Գագիկ Օհանջանյան. «Վստահեցնում եմ՝ Վահե Հակոբյանի հեռանալու հաջորդ օրը Կապանի մարզադաշտի եւ ֆուտբոլի ակումբի միջեւ ծագած արհեստական կռիվն ավարտվելու է, ֆուտբոլն էլ վերադառնալու է մարզկենտրոն»

20.03.2018 16:24
2116

Մարտի 11-ին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականի կիրակնօրյա «360 աստիճան» թողարկման մեջ ««Գանձասար-Կապան». հեռացած ֆուտբոլ» խորագրով մի ռեպորտաժ սփռվեց Կապանի մարզադաշտի վերաբերյալ, ավելի ստույգ՝ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի եւ Կապանի մարզադաշտի սեփականատիրոջ հարաբերություններին առնչվող: 

Անցած մեկ շաբաթվա ընթացքում այդ հաղորդումը թեժ քննարկման առարկա էր Կապանում: Տարբեր ու իրարամերժ կարծիքներ էին հնչում: Հարցը շարունակվում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: 

«Սյունյաց երկրի» խմբագրությունն էլ որոշ դիտարկումներ ունի խնդրո առարկայի վերաբերյալ, ինչի համար էլ զրույցի հրավիրեցինք Կապանի մարզադաշտի սեփականատեր Գագիկ Օհանջանյանին:

- Պարոն Օհանջանյան, նախ մեզ ուրախացրեց Հ1-ի պահվածքը, որ լրագրողական խումբ է հատուկ ուղարկել Կապան՝  քաղաքի համար հրատապ այդ հարցը լուսաբանելու, բայց նաեւ զարմանալի է, որ ամիսներ ու տարիներ շարունակ նույն լրատվամիջոցն աչք է փակում Սյունիքի մարզի բազում հիմնախնդիրների վրա: Արդյո՞ք դա ինչ-որ մեկի ցանկության արտահայտությունը չէր:  Կուզեինք լսել Ձեր գնահատականը Հ1-ի այդ  նախաձեռնությանը, որ մեզ համար, ինչպես նշեցինք, երկակի ընկալում ունի՝ դրական եւ բացասական: 

- Այն պահին, երբ լրագրողները եկան, մարզադաշտում չէի: «Գանձասար-Կապան» ակումբի երկրպագուներից մեկը զանգահարեց եւ հայտնեց, թե Հ1-ի լրագրողները մարզադաշտի մոտ ինձ են սպասում: Եկա, ծանոթացանք եւ առաջին բանը, որ ինձ փոխանցեցին լրագրողները, այն էր, որ եկել են անկողմնակալ հաղորդում պատրաստելու մարզադաշտի շուրջ ծավալված վեճի մասին: Մոտավորապես մեկ ժամ ինձ հետ զրուցեցին, մանրամասն ներկայացրի խնդրի էությունը, այդ ընթացքում օպերատորը նկարահանումներ էր կատարում: Բայց, այդքանից հետո՝ հաջորդ օրն ինձնից ծածուկ նորից եկել են մարզադաշտ եւ ինչ-որ հավելյալ նկարահանումներ արել: Իսկ մեկնելուց առաջ լրագրողներից մեկը մոտեցել է ինձ, թե՝ կարո՞ղ եմ մի հարց տալ: Ասացի՝ խնդրեմ: Հարցրեց՝ եթե գան, մարզադաշտը ձեռքիցդ ուժով վերցնեն, ի՞նչ պիտի անես: Պատասխանեցի՝ պատրաստ եմ՝ թող գան ու վերցնեն, եթե կարող են: Պարզապես զարմացած էի նման հարցադրումից, թեեւ արժեր, որ ավելի կոպիտ ու համարժեք  պատասխան տայի:

Այդ ամենից, նաեւ հեռուստահաղորդումը դիտելուց հետո կարելի է ասել՝ Հ1-ի հաղորդում-ապատեղեկատվությունը պատվիրել էր Վահե Հակոբյանը: Որպեսզի Դուք նույնպես համոզվեք դրանում՝ բերեմ մեկ-երկու փաստարկ եւս:

Մեկ ժամից ավելի ինձ հետ զրուցել են լրագրողները եւ քննարկել թեմային առնչվող գրեթե բոլոր հարցերը, բայց մեկ-երկու նախադասություն են ընդամենը եթեր սփռել:

Կամ՝ հաղորդման մեջ մի հանդերձարանի անմխիթար վիճակ է մանրամասն ցուցադրվում՝ բառ անգամ չասելով, որ դա 60-ական թվականներից չգործող հանդերձարան է, որ մարզադաշտն ունի այլ եւ շատ թե քիչ կահավորված ու բարեկարգ հանդերձարան՝ համայնքապետարանին պատկանող:

Այդքանից հետո չասե՞մ, որ հաղորդումը պատվիրված է եղել եւ խնդիր է ունեցել աղավաղել իրականությունը, մոլորեցնել կապանցիներին:

- Կուզեինք իմանալ, թե ում միջեւ է վեճը. մեր տվյալներով՝ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի եւ Կապանի մարզադաշտի սեփականատիրոջ: Արդյո՞ք այդպես է, եւ ո՞վ է «Գանձասար-Կապան» ակումբի նախագահը:

- Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, գործադիր տնօրենը՝ Գառնիկ Աղաբաբյանը:

- Անդրադառնանք խնդրի էությանը: Էլի վկայակոչենք կիրակնօրյա «360 աստիճան» լրատվականում բերված փաստերը, այն է՝ Կապանի մարզադաշտը երկու տարի առաջ որակազրկվել է հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, եւ ժամկետ էր տրված թերությունները վերացնելու համար: Իսկապե՞ս որակազրկված է Կապանի մարզադաշտը, կա՞ նման խնդիր: 

- 2015-2016թթ. մրցաշրջանն ավարտվելուց հետո Գառնիկ Աղաբաբյանն ինձ հայտնեց, որ իրենք մարզադաշտի հետ պայմանագիրը խզում են, փորձեցի իմանալ պատճառը, նա էլ թե՝ թերություններ, պրոբլեմներ կան, այլ հարցեր չտվեցի, միայն հարցրի՝ այլեւս չե՞ք մտնելու ստադիոն, բացասական եղավ պատասխանը: Դե ուրեմն գնացեք եւ թիմի հանդիպումներն անցկացրեք որտեղ ուզում եք. սա էր իմ պատասխանը: 

Ինչ վերաբերում է որակազրկմանը, ասեմ, որ ո՛չ ֆուտբոլի ֆեդերացիայից են տեղյակ պահել, թե խաղադաշտը որակազրկված է, ո՛չ էլ որեւէ փաստաթուղթ են ներկայացրել: Այդ մասին մամուլից եմ իմացել: Եվ ոչ էլ թերությունները վերացնելու ժամանակացույց են առաջարկել ինձ:

- Ստացվում է այնպես, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խաղադաշտը որակազրկել է առանց տեղում ուսումնասիրություն կատարելո՞ւ, առանց մարզադաշտի սեփականատիրոջը տեղյակ պահելո՞ւ: Իսկապե՞ս այդպես է:

- Մարզադաշտի որակի պատշաճ ուսումնասիրություն չի եղել: Հենց այնպես չեմ ասում: Իրենք գործող պայմանագիրը խզել են, որից մոտավորապես երկու-երեք ամիս հետո նոր իմացել եմ, որ դաշտը որակազրկված է: 

Մեզ հետ պայմանագիրը խզելուց հետո մի երիտասարդ եկավ մարզադաշտ, ասաց՝ ֆուտբոլի ֆեդերացիայից է, եկել է ուսումնասիրություն կատարելու: Հետո իմացա, որ պատվերով է եկել: Ինչ-որ չափումներ արեց, վերջում էլ թե՝ արձանագրելու եմ, որ Կապանի խաղադաշտի վիճակը վատ է: Փորձեցի իմանալ պատճառը, նա էլ հակադարձեց՝ դաշտի մեջ փոսեր կան: Մի բան, որ չէր համապատասխանում իրականությանը, անզեն աչքով էլ կարելի է տեսնել, թե մեր խաղադաշտի խոտածածկն ինչ որակ ունի:

- Հետաքրքիր է՝ ինչո՞ւ չեք փորձել դատական կարգով վիճարկել ֆեդերացիայի որոշումը՝ թող հիմնավորեին, թե ինչու են որակազրկել մարզադաշտը: Չե՞ք փորձել իրավական ճանապարհով հարցին լուծում տալ:

- Իմաստ չեմ տեսել դրա մեջ: Մտածեցի՝ իրենց ձեռքին է ամեն ինչ, ինչ կուզենան՝ կանեն: Եթե թիմն այստեղից վերցրել-տարել են՝ կապանցի հանդիսականին զրկել իր քաղաքում ֆուտբոլ դիտելու հնարավորությունից եւ հաճույքից, ամեն ինչի ընդունակ են:

-  Հիմա՝ ժամանակներ անց, շարունակո՞ւմ եք մնալ այն կարծիքին, որ մարզադաշտը որակազրկվել է անհիմն, որ դաշտը համապատասխանում է պահանջվող չափանիշներին:

- Այսօր Հայաստանում մեր խաղադաշտի խոտածածկի նմանը քիչ կգտնվի մեկ այլ խաղադաշտ: Փոխանակ մի բանով օգտակար լինեն, գան, միասին քննարկենք, թե ինչպես անենք, որ ֆուտբոլը տեղափոխվի Կապան, մի բանով հուսադրեն, դեմ ենք առել անտարբերության պատին: Ի դեպ, խոսքն այն խաղադաշտի մասին է, որ 2002-ին ճանաչվել է հանրապետության լավագույն մարզադաշտ:

- Կարելի՞ է ասել, որ այս խնդիրն արհեստականորեն է բարձրացվել: 

- Իհարկե, արհեստական վեճի մասին է խոսքը: Պայքարն ամենեւին էլ մարզադաշտի որակի համար չէ, պայքարը մի բանի համար է՝ օրինական սեփականատիրոջից խլել մարզադաշտը եւ դարձնել Վահե Հակոբյանի սեփականություն: Հենց այդ նպատակով էլ կամ դրան զուգահեռ փորձում են ինձ հեղինակազրկել կապանցիների աչքում, ինչի համար էլ մայրաքաղաքից լրագրողներ է բերել մեզ վրա:

Մի բան էլ հիշեցնեմ, որ համոզվեք վեճի արհեստականության եւ մարզպետի շահախնդրության մեջ: Երբ Վահե Հակոբյանը Քաջարանի կոմբինատի վարչական տնօրենն էր կամ առաջին փոխտնօրեն՝ եկավ մարզադաշտ, ծանոթացավ խնդիրներին ու դրանք լուծելի համարեց՝ խոստանալով, որ համատեղ ուժերով թերությունները կվերացվեն ու մարզադաշտը լիարժեք կօգտագործվի: Մարզպետ դառնալուց հետո ոչ միայն մոռացավ խոստումները, այլեւ իր ախորժակը չթաքցրեց…

- Ուզում ենք հարցն այլ հարթություն տեղափոխել: Եթե անկեղծ լինենք, այսօր մարզադաշտում ի՞նչ սկզբունքային թերություններ եք տեսնում:

- Նախ՝ տրիբունայի փայտյա նստատեղերը պիտի փոխարինվեն թիկնակով, պլաստմասսայե նստատեղերով, երկու թիմերի համար պիտի լինեն առանձին զուգարաններ եւ մերսման սենյակներ, ցնցուղարաններ, խաղադաշտի անվտանգության գոտին պիտի փոխվի: Մի տարի առաջ «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում ասել եմ, որ պատրաստ ենք համագործակցել ակումբի ղեկավարության հետ, կես գումարն իրենք դնեն, կեսը՝ ես, տրիբունաները կարգավորենք: Հանդերձարանի հետ գործ չունեմ, քաղաքապետարանի ենթակայության տակ է: Իհարկե, կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:

- Որպես սեփականատեր, երբեւէ ֆինանսական նախահաշիվ կազմե՞լ եք այդ թերությունները վերացնելու համար: Ավելի կոնկրետ՝ վերոհիշյալ խնդիրների լուծումը որքա՞ն գումար կպահանջի:

- Իմ առջեւ նման խնդիր չեմ դրել: Երբ «Գանձասար» ակումբի նախագահը Մաքսիմ Հակոբյանն էր, ինձ ասաց, որ մարզադաշտը նորոգելու խնդիրն ինքն է հանձն առում, միայն թե ֆուտբոլային հանդիպումների ժամանակ հանդիսականի մուտքը խաղադաշտ անվճար պիտի լինի: Առանց տատանվելու համաձայնեցի: Հուսով էի, որ «Գանձասար-Կապան» ակումբի նոր ղեկավարությունը նույն մոտեցումը կունենա: Դրա համար էլ առանձին ֆինանսական նախահաշիվ կազմելու անհրաժեշտություն չեմ տեսել:

- Գոնե հիմա՝ այսքան աղմուկ-աղաղակից հետո, Դուք գիտե՞ք, թե մոտավորապես որքան կարժենա այդ խնդիրների լուծումը:

- Ես կոնկրետ չգիտեմ՝ ինչ է իրենց ուզածը, ինձ թերությունների կամ պահանջների ցանկ չի ներկայացվել: Բայց, կարծում եմ՝ պլաստմասայե աթոռների տեղադրումը, օրինակ, մոտ 15 հազար դոլար կարժենա, մարզադաշտի անվտանգության գոտին մի հազար դոլարի պատմություն է, իսկ հանդերձարանի դեպքում, արդեն նշեցի, ոչ մի բան չեմ կարող անել, որովհետեւ դա համայնքապետարանի սեփականությունն է:

- Ըստ այդ հեռուստահաղորդման՝ Կապանում ավելի թանկ հաճույք է ֆուտբոլ խաղալը, քան մայրաքաղաքի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող մարզադաշտերում, թե իբր 750 հազար դրամ վճարում են Կապանի մարզադաշտում մի խաղի համար, մայրաքաղաքում՝ 300 հազար դրամ: Ձեր պարզաբանումը:

- Իմ տեղեկություններով մի հանդիպման համար մայրաքաղաքում վճարում են երկուսուկես անգամ ավելի Ձեր նշած թվից: 

Ամսական, իրոք, ակումբը մարզադաշտին հատկացնում էր 2.2 մլն դրամ, որից 300 հազարը հատկացվում էր հարկային պարտավորություները մարելուն: Ամսական մեր խաղադաշտում անցկացվում էր մոտ տասը հանդիպում, «Գանձասար» եւ «Գանձասար-2» թիմերը նաեւ իրենց մարզումներն էին անցկացնում: Ասել է թե՝ 2.2 մլն դրամը տալիս էին ոչ թե երեք խաղի, այլ տասը խաղի եւ այդ թիմերի մարզումների համար: Մեղմ ասած՝ թվերը, որ ներկայացվել են հեռուստալսարանին, իրականությանը չեն համապատասխանում: 

- Եվ որքանո՞վ է ճիշտ այն պնդումը, թե Գագիկ Օհանջանյանը մարզադաշտին հատկացված գումարից՝ 2.2 մլն դրամից, ներդրում չի կատարել:

- Նախկինում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ջրի եւ էլեներգիայի համար գումար էր հատկացնում, հետո ինքս եմ այդ վճարումները կատարել, խմելու եւ ոռոգման ջրի, ծախսված էլեկտրական էներգիայի դիմաց՝ նույնպես: Բացի այդ՝ մարզադաշտը մի քանի աշխատող ունի, որոնց աշխատավարձ ենք վճարում, սոցիալական վճարումներ անում, խոտածածկը պահպանելու համար քիմիկատներ ձեռք բերում: Իմ սեփական միջոցներից էլ ավելացնում եմ, որ խաղադաշտն ըստ պատշաճի պահպանվի: Իսկ վերջին մեկուկես տարում լիովին իմ խնայողությունների հաշվին եմ այդ աշխատանքները կատարել, այլ աղբյուրներից գումար հայթայթել:

Եվ չնայած դրան, հայտնի հեռուստահաղորդման ժամանակ անազնիվ կերպով շահարկվեց 2.2 մլն դրամ ամսական վարձավճարի հարցը:

Հետեւյալը պետք է ասեմ՝ մարդկային ու բարոյական չէ որեւէ մեկի փողերը հաշվելը: Բայց եթե Վահե Հակոբյանն ուզում է հաշվել, ապա թող տղամարդ լինի ու ասի, թե որքա՞ն գումար է ծախսում ակումբի վրա, որքանո՞վ է թիմը հատուցում այդ ծախսերը, ի՞նչ անձնական շահ ունի ինքն այդ ամենից…

- Մի հարց կա, որ հուզում է մարդկանց, մասնավորապես, առողջարարական վազքով զբաղվողներին, Դուք իսկապե՞ս արգելել եք նրանց օգտվել մարզադաշտից:

- Եթե մեկը գա եւ ասի, որ ինձ արգելել են ստադիոնում վազել, ներողություն կխնդրեմ: Բայց այդ մարդիկ, ովքեր ուզում են օգտվել ստադիոնից, պիտի օգտվեն վազքուղյակներից, խաղադաշտ չպիտի մտնեն եւ խոտածածկը տրորեն: Թող մոտենան ինձ կամ առողջարարական խմբեր կազմեն, ժամ նշանակեն, թե երբ են ուզում օգտվել ստադիոնից, եւ մենք կընդառաջենք:

- Նշված հեռուստահաղորդման ժամանակ Կապանի համայնքապետը հայտարարեց, թե սեփականատերը չի ուզում ներդրումներ անել, իսկ ակումբը կարող է եւ պատրաստ է ներդրում կատարել: Որքանո՞վ է հիմնավոր Աշոտ Հայրապետյանի այդ դիտարկումը: Ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, որ նա ե՛ւ ֆուտբոլային ակումբի ղեկավարին, ե՛ւ մարզադաշտի սեփականատիրոջը հրավիրեր բանակցությունների, փորձեր հարթել կնճիռը, մինչդեռ փաստաբանի դեր էր ստանձնել:

- Մեկ տարի առաջ համայնքապետին ասել եմ, որ նախաձեռնի մի հանդիպում ակումբի ղեկավարության հետ, նստենք եւ միասին քննարկենք մարզադաշտի նորոգման խնդիրները, համագործակցության ուղիները: Ոչ մի արձագանք չեղավ: Պետք չէր նրան, ինչպես ասացիք, փաստաբանի դեր ստանձնել հաղորդման ժամանակ եւ անհիմն հայտարարություններ անել իմ առումով: Ի վերջո, ֆուտբոլը Երեւանից պիտի տեղափոխվի Կապան, թիմը պիտի գտնի իր հանդիսականին, եւ դրանում նախեւառաջ, նախանձախնդիր պիտի լինի համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը: Ինչի՞ է նման, որ կապանցի ֆուտբոլասերն իր սիրելի թիմի ելույթների մասին իմանում է մամուլից կամ համացանցից կամ Կապանի անունը կրող թիմում մի կապանցի ֆուտբոլիստ հանդես չի գալիս: Կապանը տասնամյակներ ի վեր հայտնի էր իր ֆուտբոլային ավանդույթներով: Կապանյան ֆուտբոլային թիմը ստեղծվել է 1950-60-ական թվականներին՝ «Լեռնագործ» անվամբ, մրցում էր Խորհրդային Միության ֆուտբոլի առաջնության «Բ» խմբում, եւ թիմում հանդես էին գալիս միայն կապանցիներ: Իսկ հիմա՞…

- Վերջին մեկուկես տարում ֆուտբոլային ակումբի կողմից որեւէ գործնական քայլ եղե՞լ է՝ կնճիռը հարթելու ուղղությամբ: 

- Բացարձակապես նման բան չի եղել, ոչ մեկն ինձ հետ չի խոսել, որեւէ առաջարկ չի եղել:

Դուք, որքանով տեսնում եմ, խնդիրը քաղաքակիրթ եւ բարոյական հարթության մեջ եք համառորեն փնտրում:

 Իրականությունը դա չէ:

Այն, ինչ կատարվում է Կապանի ֆուտբոլի հետ, պատահական չէ եւ եզակի երեւույթ չէ Սյունիքում:

Տեղացիներին մեր կյանքի բոլոր ոլորտներից դուրս մղելը Վահե Հակոբյանի գլխավոր ծրագրերից է. Սյունիքն առանց սյունեցիների՝ ահա նրա նշանաբանը: 

Վերցրեք, խնդրեմ, առողջապահական համակարգը, մարզպետարանը, Քաջարանի կոմբինատը… Ամենուրեք տեղացիները երկրորդ սորտի մարդիկ են հայտարարված: Իսկ եթե նույնիսկ տեղացիներից որեւէ մեկին պաշտոն է տրվում, ապա տվյալ մարդը պետք է անարժան լինի, խոցելի լինի, որ ցանկացած ժամանակ, չհնազանդվելու դեպքում, գործ սարքվի նրա գլխին:

«Գանձասար-Կապան» ակումբում Կապանին առնչվող միայն անունն է մնացել: Ոչ մի կապանցի թիմում չկա: Տեղացի կարող երիտասարդներից խաղացողներ պատրաստելու փոխարեն ինքն աշխարհի տարբեր երկրներից ֆուտբոլիստներ է հրավիրում՝ բազմապատիկ անգամ շատ գումարներ վճարելով, քան ժամանակին տեղացիներին էր վճարում: 

Գոնե բարոյականություն ունենա եւ Կապան բառից հրաժարվի: Թող, օրինակ, Գյումրի կոչի իր ակումբը, այնտեղ է խաղեր անցկացնում… 

- Դուք չե՞ք փորձել հանդիպել Սյունիքի մարզպետի հետ, ով նաեւ «Գանձասար-Կապան» ակումբի նախագահն է:

- Ասեմ, որ ակումբը նախ խզել է պայմանագիրը մարզադաշտի հետ եւ նոր միայն դաշտը որակազրկել ու փաստաթղթեր հորինվել: Գոնե ակումբի ղեկավարությանը պիտի հիմնավորեր, թե ինչու է խզում պայմանագիրը: Ի վերջո, այսօր ակումբի նախագահը Սյունիքի մարզպետն է, եւ բանակցությունների նախաձեռնողը, առաջին քայլն անողը նա պիտի լինի: Որքան էլ մեծ լինի իմ ցանկությունը՝ մի սեղանի շուրջ նստել ակումբի նախագահի հետ, առաջին քայլ անողը ես չէ, որ պիտի լինեմ: Ես շատ բան չեմ ուզում, ընդամենն ուզում եմ, որ «Գանձասար-Կապանի» տնային հանդիպումներն անցկացվեն սեփական հարկի տակ: Ինձ շատ ֆուտբոլասերներ են դիմում, թե, ի վերջո, ե՞րբ է «Գանձասար-Կապանը» հանդես գալու սեփական հարկի տակ: Ո՞վ չի հիշում, որ Կապանի մարզադաշտը հանրապետությունում հայտնի էր իր բարձր հաճախելիությամբ, հանդիպումներ կային, որոնց ժամանակ երեք հազարից ավելի հանդիսական էր ստադիոն հաճախում, մարդիկ երկու ժամ կտրվում էին առօրյա հոգսերից, երիտասարդները՝ փողոցի բացասական ազդեցությունից: Մինչդեռ ուժային մեթոդներով ցանկանում են ստադիոնն իմ ձեռքից խլել, որ իմ սեփականությունն է՝ հաստատված Վերաքննիչ դատարանի վճռով: 

- Ո՞րն եք համարում այս կացությունից դուրս գալու ելքը:

- Ելքը շատ պարզ է. վստահեցնում եմ՝ Վահե Հակոբյանի հեռանալու հաջորդ օրը Կապանի մարզադաշտի եւ ֆուտբոլի ակումբի միջեւ ծագած արհեստական կռիվն ավարտվելու է, ֆուտբոլն էլ վերադառնալու է Կապան:

- Այդ ամենով հանդերձ՝ պատրա՞ստ եք նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ այդկերպ կարգավորել խնդիրը:

- Արդեն ասացի՝ մարզպետն ուզում է, շրջանցելով Հայաստանի օրենքները, ուժի զոռով սեփականատիրոջից խլել Կապանի մարզադաշտը: Ի՞նչ եք կարծում, նման ախորժակ ունեցող մարդը կգա՞ բանակցությունների: Մարզպետը նախ պետք է զսպի իր ախորժակը, նա պետք է հասկանա, որ ֆուտբոլի ակումբը Կապանինն է եւ ոչ իր անձնականը: Եվ ակումբի խաղերը նրա համար չեն, որ ինքը Երեւանում գնա մարզադաշտ ու հաճելի ժամանակ անցկացնի: Կրկնում եմ՝ ֆուտբոլի ակումբը Կապանինն է եւ այն պետք է վերադարձվի Կապան:

Մի բան էլ հիշեցնեմ մարզպետին՝ մարզադաշտը չեմ զիջելու, իզուր ջանքեր թող չգործադրի, իզուր խարդավանքներ ու սադրանքներ թող չհրահրի…

- Վերոնշյալ հաղորդման մեջ ասվում է, որ Կապանում ծրագրվում է նոր մարզադաշտ կառուցել, մնում է կարծել, որ գերադասում են մի քանի միլիոն դոլար ներդնել այդ նպատակի համար, քան բանակցել Կապանի մարզադաշտի սեփականատիրոջ հետ եւ առկա թերությունները վերացնել: 

- Դա իրենց խնդիրն է: Բայց յուրաքանչյուր նոր նախաձեռնություն պիտի իմաստավորված լինի, այլ ոչ թե պիտի գործել ըստ ամբիցիաների: Չպիտի մոռանալ, որ Կապանի մարզադաշտը նաեւ հարազատ միջավայր է կապանցիների համար, նրա հետ կապված մարդիկ հուշեր ունեն, եւ ամենակարեւորն այն է, որ գտնվում է քաղաքի կենտրոնում: Մինչեւ օգոստոս սպասելու եմ, եթե կոնկրետ առաջարկներ չլինեն, մանկապատանեկան ֆուտբոլի ակումբ եմ բացելու եւ փորձելու եմ Կապանում ֆուտբոլային ավանդույթները վերականգնել: Արդեն որոշ մարդկանց եւ կազմակերպությունների հետ բանակցություններ եմ վարում:

- Եվ, իհարկե, կուզենայինք իմանալ՝ կա՞ն հարցեր, որ դուրս մնացին մեր զրույցից:

- Ես դարձյալ ուզում եմ խնդրի արմատին նայել, այս վեճի իրական էությանը:

Լավ, մի՞թե տարօրինակ չէ, որ Սյունիքի մարզպետը, ով իբր պետք է ծանրաբեռնված առօրյա ունենա, ֆուտբոլի թիմ է ղեկավարում: Իսկապե՞ս ինքն այդքան ժամանակ ունի: Իսկապե՞ս ինքը տիրապետում է ֆուտբոլին, մարդկանց հետ նորմալ հարաբերվելու տարրական մշակույթին:

Ինչո՞ւ մեր հասարակության մեջ ամեն մի կառույց կամ կազմակերպություն հաշվետվություն է տալիս հանրությանը, իսկ ինքը, իբրեւ ֆուտբոլի ակումբի ղեկավար, հաշվետվություն չի տալիս, թե ֆուտբոլի ակումբի ղեկավար դառնալուց հետո ի՞նչ աշխատանքներ է կատարել, ինչո՞ւ է այդքան գումարներ ծախսելուց հետո անթիվ ձախողումներ ունեցել:

Նորից դառնանք մարզադաշտի որակի խնդրին: 

Ես չեմ ասում՝ մեր խաղադաշտն իդեալական է, բայց մի՞թե կոռեկտ է կամ խելամիտ է մայրաքաղաքի լավագույն ստադիոնների հետ համեմատելը: Կա՞ Հայաստանի մարզերում մի ուրիշ մարզադաշտ, որ դրվում է մայրաքաղաքի լավագույն ստադիոնների հետ համեմատության մեջ:

Կամ՝ արդյո՞ք մարզադաշտի որակով է պայմանավորված «Գանձասար-2»-ի խաղերը նույնպես մեր մարզադաշտից հանելը եւ Կապանի պահեստային դաշտում անցկացնելը, որի վիճակը մի քանի անգամ ավելի վատ է: Ի՞նչ բացատրություն տալ դրան, մանավանդ որ պատրաստ եմ սկզբնական շրջանում «Գանձասար-2»-ին դաշտը տրամադրել անվճար:

Ոչ, խնդիրը որակի մեջ չէ, խնդիրը վարձավճարի չափի մեջ չէ, ինչպես արդեն ասացի: Խնդիրը մարզպետի ախորժակի մեջ է, նրա անհեթեթ հավակնությունների մեջ: Նա ուզում է դաշտը ապօրինաբար խլել ինձանից, նա ուզում է Կապանին եւս մեկ հարված հասցնել եւ մեր քաղաքը զրկել ֆուտբոլից, որին ես դեմ եմ…     

ԶՐՈւՅՑԸ՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ եւ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25