշելը, սեփականության իրավունքով գույքի տիրապետման ճանաչումը, գումարային պահանջների վերաբերյալ վեճերը, անձին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելը եւ այլն), նաեւ այն բողոքները, որոնք ներկայացվել են ավելի ուշ, քան խախտումը թույլ տալուց հետո տրված մեկ տարվա ժամանակահատվածը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հորդորում է քաղաքացիներին` եթե իրենց իրավունքը խախտել է մասնավոր անձ, ապա կախված խախտման բնույթից, պետք է դիմել կա՛մ ոստիկանություն, կա՛մ դատարան, կա՛մ այդ իրավունքը վերականգնելու լիազորություն ունեցող համապատասխան վերադաս մարմնին: Եթե պետական մարմինները չկատարեն իրենց պարտականությունը եւ չբավարարեն քաղաքացու օրինական պահանջը, այդ դեպքում արդեն` ՄԻՊ-ին: Ընդ որում` պաշտպանն արդեն գործ կունենա ոչ թե քաղաքացու իրավունքը խախտած մասնավոր անձի, այլ այն պետական մարմնի հետ, որը պարտավոր էր, բայց չի կատարել դիմողի օրինական պահանջը:

Բողոք-դիմումն ընդունելուց հետո գրասենյակը ուսումնասիրում է այն եւ տասը աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տեղեկացնում դիմումը մերժելու կամ դրա քննարկումը շարունակելու որոշման մասին: Եթե բողոքը ենթակա է քննարկման այլ մարմնի կողմից, պաշտպանը դիմումատուի գրավոր համաձայնությամբ այն 14 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է իրավասու մարմնին:

Գրասենյակում իր աշխատանքային գործունեության ընթացքում նկատելով, որ ՄԻՊ ինստիտուտի հանդեպ մարդկանց վստահությունն ավելանում է, Օ.Դավթյանը նշում է, որ հենց մեր զրույցի պահին իր վարույթում մարզից մոտ 20 գործ կա: Եթե գրասենյակի բացման սկզբում ավելի շատ դիմում էր ավագ սերունդը, հիմա բողոքողների մեջ տարբեր տարիքի ու խավի մարդիկ են. «Դրական ավարտ ունեցած բավականին շատ գործեր ունենք (կապված, օրինակ, քաղաքապետարանի, զինկոմիսարիատի, պոլիկլինիկայի հետ), եւ մարդկանց իրավունքների վերականգնումը նպաստում է այս ինստիտուտի հանդեպ վստահության մեծացմանը»: Իսկ դիմումների մեջ գերակշռում են քաղաքացիական գործերը:

Նշենք, որ քաղաքացու բողոքի վերաբերյալ քննարկման արդյունքները, քննարկման ավարտից հետո, տասնօրյա ժամկետում ուղարկվում են այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են: Վերջինս իր դիրքորոշումն ու պարզաբանումները պետք է ՄԻՊ-ին ուղարկի ուսումնասիրության արդյունքները ստանալուց հետո` տասնհինգ օրվա ընթացքում, եթե պաշտպանը այլ ժամկետ չի սահմանում:

Սյունիքի մարզային գրասենյակի աշխատակիցը պատմում է, որ դիմում են տարաբնույթ հարցերով, բայց մի միտում էլ է նկատում. «Դիմելուց մեկ-երկու օր հետո քաղաքացին կարող է խնդրել իր դիմումին ընթացք չտալ, քանի որ խնդիրը լուծվել է, ու ես միշտ հարցնում եմ դիմումատուին` համապատասխան կառույցում զգուշացրե՞լ եք, որ դիմելու եք ՄԻՊ-ին, բնականաբար` այո… Կարեւոր չէ, թե ինչպես է խնդիրը լուծվում, կարեւորը` քաղաքացին գոհ լինի»: Մեր զրուցակցի պատմելով, հաճախ է պատահում, որ մարդիկ դիմում են այնպիսի հարցերով, որոնք սույն կառույցին չեն վերաբերում, լինում են նաեւ զավեշտալի դեպքեր, երբ մարդկանց թվում է, թե այստեղ իրենք բոլոր խնդիրներին կարող են լուծում տալ:

Իսկ թե միջինը ամսական ինչքան մարդ է Սյունիքից դիմում գրասենյակ, մեր զրուցակիցը չի կարող ասել, քանի որ նման առանձնացված վիճակագրություն մարզերի կտրվածքով չկա, իսկ իրենք աշխատում են հատուկ համակարգչային ծրագրով` ցանցային տարբերակով, եւ կոնկրետ Սյունիքի գրասենյակի վարույթում քննվում են նաեւ մայրաքաղաքից եւ այլ մարզերից ստացված դիմումներ:
Վերջում հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մարզային վեց գրասենյակը գործում էին 2012-ի ապրիլից` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի շրջանակում: 2013-ի դեկտեմբերից մարզերում ՄԻՊ գրասենյակները ժամանակավորապես դադարեցրել էին իրենց գործունեությունը` պայմանավորված ծրագրի ավարտով. ակնկալվում էր կառավարության ֆինանսական աջակցությունը: 2014-ին պետական բյուջեով կառավարությունը հատկացրել է գումար, եւ հանրապետության երեք մարզում` Շիրակում, Գեղարքունիքում եւ Սյունիքում, վերաբացվել են ՄԻՊ-ի գրասենյակները:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Հարցազրույց Կարեն Լազարյանի հետ

05.12.2025 16:43

Արցախի ՄԻՊ-ն ակնկալում է, որ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական ծրագրերը դեկտեմբերին չեն ընդհատվի

05.12.2025 16:30

Փաշինյանը ներկայացուցիչ է գործուղել Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի մշակման համար

05.12.2025 16:00

Հայ պատմաբանը դարձել է «Մեծ hաղթանակի արձագանքը ԱՊՀ տարածքում» մրցանակի դափնեկիր

05.12.2025 15:57

42-ամյա կնոջը սպшնողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

05.12.2025 15:54

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ

05.12.2025 15:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39

ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ «ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»

05.12.2025 12:38

Բաքվում շարունակվել են հայ գերիների պաշտպանների ելույթները

05.12.2025 12:16