Հոկտեմբերի 11-ին Գորիսում կարևոր իրադարձություններ էին տեղի ունենում՝ նշվում էր Գորիսի պետական քոլեջի հիմնադրման 100-ամյակը, իսկ Գորիսի համայնքային պատկերասրահում բացվում էր մեծահամբավ Գուրոսի լուսանկարների ցուցահանդեսը։
Այդ օրը Գորիս էին ժամանել բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից ու մարզի գրեթե բոլոր համայնքներից։
Ցուցահանդեսում հանդիպեցինք Ազգային ժողովի սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանին, և օգտվելով պատեհ առիթից, փորձեցինք մեզ հետաքրքրող մի քանի հարցի պատասխան իմանալ նրանից։
- Պարոն Դանիելյան, տեղյակ ենք, որ Գուրոսի լուսանկարների ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնողներից եք նաև Դուք։
Տեղյակ ենք նաև, որ «Պատկեր և պատում․ XX-րդ դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գրքի հրատարակման հարցում էլ նախանձախնդիր եք եղել։
Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս առաջ եկավ այդ մտահղացումը և ովքե՞ր նպաստեցին նախագծի իրականացմանը։
- Երբ տեղեկացա Գուրոսի ժառանգության վերականգնման և հանրայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքի մասին, պատրաստակամություն հայտնեցի՝ բոլոր հնարավոր գործիքակազմով աջակցել: Նախաձեռնեցի համագործակցություն Հայաստանի նկարիչների միության հետ, և միության տարածքում ցուցահանդեսը կազմակերպվեց: Սակայն Գուրոսի ժառանգությունն այնքան կարևոր և արժեքավոր է, այնքան մեծ նշանակություն ունի, որ Սյունիքն անմասն չպետք է մնար այս արվեստագետի աշխատանքները վայելելուց: Աշխատելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հաջողվեց ցուցահանդեսը բերել Գորիս:
Նշեմ, որ այդ որոշումն ավելի քան արդարացված էր՝ հաշվի առնելով այցելուների քանակը և արձագանքը: Այո՛, Դուք ճիշտ եք, լուսանկարները կնվիրաբերվեն Գորիսի համայնքապետարանին, որն իր հերթին պատրաստակամություն է հայտնել լուսանկարների մի մասը թողնել մշտական ցուցադրության: Այս համատեքստում ուզում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությանը և նախարար Ժաննա Անդրեասյանին՝ աջակցության և իր ներկայությամբ Գուրոսի վաստակը պատվելու համար, շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկեր, ԱԺ ԿԳՄՍԵ մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին՝ հրավերս ընդունելու և Գորիս այցելելու համար: Շնորհակալություն եմ հայտնում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ կատարված ընդգրկուն գիտական և կազմակերպչական աշխատանքի համար: Շնորհակալություն նաև Գորիսի համայնքապետարանին՝ ցուցահանդեսի կայացմանը աջակցելու համար:
- Պարոն Դանիելյան, Ձեզ հետ նախորդ զրույցներում միշտ էլ հրատապ, երբեմն բանավիճային հարցեր ենք առաջադրել. այդ սկզբունքին ուզում ենք հավատարիմ մնալ նաև այսօր։
Ամիսներ առաջ, փաստորեն, կազմացրվեց ՔՊ կուսակցության Կապանի տարածաշրջանային կառույցը՝ նոր կառույց ձևավորելու պայմանով, թեև հանրությունն այդպես էլ չիմացավ, թե ինչո՞ւ է իշխող քաղաքական ուժի տեղական կառույցը նման ճակատագրի արժանացել։
Ի՞նչ փուլում է ՔՊ–ի կապանյան նոր կառույցի կազմավորման գործընթացը։
Ի դեպ, Սյունիքում շրջանառվում է տեսակետ, թե սյունեցի ՔՊ–ականների շարքերում լուրջ պայքար է ընթանում կուսակցության մարզային խորհրդի համակարգողի պաշտոնի համար։
Այս հարցն ամբողջացնելու համար փորձենք պարզաբանել մի հանգամանք ևս․ Կապանի տարածաշրջանի ՔՊ-ական շարքերում, ըստ երևույթին, ի սկզբանե երկու իրարամերժ թև է գործում։ Ինչո՞վ են տարբերվում այդ թևերն իրարից․ ինչ-որ մարդկանց ազդեցության ոլորտի համար մղվող կռի՞վ է, թե՞ սյունիքյան խնդիրների հանդեպ մոտեցումների տարբերություն։
- Կուսակցության մարզային խորհուրդ չկա... Բայց կա մարզային աշխատանքային խումբ, որտեղ քննարկվում են ընթացիկ հարցեր, և այդ աշխատանքային խմբերն ունեն իրենց համակարգողներն ու քարտուղարները: Ինչ վերաբերում է հակասություններին կամ տարբեր բևեռացումներին, այդ մասին չեմ կարող պնդումներ անել, որովհետև զբաղված եմ պատգամավորական աշխատանքով, իրականացնում եմ առաքելությունս և նման իրողություններ չեմ նկատել:
ՔՊ Կապանի խորհրդի ձևավորման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Իսկ դասական քաղաքագիտության համաձայն՝ ներկուսակցական պայքարը և բանավեճը սովորական և օրինաչափ երևույթներ են՝ ժողովրդավար երկրներին բնորոշ:
- Ինչ–որ կուսակցությունների նախաձեռնությամբ հանրապետությունում ստորագրահավաք է իրականացվում՝ Եվրոպային միանալու խնդրով, թեև Եվրոպայում, որքան հասկանում ենք, մեզ չեն էլ սպասում։
Ստորագրահավաքը, սակայն, Սյունիքի տարածաշրջանում լուրջ արձագանք կամ պաշտպանություն չի գտնում։
Իհարկե, շրջանառվում է մի քանի կարծիք, թե ինչու Սյունիքը ոգևորված չէ (մեղմ ասած) այդ ստորագրահավաքով։
Այդ կարծիքներին մենք կանդրադառնանք մեկ այլ առիթով։ Այսօր, պարզապես, Ձեր կարծիքը կուզենայինք իմանալ, մանավանդ որ Դուք հանրության հետ առավել ակտիվ շփվող պատգամավորներից եք։
- Ես չեմ տիրապետում որևէ տեսակի փաստական կամ վերլուծական տվյալների, որպեսզի հասկանամ, թե ինչպես է սյունեցին տվյալ ստորագրահավաքին վերաբերվում: Կասեմ՝ նման նախաձեռնությունները, անկախ դրանց նպատակներից ու արդյունքներից, ունեն գոյություն ունենալու իրավունք և իրականացվում են հանրային կարծիքը շոշափելու համար: Թող իրականացնեն, եթե ցանկանում են: Դատողություններ կանենք արդյունքներից հետո:
- Կապանի ինստիտուտի ռեկտոր, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը կալանավորված է․․․
Մենք հույս ունենք, որ, ի վերջո, հանգամանալից կիմանանք, թե ինչ հանցանք է գործել Լեռնիկ Պետրոսյանը և արդյո՞ք գործել է։
Մինչ այդ կուզենայինք Ձեր օգնությամբ իմանալ՝ ի՞նչ ընթացքի մեջ է նախաքննությունը։
Այնուհետև՝ լուծվե՞լ է արդյոք մասնաճյուղի նոր ղեկավարի հարցը, իսկ եթե ոչ, ապա ի՞նչ մոտեցումներ կան այդ հարցում։
Մայրաքաղաքային մամուլը քանիցս հիշեցրեց, որ ժամանակին Լեռնիկ Պետրոսյանը Ձեր առաջարկությամբ է նշանակվել այդ պաշտոնում։ Եթե իսկապես այդպես է, ապա կարող ենք փաստել՝ ճիշտ եք վարվել, քանզի ինքն արժանավոր թեկնածու էր։
Բայց ուրիշ խնդիր է մեզ հետաքրքրում՝ հատկապես Կապանում այն կարծիքն է իշխում, թե Լեռնիկ Պետրոսյանի դեմ մեկնարկած գործը կապանցի ՔՊ–ականների երկու անհաշտ թևի միջև շարունակվող առճակատման արդյունք է, ասել է՝ մյուս թևն ասպարեզից հեռացնում է Դավիթ Դանիելյանի թեկնածուին։
- Քրեական գործի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, բայց կոչ եմ անում մամուլի ներկայացուցիչներին՝ հաշվի առնել անմեղության կանխավարկածը: Լեռնիկ Պետրոսյանի անցած ճանապարհի և գիտական վաստակի մասին Սյունիքում բոլորն էլ տեղյակ են: Իսկապես ցավում եմ այդ իրողությունների համար: Դուք ճիշտ եք, ժամանակին աջակցել եմ նրա թեկնածությանը: Եվ հիմա էլ եմ կարևորում, որ Սյունիքում՝ նամանավանդ կրթական ոլորտի պաշտոնյաներ նշանակելիս, նախապատվությունը տրվի սյունեցիներին: Որովհետև պետք է հնարավորություն ընձեռնվի տեղում ապրող, արարող մասնագետներին՝ իրենց տարածաշրջանում իրացնելու սեփական կարողությունները:
- Աժ–ում ժամանակին պատգամավոր ունեինք՝ Արշակ Սադոյան․ շատ ներողություն, բայց նա սյունեցի պատգամավորներին (տվյալ ժամանակաշրջանի) համեմատում էր տապանաքարերի հետ՝ հավերժական լռության, հանրության հետ շփումներ չունենալու համար։
Եվ հիմա զարմանում ենք, նույնիսկ տարակույսներ ունենում, երբ ԱԺ պատգամավորին քննադատում են մարզի բնակիչների հետ պարբերական հանդիպումների և նրանց մտահոգությունները բարձրաձայնելու համար։
Ի՞նչ է կատարվում մեզանում, ինչո՞ւ են մոտեցումները գլխիվայր շուռ եկել։
- Ես հարգում եմ ԱԺ բոլոր պատգամավորներին, յուրաքանչյուրն ունի իր աշխատանքի ոճը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր պատգամավոր իր հնարավորության սահմանում փորձում է օգտակար լինել հանրությանը և պետությանը: Իմ աշխատանքի ոճն է՝ հնարավորինս շատ երկխոսել բնակչության հետ, նրանց խնդիրները բնակավայրից ԱԺ տանել: Իսկ թե ինչ են գրում և ասում, ճիշտն ասած, նպատակահարմար չեմ գտնում անդրադառնալ:
- Երկու տարի է՝ խոսում են Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին, այդ նպատակով նույնիսկ ՌԴ ԱԳՆ–ի աշխատանքային խումբն է այստեղ նախապատրաստական աշխատանքներ տարել ու տանում, բայց․․․ Այդպես էլ հյուպատոսությունը չի բացվում, և պատկան մարմիններից որևէ մեկն այդպես էլ չի ասում՝ ինչո՞ւ։
- Այդ գործընթացներին ծանոթ եմ, բայց կոնկրետ մանրամասների չեմ տիրապետում: Խորհուրդ կտամ ընթացակարգային մանրամասների մասին տեղեկություն ստանալ ԱԳՆ-ից:
- Չափազանց տարօրինակ մի երևույթի մասին․ գրեթե ամեն օր աշխարհի տարբեր անկյուններից հայտարարություններ կամ նկատառումներ ենք լսում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Եվ գիտե՞ք, թե ինչն է տարակուսելի ու անբացատրելի․ նախ՝ մեր երկրամասի ապագան միջազգային մասշտաբով քննարկումների առարկա է դարձել, իսկ մեզանից՝ այստեղ բնակվողներից, չեն ուզում հարցնել՝ իսկ ի՞նչ ենք ուզում մենք։ Ի վերջո իշխանությունները կգան ու կգնան, իսկ մենք պետք է ապրենք և շարունակենք Հայոց Սյունիքի հազարամյակների երթը։
Ոչ պակաս տարակուսելի է իրողությունը, որ Սյունիքը ներկայացնող պաշտոնյաներից, պատգամավորներից որևէ մեկը չի համարձակվում կարծիք հայտնել «Զանգեզուրի միջանցք» կոչված հորինվածքի վերաբերյալ։ Լավագույն դեպքում կրկնում են այն, ինչ ասում է երկրի բարձր ղեկավարությունը. սեփական կարծիքի լիարժեք բացակայություն։
- Համամիտ չեմ, որ բոլորը լռում են: ՀՀ գրեթե բոլոր պաշտոնյաները բարձրաձայնել են միջանցքային տրամաբանության անհնարինության մասին: Մեր՝ սյունեցիներիս կարծիքը չի տարբերվում Հայաստանի բոլոր քաղաքացիների տեսակետից՝ ՀՀ սուվերեն տարածքն անձեռնմխելի է:
- Դեռևս երկու–երեք ամիս առաջ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, թե նոյեմբերին կայանալիք COP-29–ից հետո հնարավոր է Ադրբեջանի հերթական ագրեսիան Հայաստանի դեմ։
Այդ միտքն օրեր առաջ կրկնեցին և՛ ԱԳ նախարարը, և՛ ՀՀ վարչապետը։
Չեմ կարծում, որ դա Ձեզ չի մտահոգում, սակայն․․․ Եթե իսկապես անխուսափելի է պատերազմը, ապա ինչո՞ւ, իրավիճակին համահունչ, նախապատրաստական աշխատանքներ չենք տեսնում Սյունիքում, չէ՞ որ փորձագետների և վերլուծաբանների մեծ մասը ենթադրյալ պատերազմի թիրախ է համարում նախևառաջ Սյունիքը։
Դուք կարող եք ասել՝ մեր կողմից կատարվող աշխատանքները չենք ներկայացնում՝ գաղտնիքներ չբացահայտելու նկատառումով։ Բայց չէ՞ որ նախապատրաստական աշխատանք ասվածը նախևառաջ տեղի բնակչության հետ պետք է կատարվի, մարդիկ պիտի պատրաստ լինեն հնարավոր պատերազմին։
- Պատերազմի հավանականությունն արդեն մի քանի տարի է մնում է ռեալ: Ադրբեջանն իր հռետորաբանությամբ ցույց է տալիս, որ Հայաստանի տարածքների նկատմամբ ունի հավակնություններ: Միջազգային անհանգիստ իրավիճակն ավելի է սրում դրությունը: Վստահեցնում եմ՝ բոլոր ռիսկերը հաշվի առնելով, առաջնագծում իրականացվում են ծավալուն ամրաշինական աշխատանքներ, թիկունքում ևս իրականացվում է աշխատանք: Ահռելի են դիվանագիտական ջանքերը՝ պատերազմը կանխելու համար: Բնակիչների հետ ավելի ինտենսիվ աշխատանք տանելու մասին Ձեր պնդումն ես անպայման կքննարկեմ պատկան մարմինների հետ:
Հարցազրույցը՝ Մարի Նավասարդյանի