«ԵՂԲՈՐՍ ԱՆՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ ԲԱՐՁՐ ՊԱՀԵՑԻ»

27.08.2020 12:34
3566

«Հայ զինվոր» հանդեսի վերջին համարներից մեկում լույս է տեսել հակառակորդի դիվերսիան կանխելիս ականի պայթյունից մահացու վիրավորում ստացած և հետմահու «Արիության» մեդալով պարգևատրված ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Հայկ Խաչատրյանի մասին Հրանուշ Սուքիասյանի հոդվածը…

Օրերս ծառայությունը պատվով ավարտել և հայրենի օջախ է վերադարձել   Հայկի եղբայրը` Ղուկասը: «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանները հպարտությամբ կրող երիտասարդը ծառայության տարիներն իր կյանքի ամենակարևոր փուլերից է համարում.

-Շատ գոհ եմ, որ ծառայել եմ բանակում: Չեմ պատկերացնում, որ կյանքիս այս շրջանն ապրած չլինեի: Եթե անգամ երիտասարդին օրենքով հասնում է ծառայությունից ազատվելը, թող անպայման գնա՛, ծառայի՛:

Երբ եկել էր Ղուկասի` ծառայության մեկնելու ժամանակը, ծնողները փորձել էին պարզել` եթե եղբայրներից մեկը զոհվել է, մյուսն իրավունք ունի՞ չծառայելու: Երբ Ղուկասն իմացել էր, շատ էր սրտնեղել. «Ո՞նց կարող էիք նույնիսկ մտքներովդ նման բան անցկացնել: Չփորձե՛ք ինձ պահել. միևնույն է՝ ծառայելու եմ: Պետք է զենք վերցնեմ, կրակել, կռվել սովորեմ, եղբորս վրեժը լուծեմ»:

Շատ էր ուզում Արցախում՝ այն զորամասում ծառայել, որտեղ եղբայրն էր ծառայել: Բայց վիճակահանությամբ այլ զորամաս էր ընկել:

Նռնականետորդ էր Ղուկասը: Ոչ մեկին զորամասում չէր ասել, որ զոհվածի եղբայր է: Գիտեր միայն հրամանատարը: Իսկ զինընկերները միայն ծառայության վերջին ամսին էին իմացել Հայկի մասին՝ «Հայ զինվոր» հանդեսում կարդալով Ղուկասի քաջարի եղբորը նվիրված հոդվածը: Ղուկասն ուրախությամբ ու հպարտությամբ ասել էր. «Այո՛, հարազատ եղբայրս է Հայկը»: Ծառայակից ընկերները «Հայ զինվորի»՝ Հայկին նվիրված հատվածը փակցրել էին զորամասի պատերին, որ բոլորը տեսնեն, կարդան: Երբ Ղուկասին հրամանատարը հարցրել էր` «Ինչո՞ւ ոչ մեկին չէիր ասել», պատասխանել էր. «Ուզում էի ինքս իմ ծառայությամբ, իմ գործով և ոչ թե հերոս եղբորս անունով հարգանք վաստակել»:

Ղուկասի մայրը՝ տիկին Սառան, իր մեծ սրտի ու հոգու երեք «հատոր» ունի՝ իր երեք որդիները՝ Հայկը, Ղուկասն ու Հովհաննեսը:

Երբ Հայկի մասին նյութը կարդացել է, փոքրը` տասնամյա Հովհաննեսը, նեղացել է. «Բա իմ մասին ինչո՞ւ ոչինչ չկա գրված»:

… Հայկը 11 տարեկան էր, երբ ընտանիքը, հատկապես` Սառան, Հովհաննեսին որդեգրելու որոշում կայացրին: Երեխայի կենսաբանական մայրը նրան երկու անգամ մանկատուն էր հանձնել: Այսպես երրորդ զավակով՝ Հովհաննեսով ընտանիքը համալրվեց, որին Սառան անհունորեն սիրում   է և երբեք չի  զատել իր մյուս որդիներից: Հովհաննեսի համար էլ Սառան իր մայրն է ու …վերջ:

-Երևի ի վերուստ հենց այսպես էր նախասահմանված. Հայկս գնաց, Հովհաննեսս ինձ համար մխիթարանք դարձավ,- ասում է տիկին Սառան:- Հրա՜շք է Հովհաննեսս, հատկապես ինձ հետ մի այլ ջերմությամբ է կապված: Երբ երբեմն հուզվում եմ, չի թողնում, որ լաց լինեմ: Հայկիս ու Ղուկասիս վրա որ ջղայնանայի, ծուռ նայեի, երկուսն էլ քարանում էին: Բայց Հովիկիս երես եմ տվել: Միշտ մտածում եմ՝ այն, ինչ Հայկիս համար չհասցրի անել, մյուս երկու տղաներիս համար եմ անելու: Հովիկս հիմա շատ է նմանվել  Հայկիս: Մի անգամ գրկեցի ու անկախ ինձնից ասացի. «Վա՜խ, Հայկ ջա՜ն»: Հետո զգացի սխալս, անմիջապես ուղղեցի ինքս ինձ. «Վա՜յ, կներես, Հովիկս»: Փաթաթվեց վզովս. «Չէ՛, մա՛մ ջան, ես ուրախանում եմ, որ ինձ Հայկի հետ ես շփոթում… »:

Երբ Հայկիս մասին իմացա, Հովհաննեսը գրկումս էր, չէր պոկվում ինձնից: Փառք եմ տալիս Աստծուն, որ Հովհաննեսս ինձ հետ է: Աստծուց միայն մի բան եմ խնդրում, որ Հայկիս լավ նայի այնտեղ…

Հայկս իր ամեն ինչով Աստծու տված էր: Բանակից հսկում էր եղբորը. «Ղուկա՛ս, մաման անհանգստանում է, երեկոյան շո՛ւտ տուն կգնաս»: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ` փոքր: Ո՛չ ծխում էր, ո՛չ խմիչքի հետ սեր ուներ: Պարզ, մաքուր, բոլորին օգնող, բոլորին հասնող:  Երբ ասում էի` «Տղա՛ ջան, այդ մարդու համար այդքան բան ես անում, ինքը քո համար կանե՞ր», պատասխանում էր. «Ե՛ս հո չե՞մ անում, որ  ինձ համար անեն»: Մեր գյուղում հիմա Հայկին հիշելիս ասում են` «զուլալ աղբյուր էր…»: Գիտե՞ք, երբ զոհվածների մայրերով խոսում ենք մեր տղաների մասին, ասես, նույն մարդու մասին խոսենք. նրանք շատ նման են` բնավորությամբ, վարքուբարքով, հոգեկերտվածքով:

Տարօրինակ զուգադիպություններ շատ են եղել այն օրերին, երբ կորցրին Հայկին.

-Դեպքից երկու օր առաջ՝ օգոստոսի վերջն էր, մեր բակի յոթ կանաչ  ծիրանենիներն ու բալենիները սկսեցին չորանալ: Հայկս այդ այգին հոր հետ էր տնկել… Դեպքի առավոտյան, երբ դեռ չգիտեինք կատարվածը, մեր շունը մարդու պես լուռ, արցունքներով լաց էր լինում… Զարմանում էինք` ի՞նչ եղավ էս շանը:

…Ղուկասիս մեջ Հայկից շատ բան կա: Նրանք զույգի նման են մեծացել. տարիքային տարբերությունը փոքր է: Ղուկասս շատ շփվող է, անմիջական,  կատակը միշտ շուրթերին:  Շատ անուշ տղա է: Հայկի զոհվելը Ղուկասիս անմիջապես մեծացրեց… Երբ գերեզման էի գնում, ու հուզմունքս խեղդում էր կոկորդս, հենց այդ ժամանակ  հաճախ ծառայավայրից Ղուկասը զանգում էր. կարծես զգար հոգուս ցավը: Ուրախ ձայնով էի իրեն պատասխանում: Բայց նրան չես խաբի. հարցնում էր՝ «Մա՛մ, որտե՞ղ ես»: «Հայկիս մոտ եմ, բալե՛ս»: «Հո չե՞ս լացում, չլացե՛ս»:

Ղուկասի ծառայության վերջին ամիսներին Հովհաննեսը ամեն առավոտյան արթնանալով՝ օրերն էր հաշվում: Զորացրման օրն էլ հոր հետ միասին էին գնացել զորամաս՝ Ղուկասին տուն բերելու:

Գագիկը՝ Ղուկասի հայրը, չի «կշտանում»  որդուն նայելուց.

-Ղուկասը տուն եկավ կոփված, ամրացած, հասունացած՝ որպես կայացած տղամարդ: Ամեն ինչի համար շնորհակալ եմ: Ուրախ եմ, որ երկրորդ որդիս էլ պատվով ծառայեց… Սա հոր համար մեծ հպարտություն է:

Գագիկն իր գնահատանքի խոսքն է ասում զորամասի հրամանատարի՝ փոխգնդապետ Հովհաննես Գաբրիելյանի մասին.

-Արտակարգ անձնավորություն է՝ զինվորին հասկացող, ծնողի պես հոգատար և ուշադիր: Գիշերով անգամ ստուգել է. որ զինվորի վրա բաց է եղել, մոտեցել, ծածկել է: Բառեր չունեմ՝ արտահայտելու շնորհակալությունս:

Զորացրման օրը ամբողջ ստորաբաժանումով Ղուկասին երգով են ճանապարհել. «Թող երկինքը միշտ պայծառ շողա, և մեր ախպերը բարով տուն գնա»:

-Շատ հուզիչ ու ուրախ օր էր,- պատմում է Ղուկասը:- Տղերքը շախով-շուխով ինձ հաջող արեցին: Զորացրման օրը էնպիսի դրական զգացողություններ ես ունենում, էնպես վառ են լինում տպավորություններդ, էնքան հպարտ ես, որ արժե հենց միայն այդ օրվա համար մի երկու տարի էլ ծառայել,- ուրախ ծիծաղում է Ղուկասը:

Ութ ամիս կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով տնեցիներին, մորը չէր տեսել.

-Երբ տուն եկա, մի քանի օր դեռ չէի հավատում, որ վերջ, ավարտվեց ծառայությունս: Ընկերներիս հետ երբ խոսում ենք, բոլորի մոտ այն զգացողությունն է, թե՝  մի քանի օրից էլի ետ ենք գնալու:

-Ի՞նչ տվեց ծառայությունը քեզ,- հարցնում եմ Ղուկասին:

-Ծառայությունը շատ բան է փոխում տղամարդու կյանքում: Ծառայեցի ու եկա: Հպարտ եմ, որ իմ ծառայությամբ եղբորս անունը, պատիվը բարձր պահեցի: Շատ ու շատ լավ ընկերներ ձեռք բերեցի: Դժվար պահին, ուրախ պահին ընկերներս միշտ կողքիս են եղել:

-Ծառայությանդ ամենաուրախ օրը կհիշե՞ս:

-Տագնապով վերկացից հետո գնում էինք զորավարժության: Երբ հասանք բնագծեր, մեզ երկու-երկու բաժանեցին. ընկերներով տարբեր կետերում էինք մեր խնդիրը կատարելու: Երեք օր իրար չէինք տեսել: Վերջապես բոլորով էլի իրար գլխի հավաքվեցինք: Ամենաուրախ օրս այդ էր: Բանակային ընկերությունը կյանքիս ամենամեծ ձեռքբերումն է:

Հաջորդ ձեռքբերումը զենքդ է, զինվորական մասնագիտությունդ: Նռնականետորդ՝ ՀԱՆ-17-ի նշանառու եմ: Սկզբում չէի գիտակցում իմ զենքի ուժը, հնարավորությունները: Հետզհետե, սակայն, հասկացա, զգացի: Հիմա արդեն գիտեմ, որ ամենամտերիմ ընկերը հենց զենքդ է, որին մարտադաշտում «կես խոսքից»  պիտի հասկանաս:

Մեծ հաջողություն է նաև լավ հրամանատար ունենալը: Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը մեր ավագ ընկերն էր: Զգում էինք նրա նվիրվածությունը, սերը ամբողջ զորքի հանդեպ: Բարի ու շատ խելացի մարդ է: Բայց խիստ է հանձնարարություններն ու հրամանները կատարելու հարցում: Միշտ ասում էր. «Հիմա խիստ պետք է լինեմ հետներդ, որ գիտակցեք՝ ինչ է ծառայությունը, ինչու եք ծառայում, ոնց է պետք ծառայել, որ ողջ ու առողջ ձեզ ձեր ծնողներին հասցնեմ,  տղե՛րք ջան»:

-Դու արդեն զորացրվեցիր, հանձնեցիր հերթափոխը նորակոչիկներին: Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց:

-Անփորձանք ծառայելու համար պետք է շատ ուշադիր լինել ու կարգապահ: Վերադասը հենց այնպես խստություն չի անի. ամեն ինչ իր նշանակությունն ունի: Անփութությունը բանակում անթույլատրելի է:

-Ղուկա՛ս ջան, դու և ընկերներդ, եթե անհրաժեշտություն լինի, արդյոք պատրա՞ստ եք նորից զենք վերցնելու:

-Անպայման: Եվ ինչ էլ լինի, ես կգտնեմ հրամանատարիս, նրա կողքին կկանգնեմ: Հենց նրա հետ կուզենայի մարտի գնալ: Ինքն էլ նույնն էր ասում. «Ղուկա՛ս ջան, մի բան որ լինի, կգաս, միասին կգնանք մարտի»: Հենց էդպես էլ կանեմ, պարո՛ն հրամանատար: Պատի՛վ ունեմ:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐՍԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

hayzinvor.am

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53