2025թ. հունվարի 15-ին լրանում է իր ժամանակի հայաստանյան գրական իրականության մեջ բավականին ճանաչված, երջանկահիշատակ բանաստեղծ Գրիշա Լևոնի Մանուչարյանի ծննդյան 100-րդ տարելիցը, ով իր մահկանացուն կնքեց վաթսուներկու տարին չլրացած` 1986 թվականի նոյեմբերի 5-ին։
Իր արմատներով նա Գորիսի տարածաշրջանի Կյորու (հետագայում անվանափոխված` Ձորաշեն) գյուղից էր: Գրիշա Մանուչարյանը դպրոց սկսել է հաճախել իր հայրենի գյուղում: Այդ տարիներին Խորհրդային Հայաստանում դպրոցները հիմնականում 7-ամյա էին: Գերազանց գնահատականներով յոթերորդ դասարանն ավարտելուց հետո ուսումնառությունը շարունակում է Գորիսի մանկավարժական ուսումնարանում: Ուսումնարանն ավարտելու պահին արդեն զորակոչման տարիքում էր: Եվ քանի որ Խորհրդային Միությունը Ֆաշիստական Գերմանիայի հետ պատերազմի մեջ էր` 1943թ. զորակոչվում է խորհրդային բանակ և որպես շարքային զինվոր անմիջապես մեկնում ռազմաճակատ:
Ռազմական գործողություններում Գրիշա Մանուչարյանը կարողանում է ընդգծված մարտական ընդունակություններ դրսևորել, որի արդյունքում, կարճ ժամանակ անց, նրան կրտսեր լեյտենանտի սպայական կոչում է շնորհվում:
Հայրենական մեծ պատերազմին Գրիշա Մանուչարյանը մասնակցում է մինչև 1944թ. ավարտը, քանի որ Լեհաստանում նա երկրոդ անգամ վիրավորվում է և հոսպիտալացվում: Այս անգամ իր ստացած ծանր վիրավորումից մինչ ապաքինվում էր` Ֆաշիստական Գերմանիան 1945թ. մայիսի 8-ին արդեն ստորագրած է լինում իր կապիտուլյացիան։
Զորացրվելուց հետո ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և 1952թ. ավարտում այն։ Համալսարանն ավարտելուց հետո նրան գործուղում են Կրասնոդարի մարզի Անապա քաղաք, որտեղ աշխատում է կրթության բնագավառում որպես տեսուչ: Իսկ 1954թ. վերադառնում է Հայաստան և աշխատանքի անցնում Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Հարժիսում աշխատելուց հետո Գրիշա Մանուչարյանը որոշակի ժամանակահատված աշխատել է նաև Խնձորեսկի միջնակարգ դպրոցում` դասավանդելով հայոց լեզու և գրականություն։
Այնուհետև` 1957 թվականին, Գորիսի շրջանային կուսակցական կոմիտեի երաշխավորմամբ ստանձնում է իր հայրենի գյուղի` Ձորաշենի դպրոցի տնօրենի պաշտոնը և պաշտոնավարում մինչև 1972թվականը։
Իսկ երբ Ձորաշեն, Ազատաշեն և Այգեձոր գյուղերը միացվեցին ու այդ գյուղերի բնակիչներով Հարթաշեն անվամբ նոր գյուղ հիմնվեց, իշխանությունները Գրիշա Մանուչարյանին վստահեցին այդ նոր գյուղում գործող միջնակարգ դպրոցի տնօրենի պարտականությունները։ Նա Հարթաշենի դպրոցում պաշտոնավարեց մինչև 1978 թվականը։
Աներկբայելի է, որ մարդու աշխարհընկալման խորությունն ու լայնահունությունը, գեղարվեստական ճաշակը, գեղագիտական հայացքների որակները կրթությամբ են ձեռք բերվում, և յուրաքանչյուր բանաստեղծ անհատ, կյանքի ճանաչողությանը համընթաց, իր նախասիրություններին տուրք տալով` ձևավորում է իր աշխարհայացքը:
Բայց միայն կրթությամբ և կյանքի փորձառությամբ աշխարհում դեռ ոչ ոք բանաստեղծ չի դարձել: Ի վերուստ տրված ստեղծագործելու այդ բացառիկ մարդկային ունակությունը բանաստեղծ անհատներն էն գլխից են ժառանգած լինում...
Գրիշա Մանուչարյանին բնությունն առատաձեռնորեն օժտել էր կյանքը պատկերներով ընկալելու և էպիկական շնչով այն չափածո ներկայացնելու աստվածատուր ձիրքով:
Սակայն ցավալիորեն պիտի արձանագրել, որ համալսարանական տարիներին հանրապետական թերթերում հաճախակի տպագրվող, մայրաքաղաքային գրական շրջանակներին բավականին հայտնի, խոստումնալից բանաստեղծ համարվող Գրիշան այդպես էլ իր հիշատակն անմահացնող ոչ մի գիրք չթողեց ընթերցողի սեղանին:
Համալսարանն ավարտելուց մի քանի տարի անց հանգրվանելով իր հայրենի Կյորու (Ձորաշեն) գյուղում ու ստանձնելով դպրոցի տնօրենի պաշտոնը` Գրիշա Մանուչարյանը հետագա տարիներին լուրջ նվիրումով չզբաղվեց պոեզիայով, և կարելի է միանշանակ ասել, որ իր բանաստեղծական տաղանդը հիմնականում վատնեց իր ժողովրդի հետ ապրած օրերը պարզապես գեղեցիկ անցկացնելու վրա:
Բնությունը շռայլ էր գտնվել նրա հանդեպ նաև արտաքին բարեմասնություններով օժտելու հարցում. բարձր հասակը, խրոխտ կեցվածքը, առնականությունն ու գեղեցիկ տեսքը բայրոնյան հմայք հաղորդելով նրա կերպարին` ցանկացած միջավայրում միանգամից ընդունելի էին դարձնում նրան, նախքան նրա խոհուն և լայնասիրտ էությունը կհասցներ իր մարդկային լույսն ու ջերմությունը տարածել շրջապատի վրա: Նրա խինդով լեցուն հոգին բոլորին կենսուրախ տրամադրություն էր ներարկում, իսկ լիաթոք, վարակիչ ծիծաղն ի զորու էր լինում նույնիսկ չար մարդկանց զինաթափելով` բարեհամբույր դարձնել...
Հասարակ ժողովուրդն անվերապահորեն սիրում էր նրան` որպես իր հարազատ զավակի, իսկ խորհրդային իշխանությունների ներկայացուցիչները, գնահատելով նրա գիտելիքներն ու կազմակերպչական ունակությունները, միաժամանակ հիացմունքով և անկեղծ ակնածանքով էին նայում պատանի տարիքում Հայրենական մեծ պատերազմի դաժան մարտերով անցած նրա հաղթական կերպարին: Ի դեպ, նրա «Շինել» բանաստեղծությունը, որ պատերազմի բովով անցած զինվորի և զինվորական շինելի մտերմության մի էպիկական հուզիչ ասք է, պատերազմի մասին գրված լավագույն ստեղծագործություններից մեկն էր համարվում այն տարիներին, որն այսօր էլ թե՛ իր բանաստեծական գրավչությունն է պահպանել, թե՛ իր արդիական հնչեղությունը.
ՇԻՆԵԼ
Երբ ներխուժեց թշնամին
Հայրենական հողը մեր,
Ընկերացանք նույն պահին,
Նվիրական իմ շինել:
Քեզ հետ տարա ցավ ու վիշտ
Բախումներում այն դաժան,
Եվ կռվի մեջ եղանք միշտ
Մտերիմ ու անբաժան:
Թե ընկել եմ վիրավոր
Ես թշնամու գնդակից,
Նախ, գնդակը թունավոր,
Քեզ է կպել, հետո՝ ինձ:
Եղել ես տաք անկողին,
Երբ բաց դաշտում եմ քնել,
Սառնությունը թաց հողի
Քեզ վրա ես ընդունել:
Եվ տխրել ես, սիրելիս,
Մեր նահանջը հիշելով,
Իսկ թշնամուն հաղթելիս
Ծափ ես տվել փեշերով:
Զինվորիս հետ մտերիմ
Դու կռվել ես քաջի պես,
Կրծքիդ թափած արյունն իմ՝
Շքանշան է կարծես:
Եվ կլինենք իրար հետ՝
Միշտ անբաժան իրարից,
Մինչ վերանան առհավետ
Պատերազմներն աշխարհից:
Առանց վարանելու կարելի է ասել, որ դժվարին պատանեկան տարիներ տեսնելուց, երիտասարդ տարիքում պատերազմի սարսափների միջով անցնելուց և ուսումնառության կիսաքաղց տարիներն անցկացնելուց հետո, երեսուն տարեկանից սկսած, նրա կյանքը երջանիկ աստղի տակ ծնվածի լուսապսակով էր շրջանակվել: Եվ գուցե հենց հասարակության բոլոր խավերի կողմից գնահատված լինելու հանգամանքն ու արժևորված ապրելու հաճելի իներցիան էր հիմնական պատճառը, որ նա, կարելի է ասել, ինչ-որ առումով տոնական թմբիրի մեջ անցկացրեց ստեղծագործելու իր լավագույն տարիները և միայն դեպքից դեպք փորձեց լրջորեն անդրադառնալ իսկական պոեզիային:
2006թ. Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Էդիկ Զոհրաբյանը մեր հանդիպումներից մեկում կիսվելով ինձ հետ իր մի սրտառուչ մտահղացմամբ` ասաց, որ ցանկանում է Գրիշա Մանուչարյանի բանաստեղծություններից գոնե մի փունջ առանձին գրքույկով լույս ընծայել և այդ նպատակով «Զանգեզուր» թերթի արխիվներից փորձում է դուրս բերել ժամանակին այնտեղ տպագրված նրա բոլոր ստեղծագործությունները: Ու ասաց, որ թերթերից հանված բանաստեղծությունների մի մասը որոշակի խմբագրումների կարիք է ունենալու, քանի որ դրանցում այն տարիների կոմունիստական գաղափարախոսությամբ ներծծված, այսօրվա ընթերցողի համար անընկալելի բառեր կան, որոնք ցանկալի կլիներ, որ փոխարինվեին: Եվ ինձնից խնդրեց, որ այդ աշխատանքը ես կատարեմ: Ես տվեցի իմ համաձայնությունը, ինքս էլ իմ հերթին «պարտավորեցնելով» նրան, որ արխիվային որոնումներում հնարավորինս ուշադիր լինի և փորձի գտնել նաև Գրիշա Մանուչարյանի «Զանգեզուրյան լեգենդներ»-ի շարքը: Նման լեգենդների գոյության փաստի մասին նա ոչ մի տեղեկություն չուներ: Հավաստիացրի նրան, որ այդ լեգենդները հաստատ գոյություն ունեն, և որ պատանի տարիքում դրանց առաջին ու վերջին անգամ ես հանդիպել եմ հենց «Զանգեզուր» թերթում:
Որոշ ժամանակ անց Էդիկը ոգևորված հայտնեց, որ չորս լեգենդներ ներկայացնող «Զանգեզուրյան լեգենդներ» շարքը գտել է («Զանգեզուր» թերթի 1969թ. 127, 149 և 1970թ. 19, 37 համարներում) և երկու տասնյակից ավելի բանաստեղծությունների հետ դրանք հանձնեց ինձ:
Լեգենդների խմբագրման մեջ խորանալով` տեսա, որ միայն թեթևակի խմբագրումներ անելով գործը գլուխ չի գալիս, որ առավել հիմնավոր միջամտությունների կարիք է զգացվում, որովհետև լեգենդները թեև էպիկական շնչով տոգորված, գեղարվեստական արժանիքներ ունեցող ստեղծագործություններ էին, սակայն որոշ հատվածներում հապճեպ ու անփույթ էին շարադրված: Նման դրվագները միանշանակ թուլացնում էին լեգենդների գեղարվեստականությունն ու էպիկական հնչեղությունը:
Լեգենդների խմբագրումներն արժանավայել կերպով ավարտին հասցնելու համար ստիպված էի առավել հիմնավոր միջամտություններ անելու իրավունք վերապահել ինձ և տարաբնույթ փոփոխություններ իրականացնել. որոշակի տողեր շտկել եմ` հուզականությանն ու ասելիքին չօգնող բառերը փոխարինելով նորերով, խճճվածություններ պարունակող որոշ տներ հստակեցրել եմ` բանաստեղծական պարզ հնչեղություն հաղորդելով դրանց, շփոթեցնող ընկալումների հնարավորությունը բացառելու նպատակով որոշ պատկերներ հղկել եմ, որոշ պատկերներ էլ փոխել եմ` ելնելով տվյալ պատումի հոգեբանական ընթացքի տրամաբանությունից: «Հարսնաձոր» լեգենդում հարկադրված եմ եղել սյուժեի փոփոխություն կատարել և իրեն ձորը նետած աղջկան կենդանի թողնել, քանի որ, ըստ ժողովրդական ավանդազրույցի, նա չի մահացել: Այդ պատճառով «Հարսնաձոր» լեգենդում մեկ քառատող ավելացրել եմ: Իսկ որոշ տներ ինքնանպատակ համարելով՝ այդ լեգենդներից հանել եմ...
Մի խոսքով` ինչ կարգի փոփոխություններ էլ իրականացրել եմ, դրանք բոլորն էլ միտված են եղել ծառայելու լեգենդներն ավելի կատարյալ ու հնչեղ դարձնելու նպատակին…
Հարկ եմ համարում` վերստին հիշատակել իր կյանքը նախանձելի մոլեռանդությամբ գրչին նվիրաբերած Էդիկ Զոհրաբյանի անունը: Նրա նախաձեռնությունը պատճառ հանդիսացավ, որ գտնվեցին «Զանգեզուրյան լեգենդները»:
ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ