Գյուղական դպրոցի նվիրյալը

17.10.2013 15:16
1961

Հայաստանի հեռավոր շրջաններից մեկը` Արեւիք-Մեղրին, որին պատմականորեն տրված է կարեւոր առաքելություն, այն է` պահել ու պաշտպանել մեր երկրի հարավային սահմանը, պատահական չէ, որ ծնունդ է տվել մարդկանց, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրաբերել եւ նվիրաբերում են հայրենի հող ու ջրի պահպանմանը:

Այդպիսի նվիրյալներից է բազմավաստակ ուսուցիչ ու դպրոցի երկարամյա տնօրեն Մելինե Հայկի Գեւորգյանը, ով ծնվել է Կարճեւանում, սակայն նախնիներն արդեն գոյություն չունեցող Ագարակ (Հիգերակ) գյուղից էին, որը շատ գողտրիկ եւ հյուրասեր գյուղ էր, եւ որտեղ 1840-50-ական թթ. ֆրանսիացիները պեղումներ էին կատարել եւ պղինձ հայտնաբերել` նախապես տնայնագործական եղանակով պղինձ ստանալով: Դրանից մոտ 100 տարի անց այդ գյուղի տարածքն ընդգրկող հանքավայրի հիման վրա ստեղծվեց Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ ձեւավորվեց քաղաք` ստանալով Ագարակ գյուղի անունը, որից միայն Սբ Ամենափրկիչ եկեղեցին է մնացել… Մելինե Գեւորգյանը հպարտությամբ է նշում, որ սերում է այդ գյուղի արժանավոր ընտանիքից, քանզի ե՛ւ կրթվածությամբ, ե՛ւ աշխատանքի հանդեպ ունեցած վերաբերմունքով իր նախնիները մշտապես առանձնացել են շրջապատում:

Կես դար կյանքը դպրոցին նվիրաբերելն արդեն իսկ վկայությունն է այն ճշմարտության, որ իսկական նվիրյալներ ծնվում են, այլ ոչ թե դառնում: Երեւանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում ուսանելու տարիներին եւ նույնիսկ դրանից հետո, երբ հնարավորություն է ունեցել ավելի նշանավորվել գիտության բնագավառում, հասարակական կյանքում, նա նախընտրել է հայրենի Կարճեւանը, հարազատ աշխատանքն ու, որ կնոջ ամենամեծ առաքելությունն է, ընտանիքը: Մեծագույն բերկրանքով է խոսում ընտանիքի, ամուսնու, զավակների մասին` ամեն օր շրջապատված լինելով նրանց ջերմությամբ, ուրախանալով նրանց հաջողություններով. «Ընտանիքն ամենակարեւորը պիտի լինի պետության համար, բայց այսօր նրա հիմքերը կարծես խարխլված են, թեկուզ շատ բաներ կարող են պայմանավորված լինել նաեւ սոցիալական վիճակով, պետությունն այս հարցում, թերեւս, առաջնային դերակատարություն պիտի ունենա` նախեւառաջ զարգացնելով տնտեսությունը, իսկ հայ կինը` որպես տան ներքին պատ, պիտի Աստղիկի նման գեղեցիկ լինի, բայց միեւնույն ժամանակ ամոթխած»:

Աշխատանքային գործունեության ընթացքում մշտապես օրինակ է ծառայել ուսուցիչների եւ աշակերտների համար թե՛ իր արտաքինով, թե՛ իր խոսքով, թե՛ արարքներով: Եվ հիմա դժվար թե գյուղում գտնվի մեկը, ով ցավով չնշի, որ նա դեռ բավականաչափ եռանդ ուներ աշխատելու համար, բայց... Մոտ երեք տասնամյակ ղեկավարելով Կարճեւանի հիմնական դպրոցը` գալիս է այն համոզման, որ ժամանակակից դպրոցը միտում ունի կործանելու խորհրդային տարիների դպրոցը, որ լավագույններից մեկն էր, եթե ոչ լավագույնը, եւ դա միգուցե պայմանավորված է տարբեր գործոններով` եվրոպամետ քաղաքականությամբ, մասնագետների զարգացվածության մակարդակի թուլացմամբ, աշխատանքի հանդեպ չունեցած անհրաժեշտ վերաբերմունքով, ինչպես նաեւ տեխնիկայի արագընթաց մուտքով: Մշտապես հետաքրքրված լինել աշխարհի անցուդարձով, զբաղվել ինքնակրթությամբ, զերծ մնալ արատներից ու թերություններից. սա պիտի լինի ուսուցչի առջեւ ծառայած կարեւորագույն խնդիրը:

Բացի դպրոցին սպառնացող վտանգից` բազմավաստակ ուսուցիչն ունի նաեւ մտահոգիչ այլ հարցեր` կապված Մեղրու եւ Ագարակի տարածաշրջաններում հանքերի շահագործմամբ պայմանավորված բնապահպանական խնդիրներով, ինչպես նաեւ արտագաղթով, որ սպիտակ եղեռն կարելի է որակել, մեծագույն չարիք հատկապես սահմանամերձ գյուղերի համար:

Հոգու խորքում բացված վերքը, սակայն, ոչ մի կերպ չի սպիանում, քանզի 53 տարվա ուսուցչին կենսաթոշակի ուղարկելով` շնորհակալական ոչ մի խոսք անգամ չասացին, կարելի է ասել` չգնահատեցին այդքան տարիների նվիրական գործունեությունը: Միայն բավարարվեցին Կարճեւան համայնքի պատվավոր քաղաքացու հավաստագիր տալով, մինչդեռ ամենուրեք շռայլում են մեդալներ ու այլ պարգեւատրումներ: Ինչեւէ, իր ապրած եւ ոչ մի օրվա համար նա չի ափսոսում, քանզի այն, ինչ արել է, արել է սրտանց, առանց մեծարման ակնկալիքի, իր կյանքի նշանաբան ընտրելով սերն ու անմնացորդ նվիրումը դպրոցին ու ընտանիքին:

Ամեն օր արթնանալով եւ հայացքը հառելով այն կետին, որ տարիներ ի վեր իր ոգեշնչման աղբյուրն է եղել` նա մի թաքուն սպասումով ակնկալում է վերադարձ հարազատ ակունքներին…

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40