Գորիսի երկրագիտական թանգարանի տապալումը` իրողություն

25.05.2013 19:30
4661

Թանգարանների միջազգային օրը Գորիսի երկրագիտական թանգարանի փաստացի ղեկավար Վարդան Սարգսյանն այդպես էլ չայցելեց իր ղեկավարած հաստատություն (թեեւ Գորիսում էր), իսկ քաղաքապետ Նելսոն Ոսկանյանն այդ թանգարանում ստեղծված անմխիթար վիճակը բացատրեց հնարավորությունների բացակայությամբ ու հուսադրող ոչինչ չասաց թանգարանի դրությունը շտկելու եւ ցուցանմուշների զգալի մասին սպառնացող վտանգը չեզոքացնելու մասին:

Գորիսյան մերօրյա իրողությունները, ուզենք-չուզենք, հակասական (հաճախ` իրարամերժ) ընկալում ունեն հասարակության մեջ: Դա հատկապես վերաբերում է մշակութային կյանքին, որը, բազմաթիվ գորիսեցիների համոզմամբ, իր ավանդական ու բնականոն ուղուց խոտորված է ու տապալված: Մշակութային որոշ հաստատությունների դերն ու նշանակությունը նույնիսկ պատշաճ ըմբռնումի չեն արժանանում օրվա իշխանությունների կողմից: Տապալված ու «չհասկացված» մշակութային հաստատությունների շարքը համայնքում գլխավորում է Գորիսի երկրագիտական թանգարանը:

Երբ 1948թ. նոյեմբերի 29-ին Գորիսում հանդիսավորապես բացվեց գավառագիտական թանգարանը (այն ժամանակ այդպես էր կոչվում)` դա համարվեց մշակութային մեծ իրադարձություն ոչ միայն Գորիսում, այլեւ ամբողջ Զանգեզուրում, քանի որ թանգարանն ի սկզբանե ուներ տարածաշրջանային նշանակություն եւ առաքելություն: Թանգարանը ստեղծելու մասին ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում էր ընդունել 1946թ. սեպտեմբերի 14-ին: Եվ մոտ երկու տարի Գորիսի իշխանությունները, հանրապետության մշակույթի նախարարությունը նախապատրաստվում էին թանգարանի հիմնարկեքին, ցուցանմուշներ հավաքում Մեղրիում, Կապանում, Սիսիանում: Ճիշտ է, հետագայում երկրագիտական թանգարան ստեղծվեց Կապանում (1969թ.), պատմության թանգարան` Սիսիանում (1989թ.), բայց Գորիսի թանգարանը երկար տարիներ շարունակեց մնալ որպես մշակութային բացառիկ հաստատություն եւ կատարել գավառագիտական (սյունիքյան) առաքելություն, քանզի մոտ 5600 ցուցանմուշի (մի մասը` եզակի) օգնությամբ կարելի էր (եւ առայսօր կարելի է) հետազոտել, պարզաբանել մեր երկրամասի պատմության բազմաթիվ հարցեր: Բայց, որքան էլ տարօրինակ է, գիտամշակութային այդ հաստատությունը վերջին երկու տասնամյակում հետեւողականորեն մղվեց լուսանցք, անտեսվեց ու արհամարհվեց: Իհարկե, թանգարանային գործում շեղումների որոշ հիմքեր դրվել էին դեռեւս նախորդ շրջանում: Այսպես, տարիներ շարունակ պատշաճ շենք չհատկացվեց թանգարանին, իսկ 1989-ին, երբ վերաբացվեց Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, թանգարանն իրավացիորեն հանվեց այնտեղից ու տեղափոխվեց եկեղեցու դիմացի (նախկինում` պրոֆտեխուսումնարանի, N6 միջն. դպրոցի, ուսումնաարտադրական կոմբինատի, իսկ ավելի վաղ` գյուղտեխնիկումի) շենքի նկուղային հարկ, որը շատ թանկ նստեց թանգարանի ցուցանմուշների վրա: 1996-ին թանգարանի կյանքում տեղի ունեցավ եւս մեկ շրջադարձ: Շրջանային խորհուրդների լուծարման, մարզպետարանների ստեղծման կապակցությամբ վերանայվեց նախկինում շրջանային ենթակայության հաստատությունների (հիմնարկների) հետագա կարգավիճակը: Բազմաթիվ թանգարաններ (հանրապետությունում) անցան մարզային կամ հանրապետական ենթակայության, որն ավելի բարեհարմար կարգավիճակ էր ֆինանսական ապահովման, գիտամեթոդական ղեկավարման առումով: Սյունիքի մարզի հնագույն եւ ամենահարուստ թանգարանը, սակայն, հանձնվեց Գորիսի տեղական ինքնակառավարման մարմնին` քաղաքապետարանին (Կապանի երկրագիտական թանգարանին վերապահվեց մարզային, Սիսիանի Ն.Ադոնցի անվան պատմության թանգարանին` հանրապետական ենթակայության կարգավիճակ): Գորիսի քաղաքապետարանն էլ, լավ չպատկերացնելով թանգարանի դերն ու նշանակությունը մշակութային կյանքում, հետագայում թանգարանին զրկեց իրավաբանական անձի կարգավիճակից ու դարձրեց Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակութային կենտրոնի մի բաժին: Այդ կարգավիճակով էլ մինչ օրս գործում է (եթե, իհարկե, գործում է)։ Դրանով, սակայն, չավարտվեց թանգարանին պատուհասած արհավիրքների շարքը: Թանգարանը զրկվեց գիտամասնագիտական ղեկավարումից: Թանգարանի ղեկավարումը հանձնվԵց թանգարանի գիտաշխատող Վարդան Սարգսյանին, ում թույլատրվեց համատեղությամբ աշխատել քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում, իսկ ավելի ուշ` նաեւ Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն: Թեեւ մասնագիտությամբ պատմաբան է, մի քիչ էլ թանգարանային աշխատանքի փորձ ունի եւ լավագույնս պատկերացնում է հնագիտական ու ազգագրական իրերի (առարկաների) շուկայի միտումները, բայց Ա.Բակունցի տուն-թանգարանի տնօրեն նշանակվելուց հետո այլեւս ժամանակ չունեցավ զբաղվելու երկրագիտական թանգարանի գործերով` մնալով այդ թանգարանի գիտաշխատող ու փաստացի ղեկավար: Ամեն ինչ թողնվեց թանգարանի ֆոնդապահի եւ երկու հսկիչի հայեցողությանը… Մինչ այդ` 2002-ին, թանգարանին նոր տեղ հատկացվեց քաղաքի մշակույթի կենտրոնի առաջին հարկի հետնամասում: Իբր թանգարանի շենքային պայմանների բարելավմանը միտված այդ քայլը, սակայն, ոչ միայն չթեթեւացրեց թանգարանի հոգսերը, այլեւ նոր խնդիրներ առաջ բերեց: Մշակույթի կենտրոնի այդ հատվածի ոչ արեւահայաց (գրեթե նկուղային) դիրքը, գետնի մակերեսից ոչ բարձր լինելը, սալապատված հատակն ի սկզբանե խոնավության աղբյուր էին` թանգարանային պայմաններին հակացուցված: Ուստիեւ այնտեղ գիտական ու ազգագրական մեծ արժեք ունեցող գորգերի, կարպետների եւ մյուս գործվածքների, ինչպես եւ լուսանկարների, գեղանկարների, փաստաթղթերի (տասնամյակների ընթացքում ձեռք բերված) պահպանության մասին խոսելն այլեւս ավելորդ դարձավ: Խոսք չէր կարող լինել նաեւ նորմալ, շուրջտարյա աշխատանքային առօրյայի մասին: Լավագույն դեպքում, ինչպես վկայում են թանգարանի աշխատակիցները, այնտեղ մտնել ու մի քանի ժամ աշխատել (աշխատելու պատրանք ստեղծել) կարելի էր եւ է միայն ամառվա ամիսներին: Հիմա` մայիսյան արեւոտ օրերին անգամ այնտեղ մի քանի ժամ գտնվելու համար պետք է էլեկտրական ջեռուցիչ օգտագործել (ինչին ականատես եղանք մայիսի 18-ին): Աշխատանքային նորմալ պայմանների լիակատար բացակայության պարագայում անիմաստ է խոսել թանգարանի միակ սրահի ցուցադրությունների բովանդակության, ձեւավորման (մատուցման) մակարդակի մասին: Մոտ 5600 ցուցանմուշ ունեցող թանգարանի ներկա կիսատ-պռատ (մեծ մասամբ` անիմաստ ու ոչինչ չասող) ցուցադրությունները մի քանի տարվա վաղեմություն ունեն: Ոչ մի խոսք նոր ցուցադրության մասին: Ոչ մի բուկլետ, բրոշյուր, գիրք` առկա ցուցանմուշները հազարից մեկ թանգարան այցելող մարդկանց ներկայացնող: Ոչ մի խոսք նոր ցուցանմուշներ, հնագիտական եւ ազգագրական նոր իրեր ձեռք բերելու մասին: Ոչ մի համագործակցություն շրջանի տարածքում հնագիտական աշխատանք կատարող խմբերի հետ: Ոչ մի խոսք շենքի պահպանության մասին (սրահի ձախ անկյունից, հորդառատ անձրեւների ժամանակ, անձրեւաջրերը թափվում են սրահ, իսկ երկու տարի առաջ թանգարանի անմիջական մուտքի մասում կառուցված կաթսայատունը` թատրոնի շենքային մասնաբաժինը ջեռուցելու համար, լույսից վերջնականապես զրկել է ֆոնդերի պահպանության խուցը): Թանգարանի այս վիճակին ծանոթ էինք վաղուց: Եվ, անշուշտ, հարցը կարելի էր բարձրացնել ավելի շուտ, բայց անհարկի (ավելի ճիշտ` ավելորդ) էինք համարում, քանզի գորիսյան ամբողջ մշակութային կյանքը հիմնավորապես քննարկելու անհրաժեշտություն ուներ (եւ ունի): Սակայն… Մայիսի 18-ին` թանգարանների միջազգային օրը, որ զուգադիպել էր «Թանգարանային գիշեր» համահանրապետական միջոցառմանը, մայրաքաղաքային հեռուստաեթերից իմացանք (հեղինակը մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն էր), որ օրվա կապակցությամբ հանրապետության մի շարք թանգարաններում (այդ թվում` Գորիսի երկրագիտական թանգարանում) տեղի կունենան ուշագրավ միջոցառումներ: Մենք, բնականաբար, անակնկալի եկանք, ուրախացանք եւ այցելեցինք թանգարան` մասնակցելու հայտարարված միջոցառմանը: Պարզվեց, սակայն, որ տիկին փոխնախարարի տեղեկությունները հավաստի չեն… Թանգարանների միջազգային օրը, նախ, այդպես էլ թանգարան չայցելեց թանգարանի փաստացի ղեկավար Վարդան Սարգսյանը: Ասում են` զբաղված էր Ա.Բակունցի տուն-թանգարանում: Ֆոնդապահը հիվանդանոցում էր: Այնտեղ էին միայն երկու հսկիչը, ովքեր էլ կազմակերպեցին միջոցառումը: Մոտ քսան հոգու մասնակցությամբ ցերեկույթին (մասնակիցները հիմնականում գրադարանի աշխատողներ էին) Լիլիա Հարությունյանն ու Անի Մկրտչյանը (դպրոցականների օգնությամբ) համառոտ ներկայացրին թանգարանի ցուցանմուշների բովանդակությունը, ինչպես եւ գեղարվեստական-ազգագրական ինչ-որ տեսարաններ…

Թանգարանային ցերեկույթին մասնակցում էր նաեւ Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, ում, միջոցառման ավարտից հետո, ուղղեցինք մեզ հետաքրքրող մի քանի հարց: Քաղաքապետը, ի վերջո, համաձայնեց մեզ հետ այն հարցում, որ թանգարանում հավերժորեն իշխող խոնավության պայմաններում մի քանի տարի հետո իրենց նշանակությունը լիովին կկորցնեն (եթե արդեն չեն կորցրել) այնտեղ պահվող գորգերը, կարպետները, ջվալները, խուրջինները, լուսանկարները, գեղանկարները, փաստաթղթերը: Քաղաքապետը համաձայնեց նաեւ այն հարցում, որ թանգարանը պետք է ունենա իրեն արժանի շենքային պայմաններ, որ թանգարանը պետք է ունենա իրավաբանական անձի կարգավիճակ, որ թանգարանի տնօրենը չի կարող համատեղությամբ աշխատել մեկ այլ հիմարկի տնօրեն, որ Գորիսի թանգարանի երբեմնի համբավը պետք է վերականգնվի, որ թանգարանը պետք է դառնա մարզային կամ հանրապետական ենթակայության, որ… Նելսոն Ոսկանյանը, այդուհանդերձ, չի տեսնում այդ հարցերից եւ ոչ մեկի լուծման ելքը, ինչի համար ափսոսանք ենք հայտնում: Գորիսի քաղաքապետի` ստեղծված վիճակը բացառապես ֆինանսական եւ շենքային հնարավորությունների բացակայությամբ բացատրելը, սակայն, չի կարող մխիթարող, հանգստացնող հանգամանք լինել, մանավանդ որ այդ հիմնավորումներն այնքան էլ համոզիչ ու փաստարկված չեն: Գորիսում ակնկալում են (մենք` նույնպես), որ խնդրո առարկան կզբաղեցնի Սյունիքի մարզպետարանին եւ ՀՀ մշակույթի նախարարությանը եւս, քանզի հարցը շատ կարեւոր է եւ օր առաջ լուծում պահանջող:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53