Եթե համակարգն այդքան լավն է, ինչո՞ւ երկու տարում դրան կամավոր չեն միացել...

16.02.2014 16:05
3156

Սահմանադրականի որոշմանը սպասելիս


 

Վճարե՞լ, թե՞ չվճարել

Մինչ հայաստանյան հանրությունը սպասում է ս.թ. մարտի 28-ի ՀՀ սահմանադրական դատարանի վերջնական որոշմանը` 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների, այդ թվում` պարտադիր կուտակային բաղադրիչի սահմանադրականության վերաբերյալ, նույն դատարանի հունվարի 24-ի աշխատակարգային որոշումը տարաբնույթ ընկալումների տեղիք է տվել:

Այսինքն` գործատուն պետք է աշխատողի աշխատավարձից պահում կատարի, բայց չկատարելու դեպքում դրա համար պատասխանատվության չի ենթարկվում: Կենսաթոշակային բարեփոխումների ջատագովները պնդում են, որ անկախ դրանից, գործատուները պետք է աշխատողներից պահեն պարտադիր կուտակային վճարը, քանի որ որոշումն ազատում է չվճարելու համար նախատեսված պատասխանատվությունից, բայց ոչ վճարելու պարտականությունից… Եվ արդեն իսկ բողոքներ կան, որ պետական հաստատությունները եւ պետեկամուտների կոմիտեի ցուցումով որոշ այլ գործատուներ աշխատակիցներից պահել են այդ վճարը….

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, մեկնաբանելով որոշումը, կարծիք է հայտնել, թե քանի որ վճարել-չվճարելու հարցը, ըստ էության, թողնվել է գործատուի հայեցողությանը, նա պետք է հարցը քննարկի աշխատողների հետ` հնարավորություն տալով աշխատակցին ինքնուրույն որոշել` կատարել կամ չկատարել պարտադիր կուտակային վճարումը: ՄԻՊ-ը հակված է նաեւ այն տարբերակին, որ մարդիկ ստիպված չեն լինի վճարել նախորդ երկու ամսվա չվճարած գումարները, քանի որ, ըստ Սահմանադրության, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Նշենք, որ ըստ ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների` այս տարվա հունվարի 1-ի դրությամբ պարտադիր կուտակային բաղադրիչի հնարավոր մասնակիցների ցուցակային թիվը կազմել է շուրջ 246 հազար մարդ: Իսկ ըստ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի` նոր համակարգի շրջանակներում, ընդհանուր առմամբ, այսօրվա գներով 45 տարում (ներդրվող համակարգի առավելագույն ծայրակետը 45 տարի է) երկրից կհանվի 2.5-3.5 մլրդ դոլար:

Անհանգստացնում են երկար ժամանակահատվածի ռիսկի գործոնն ու գնաճը

«Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի» բերած փոփոխություններն ու դրան առնչվող եւ հանրությանը հուզող որոշ դրույթներ է մեկնաբանում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Կապանի տարածքային բաժնի պետ Արմենակ Բեգլարյանը:


ԱՐՄԵՆԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ծնվել է 1965թ.: Մասնագիտությամբ տնտեսագետ է: Աշխատել է Կապանի տրիկոտաժի ֆաբիկայում, 1985-1991թթ. Սեւաքարի խորհրդային տնտեսությունում` գլխավոր հաշվապահ, 1991-1992թթ. Սյունիքի թռչնաֆաբրիկայի հաշվապահ, 1992-1993թթ. Սեւաքարի ութամյա դպրոցի տնօրեն, 1993-1994թթ. Հայկենցաղսպասարկման արտադրական միավորման Կապանի տեղամասի գլխավոր հաշվապահ, համատեղությամբ «Կապանշին» կոոպերատիվում` գլխավոր հաշվապահ: 1995թ. հունիսից, որպես առաջատար մասնագետ, աշխատանքի է անցել Կապանի կենսաթոշակային բաժանմունքում: 1997թ. նշանակվել է Կենսաթոշակային ապահովության Կապանի տարածքային կենտրոնի տնօրեն եւ մինչ օրս ղեկավարում է տվյալ կառույցը, որն անվանափոխվել եւ կառուցվածքային փոփոխություններ է կրել:


 

– Պարո՛ն Բեգլարյան, Հայաստանում վերջին ամիսներին բոլոր խավերի ամենաբուռն ու հակասական քննարկումների առարկա է դարձել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը: Հասարակության հիմնական մասը դեմ է դրան, ու բողոքի եւ ընդվզման բազմաթիվ նախաձեռնություններ ու ակցիաներ են ընթանում: Ո՞րն է կենսաթոշակային բարեփոխումների հիմնական էութունը:

– Ներկայումս ՀՀ-ում կիրառվում է կենսաթոշակների գոյացման բաշխողական համակարգը, որն անվանում են նաեւ սերունդների համերաշխության համակարգ: Սա նշանակում է, որ ներկայիս տարեցներին կենսաթոշակ է վճարվում այն գումարից, որը երիտասարդ սերունդն իբրեւ սոցիալական վճար հատկացնում է պետբյուջեին: 2014-ի հունվարի 1-ից, կենսաթոշակային բարեփոխումների նոր օրենքի հիմքում ընկած է բազմաստիճան կենսաթոշակային համակարգը. 0 բաղադրիչը սոցիալական կենսաթոշակն է, 1-ին բաղադրիչն աշխատանքային կենսաթոշակը, 2-րդ բաղադրիչը պարտադիր կուտակային կենսաթոշակն է, իսկ 3-րդը կամավոր կուտակայինն է:
Եթե անձը երբեք չի աշխատել եւ ստաժ չունի, պետությունը երաշխավորում է նրա սոցիալական կենսաթոշակը (0 բաղադրիչ), դա ՀՀ ում տվյալ պահին կառավարության կողմից սահմանված հիմնական կենսաթոշակի չափն է, որն անվանում են նաեւ նվազագույն կենսաթոշակ: 2014-ից այն կազմում է 14 հազար դրամ: Առաջին բաղադրիչն աշխատանքային կենսաթոշակն է, այսինքն` քաղաքացին ստանում է հիմնական կենսաթոշակը` գումարած աշխատանքային ստաժի համար նախատեսված հավելումը: Երկրորդ բաղադրիչը պարտադիր կուտակայինն է, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից եւ տարածվում է 1974թ. հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիների վրա: Մինչ այդ ծնվածները եւս կարող են ընդգրկվել պարտադիր կուտակայինի համակարգում` կամավորության սկզբունքով: Նրանք եւս կատարում են ամենամսյա պարտադիր վճարումներ: Իսկ երրորդ` կամավոր կուտակային բաղադրիչին միացած մինչեւ 1974թ. ծնվածները վճարումներ կատարում են ըստ ցանկության` երբ եւ ինչքան ուզում են:

Պարտադիր կուտակային համակարգը ենթադրում է, որ անձը կատարում է սահմանված վճարումներ աշխատավարձից, պետությունն այդ գումարը կրկնապատկում է, այն փոխանցվում է կենսաթոշակային հիմնադրամներին, դրանք ունեն կառավարիչներ, որոնց արտոնագիր է տալիս եւ վերահսկում ՀՀ կենտրոնական բանկը: Քաղաքացու գումարը հիմնադրամները կարող են ներդնել բաժնետոմսերում, պարտատոմսերում, առեւտրային բանկերում եւ այլն: Եթե հիմնադրամներն օգուտով են աշխատում, կուտակած գումարը համամասնորեն կարող է ավելանալ, վնասով աշխատելու պարագայում` նվազել…

– Այսինքն` քաղաքացու կուտակած գումարը կարող է եւ նվազե՞լ:

– Այո՛, եւ դա նշանակում է, որ մինչեւ անձի 63 տարեկանը լրանալը ռիսկի գործոնը տվյալ մասնակցի համար առկա է, այսինքն` գումարն ինչպես կարող է ավելանալ, այնպես էլ` պակասել: Պետությունը երաշխավորում է այդ գումարի չափը միայն 63 տարեկանից հետո, ուստի, եթե թոշակի անցնելիս ունես իքս գումար, դա կստանաս: Ընդ որում, գումարի 80 տոկոսը երաշխավորում է պետությունը, 20 տոկոսը` այս օրենքի հիման վրա ստեղծված երաշխիքային ֆոնդը:

– Ի՞նչ տարբերակներով կարող է կենսաթոշակառուն ստանալ իր կուտակած գումարը:

– Վաթսուներեք տարեկանը լրանալուց հետո քաղաքացին իր գումարը ստանալու տարբեր եղանակներ ունի եւ կարող է ընտրություն կատարել: Հիմնական տարբերակը կլինի այն, որ, ըստ պետական վիճակագրական ծառայության տվյալների, կսահմանվի կյանքի միջին տեւողություն, ենթադրենք` 75, գումարը կբաժանվի ըստ 63-ից մինչ այդ տարիքն ընկած տարիների ամիսների` գումարվելով հիմնական ու աշխատանքային կենսաթոշակներին: Իր կուտակած գումարի սպառումից հետո հետագա տարիներին կենսաթոշակառուն կստանա միայն պետական կենսաթոշակը:

Քաղաքացու մահվան դեպքում նրա հաշվին մնացած գումարը ենթակա է ժառանգման:
Վճարման մեկ այլ ձեւի` անուիտետի դեպքում մասնակիցը կարող է ողջ գումարը փոխանցել որեւէ ապահովագրական ընկերության, պայմանագիր կնքել եւ ստանալ ոչ թե ըստ կյանքի միջին տեւողության, այլ իր ցանկացած ձեւով եւ ժամկետներում: Օրենքը նախատեսում է նաեւ առանձին դեպքեր, երբ կենսաթոշակառուն կարող է գումարը միանվագ ստանալ, օրինակ` այլ երկրի քաղաքացիության ընդունման, որոշ հիվանդությունների, հաշմանդամ դառնալու դեպքում:

– Ո՞վ եւ ինչպե՞ս է կառավարելու Հայաստանի քաղաքացիների գումարները, ինչո՞ւ այսքան մեծ անվստահություն կա կուտակածի ճակատագրի հանդեպ:

– Դրանք կփոխանցվեն ՀՀ կենտրոնական բանկից արտոնագիր ստացած կենսաթոշակային հիմնադրամներին: Ըստ օրենքի, հիմնադրամների եւ դրանց կառավարիչների մասին ամբողջական եւ թարմացված տեղեկատվությունը պետք է մշտապես առկա լինի մասնակիցների ռեեստրը վարողի (այդ թվում` համացանցային կայքում) եւ հաշվի օպերատորի մոտ:

Քաղաքացիները պիտի լրջորեն ուսումնասիրեն դրանց համբավը, գործունեությունը, միջազգային վարկը, խորհրդատվության համար դիմեն հաշվի օպերատորներին եւ կողմնորոշվեն: Իսկ եթե քաղաքացին մինչ սահմանված ժամկետն իր համար կենսաթոշակային հիմնադրամ չընտրի, ընտրությունը կատարում է մասնակիցների ռեեստրը վարողը` ծրագրային մոդուլի միջոցով:
Իսկ անվստահության պատճառը, իմ կարծիքով, հնարավոր ռիսկերն ու գնաճն են: Ինքս երբեմն մտածում եմ` մեր սերնդի համար էլ ճիշտ կլիներ կամավոր միանալ համակարգին, ապահովել մեր վաղվա ծերությունը` նեղություն չտալով մեր զավակներին… Եթե համակարգն, իրոք, իրեն արդարացնի, դրական երեւույթ է, բայց կասկածներ կան, թե այսօր կուտակած 100 դրամը վաղն ինչ արժեք կունենա: Այո՛, օրենքում նշվում է, որ պետությունը հաշվի է առնում գնաճի իրողությունը, եւ ըստ դրա համապատասխան ինդեքսավորում է լինելու: Բայց մշտապես կա նաեւ հիմնադրամների հետ կապված ռիսկի գործոնը, նրա հաջող գործարքների դեպքում գումարդ կարող է ավելանալ, բայց վնասի պարագայում` նաեւ պակասել…

– Գաղտնիք չէ նաեւ, որ քաղաքացին չի վստահում պետական վիճակագրությանը, պաշտոնական-պետական տվյալները գնաճի մասին միշտ պակաս են լինում անկախ փորձագետների հաշվարկած գնաճից, ու հարց է, թե որքանով քաղաքացուն կգոհացնի իր գումարի` գնաճով ինդեքսավորված չափը…

– Ամեն դեպքում իմ մտավախությունը կուտակման օրվանից մինչեւ 63 տարեկանն ընկած ժամանակահատվածի ռիսկերն են, հիմնադրամների օգուտի եւ վնասի խնդիրը. մարդը չարչարվեց, աշխատեց, կուտակեց , բա որ կորա՞վ…

Ինձ նաեւ ավելի շատ մեր երկրի տնտեսության վիճակն է անհանգստացնում, քաղաքացու վստահությունը դրա հետ ուղիղ համեմատական է. եթե տնտեսությունը լավ աշխատի, հնարավոր չէ վստահություն չլինի:

– Որպես այս համակարգի ներդրման արդարացում` վկայաբերում են միջազգային փորձը, այլ երկրների բարեփոխումները, բայց կան երկրներ, որոնք ընտրել են ոչ թե մասնավոր (ինչպես այժմ մեզ մոտ) այլ պետական ֆոնդերի տարբերակը: Ձեր կարծիքով` համակարգն ավելի վստահելի կլինե՞ր, եթե ընտրվեր այդ տարբերակը, եւ գումարները ներդրվեին ու շրջանառվեին պետական ֆոնդերում:

– Խնդիրն այն չէ, թե ով է կառավարում ֆոնդը` պետությո՞ւնը, թե՞ մասնավոր հատվածը: Կարեւորը պատասխանատվությունն է, խնդիրը ռիսկերն են եւ այն է, թե ով է այս ժամանակահատվածում ընդհանուր գումարի երաշխավորը:

– ՀՀ կենտրոնական բանկն իրավունք ունի՞ ոչ արդյունավետ աշխատող ֆոնդին զրկել արտոնագրից:

– Ֆոնդերի կառավարիչներին հսկում են պահառուները, նրանց էլ է արտոնագիր տրամադրում ԿԲ-ն: Ըստ օրենքի, այո՛, կան վերահսկողության լծակներ, ասենք` վտանգավոր գործարքը պիտի կանխվի, բայց տնտեսագիտության մեջ ոչինչ չի բացառվում…

– Պարո՛ն Բեգլարյան, կուտակային կենսաթոշակային կամավոր համակարգը ՀՀ-ում գործում է դեռեւս 2011-ի հոկտեմբերից: Ըստ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի` համակարգում ընդգրկվելու համար այս ընթացքում 3 կամ 4 հոգի է դիմել: Կոնկրետ Ձեր ղեկավարած բաժնում ունե՞ք քաղաքացու օրինակ, ով կամավոր սկսել է կուտակային վճարումներ կատարել:

– Ոչ , մեզ մոտ ոչ ոք կամավորության սկզբունքով չի դիմել կուտակային վճարների համար:

– Ի՞նչ է լինելու մի մեծ խումբ մարդկանց հետ` գյուղացիներ, ինքնազբաղված անձինք, նրանք, ովքեր պաշտոնապես վարձու աշխատող չեն, կայուն եկամուտ չունեն…

– Գյուղացիական տնտեսությունները մինչ 2002թ. դեկտեմբերի 31-ը մեզ մոտ գրանցված էին որպես աշխատողներ, ամենամյա եկամուտից, ըստ հողատարածքների, տարեկան ինչ-որ գումար էին վճարում, եւ դա մեկ տարվա ստաժ էր համարվում: 2002թ. դա վերացրին, հիմա գյուղացուն թողել են բախտի քմահաճույքին, կարող են օգտվել միայն կամավոր կուտակայինից: Եթե ոչ, կենսաթոշակային տարիքում, ով որ ստաժ չունի, կստանա միայն հիմնական-սոցիալական կենսաթոշակը:

– Ի՞նչ է լինելու մինչեւ 2014-ը ունեցած աշխատանքային ստաժի հետ: Եվ բացի դրանից, այն անձինք, ովքեր նոր են սկսում աշխատել, հետագայում հիմնական-սոցիալական թոշակին կունենան միայն կուտակայինի՞ հավելումը:

– Մինչեւ 2014թ. ունեցած աշխատանքային ստաժը հաշվարկվելու է, դրանից հետո եղած ստաժի համար այլեւս հավելում չի հաշվարկվելու:

– ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը տարբեր մեկնաբանություններ ստացավ, ինչո՞ւ մեր հանրապետության ամենավերին դատական ատյանի որոշումը պետք է այսքան տարբեր ու իրարամերժ մեկնաբանությունների տեղիք տար: Ձեր կարծիքով, ի վերջո, ո՞րն է ճիշտ` պարտադիր կուտակային վճարում կատարե՞լը, թե՞ չկատարելը…

– Երկուսն էլ ճիշտ են. ես իրավաբան չեմ, դա երեւի ոչ այնքան կենսաթոշակային ոլորտի աշխատողների, որքան իրավաբանների մեկնաբանության կարիքն ունի: Եթե մարտին ՍԴ-ն որոշի, որ օրենքը պիտի գործի, նշանակում է` ով որ գանձումներ չի կատարել, պիտի երկու ամսվա համար անի: Միգուցե հակադարձեք, թե օրենքը հետադարձ ուժ չունի… Դրա համար էլ նուրբ իրավաբանական հարց է, Սահմանադրության այդ նորմն էլ են հիմա քննարկում: Իսկ եթե որոշի, որ օրենքը հակասահմանադրական է, ով որ արդեն երկու ամսվա համար գումարը պահել է, պիտի վերադարձնի:

– Քաղաքացիներից բոլորը չէ, որ տնտեսագիտական-իրավաբանական խոր գիտելիքներ կունենան ֆոնդերում իրենց գումարները վերահսկելու համար. ինչ-որ խորհրդատվական մարմին կլինի՞, որը կօգնի մարդկանց տարիների ընթացքում հասկանալ, թե ինչ եղավ իր գումարի հետ, համոզվելու, որ իրեն չեն խաբում:

– Օրենքով այդ պարտականությունը պետք է կատարի հաշվի օպերատորների ինստիտուտը:

– Իսկ ի՞նչ կլինի ֆորսմաժորային իրավիճակներում. ասենք մի օր ՀՀ որեւէ նոր կառավարություն որոշեց, որ համակարգն իրեն չի արդարացնում, եւ պետք է անցում կատարվի նախկին համակարգին:

– Դե, կարծում եմ, պետությունը գումարները հետ վերադարձնելու մեխանիզմի մասին մտածել է, եւ գումարները չեն կորչի:

– Նշեցիք, որ սերունդների համերաշխության համակարգից անցնում ենք նոր համակարգին: Բայց երիտասարդը, կուտակային պարտադիր վճարումներից զատ, շարունակում է նախկին հարկերը նույն չափով վճարել` այսօրվա թոշակառուին եւս պահելու համար: Կոպիտ ասած, եթե նախկինում աշխատողը վճարում եւ պահում էր այսօրվա կենսաթոշակառուին, ներկայումս էլի պահում է այսօրվա թոշակառուին, նաեւ կուտակում իր վաղվա օրվա համար: Մի տեսակ շատ բեռ չի՞ ընկնում այս սերնդի վրա… ՀՀ ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում, երիտասարդության արտագաղթի պարագայում արդարացվա՞ծ էր այս բարեփոխումը:

– ճիշտ է… Սա անցումային ժամանակի երիտասարդների ուսերին է ընկնում, մինչեւ կանցնի 23 տարին: Իհարկե, աշխատող երիտասարդները նախօրոք չգիտեին, որ նման փոփոխություններ կլինեն, եւ շատ երիտասարդ ընտանքիներ, պլանավորելով իրենց ընտանեկան բյուջեն, վարկեր են վերցրել, հիմա այդ բյուջեից մի զգալի գումար, որով հացի խնդիր պիտի լուծեին, պակասում է… Դե, իսկ բարեփոխումները ներդնողների հիմնական փաստարկն էլ այն է, որ Հայաստանը ծերացող պետությունների շարքին է դասվում, աշխատող–կենսաթոշակառու թվային հարաբերակցությունը կրճատվել է, եւ նախկին համակարգն իրեն այլեւս չի արդարացնում:

Հ.Գ. Միջազգային փորձից խոսելիս` տնտեսագետները նշում են, որ այլ երկրներում օրենքը հնարավորություն է տալիս գումարները կուտակել 10 տարում, որովհետեւ 10 տարուց ավելի տնտեսություն կանխատեսել հնարավոր չէ: Մեզ մոտ, հաշվի առնելով 1974թ. ծնվածներին եւ չափահաս դարձած 18 տարին լրացած անձանց, ովքեր նոր պիտի սկսեն աշխատել, գումարները կսկսեն ստանալ նվազագույնը 23 տարի հետո, առավելագույնը` 45: Մասնագետներն ասում են, որ անհնար է 45 տարում գնաճ հաշվարկել ու առաջարկում խելամիտ 10 տարի ժամկետը (մարդիկ սովորաբար ընտրում են աշխատանքային կենսագրության վերջին 10 տարին), դրան են անցել նույնիսկ Չիլիում (ըստ օրենքի հեղինակների` Հայաստանը վերցրել է չիլիական մոդելը):

Օրենքի ծնած մտահոգությունների շրջանակում լուրջ հարց է մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի սոցիալական անպաշտպանվածությունը: Եթե նախկինում երեխա խնամող մոր համար այդ տարիները աշխատանքային ստաժ էին հաշվում, ապա հետայսու երիտասարդ աշխատող մայրերի ապագա կենսաթոշակը նվազում է այդ տարիների պատճառով, քանի որ ստաժի հավելում այլեւս չի լինի, իսկ այդ պահին արձակուրդում գտնվող եւ եկամուտ չստացող մայրը կուտակային վճարումներ չի կատարի: Այսպիսով, օրենքը առանց այդ էլ լուրջ ժողովրդագրական մարտահրավերներ ունեցող երկրում ծնելիության խթանման թշնամին է դառնում…

Խոսվում է գումարների ժառանգման մասին: Վաղաժամ մահվան կամ արդեն կենսաթոշակային տարիքում մինչեւ գումարների մարվելը մահանալու դեպքում կուտակած գումարը հասնում է քաղաքացու ժառանգներին, դրանց բացակայության դեպքում` պետությանը… Բայց, կներեք, մարդն ուզում է այսօ՛ր արժանապատիվ ապրել, օգտագործել իր վաստակածը` ժառանգներին մեծացնելու համար, ու միգուցե շատերը համաձայն էլ չեն, որ իրենցից այսօր ուժով ու պարտադրանքով գանձվում է վաստակածի մի մասը, որը միգուցե վաղը բաժին ընկնի իր համար ոչ ցանկալի ազգականին կամ պետությանը… Էլ չենք խոսում այն մտավախության մասին, որ տարիներով գումար կուտակած ապագա կենսաթոշակառուն ակամա հանցագործության թիրախ է դառնում ոչ բարի մեթոդներով նրա գումարին տիրանալ ցանկացող ժառանգների համար…

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ


Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19