Հարցազրույց Համո Սահյանի ավագ որդու՝ Նաիրի Սահյանի հետ

09.02.2024 14:44
653

- Հարգելի Նաիրի, նախ կուզենայինք իմանալ «Համո Սահյան. պոեզիայի կենտրոն» հասարակական կազմակերպության գործունեության մասին:

- Այն օրվանից, երբ կենտրոնի նախագահ նշանակվեցի, վերահրատարակվել է Սահյանի բանաստեղծությունների յոթ ժողովածու։ Հանդիպումներ են կայացել հանրապետության միջնակարգ դպրոցներում, երեկոներ են կազմակերպվել Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում, պոետի ծննդավայրում անց են կացվել «Սահյանական օրեր»։ Մենք մեր աշխատանքները շարունակում ենք, և այս տարի՝ 2024 թվականին, մեծ շուքով կնշենք պոետի ծննդյան 110-ամյակը։

Համո Սահյանի 100-ամյակից հետո՝ վերջին տասը տարում, ուշագրավ ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին բանաստեղծի ստեղծագործությունների վերահրատարակման ուղղությամբ:

- Վերահրատարակվել են պոետի լավագույն ստեղծագործությունները՝ ընտրանու տեսքով, ինչպես «Տոհմի կանչը», «Դաղձի ծաղիկը», «Քարափների երգը», նրա ձեռագրերի ժողովածուն. դրանք հատկացվել են բարձրագույն ուսումնական հաստատություններին, որտեղ կան բանասիրական ֆակուլտետներ, դպրոցներին, հանրապետության գրադարաններին...

- Ասում եք՝ ընտրանի եք հրատարակել, քառահատո՞րը նկատի ունեք։

- Քառահատորն իմ ժամանակով չի եղել, հրատարակվել է 2011-2014 թվականներին՝ բանաստեղծի ծննդյան 100-ամյակի առթիվ՝ պետական աջակցությամբ: Մենք առանձին ընտրանի ենք հրատարակել:

Սահյանագիտության ներկա վիճակը մեր գրականագիտության մեջ:

- Սահյանագիտություն հասկացությունն ինձ համար հասկանալի  չէ։ Կան գրականագետներ, ովքեր իրենց անվանում են թումանյանագետ, սահյանագետ... Դա սխալ հասկացություն է։ Թումանյանագետ կարող է լինել միայն Թումանյանը, սահյանագետ՝ Սահյանը։ Նրանց բանաստեղծական ժառանգությունը լիովին կարող է իմանալ միայն այն մարդը, ով ստեղծել է այդ հրաշքները։ Ես այդ մասին միշտ արտահայտվել եմ։ Պիտի դեռ ուսումնասիրվեն... Խոսքը Սահյանի ստեղծագործական ժառանգության մասին է. Սահյանի պոեզիան, իմ կարծիքով, դեռ լիովին չի ուսումնասիրվել, չի ներկայացվել այնպես, ինչպես որ պիտի ներկայացվի։ Ինքն իրենով ներկայանում է, ինքն իրենով հրաշք է, հոգևոր մեծ արժեք է, բայց գրականագետներն իրենց գործերի մեջ չեն կարող այդ խորքը պատկերացնել և ներկայացնել աճող սերնդին այնպես, ինչպես որ կա:

Որքան գնում, որքան ժամանակն անցնում է՝ Սահյանն այնքան խորանում ու մեծանում է, դա ժամանակը ցույց տվեց։

- Անցած տասը տարում մեր գրականագիտությունը որքանո՞վ է անդրադարձել Սահյանի պոեզիային։

- Հանդիպումների ժամանակ միշտ ներկա են եղել անվանի գրականագետներ, ովքեր հանդիսատեսին, ներկայացրել են հայ մեծ բանաստեղծի ստեղծագործությունները։ Եղել են աշխատանքներ, հոդվածներ, որոնք տպագրվել են թերթերում և կարդացվել՝ պոեզիա սիրողների կողմից։

Միևնույն ժամանակ՝ գրականագիտությունը, որպես այդպիսին, մեր ժամանակներում, ցավոք, այն դերակատարությունը չունի, որ ունեցել է ժամանակին։

- Իսկապես, ոչ սովորական ժամանակներ ենք ապրում...

Կարծեք փոխվել են նաև քաղաքակրթության ու արվեստի հարաբերությունները, այդ թվում՝ քաղաքակրթության և բանարվեստի, պոեզիայի հարաբերությունները:

Ձեր կարծիքը:

Քաղաքակրթությունը հրաշքներ է տվել մարդուն՝ գիտության տեսքով, բայց՝ միևնույն ժամանակ, շատ վատ է անդրադարձել արվեստի վրա։ Այսօր ամբողջ աշխարհում կինո գոյություն չունի՝ դասական իմաստով։ Մեծ ղեկավարներից մեկը՝ Լենինը, կինոն համարում էր արվեստի կարևոր տեսակը, որն այսօր գոյություն չունի։ Դա տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացման հետևանք է... Ես միշտ օրինակ եմ բերում՝ կոպիտ օրինակ, Լեոնարդո դա Վինչիի կամ Միքելանջելոյի նկարները և Մալևիչի «Սև քառակուսին»։ Սար ու ձորի տարբերություն կա, Մալևիչի «Սև քառակուսին» ներկայացնում է քաղաքակրթության վերջնակետը, մարդուն և արվեստը, որը, իմ կարծիքով, պարզ ցույց է տալիս՝ ինչ դաժան դեր ունեցավ քաղաքակրթությունն արվեստի վրա։

- Իսկ քաղաքակրթությունը և պեոզիա՞ն…

- Այսօր Հայաստանի Հանրապետության գրողների միությունում, եթե չեմ սխալվում, 600 անդամ կա, քչերին կարող ենք հիշել նրանցից՝ որպես բանաստեղծ կամ լավ բանաստեղծ։ Այսօր կարդում եմ բանաստեղծներին. այն պրոբլեմները, որոնք բարձրացնում են, բխում են ոչ թե մարդու հոգուց, ոչ թե պատասխանում են մարդկանց հուզող հարցերին, այլ արծարծում են այն, ինչ֊որ ժամանակը թելադրում է... Այսինքն՝ չի արտահայտում մարդու տառապանքները, ցանկությունները, երազանքները։ Եվ դա շատ ցավալի է, որովհետև արվեստը պետք է լինի հասարակությանը շունչ տվողի, կյանք տվողի դերում, ինչն այսօր չկա:

- Ազգային-պետական մեր ներկա ընթացքը ստիպում է այսպիսի մի հարց ևս քննարկել՝ ինչպե՞ս էին հայոց գրական մեծերը (Թումանյան, Չարենց, Բակունց, Մաթևոսյան, Սահյան և ուրիշներ) պատկերացնում մեր ժողովրդի վաղվա օրը, ազգային ի՞նչ երազանքներ ունեին, և ի՞նչ ունենք այսօր. փորձեք  զուգահեռներ անցկացնել:

- Մեր մեծերը մեզ թողել են հսկայական հոգևոր  ժառանգություն՝ Թումանյան, Սահյան, Գուրգեն Մահարի, և դա պարտավորեցնում է բոլորիս՝ ապրել աստվածահաճո այն արժեհամակարգով, ճանապարհով, որը նրանց ստեղծագործությունների մեջ կար... Ես կնշեմ բառեր, որոնք հիմա չեն էլ շրջանառվում մեր լեզվի մեջ՝ բարոյականություն, նամուս, խիղճ... Նրանց ստեղծագործությունները շատ դեպքերում հիմնված էին այդ արժեքների վրա։ Մարդը պետք է լիներ այդ բառ-արժեքների կրողը, այսօրվա օրով դա չի արտահայտվում արվեստում, մնացել է միայն մեծերի ստեղծագործությունների մեջ...

- Երաժշտական արվեստում, կարծեք, Համո Սահյանն այլևս իր մնայուն տեղն է զբաղեցնում:

Նույնը կարող ենք ասել կերպարվեստի մասին:

Իսկ ի՞նչ ունենք կինոարվեստում:

- Կինոարվեստում Համո Սահյան չկա, մի քանի հարցազրույց կա տեսանկարահանված: Չգիտեմ՝ ինչու չեն անդրադարձել: Ցավոք՝ նաև վավերագրական ֆիլմեր չկան։ Կտոր-կտոր նյութեր են հավաքում և ներկայացնում, բայց ամբողջական ինչ-որ ֆիլմ՝ նվիրված Համո Սահյանին, չկա։

- Համո Սահյանի հիշատակի հավերժացումը, կարծում ենք, կատարվեց ըստ պատշաճի՝ տուն-թանգարան Լորում, հուշակոթող Սիսիանի կենտրոնում, Գյումրիում և Երևանում անվանակոչված դպրոցներ, գրադարանի և փողոցի անվանակոչում մայրաքաղաքում, կիսանդրու տեղադրում շիրմաքարի մոտ, Սիսիանի մշակույթի կենտրոնի անվանակոչում...

Արդյո՞ք այդ ուղղությամբ աշխատանքները կարող ենք ավարտված համարել, թե՞...

- Այն, ինչ-որ կապված է մեր մեծերի հետ և, իհարկե, Սահյանի հետ, երբեք չի կարելի համարել ավարտված, որովհետև յուրաքանչյուր նոր սերունդ՝ նոր պատկերացումներ է ունենում, ու մենք պարտավոր ենք նորովի ներկայացնել մեր մեծերին... Իսկ Համո Սահյանին անմահացնողը նախևառաջ իր պոեզիան է, ինքն իր արվեստով կառուցել է իր հուշարձանը։ Բայց ինչ-որ պիտի արվեր 100֊ամյակին, արդեն 12 տարի է՝ չի արվել, մայրաքաղաքում պիտի կանգնեցվեր հուշարձան, մրցույթ հայտարարվեց, ընտրվեց լավագույն  առաջարկությունը, սակայն մինչև այսօր ասում են՝ գումար չունենք։ Աստված ինձ տա առողջություն՝ դա էլ կանեմ...

- Ի՞նչ ծրագրեր կան (եթե, իհարկե, տեղյակ եք) Համո Սահյանի գրական ժառանգության վերահրատարակումների առնչությամբ:

- «Մայրամուտից առաջ» գիրքը պիտի հրատարակվի մոտ ժամանակներս։ Ուզում եմ քառահատորը վերահրատարակել, որ տարիներ առաջ տպագրվել էր պետական աջակցությամբ։

Հետաքրքիր է՝ կա՞ն ստեղծագործություններ, որոնք անտիպ են, որոնց ընթերցողը դեռևս ծանոթ չէ:

- Մեծ ուրախությամբ կարող եմ ասել՝ ինչ դուրս է եկել Սահյանի գրչի տակից՝ տպագրվել է։

- Հայրիկի ընկերներից, մտերիմներից, բարեկամներից ովքե՞ր կան և ովքե՞ր են կապ պաշտպանում Ձեզ հետ:

- Ընկերները չկան հիմա, տարիներն իրենցն անում են, բարեկամներ՝ հորեղբոր տղա, շփվում ենք Գրիգորի հետ, քույրերը կան՝ Պայծառը, Սեդան։ Իսկ բարեկամներից... Համարում եմ՝ Սահյանի բարեկամներից մեկը հենց Դուք եք՝ Սամվել Ալեքսանյանը։

- Պետական մակարդակով, նաև Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Հայաստանի գրողների միության, Երևանի պետական համալսարանի մակարդակով ի՞նչ ծրագրեր կան Սահյանի 110-ամյակը նշանավորելու ուղղությամբ:

- Տեղեկություն չունեմ։

- Իսկ տեղեկություն ունե՞ք Սփյուռքի գրական միջավայրում Սահյանի ստեղծագործությունների վերահրատարակումների կամ գրականագիտական ուսումնասիրությունների մասին:

- Ցավոք, ոչինչ չի արվում, մենք պիտի անենք... Պետք է թարգմանվի, բայց ես կամուկացի մեջ եմ՝ Սահյանը հայերեն Սահյան է, թարգմանվում է, եւ մոտ քառասուն տոկոսը կորչում է թարգմանության մեջ, չգիտեմ՝ արժե՞, թե՞ ոչ։

Դուք հետաքրքիր հարց հուշեցիք՝ Սահյանի գործերը ովքե՞ր են թարգմանել ռուսերեն։

- Արսենի Տարկովսկին, Միխայիլ Դուդինը, Այվի Լետվինովան, Ալլա Մարչենկոն, հայերից՝ Սամվել Հարությունյանը (Վանաձորից) եւ ուրիշներ։

- Կա՞ն հարցեր, որոնց չանդրադարձանք, բայց Դուք կուզենայի՞ք հնչեցնել...

- Ես մի ցանկություն ունեմ, որ պետությունը մասնակցի այս ամեն ինչին, որ արվեստը ծառայի հասարակությանը։ Հասարակություններն են ստեղծում պետություններ, ամեն մի պետության հիմքը հասարակությունն է, պետականությունն ինքն իրենով ոչինչ է՝ առանց մարդու, իսկ մարդը հոգևոր առումով պիտի հարուստ լինի, այլապես պետությունը չի կարող զորավոր լինել...

 

Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25