Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու ողջամիտ ելքը՝ ԱԺ արտահերթ ընտրություն և սահմանների ճշգրտման գործընթացի առկախում՝ մինչև տարակուսելի հարցերի պարզեցում

17.05.2024 12:54
772

Այս օրերին բոլորիս մտահոգող ներքաղաքական գլխավոր հարցը՝ ո՞րն է ելքը հանրապետությունում ստեղծված վիճակից։

Գործող իշխանությունը հրաժարական չի տա կամ չեն թողնի, որ հրաժարական տա։

Բագրատ սրբազանի առաջարկած իմպիչմենտի գործընթացը հաջողություն չի ունենա։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը (խոսքը, բնականաբար, սահմանադրական ճանապարհի մասին է) Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն է։

Իշխանությունն էլ, կարծում ենք, դրան պիտի ձգտի։

Կան իրողություններ, որոնց հետ իշխող քաղաքական թիմն օր առաջ պետք է առերեսվի։

Եթե ՀՀ քաղաքացին Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման տիրույթում չէ, ապա դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի հետևորդն է։

Լեգիտիմ, լեգիտիմություն բառերն անընդհատ շրջանառելով՝ իրավիճակը չի խաղաղվում, մարդկանց մտահոգություններն ու առկա խնդիրներն էլ դրանից չեն պակասում։

Ոստիկանական ամբողջ ուժերը ոտքի հանելով անգամ դրությունը չի շտկվում։

Պատերազմի սպառնալիքներով մարդկանց ահաբեկելը նույնպես տպավորություն չի թողնում։

Եվ ուրեմն՝ իշխանությունը պետք է կամենա ճշտել իր և հանրության հարաբերությունները, քանզի երկրի հասարակական–քաղաքական կյանքում ուժերի նոր հարաբերակցություն է ստեղծված։

Խորհրդարանական ընդդիմության մասին․ անհապաղ պետք է վայր դնել մանդատները, որը թեև անմիջապես չի հանգեցնի քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման, բայց ավելի հրամայական կդարձնի խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը։ Ի վերջո խորհրդարանական ընդդիմությունը վաղուց է ապացուցել, որ ինքը գործոն չէ հանրապետության հասարակական–քաղաքական կյանքում։

Սահմանազատման և սահմանագծման մասին, որը ներկայիս ներքաղաքական լարվածության գլխավոր պատճառներից է։ Ի դեպ, մարդիկ կողմ են սահմանների ճշգրտման գաղափարին, որի ամբողջական իրականացումը կլինի կարևոր բաղադրիչ՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին։ Սակայն, բացահայտումը, թե գործընթացը տեղի է ունենում ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թ․ տեղագրական քարտեզի հիման վրա, չի վերացնում հանրության մեջ առկա տարակույսը։ Տեղագրական քարտեզի բացահայտումից հետո մեկ ուրիշ հարց է ծագել՝ արդյո՞ք այդ քարտեզն ավելի բարձր կարգավիճակ ունի (իրավական տեսակետից), քան խորհրդային նախկին երկու հանրապետության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1980-ականների վերջին ստորագրված արձանագրությունները սահմանների վերաբերյալ։

Շատերի կողմից անվերջ թմբկահարվող Ալմա Աթայի հռչակագիրն էլ (խնդրո առարկայի տեսակետից) արհեստականությամբ է պարուրված․ կողմերը 1991 թ․ դեկտեմբերին ընդամենը պատրաստակամություն են հայտնել ճանաչել և հարգել միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը։ Եվ, իհարկե, ոչ մի բառ քարտեզների մասին։

Մեկ ուրիշ հանգամանք էլ․ լսելով Ադրբեջան ահաբեկչական երկրի ղեկավարի հերթական հոխորտանքը՝ համոզվում ենք վերստին՝ Տավուշում կատարվող (կամ՝ արդեն իսկ կատարված) սահմանազատումը թշնամական թելադրանքի, շանտաժի արդյունք է, ինչի կրկնությունը ոչ ոք չի կարող բացառել սահմանների ճշգրտման հետագա ընթացքում։

Ուստի և՝ ողջամիտ կլիներ սահմանների ճշգրտման գործընթացի առկախումը՝ մինչև տարակուսելի հարցերի պարզեցում, մինչև թշնամական երկրի կողմից պատերազմի սպառնալիքի և շանտաժի վերացում։

Մայիսի 15-ին ստորագրված համաձայնագիրն էլ, կարծեք, ավելի է խորացրել անհանգստությունը։

Ինչ վերաբերում է հարցին՝ և՛ մայրաքաղաքում, և՛ այստեղ հնչող, թե ինչո՞վ է պայմանավորված Սյունիքին ներկայումս համակած պասիվությունը, ապա դա էլ իր բացատրությունն ունի։ Նախ՝ սյունիքյան լռությունը, որին պասիվություն անունն է տրվում, պայմանավորված չէ տեղական որևէ իշխանավորի գործունեությամբ կամ հեղինակությամբ։ Ավելին, այն մի քանի իշխանավորները, որ այս օրերին փորձում են իրենց ճակատը ծածկել իրավիճակից քաղած դափնիներով, խղճմտանք են առաջացնում և վերահաստատում իրենց բացակայությունն իրական Սյունիքից։

Իրականությունը հետևյալն է՝ հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ Սյունիքում չկա և չի կարող լինել անտարբերություն։ Այլ հարց է, թե դա ինչ դրսևորումներ է ունենում։

Սյունիքը հանրապետական բնույթի միջոցառումները, իրադարձությունները (և՛ իշխանության, և՛ ընդդիմացող ուժերի կողմից կազմակերպվող) նախևառաջ դիտարկում է սյունիքյան խնդիրների ու մտահոգությունների պրիզմայով։ Եվ դա Սյունիքի ներկայիս առանձնահատկություններից է՝ պայմանավորված 2020 թ․ դեկտեմբերի 18-ից տեղի ունեցող ճակատագրական իրադարձություններով։

Մյուս կողմից՝ Սյունիքում առկա է մեծ անվստահություն քաղաքական բոլոր ուժերի, ճանաչված պետական, հասարակական, քաղաքական դեմքերի հանդեպ․ պատճառները բազմաթիվ են, ինչն առանձին խոսակցություն է ենթադրում։

Իսկ ի՞նչ սպասելիքներ ունենք սյունեցիներս այս օրերին կամ ի՞նչ մտածումներ են համակել մեզ։

Եթե այդ ամենը փորձենք հստակեցնել և ամփոփ ներկայացնել, ապա կստացվի հետևյալը՝ կենտրոնից ակնկալում ենք հստակ և անսակարկելի քաղաքականություն Սյունիքի հանդեպ։ Թե չէ ինչ է ստացվում՝ ինչ–որ նախարար 2020-ի դեկտեմբերի 18-ին գալիս է մեր երկրամաս և պահանջում՝ սահմանապահ դիրքերը հետ քաշել, թուրքին ճանապարհ տալ, որ գան ու մեր դիրքերում տեղակայվեն։

Հետո էլ ասում են՝ Սև լիճն ու Իշխանասարը տարվա ընթացքում հիմնականում ձյունածածկ են, մեզ պետք չեն։

Հետո էլ՝ Գորիս–Կապան, Կապան– Ճակատեն, Կապան–Ագարակ ճանապարհները, Շուռնուխի արևելյան հատվածը, Ներքին Հանդի դիմացի սարերը, Տեղի արևելյան դաշտամասերը, Գորայքի ամառային արոտների հյուսիսային հատվածը մերը չեն, Google-ն է ասում։

Հիմա էլ Իլհամն է ասում՝ Սյունիքից հեռացած ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց «բնօրրան»՝ արևմտյան Զանգեզուր, իսկ Սյունիքի տարածքով միջանցք պիտի լինի՝ Զանգելանն ու Նախիջևանը միմյանց կապող։

Այո, երկիրը կառավարող և կառավարելու հավակնություն ունեցող ամեն մի ուժից Սյունիքի հանդեպ հստակ և անսակարկելի քաղաքականություն ենք ակնկալում։

Եվ, իհարկե, երկրի անվտանգային համակարգի ամրապնդում, հայրենատիրական ոգու վերականգնում, Ադրբեջանի կողմից Սյունիքի բռնազավթած տարածքների ազատագրում։

Նաև Արցախի սուբյեկտայնության վերականգնում, Արցախից բռնությամբ տեղահանված մեր հայրենակիցների վերադարձ իրենց պապենական օջախներ՝ անվտանգության ստույգ երաշխիքներով, Արցախի Հանրապետւթյան ռազմաքաղաքական ղեկավարության ազատում ադրբեջանական զնդաններից։

Նաև Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ նորմալ հարաբերությունների հաստատում ու զարգացում։

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25