Հասմիկ Ազոյան. «Ովքեր ուզում են ներդրումներ անել Սյունիքում, թող դա լինի հյուրանոցային տնտեսության եւ զբոսաշրջության ոլորտում»

01.11.2021 17:08
3929

Կորոնավիրուսը հանրապետության բոլոր տնտեսությունները կաթվածահար արեց: Թագավարակից  ամենաշատ տուժած ոլորտներից է զբոսաշրջությունը: Տուրիզմի դրախտ համարվող Իտալիան միլիարդավոր դոլարների վնաս կրեց, նույնը և Հունաստանը, Եգիպտոսը և զբոսաշրջային համբավ ունեցող այլ երկրներ, եւ դեռ ուշքի չեն եկել ծանրագույն հարվածից: Մեր հանրապետության պետբյուջեն եւս որոշակի մուտքեր ունի այդ ոլորտից, եւ նույն ուղտը մեր դռանն էլ չոքեց (այլ կերպ չէր էլ կարող լինել):

 Ի դեպ, Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն այցելում են նաեւ Սյունիքի մարզ՝ Տաթեւի վանական համալիր, Զորաց քարեր, Շաքիի ջրվեժ եւ այլ դիտարժան վայրեր: Սյունիքն էլ հնագիտական վայրերի, պատմաճարտարապետական հուշարձանների պակաս չունի, ուստի այդ ոլորտը զարգացնելու  անհրաժեշտություն, դեռ ավելին՝ հրամայական պահանջ կա:

Ինչեւէ, Սիսիանում   հետաքրքրվեցինք տեղի զբոսաշրջությանն առնչվող խնդիրներով՝ զրուցելով «Բասոնա» ՍՊ ընկերության տնօրեն Հասմիկ Ասատրյան-Ազոյանի  հետ: Նա նոր մարդ չէ ոլորտում. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը (անգլիական բանասիրության բակալավրի աստիճան), աշխատանքի ընդունվել ԱՄՆ միջազգային զարգացման  գործակալությունում (շուկայի զարգացման ծրագիր): Մինչ այդ երկու անգամ ուսուցում է անցել ԱՄՆ-ում, առաջին անգամ դեռևս դպրոցական՝ 1995-96 թթ. FLEX ծրագրի շրջանակում, երկրորդ անգամ 1998-1999 ուս. տարում  Նեբրասկայի Լինկոլն քաղաքի համալսարանում, իսկ 1999 թ.  մայիս-հուլիսին՝  Մասաչուսեթս նահանգի գրադարանային խորհրդում անց է կացրել պրակտիկան:  Հասմիկը այժմ  էլ  սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Հյուրանոցի եւ հյուրընկալության կառավարման» ծրագրում:  Թարգմանչի մասնագիտությամբ աշխատել է տարբեր միջազգային կազմակերպություններում World vision  Հայաստան, Սիսիանի գրասենյակ,  «Ակցիա սովի դեմ» միջազգային հկ:  2008 թ-ից զբաղվում է «Բասեն» հյուրանոցի գործերի կառավարմամբ: 2014 թ-ից հիմնադրել է «Բասոնա» ՍՊ ընկերությունը, որը ղեկավարում է մինչեւ օրս: Ի միջի այլոց, Հասմիկն առաջին սիսիանցին է, ով 2013 թվականին հասավ Արարատի գագաթ:

Հասմիկ Ազոյանն այն համոզումն ունի, որ միայն սեփական բիզնեսի հաջողակ լինելը բավարար չէ, համայնքում որոշակի զարգացում պիտի լինի, որ գործերը հաջող ընթանան. «Եթե Սիսիանը որպես զբոսաշրջային ոլորտ չզարգանա, մեր հյուրանոցը ճաքի-տրաքի՝ ոչ մի բանի չի հասնի: Նախ՝ Սիսիանն իրենից մի բան պիտի ներկայացնի, որ երեւանցին ասի՝ վեր կենանք, գնանք Սիսիան»:

 «Բասոնա» ՍՊ ընկերությունը զբաղվում է հյուրանոցային տնտեսությամբ եւ հանրային սննդի ծառայություններով, որում ներգրավված է տասը մարդ, սեզոնին ավելանում է եւս երկուսը: Իսկ վերջին մեկ տարում, համագործակցելով «Իմ Հայաստան»  ծրագրի հետ, տուրիստական փաթեթներ է առաջարկում զբոսաշրջիկներին: Մշակվել է չորս քայլարշավային երթուղի, մասնավորապես Լծենից Տաթև գյուղ, որի վերջնական նպատակը Տաթևի վանական համալիրը զբոսաշրջիկներին ծանոթացնելն է: Իսկ հիմնական նպատակը, որ դրված է օրակարգում, Սիսիանի հյուրերին Ուխտասարի ժայռապատկերներին հաղորդակից դարձնելն է:

Հասմիկ Ազոյանի փոխանցմամբ՝ 2019-ին տասնինը տոկոսի չափով զբոսաշրջության աճ նկատվեց Հայաստանում, 2020-ին հայտնի պատճառներով (կորոնավիրուսի համավարակ, պատերազմ) կտրուկ նվազում գրանցվեց այդ ոլորտում: Նաև հավելեց, որ 2022 թ. մեծ հոսքեր են սպասվում, և պատրաստ պիտի լինել դրան:

Ի՞նչ է իրենից ներկայացնում հյուրանոցային տնտեսությունը Սիսիանում:

Նախ մեր զրուցակիցն անկեղծացավ, թե Սիսիանի հյուրանոցային տնտեսությունը մայրաքաղաքի նման ծառայությունից շատ-շատ հեռու է: Այս առիթով նկատում է, թե առողջ մրցակցությունը հանգեցնում է առաջընթացի: Իսկ Սյունիքում մրցակցությունը բացակայում է, կան տարբեր հյուրանոցներ, որոնք ունեն իրենց թիրախային խմբերը, սպասարկում են իրենց հաճախորդներին. «Այսօրվա զբոսաշրջիկին  «եվրոռեմոնտներով» չես զարմացնի: Հայաստան եկողը մասսայական զբոսաշրջիկը չէ, մեր հանրապետություն գալիս է այն մարդը, ով աշխարհում այնքան է ճամփորդել, որ նրան «եվրոռեմոնտով» չես զարմացնի, նրան հետաքրքրում է տվյալ երկրի ազգային կոլորիտը: Մենք ձգտում ենք մեր հյուրերին ավելին հրամցնել. զբոսաշրջիկը վերադառնում է ժամը վեցին, յոթին, ասենք Շաքիի ջրվեժից, որպեսզի տպավորությունը լիակատար լինի, հրավիրում ենք Սիսիանի պարարվեստի դպրոցի սաներին, ովքեր ազգային պարեր են ներկայացնում: Թող ինքնագովություն չլինի, բայց մեր հյուրերը զարմանում են, որ նման մակարդակի պարարվեստ կարող է լինել Սիսիանում: Սիսիանյան զբոսաշրջության խաղաքարտերից մյուսը Ն.Ադոնցի անվան պատմության թանգարանն է, Սիսիանը բացառիկ է հնագիտության առումով, և եթե այն կարողանանք լիարժեք ներկայացնել, հասած կլինենք մեր նպատակին: Կարևոր է նաև ազգային ճաշատեսակներ ներկայացնելը. չորաթան ապուրն ենք առաջարկում, որը բոլորի քիմքին հաճո չէ: Այնպես որ ձգտում ենք ճկուն լինել: Օրինակ, դդմով ճաշ մատուցեցինք, որը շատ-շատ հավանեցին»:

2017-18 թթ. իր եւ սիսիանցի Կարինե Դավթյանի ջանքերով ստեղծել է զբոսաշրջության կենտրոն, որի ցուցանիշները տարեցտարի բարելավվում են: 2018 թ. ունեին տասը տնտեսություն, որը զբաղվում էր հյուրընկալությամբ, այսօր այդ թիվը հասնում է 22-ի: Ցավոք, հիմնականում հյուրատներն են ավելացել, իսկ հյուրանոցների հետ կապված միայն սպասելիքներ կան: Մասնավորապես, նախատեսում են նոր հյուրանոցի կառուցում, այժմ  իրենց տրամադրության ներքո ունեն 31 սենյակ, ինչը հնարավորություն է ընձեռում սպասարկել 73 անձի: 40 սենյականոց նոր հյուրանոցի նախագիծն արդեն պատրաստ է, մինչեւ 2025 թվականը ծրագիրն իրականություն կդառնա: Այս համատեքստում  մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս՝ ովքեր ուզում են ներդրումներ անել Սյունիքում, թող դա լինի հյուրանոցային տնտեսության և զբոսաշրջության ոլորտում:  

                                                                                           Վահրամ Օրբելյան                                                                                                                                                             

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37

Այսօր արցախյան շարժման 38–ամյակն է

20.02.2026 15:33