Հարցազրույց Վայոց ձորի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ

13.08.2024 17:35
387

Արդեն տեղեկացրել ենք Սյունյաց աշխարհի Վայոց ձոր կատարած մեր ուխտագնացության մասին, որ տեղի է ունեցել օգոստոսի 4-ին։

Նախ Նորավանքում ծանոթացանք Սյունյաց աշխարհի բոլոր ժամանակների մեծագույն զավակներից մեկի՝ Մոմիկ վարդպետի, ինչպես և Սիրանեսի քանդակագործական ու ճարտարապետական ստեղծագործություններին։

Այնուհետև, Վայոց ձորի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ընկերակցությամբ այցելեինք թեմի «Սիրանույշ» ճամբար։

Մեր վերջին կանգառը «Լուսիտուր» հանգստի գոտին էր, որտեղ էլ շարունակեցինք զրույցը Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ։

Գերաշնորհ սրբազան հայր, նախ՝ շնորհակալություն այս հանդիպման համար։

Քիչ առաջ մեծ տպավորություններով հեռացանք «Սիրանույշ» ճամբարից, առավոտյան էլ Նորավանքում էինք։ Այնտեղ խոնարհվեցինք Օրբելյան իշխանական ընտանիքի նշանավոր ներկայացուցիչների և մասնավորապես 13-րդ դարի 2-րդ կեսի և 14-րդ դարի առաջին տարիների գիտության ու մշակույթի ականավոր ներկայացուցիչ, պատմագիր, բանաստեղծ ու կրոնական–հասարակական մեծահամբավ գործիչ Ստեփանոս Օրբելյանի տապանի առջև։

Ձեզ հետ մեր զրույցը սկսեցինք «Սիրանույշ» ճամբար այցելելիս, իսկ հիմա փորձենք շարունակել խոսակցությունը։

Հաճելի է Ձեզ տեսնել Վայոց ձորում, գնահատելի է «Սյունյաց երկրի» հետաքրքրությունը Վայոց ձորի սրբավայրերի և ընդհանրապես այս տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության հանդեպ։ Վայոց ձորն էլ Սյունիք է, այնպես որ հասկանում ու արժևորում եմ Ձեր հետաքրքրվածությունը։ Ի դեպ, Գեղարքունիքն էլ մի մոռացեք, չէ՞ որ այդ տարածաշրջանը նույնպես պատմական Սյունիքի անտրոհելի մաս էր կազմում։

Սրբազան հայր, մենք հիմա գտնվում ենք Հերմոն գյուղի «Լուսիտուր» համալիրում։ Տեսնում ենք, թե որքան գործ է արվել այստեղ, թե ինչպիսի գեղեցիկ գոտի է ստեղծվել։ Կուզենայի, որ համառոտ ներկայացնեիք այս հաստատությունը։

Հիմնական բարերարներից մեկի՝ Լյուսիի անունով է՝ ԱՄՆ–ից է։

Սկզբնական շրջանում այստեղ ընդունում էինք փակված մանկատների  կամ մանկատներից դուրս եկած երեխաներին և որոշ ժամանակ ապաստան տալիս նրանց։ Հետո կառավարական ծրագիր եղավ՝ երեխաները Երևանում բնակարան ստացան ու տեղափոխվեցին։

Դրանից հետո՝ բարերարների առաջարկով, այստեղ ձևափոխումներ կատարեցինք՝ ունենալով երկու նպատակ։ Առաջինը՝ զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է, երկրորդը՝ վերապատրաստումներ և ուսուցումներ, մշակութային հավաքներ ու թարգմանչական կենտրոն դարձնելու խնդիր։

Այդպիսի ծրագրերով էլ աշխատել ենք, և ժամանակի ընթացքում այսպիսի տեսք ստացավ «Լուսիտուրը»։

Հիմա այստեղ տարբեր միջազգային կազմակերպություններ իրենց ծրագրերն են իրականացնում... Օրինակ, վաղվանից կսկսվի մեր մարզ տեղափոխված արցախցի անապահով ընտանիքների հերթական հավաքը, որը կտևի մոտ երկու շաբաթ կգան, կսովորեն, կհանգստանան, երեխաները կուրախանան։

«Լուսիտուրը» դարձավ մի կենտրոն, որով Հերմոն գյուղը սկսեց զարգանալ. տարբեր մարդիկ սկսեցին իրենց բնակարանները հյուրատներ դարձնել, ոմանք էլ սպասարկող ծառայություններ ստեղծեցին։

Կենտրոնում աշխատողների թիվը մինչև 40 հոգի է, հիմնական մասն այս գյուղից է։

Պարբերաբար տուրիստական խմբեր են այցելում, մի խոսքով՝ հետաքրքիր և լիարժեք կյանքով է ապրում հանգստի այս կենտրոնը։

Այստեղ մինչև 40 աշխատող, «Սիրանույշ» ճամբարում աշխատողներ, Նորավանքի մերձակայքում ծառայություններ... Ընդհանուր քանի՞ աշխատող ունեք թեմում։

Ընդհանուր 263 հոգի են աշխատում և՛ թեմում, և՛ թեմից դուրս։ Մի քանի հարյուր կամ նույնիսկ մի քանի հազար երեխա, երիտասարդներ տարիների ընթացքում ընդգրկված են եղել թեմի կողմից իրականացվող ծրագրերում։ Օրինակ, ճարտարապետական խումբը, անգլերենի ուսուցման կենտրոնները տարիների ընթացքում մոտ 4 հազար շրջանավարտ են տվել։ Այսօր էլ Ջերմուկում, Եղեգնաձորում այդ կենտրոնները ծանրաբեռնված աշխատում են։

Մենք տեղյակ ենք, որ Վայոց ձորի մարզի խաչքարերի անձնագրավորման ուղղությամբ որոշակի աշխատանք եք կատարել, այդ մասին կուզենայինք ավելին իմանալ։

Այսօրվա դրությամբ, որքան տեղյակ եմ, կառավարական մակարդակով արված է միայն հուշարձանների ցուցակագրում, բայց դա բավարար չէ։ Պետք է արվի անձնագրավորում, այն էլ՝ միջազգայնորեն ընդունված պրոֆեսիոնալ, գիտական մակարդակով։ Ասել է՝ անձնագրի մեջ պետք է նշվեն կոորդինատները, հուշարձանի գտնվելու վայրը, հուշարձանի նկարագրությունը, ՝լուսանկարը, առկա արձանագրությունները, հատակագծերը։ Եվ խոսքը ոչ միայն խաչքարերի, այլև ամենափոքր հուշարձանների մասին է, որը թեկուզ և մեկ տառ պարունակող արձանագրություն ունի, կոտրված խաչքարի բեկորների մասին է։

Տարիներ առաջ ինքս Հուշարձանների պահպանման կառույցի հետ որոշակի անձնագրավորում կատարեցի Վայոց ձորի թեմի եկեղեցիներում՝ խաչքարեր, արձանագրություններ... Այդ ձևով ապահովագրեցի այն հուշարձանները, որոնք թեմի ենթակայության են։

Հետո հնարավոր եղավ կապ հաստատել Ֆրանսիայի՝ տվյալ ոլորտի հայ մասնագետների հետ, ովքեր էլ այս տարի սկսել են Վայոց ձորի բոլոր խաչքարերի անձնագրավորումը։ Բավականին ծավալուն աշխատանք է, նույնիսկ մեկ տարվա գործ չէ։

Քանի՞ խաչքարի մասին է խոսքը։

Հազարների... Հստակ թիվ ներկա պահին չեմ կարող ասել։ Այդ հարցի ստույգ պատասխանը կունենանք այն ժամանակ, երբ կլինեն անձնագրերը։ Կիմանանք՝ քանի խաչքար ունենք, խաչքարի քանի բեկոր ունենք և այլն։ Այսօր ունենք ժայռեր, որ ամբողջ մակերեսը ծածկված է խաչերով՝ տարբեր դարաշրջաններում արված։ Դրանք նույնպես պետք է անձնագրավորվեն։

Ես շատ կուզենամ, որ Վայոց ձորից հետո այդ աշխատանքներն իրականացվեն Սյունիքում, որտեղ խաչքարային արվեստի զարգացումը բոլորովին այլ ընթացք է ունեցել։ Երբեք չես կարող համեմատել Գնիշիկի, Արենիի, Նորավանքի խաչքարերը Տաթևի կամ Վահանավանքի խաչքարերի հետ՝ թե՛ ոճի, թե՛ խորհրդանիշների, թե՛ մշակման և թե՛ նյութի տեսակետից։

Տպավորություն ունեմ, որ Վայոց ձորում փորձել են խաչքարերին նրբություն հաղորդել, և դա (հավանաբար) Մոմիկի, Սիրանեսի, Գրիգորիկի աշխատանքների ոճն է։ Սյունիքում, որքան առիթ է եղել ծանոթանալու, ավելի մնայուն, պինդ, հաստատուն, շատ երևացող խաչքարեր են՝ հիմնականում բազալտի վրա։

Վայոց ձորում խաչքարերի զգալի մասը ֆերզիտների վրա է արված, և դրա համար նրբության հնարավորություն է եղել։ Բայց բազալտի վրա, ասենք, չես կարող աշխատել ասեղով, փոքրիկ անցքեր անել, գործվածքներ կամ հյուսվածքներ անել։

Չգիտեմ՝ խաչքա՞ր ենք համարելու այն վիշապաքարերը, որոնց վրա հետագայում խաչ է քանդակվել... Մեր նախնիները հետաքրքիր են մտածել՝ վիշապաքարը դեն չեն նետել, չեն կոտրել, չեն ոչնչացրել, այլ խաչքար են դարձրել։

Արդյո՞ք երևում են խաչքարերի անձնագրավորման արդյունքները։

Անձնագրավորման մեր կազմած փաստաթղթերի մեկ օրինակը տրամադրել ենք հուշարձանների պահպանությամբ զբաղվող պետական կազմակերպությանը, մեկ օրինակը պահել ենք թեմում, որպեսզի երկկողմանի վերահսկելու հնարավորություն ունենանք։ Բայց ցանկալի է, որ նույն աշխատանքներն արվեն ոչ եկեղեցապատկան հուշարձանների հետ նույնպես։ Հանրապետության պատկան մարմիններին առաջարկություն եմ ներկայացրել՝ անձնագրավորման ընթացքում չնայել՝ որ հուշարձանն է վերադարձված թեմին, որ հուշարձանը՝ ոչ։ Եվ հիմա այդ ուղղությամբ են ընթանում աշխատանքները։

Մեծ թվով սրբավայրեր ունենք Վայոց ձորում, և դրանց ո՞ր մասն է պատկանում թեմին, որ մասը՝ հուշարձանների պահպանության պետական լիազոր մարմնին։

Վայոց ձորում եղած մոտ 5 հարյուր վանք–եկեղեցիներից հազիվ մեկ տոկոսն է, որ գործող է։ Մեծ մասն ավերված վիճակում է կամ պետության հաշվեկշռում։ Բայց ես տարբերակում չեմ դնում՝ սա գործո՞ղ է, սա վերադարձվե՞լ է... Նպատակ ունեմ մեր մարզի բոլոր եկեղեցիները վերականգնել, թող դրանք մնան պետության հաշվեկշռում, դա խնդիր չէ։

Հետաքրքիր նորություն հայտնեցիք՝ կապված ժայռապատկերների հետ։ Կարո՞ղ ենք ասել, որ Ուխտասարի հայտնի իծագրերից բացի, ժայռապատկերներ կան նաև Վայոց ձորում։

Այստեղ՝ Եղեգիսի կիրճի վերջնամասում, դեպի Քելբաջար ուղղության վրա է գտնվում Հուսո սարը. այդպես էլ կոչվել է պատմականորեն։ Հետագայում՝ թուրքերենի ազդեցության ներքո, կոչվել է Մուրադ սար։ Բայց պետք է վերականգնվի նախնական անվանումը։

Շատ պատահաբար իմացա այդ ժայռապատկերների մասին, և հետո՝ մի քանի անգամ, հնարավոր եղավ արշավախմբեր կազմակերպել դեպի այդ վայր։ Նաև Գերմանիայից մասնագետներ եկան։ Տպավորություն ունեմ, որ մոտ երկու հազար ժայռապատկեր է գտնվում այդ վայրում, որոնցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում յուրահատկություններով։ Դրանցում կարող ենք տեսնել համայնքային հավաքների, պարերի, կենցաղային գործողությունների, կենդանիների քանդակներ։

Հնագետ Շահինյանը հրատարակել է այդ ժայռապատկերների լուսանկարների մի մասը, նաև համացանցում բավականին նյութեր կան։ Գիտաժողովներում են օգտագործվում այդ նյութերը։

Կան նաև հոգևոր բնույթի քանդակներ՝ ինչպես է քուրմը կամ քրմապետը ձեռքերը երկինք պարզած աղոթք անում։

Ընդ որում՝ խոսքը չորսից մինչև 10 հազար տարի վաղեմություն ունեցող ժայռապատկերների մասին է։

Մեզ շատ հետաքրքրեց Վայոց ձորի թեմի գործունեությունը թարգմանության ոլորտում։ Ներկայացրեք, խնդրեմ, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Վայոց ձորում բավականին շատ են տարբեր լեզուների մասնագետները՝ բուհական կրթությամբ, և նրանք ունեն ավելին անելու ժամանակ։

Սկզբում որոշեցինք թարգմանչաց կենտրոն (փորձնական) ստեղծել՝ օտարալեզու գրականությունը (գեղարվեստական և մասնագիտական) հայերեն թարգմանելու նպատակով (իմիջիայլոց, այդ բացը մեզանում կա)։

Այդ նախաձեռնության շուրջ մարզից հավաքվեց մոտ 70 երիտասարդ, և հիմնեցինք «Մաշտոց» հրատարակչությունը՝ երեք խմբագրակազմով՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներից թարգմանություններ կատարելու նպատակով։

Արդեն բավական շատ գրքեր ենք թարգմանել և վերահրատարակել։ Դրանց թվում են պատմագիտական, տնտեսագիտական, քաղաքագիտական բնույթի գրքեր։

Ի վերջո, եթե ուզում ենք օգնել մեր ապագա սերնդին, ուսանող երիտասարդությանը, ապա պետք է նրանց հնարավորություն տանք ծանոթանալու համաշխարհային արժեք ներկայացնող մասնագիտական գրականությանը։

Թարգմանությունը բավականին բարդ ոլորտ է, որքանո՞վ եք կարողանում օտարալեզու գրականությունը փոխադրել հայերենի դաշտ, և արդյո՞ք ձեր թարգմանած գրքերը նախկինում չեն թարգմանվել հայերեն։

Թարգմանում ենք այն գրականությունը, որն իրապես բարձրարժեք է ու չի թարգմանվել նախկինում։ Այս տարվա ընթացքում, օրինակ կվերահրատարակվի հինգ գիրք։ Դա նշանակում է՝ պահանջարկ կա, իսկ որակը գոհացուցիչ է։

Բնականաբար, դժվարություններ կան մասնագիտական գրականությունը թարգմանելու գործում. մասնագիտական բազմաթիվ տերմիններ և հասկացություններ պարզապես գոյություն չունեն հայերենում։

Նկատի ունենանք նաև՝ թարգմանությունը մեր լեզվի զարգացման ուղիներից մեկն է...

Դեռ տարիներ առաջ էիք գիտական գործունեությամբ զբաղվում, արդյո՞ք հիմա նույնպես շարունակում եք Ձեր նախասիրած թեմաներն ուսումնասիրել։

Գիտական ամբողջական գործ չեմ անում, բայց փորձում եմ եկեղեցական իրավունքի և մասնավորապես «Դատաստանագրքերի» հետ կապված հարցերն ուսումնասիրել։ Մեր օրերում առաջացող խնդիրների պատճառները, եթե նայում եմ եկեղեցագիտության տեսակետից, բխում են նաև եկեղեցական իրավունքին առնչվող հարցերից։ Այսինքն՝ դրանց արդիականացման խնդիր ունենք։ Մեծ բաց կլինի, եթե չարդիականացվեն միջնադարում ստեղծված եկեղեցու կանոնագրքերը, օրենսգրքերը, կաթողիկոսների ելույթները, հրամանները, նաև եկեղեցական իրավունքի հետ կապված մյուս հարցերը։

– Այսօր եկեղեցի–պետություն հարաբերություններն են լարված։ Ձեր վերաբերմունքը, ո՞րն է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը։

Կարծում եմ՝ և՛ եկեղեցին, և՛ պետությունը պետք է նախևառաջ համագործակցելու ճանապարհներ գտնեն, քանզի այդ համագործակցությունն անհրաժեշտ է մեր ժողովրդին ու մեր պետությանը։ Փոխադարձ արժևորում պետք է լինի, միմյանց ճիշտ ընկալում պետք է լինի։ Պետությունն իրապես պետք է արժևորի Հայ առաքելական եկեղեցին՝ որպես ազգային կառույց, ամենահին և ամենազորեղ կառույց, որն ի վիճակի է ազգը համախմբել որևէ խնդրի լուծման համար։

Մենք ունեցանք օրհասական պահեր, և չկարողացանք ազգը համախմբել, ինչի հետևանքով էլ ունեցանք այդքան ծանր կորուստներ։

Կարծում եմ՝ այս իրավիճակում, երբ կա միմյանց չհասկանալու վիճակ, եկեղեցին պիտի ընդունի, որ մեր գործը քաղաքական պայքարը չէ, և մեր գործը որևէ կողմ լինելը չէ, ու ինչպես Ավետարանում է ասված՝ պետք է գնալ մոլորյալի հետևից և ոչ թե գտնվածի։

Ձեր վերաբերմունքը Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

Այդ հարցում նույնպես եկեղեցին և պետությունը պետք է կարողանան երկխոսել։ Եկեղեցին պետք է ասի, որ նման պայքարի հաղթանակը եկեղեցու համար լավ չէ և նման պայքարի պարտությունը եկեղեցու համար շատ վատ է։

Պետությունը, պետական այրերն էլ պետք է գիտակցեն, որ նման պայքարի հաղթանակը, երբ եկեղեցին հաղթանակով դուրս կգա, պետության համար վատ է։ Ու եթե եկեղեցին պարտություն կրի, ապա պետության համար շատ վատ է։ Որովհետև չի կարող հայոց պետականությունը մտածել հայոց եկեղեցու թուլացման մասին, քանզի եկեղեցին ազգային ամենաբարձր արժեքն է մեզանում։ Բա էլ ո՞ւր է մեր նվիրումը...

Կուզենայինք իմանալ Ձեր վերաբերմունքը նաև Հայոց եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրերից հանելու հանգամանքին։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում հայագիտական առարկաների ծրագրերում ու անվանումներում կատարվող փոփոխություններին։

Եկեղեցուց ես էի նշանակված այդ դասագրքերը պատրաստող հանձնաժողովում, և այնտեղ գաղափարը հետևյալ կերպ էր դրված՝ տալով հիմնական գաղափարները եկեղեցու պատմության, եկեղեցագիտության վերաբերյալ, տոներ, ազգային ավանդույթներ, բայց ավարտին հասցնել՝ ազգային արժեհամակարգ և քրիստոնեական բարոյագիտություն ձևավորելով։ Կարծում եմ՝ որոշակիորեն հաջողեցինք։ Լիովին կողմ եմ, որ Հայ եկեղեցու պատմությունը և Հայոց պատմությունն իրարից անբաժանելի են ու պետք է ընդգրկված լինեն մեկ ծրագրի մեջ։ Իսկ այդ մեկ ծրագիրը պետք է համատեղ կազմել՝ վերը նշված մոտեցումներով։

Եկեղեցին աճող, զարգացող օրգանիզմ է, և այսօր եկեղեցին պիտի իրապես լինի հայոց պետականության հզոր սյուներից մեկը, եթե ուզում ենք հզոր պետականություն ունենալ։ Եկեղեցին չի կարելի թուլացնել, դա անձերի հետ կապ չպիտի ունենա, դա քմահաճույք չի կարող լինել, անձերը փոփոխական են, իսկ արժեքները՝ մնայուն...

Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25