Որքան էլ դժվար, բայց հազար ու մի անհանգստացնող խոհերով ու անկոտրում արցախցիների մասին լավատեսությամբ լեցուն՝ քայլերս ուղղում եմ դեպի Գորիսի չքնաղագեղ անկյուններից մեկում ծվարած, հայկական համ ու հոտով «Եղևնուտ» հյուրանոց, ուր, իմ նախնական տեղեկություններով, ժամանակավոր բնակվում են մեծ թվով արցախցիներ: Շենքի նախամուտքում մի քանի տղամարդ խոսում են Արցախի բարբառով: Թեման Բերձորի միջանցքի փակման, ցեղասպան Ադրբեջանի մշտական թշնամական գործողությունների, հայության ու Հայաստանի, մասնավորապես Արցախի և նրա հերոս ժողովրդի ճակատագրի մասին է...
- Բարև: Հունց ը՞ք: Ծիք ը՞ք,- հարցնում եմ:
Հավանաբար ենթադրելով, որ տեղացի եմ, բայց այդքան վարժ «արցախերեն» եմ ողջունում, հավաքված անձանց մտազբաղ հայացքներին մեկեն ժպիտ է ավելանում, ու գրեթե միաբերան պատասխանում են.
- Լյավ ընք, քը մատաղ...
Մինչ որսում էի թևատակիս հայկական զարդանախշերով նոթատետրիս ուղղված նրանց հետաքրքրասեր հայացքները, որ պիտի հարցնեին՝ «բա հոր ը՞ս եկալ», մուտքի մոտ նկատեցի հյուրանոցի տնօրենին՝ մեկ այլ խումբ արցախցիների հետ կանգնած: Մոտեցա, հայտնեցի այցիս նպատակը: Տնօրեն Վահագն Հայրապետյանն ընդառաջեց արցախցիների հետ հանդիպելու, զրուցելու, գրառումներ և ձայնագրություն կատարելու առաջարկությանս:
Քիչ անց՝ ընդարձակ խոհանոցի կլոր սեղանի շուրջ, արդեն անմիջական մթնոլորտ էր ստեղծվել իմ և Սուրենի, Վահանի, Բորիսի, Արմենի, Գարունի, Սամվելի, Կամոյի, Սերոբի, Կարենի, Էդուարդի, Անդրանիկի միջև:
Արցախի շրջափակման առաջին օրերին այստեղ Արցախից 10-15 մարդ կար: Հետագայում՝ դեկտեմբերի վերջին, Հայաստանի տարբեր վայրերից ժամանման հետևանքով նրանց թիվը հասավ մոտ 50-ի: Նրանք Գորիսը նախընտրել էին որպես Արցախին ամենամոտ քաղաք: Իր դերն էր խաղացել նաև «Արցախ-Սյունիք» հին ավանդույթը, ըստ որի՝ նրանք նույն նիստ ու կացով, բարբառով, կյանք ու կենցաղով, հումորի զգացումով ու ըմբոստ ոգով մի ընդհանրական բնիկ հատված են հայոց մեջ:
«Եղևնուտ»-ում ժամանակավորապես բնակվող արցախցիների մեծամասնությունը միջին տարիքի տղամարդիկ են՝ առողջ, հաղթանդամ, կարող ուժեր: Կան նաև առանձին, ամբողջական ընտանիքներ, թոշակառուներ, բանվոր-ծառայողներ, վարորդներ... Թեև նրանց կյանքի պատմությունները յուրաքանչյուրիս մատնահետքերի պես տարբեր են, սակայն, որքան էլ տարօրինակ է, այստեղ բոլորին միավորել է... թշնամին: Նրանցից մեկը՝ Սուրենը, հենց այսպես էլ ասաց.
- Ցրվելով, բաժանվում ենք: Միասին ավելի ուժեղ ենք:
Մանվել Մինասյանն ու Մհեր Մնացականյանը պատերազմական ընկերներ են: 1991-94 թվականներին եղել են տարբեր ռազմաճակատներում, հետո Մարտակերտի ուղղությամբ ծառայել են միասին. Մանվելը՝ հրետանային հետախույզ, Մհերը՝ գումարտակի հրամանատար, ապա դարձել են կյանքի անբաժան ընկերներ: Մանվելը ոստիկանության պահեստազորի գնդապետ, իրավաբան է, Մհերը՝ պահեստազորի մայոր: Երկու ընկերով մի սենյակում են:
Իմ այցելության պահին Մանվելը թեթև հիվանդ էր: Ասաց՝ վիրուս է, կանցնի:
Մհերը, ում սիրտը ստենտավորված է, ամեն մի վատ լուրից սթրես է ապրում: Իր անհանգստությունը պարզ մեկնաբանություն ունի՝ «Էս թորքերն ինձ հունից հանում են, պա հի՞նչ անիմ»... Այստեղ՝ հյուրանոցում, սրտի նոպա ունեցավ. բոլորը մեկ մարդու պես գործի անցան: Րոպեներ անց շտապօգնության մեքենան եկավ, Մհերին տեղափոխեցին Գորիսի սրտաբանական կենտրոն, որտեղ հնդիկ բժիշկը ցուցաբերեց մասնագիտական հմտություն՝ հիվանդը կարճ ժամանակում կազդուրվեց և դուրս գրվեց բժշկական կենտրոնից:
Մհերը հիմա էլ թեթև գրիպ է տանում, բժիշկների հսկողության տակ է, հոգատար հայրենակիցների և նույն սենյակում բնակվող ընկերոջ՝ Մանվելի մշտական ուշադրության կենտրոնում:
Սամվել Սարգսյանը 31 տարեկան է: Հյուրանոցում են 5 հոգով, կնոջ՝ Մերի Հակոբյանի, 5-ամյա Կարենի, զոքանչի՝ Նորայի և կնոջ ազգականի՝ Ֆլորայի հետ:
Նորայի փեսան՝ Վադիմն ընտանիքով ապրում էր Ստավրոպոլում: 2022 թվականին դժբախտ պատահարի զոհ է դառնում. մահանում է ավտովթարից: Ազգականի մահվան տարելիցի արարողությանը մասնակցելու նպատակով ընտանիքը Ստեփանակերտից Ստավրոպոլ է մեկնել դեկտեմբերի 7-ին, իսկ Երևան վերադարձել դեկտեմբերի 23-ին, որտեղ մի քանի օր բարեկամի տանն ապրելուց հետո՝ Ամանորի նախօրյակին, եկան Գորիս:
Սամվելի ավագ որդին՝ 7-ամյա Մհերն ու 5-ամյա Նատալին մեկ ամսից ավելի է, ինչ ծնողներից հեռու են՝ հայրենի Հաթերքում, ուր նրանք գտնվում են հորեղբայր Դավիթի և նրա հոգատար ընտանիքի խնամքի ներքո: Մհերն ու Նատալին երկվորյակներ են, Մհերն այստեղ է, Նատալին՝ այնտեղ: Սամվելն ասում է, որ թշնամու կողմից Բերձորի տարածքում Հայաստանից Արցախին մատակարարվող միակ բարձրավոլտ էլեկտրագծի վնասումից հետո, Արցախում հովհարային անջատումների և համացանցի անկանոն աշխատանքի պատճառով, ընտանիքը հիմա ավելի շատ հեռախոսով է հաղորդակցվում:
Մերին էլ լրացնում է ամուսնուն.
- Արցախցին վհատվող չէ, մենք կապրենք էլ, կպայքարենք էլ: Մենք սովից մեռնողը չենք: Էսպիսի բաների չէ, որ դիմացել ենք: Էս պահին միայն հիգիենայի պարագաներ լինեին Հաթերքում... Ոչինչ, էդ էլ ժամանակավոր բան է,- ասում և ինքն իրեն հուսադրում է Սամվելի կինը:
Թալիշ Մարտիրոսյանն Արցախյան 1-ին ազատամարտի վետերան է, 1991-94 թթ. Մարտակերտի գյուղերի ինքնապաշտպանական մարտերի մասնակից: 1994 թ. նոյեմբերի 22-ին Կիչանի մարտերում վիրավորվել է ոտքից, գլխից ստացել բեկորային վնասվածք: Խլացել է: Այսօր դժվար է լսում: Լսողական սարքը մնացել է Ստեփանակերտում, որովհետև որդուն շտապ պետք է տեղափոխեր Երևան... Թալիշի երեք որդին մասնակցել են 44-օրյա պատերազմին: Կրտսերը՝ Գարիկը, Մատաղիսում ժամկետային զինծառայող էր: Մյուս երկու որդին՝ քառօրյա պատերազմի մասնակիցներ:
23-ամյա Մասիսն ու 22-ամյա Մարատն Արցախում ունեին իրենց զբաղմունքը, բայց երբ տարածվեց 44-օրյա պատերազմի՝ թշնամու ուխտադրուժ հարձակման բոթը, առաջիններից մեկը կամավորագրվեցին Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի անվան կամավորական ջոկատին ու մեկնեցին Կարմիր շուկայի ռազմաճակատ: Գարիկը Մատաղիսում անհավանական իրավիճակներից մի կերպ անվնաս դուրս պրծավ, մինչդեռ մյուս զավակների հետ կատարվեց անսպասելին. նրանք իրական պատերազմն ասես շոշափում էին ձեռքերով. թշնամին ոհմակի պես անընդհատ մարտադաշտ էր նետում մեծաքանակ հետևակ, իսկ մերոնք հազիվ էին հասցնում բոլորին շանսատակ անել: Եղավ պահ, երբ թուրքերը սկսեցին իրենց ազատ զգալ: Պատճառը դեպի մեր դիրքերն ուղղված թշնամու ինտենսիվ հրետանային աջակցությունն էր և օդում բազմաթիվ հարվածային անօդաչուների ի հայտ գալը: Տղաները հապաղելու ժամանակ չունեին: Օդից և ցամաքից կրակի տարափի տակ նրանք արագ հերթափոխ են իրականացրել և կողքի մացառուտի թաքստոցից բերել հերթական զինամթերքի խմբաքանակը: Բայց երբ ԱԹՍ-ի հարվածի ուժեղ պայթյունի ձայն լսվեց... զոհեր, վիրավորներ, մոխիր, ավերակներ... Ցավոք, ունեցանք 4 զոհ, 5 վիրավոր, բոլորը՝ Մարտակերտից: Զոհվեց Մասիսը, իսկ Մարատն անգիտակից ընկավ գետնին՝ չիմանալով, որ հենց այդ պահին իր կողքին անմահացավ հարազատ եղբայրը՝ հայոց խորհրդանիշ Արարատ լեռան անվանակից Մասիսը: Գլխից ծանր վիրավորված Մարատին մի կերպ դուրս հանեցին մարտադաշտից:
Պատերազմի ավարտից հետո Արցախի բժիշկներն ամեն ինչ արեցին նրա կյանքը փրկելու համար: Ոտքի կանգնեց, փոքր-ինչ կազդուրվեց, սակայն հոգեբանական ծանր տրավման ու գլխում մնացած թուրքական արկի բեկորը հանգիստ չէին տալիս:
44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած որդին Ստեփանակերտում երկարատև բուժում ստանալուց հետո, բժիշկների հորդորով, դեկտեմբերի 7-ին հոր՝ Թալիշի ուղեկցությամբ շտապ հասնում է Երևան՝ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն: Վերադարձին թուրքը հերթական խաղն էր խաղացել՝ փակել էր Կյանքի ճանապարհը:
- Թշնամու իրական կերպարը սա է, ահա և Գորիսի այս հյուրանոցում գտնվելու պատճառը,- ծանր հոգոց հանելով, իր և որդիների մասին դաժան պատկերների վերհուշից և վշտից հուզված, արցունքները սրբելով՝ եզրափակեց Թալիշը:
Իսկ ես տեղում փոքրիկ լրագրողական հետաքննություն ծավալեցի. զբաղվեցի վիրավոր որդու և նրա պատերազմի վետերան, հաշմանդամ ծնողի լսողական սարքի հարցերով: Զանգահարեցի որդուն: Մարատին ջերմ խոսքեր ասացի, ուժ և կորով մաղթեցի: Խնդրեցի, որ խոսեմ բուժող բժշկի հետ: Հերթապահ բժիշկը վերցրեց հեռախոսահամարս և ասաց, որ բժշկին տեղեկացնելուց հետո անպայման կապ կհաստատի: Քիչ անց ինձ զանգահարեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ստացիոնար վերականգնողական բաժանմունքի ղեկավար, բժիշկ Հակոբ Ազիզյանը: Մեր զրույցից պարզվեց, որ Մարատն այդտեղ իրեն լավ է զգում, անցել է խոր հետազոտության ամբողջական փուլը և հիմա գտնվում է բուժման գործընթացում: Բուժումից հետո, մինչև Կյանքի ճանապարհի բացումը, նա կմնա բժշկական կենտրոնում, իսկ առողջության ամբողջական վերականգնումը երկարատև պրոցես է:
- Որքան պահանջվի, այդքան Մարատը կմնա մեզ մոտ, դուրս գրվելուց հետո պետք է վերականգնողական կուրս անցնի՝ հաճախակի այցելելով մեր կենտրոն: Որոշ ժամանակ անց, Մարատի առողջությունը լիարժեք կլինի, - ասաց բժիշկը:
Մինչ հերոս Մասիսի կորստից հետո պատերազմի ճիրաններից պոկված, ողջ մնացած Մարատով ու Գարիկով սփոփում եմ Թալիշին, հետաքրքրվում նաև վետերան հոր լսողական սարքի հարցով... Տեղեկացա, որ Կարմիր խաչից կարիքների գնահատում են արել, խոստացել՝ լսողական սարքի ձեռք բերման համար հասցեական կդիմեն Սոցապնախարարություն: Կապվեցի Թալիշի հետ զրուցած Կարմիր խաչի կամավորականի հետ: Պարզվեց՝ նա արդեն երկու անգամ ահազանգել է համապատասխան կառույցներին, բայց սայլը տեղից չի շարժվում: Հյուրանոց են այցելել նաև սոցիալական ծառայողներ, ովքեր խոստացել են, որ Թալիշը շուտով կունենա անհրաժեշտ սարքը, բայց արդեն երկար ժամանակ է՝ նրանք կարծես մոռացել են կարիքի մեջ գտնվող հաշմանդամ հիվանդին տված իրենց խոստումը...
Մարտունու Թաղավարդ գյուղից Զավուր Հարությունյանը 75 տարեկան է: Նա թոշակառու կնոջ՝ 43 տարվա մանկավարժ Սեդա Ղուկասյանի հետ այս հյուրանոցում է: Նրանք էլ Արցախյան ազատամարտում զոհված հերոսի ծնողներ են. 28 տարի առաջ՝ 1994թ. հունվարի 30-ին, Կրախանբեյլիի ազատագրման մարտերում զոհվել է նրանց 20-ամյա որդին՝ «Արիության» մեդալի ասպետ Սամվել Ալեքսանյանը: Աշոտ և Սուսաննա զավակներն ապրում են Ստեփանակերտում, իրենք՝ Թաղավարդում: Թոշակառու ընտանիքը Գորիս է հասել Երևանի հիվանդանոցներից մեկում Զավուրի բուժման կուրսն ավարտելուց հետո:
- Աշոտս 45 տարեկան է, բայց դեռ չի ամուսնացել: Մենք էլ հո գյուղը չե՞նք լքի: Թուրքը 100 մետրի վրա է: Գյուղի մեծ մասը նրանք օկուպացրել են: Ֆիզուլի-Շուշի նոր ճանապարհի մի մասը մեր գյուղի մոտով է անցնում: Թուրքերը հա գնում-գալիս են: Համա՝ ես վախում չըմ: Լիվացքըս փռում եմ թուշ թորքի քթին տակին: Խե՞ վախիմ: Է՛տ էր պակաս: Թող ի՛րանք վախին մըզանա,- արցախցու հավաքական համարձակությունն ամբողջացնում է տիկին Սեդան:
- Գիտե՜ս, ինչ աշակերտներ եմ ունեցել: 40 տարի Կարմիր շուկայում ռուսերեն եմ դասավանդել: Իսկ իմ ամենալավ աշակերտն Արցախի հերոս Արարատ Մելքումյանին եմ համարում: Հա, հենց էդպես էլ գրի, բալաս:
Բնականաբար, «բալա»-ն հոժարակամ ֆիքսեց հերոսի անունը, որն Արցախի հերոս ժաղովրդի մերօրյա հավաքական կերպարն է:
Վաչե Մկրտչյան