Հայտնի կապիտուլյացիայից և դրան հաջորդած ողբերգական իրադարձություններից հետո Սյունիքում միանգամայն նոր իրավիճակ է, որին բնորոշ են անորոշությունը, վաղվա հանդեպ անվստահությունը, անվտանգային ժամանակակից համակարգի բացակայությունը, հայրենասիրական ոգու խամրած վիճակը...
Անորոշության մշուշն ավելի է խտանում, երբ (գրեթե ամեն օր) լսում ենք Ադրբեջանի ղեկավարների սպառնալիքներն ու նկրտումները, երբ սահմանի որոշ հատվածներում թշնամու չդադարող կրակոցներն են անպատասխան մնում, երբ Սյունիքից բռնազավթված տարածքների ուրացումը հրամցվում է իբրև «խաղաղության» առանցքային բաղադրիչ։
Այդ ամենը, սակայն, չի խանգարում, որ մայրաքաղաքի տաքուկ անկյուններում ծվարած-պատսպարված առանձին բիրդան-չինովնիկներ իրենց անլվա ձեռքերը տաքացնեն մեր պրոբլեմների վրա, նաև իրենց անձնական օգուտները քաղեն դրանից...
Ասվածը հավաստող բազում պատմությունների ենք բախվում, որոնցից մեկին (առայժմ մեկին) անդրադառնալը պահանջված համարեցինք, մանավանդ որ տվյալ թեման Սյունիքում և մասնավորապես Գորիսում ամենաքննարկվողներից է։
***
2023 թ․ աշնանը «Գորիսի պրոֆ․ Խ․ Երիցյանի անվան գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղը թափուրվելու շեմին էր։
Տնօրեն Նունե Ավետիսյանը հեռանում էր զբաղեցրած պաշտոնից։
Եվ խնդիր էր առաջացել՝ ո՞վ պետք է փոխարինի հեռացող տնօրենին։
Գործող կարգի 7-րդ կետի համաձայն՝ «․․․ հաստատության տնօրենի թափուր տեղ առաջանալու դեպքում կարող է նշանակվել՝ 1) տնօրենի պարտականությունները կատարող, ով հանդիսանում է տվյալ հաստատության տնօրենի տեղակալ, 2) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ով ունի հավաստագիր»։
Այդ ժամանակ տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր Անժելա Առաքելյանը, ով էլ (ըստ կարգի) պետք է նշանակվեր տնօրենի պարտականությունները կատարող, սակայն․․․
Տնօրեն Նունե Ավետիսյանը պաշտոնից հեռանալուց առաջ տնօրենի տեղակալ (իր տեղակալ) է նշանակում իր իսկ սիրելի հարսին՝ Աննա Տոռոզյանին, ով նույն քոլեջի մանկավարժներից էր։
Այսպիսով՝ ստեղծվում է մի վիճակ, որ գյուղքոլեջի տնօրենը սկեսուրն է, իսկ նրա տեղակալը՝ հարսը։
Հարսին տնօրենի պաշտոնում իր ժառանգորդը դարձնելու համար՝ մինչ այդ, սկեսուրը պետք է ճանապարհ բացեր նրա համար, ասել է՝ տնօրենի տեղակալի աթոռն ազատել-թափուրել ու այն տրամադրել հարսին։
Եվ տնօրենի գործող տեղակալ Անժելա Առաքելյանն ազատվում է իր պարտականություններից (մեզ չհաջողվեց պարզել՝ ի՞նչ հիմքով)։
Արդյունքում՝ Գորիսի գյուղքոլեջում տնօրեն սկեսուրի տեղակալ է նշանակվում հարսը, որպեսզի օրեր անց դառնա տնօրենի պարտականությունները կատարող (այդ ժամանակ հարսը դեռևս հավաստագիր չուներ, որպեսզի նշանակվեր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար)։
Օրեր անց սկեսուրը թողնում է տնօրենի պաշտոնը, և ԿԳՄՍ նախարարությունը սկեսուրի աթոռին նստեցնում է հարսին՝ տնօրենի պարտականությունները կատարողի կարգավիճակով։
Ու անմիջապես Անժելա Առաքելյանին են վերադարձնում տնօրենի տեղակալի աթոռը։
Հրաշալի այս կոմբինացիայի բարեհաջող իրականացման համար (գուցե և այլ արժանիքների ու ծառայությունների դիմաց) ԿԳՄՍ նախարարությունը Նունե Ավետիսյանին պարգևատրում է նախարարության ոսկե մեդալով, որը հանձնելու համար Երևանից քոլեջ է ժամանում այդ ամենի «լիբրետո»-ի համահեղինակներից Կարեն Մանուկյան անուն-ազգանունով չինովնիկը։
Ի դեպ, վերջին մեկ ամսում երկու անգամ գրավոր հարցում է ներկայացվել փոխնախարար Արաքսիա Սվաջյանին՝ այդ ամենը պարզաբանելու խնդրանքով, սակայն տիկինը չի պատասխանել՝ հավանաբար մտածելով, որ ինքն անպատժելիության տիրույթում է ու կարող է չպատասխանել հասարակ մահկանացուներին հետաքրքրող հարցերին։
Ուստի և իրավիճակը ներկայացրինք ըստ գյուղքոլեջի մեր աղբյուրների։
***
Եվ ուրեմն՝ 2023 թ․ հոկտեմբերից Գորիսի գյուղքոլեջը գլխավորում է տնօրենի պարտականություններ կատարողը, ինչը ենթադրում էր տնօրենի ընտրություն ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն։
Այդ ժամանակվանից մինչև ս․թ․ մարտ ամիս վեց անգամ մրցույթ է հայտարարվում քոլեջի տնօրենի թափուր տեղի համար՝
Հարց է, թե ինչո՞ւ 2024 թ․ հուլիսի 12-ից մինչև 2025 թ․ փետրվարի 10-ը (մոտ վեց ամիս) մրցույթ չի հայտարարվել, թեև գործող կարգը հստակ ժամանակ է նշում չկայացած մրցույթից հետո նոր մրցույթ հայտարարելու առումով։
Ինչևէ, վեց անգամ հայտարարված մրցույթի արդյունքում քոլեջի տնօրեն չի ընտրվում։
Ինչո՞ւ։
Պաշտոնական հաղորդագրություններ այդ մասին չկան, իսկ լիազոր մարմնից տեղեկատվություն ստանալու փորձերը (ինչպես նշեցինք) արդյունք չեն տվել։
Ուստի և շարունակում ենք հենվել քոլեջի մեր աղբյուրներից ստացած տեղեկությունների վրա, որի համաձայն ԿԳՄՍ նախարարությունն է (բոլոր դեպքերում) ձախողել տնօրենի ընտրության գործընթացը․ հայտարարում էր մրցույթ՝ օրինական գործընթացի պատրանք ստեղծելով, բայց ամեն ինչ անում էր, որ մրցույթ տեղի չունենա՝ ինչ-որ թաքուն նպատակ հետապնդելով։
Մրցույթների ձախողման ամենապարզունակ և դյուրին եղանակը լիազոր մարմնի ներկայացուցիչ չուղարկելն էր, ինչը և գործածվեց այս դեպքում:
Դարձյալ քոլեջի մեր աղբյուրների վկայությամբ՝ առաջին երեք մրցույթը (27 հոկտեմբերի 2023 թ․, 20 նոյեմբերի 2023 թ․, 27 փետրվարի 2024 թ․,) կազմակերպված ձևով խափանվել է այն պատճառով, որ իրենց սրտի թեկնածուն հավաստագիր չի ունեցել։
2024 թ․ մարտին Աննա Տոռոզյանն արդեն ունեցել է հավաստագիր, սակայն հաջորդած երեք մրցույթը (21 մայիսի 2024 թ., 12 հուլիսի 2024 թ․, 10 փետրվարի 2025 թ․) նույնպես ձախողվել է։
Թե ինչո՞ւ հավաստագիր ունեցող հավակնորդին (ով իրենց սրտի թեկնածուն էր) տնօրեն չեն դարձրել՝ տարբեր կերպ են պարզաբանում քոլեջականները։ Ընդ որում՝ որևէ պարզաբանում չի տեղավորվում գործող կարգից բխող տրամաբանության մեջ։
Մենք, իհարկե, ձեռնպահ ենք մնում այդ վարկածները ներկայացնելուց, սակայն պնդում ենք՝ հանրությունը պետք է իմանա՝ ինչո՞ւ Գորիսի գյուղատնտեսական քոլեջում մեկուկես տարվա ընթացքում չեն ընտրել տնօրեն։
Ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարության (լիազոր մարմնի) ներկայացուցիչը մի քանի դեպքում չի ներկայացել մրցույթին (չե՞ն նշանակել ներկայացուցիչ, թե՞ նշանակել են, բայց չի եկել կամ նրան արգելել են մասնակցել մրցույթին)։
Այնուհետև՝ ովքե՞ր են եղել հավակնորդները հայտարարված վեց մրցույթում։
Մի խոսքով՝ մրցույթների ոդիսականը պարզաբանելու կարիք է առաջացել։ Այո, խաղիկների վերածված մրցույթներից յուրաքանչյուրն ուսումնասիրման կարիք ունի։
Պարզաբանման կարիք ունի այս խառնաշփոթի կազմակերպման գործում փոխնախարար Արաքսիա Սվաջյանի, նախարարության Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանի և այդ վարչության Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանի դերակատարությունը։
***
Սվաջյան Արաքսիայի գլխավորած ոլորտում իրականացված և իրականացվող գորիսյան կոմբինացիայի նոր շերտեր ի հայտ եկան այս ընթացքում...
2025 թ․ փետրվարի 27-ին ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դնում ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ «ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գորիսի պետական քոլեջ» և ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գորիսի պրոֆ․ Խ․ Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով ԿԳՄՍ նախարարության «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ վերակազմակերպելու մասին»։
Առաջին հայացքից թվում է, թե ԿԳՄՍ նախարարությունն այդ քայլով մտահոգված է Գորիսում միջին մասնագիտական կրթության գործի բարելավման խնդրով, սակայն․․․
Գորիսի պետական քոլեջում տեղյակ էին նախորդած իրադարձություններին, ուստի և քոլեջի մոտ հիսուն աշխատակցի ստորագրությամբ դիմում է հղվում ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին, որում մեկնարկած նախաձեռնությունը գնահատվում-որակվում է իբրև հաշվեհարդարի գործընթաց քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի հանդեպ՝ պատվիրված Գորիսի ՔՊ-ական պատգամավորի և Սյունիքի մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորության կողմից։
Այդ դիմումում քոլեջականները պնդում են՝ Կարեն Լազարյանը թիրախավորվել է այն «մեղքի» համար, որ տարիներ շարունակ թույլ չի տվել կրթական հաստատությունը ներքաշել քաղաքական խաղերի մեջ։
Դիմում-գրության պատասխանով Արաքսիա Սվաջյանը փորձել է հերքել, թե նախաձեռնված վերակազմավորման հիմքում քաղաքական պատվեր չկա, բայց նրա պատասխանի պրիմիտիվությունը միայն խղճահարություն է հարուցում փոխնախարարի հանդեպ։
Ուստի և կոլեկտիվն իրեն մտահոգող հարցերով նոր դիմում է հղել ՀՀ վարչապետին ու ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով բարձրացված հարցերի ուսումնասիրությունը հանձնարարել մեկ այլ պաշտոնյայի, քանզի Արաքսիա Սվաջյանի պարզաբանումներն այս կողմերում լուրջ չեն ընդունվում։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև Գորիսի ավագանու մեծամասնությունը՝ մասնավորապես տարակուսելի համարելով անցած հարյուր տարում, նաև ներկայումս Գորիսի տարածաշրջանի համար «բրենդային» նշանակություն ունեցող քոլեջը (մեծահամբավ ուսումնարանը) այդկերպ ասպարեզից դուրս մղելու նախաձեռնությունը։
Իմիջիայլոց, ավագանու ընդգծված մեծամասնության դիրքորոշմանը չի միացել ՔՊ-ական փոքրամասնությունը՝ պատճառ բերելով, թե «վերևում» նպատակահարմար չեն գտնում։ Իսկ Գորիսի ՔՊ-ականների համար «վերև» ասվածը, պարզվում է, հայտնի պատգամավորն է՝ երեկվա իշխող ուժի ուրթից փախած և նոր իշխող ուժի մարգերում թիկն տված, բայց և ճանապարհային ոստիկանության ֆելդֆեբելի «խասյաթից» չձերբազատված, որի սոսկական ներկայությունն ԱԺ-ում՝ մեծագույն անարգանք է հայոց պետականությանը։
Այդ պարոնի մասին՝ ավելի ուշ, իսկ հիմա․․․
Սյունիքի ճակատագրով հետաքրքրված իրավաբանական հանրույթի ներկայացուցիչները սեղանին են դրել ՀՀ կառավարության 2023 թ․ սեպտեմբերի 14-ի №1593-Ն որոշումը՝ ստեղծված իրավիճակին ուղղակիորեն առնչվող. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ․ դեկտեմբերի 25-ի №1494-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»։
Ըստ կառավարության այդ որոշման 3-րդ կետի՝ «Հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթ չի հայտարարվում, եթե տվյալ տարում նախատեսված է հաստատության վերակազմակերպում կամ լուծարում»։
Դրանից բխում է՝ հաստատության տնօրենի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվում, երբ տվյալ տարում նախատեսված չէ հաստատության վերակազմակերպում կամ լուծարում։
Ու երբ առաջնորդվում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կառավարության տվյալ որոշմամբ՝ ապա նշանակում է՝ Գորիսի գյուղատնտեսական քոլեջում 2025 թվականին վերակազմակերպում կամ լուծարում չէր կարող տեղի ունենալ, այլապես 2025 թ․ փետրվարի 10-ին չէր հայտարարվի մրցույթ տվյալ քոլեջի տնօրենի թափուր տեղի համար։
Այդ ամենից կարող ենք եզրակացնել՝ 2025 թվականին նախատեսված չի եղել Գորիսի գյուղքոլեջի վերակազմակերպում, բայց հանկարծ՝ այսրոպեական ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, նախարարությունը շրջանցել է ՀՀ կառավարության 2023 թ․ սեպտեմբերի 14-ի №1593-Ն որոշումը․․․
Այդ ամենը վերլուծելով, սակայն, ավելի է կարևորվում մեկ այլ հարց, այն էլ՝ պետական նշանակության հարց։
Այսպես՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ կառավարության որոշո՞ւմն է կարևոր կամ առաջնահերթ կամ գերադաս, թե՞ Սվաջյան Արաքսիայի, Պողոսյան Արմենուհու և Կարեն Մանուկյանի գորիսյան անձնական հետաքրքրությունները։
Այս հարցի պատասխանը, իհարկե, կարող է տալ միայն ու միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
***
Գորիսում տեղի ունեցած և շարունակվող այս կոմբինացիան ստիպեց մեզ վերստին ընթերցել «կոռուպցիա» բառի բացատրությունը, ինչի համար էլ դիմեցինք նույնիսկ միջազգային մասշտաբով ընդունելի համարվող բառարաններին։ Եվ նորից իմացանք՝ կոռուպցիայի ամենաառաջին և ամենամեծ հատկանիշը հովանավորությունն է։
Անշուշտ, իրավապահ մարմինների լիազորությունն է՝ պարզելու՝ որքանո՞վ է Գորիսի գյուղատնտեսական քոլեջի շուրջ տեղի ունեցածը տեղավորվում կոռուպցիա ասվածի մեջ։
Իսկ մենք, մինչ այդ, չենք կարող թաքցնել մեր տարակուսանքը՝ այդ ի՞նչը ստիպեց Արաքսիա Սվաջյանին ու նրա ենթականերին՝ հետևողականորեն ոտքի տակ տալու պետական կարգավորումները՝ առանձնապես մեծ պահանջարկ ու համբավ չունեցող Գորիսի գյուղքոլեջի տնօրենի ընտրության-նշանակման հարցում։
Այդքանով հանդերձ մեզ մեկ այլ հարց է առավելապես մտահոգում՝ սրա՞նք են հայոց երկրի կրթական գործի կազմակերպիչները, սրա՞նց ենք վստահել մեր երեխաների կրթության և դաստիարակության գործը։
***
Ի դեպ, Գորիսի տարածաշրջանում տարակույսների և զարմանքի մեծ ալիք է առաջացրել նաև փաստը, որ հայոց արևելյան կողմերում մեծ հռչակ ունեցող կուրտիզանուհին նշանակվել է հանրակրթական դպրոցի տնօրեն․․․
Մարդիկ փորձում են հասկանալ՝ ո՞ւմ ձեռքի գործն է դա՝ նախարարությա՞ն, թե՞ մարզպետարանի։
Այդ մասին ավելի հանգամանալից՝ հաջորդիվ։