Հայ բանաստեղծի օրհներգ տեսակը

21.04.2013 01:44
7285

Հայ նշանավոր քնարերգու Համո Սահյանն ապրիլի 14-ին դարձավ 99 տարեկան

Նախքան մեծարումի խոսք ասելը եւ նրա հայրենի քաղաքի հրապարակում ժայռեղեն վեր խոյացող հուշարձան-սրբատեղիի մոտ պահ առ պահ ստվարացող ուխտավորների խնկարկում-արարողությանն անդրադառնալը, դառնանք ու փառաբանենք Համո Ոսկեբերան Սահյանի ծնունդը, որը, ըստ էության, կանխորոշված էր գեղեցիկ եւ վայելուչ աստվածային երթով, ով մեզ պես «հողեղեն, հողոտ, հողածին», կրակների վրայով ճախրած, հանդուրժումի եւ հաշտվածության վերին բարոյականությունը ճաշակած, բնությունից՝ մարդ, մարդուց՝ բնություն երթուդարձն ապահոված, իր ներկան հավերժորեն ժողովրդի ու հայրենի եզերքում ծոցվորած հայ մարդու օրհներգ, հացընկեր, զրուցակից եւ ունկնդիր տեսակն էր:

Նրա ծննդյան հերթական տարեդարձը մեծ շուքով նշվեց բանաստեղծի հայրենի Սիսիան քաղաքում:

Արարողությանը մասնակցում էին բանաստեղծի հայրենակիցները, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, բանաստեղծի մտերիմ ընկեր Վլադիմիր Մովսիսյանը, բանասիրական գիտությունների դոկտորներ Կիմ Աղաբեկյանը, Դավիթ Գասպարյանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, բազմաթիվ հյուրեր, մտավորականներ:

Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը բացելով արարողությունը՝ շնորհավորեց ներկաներին, ողջ հայ ժողովրդին՝ իրենց տաղանդավոր զավակի ծննդյան տարեդարձի կապակցությամբ, շնորհակալություն հայտնելով Սիսական աշխարհին, նրա ժողովրդին՝ Համո Սահյան ծնելու համար:

Համո Սահյանին մեծարման եւ երախտիքի խոսք ասաց բանաստեղծի ընկեր Վլադիմիր Մովսիսյանը: Նա բանաստեղծին համարեց հայ գրականության ամենամեծ համաստեղության երախտավորներից՝ նրան դասելով Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի եւ մյուս գագաթների շարքը: Այնուհետեւ ասաց. «Սյունիքը տվել է շատ հանճարներ՝ գրականության, երաժշտության եւ այլ ասպարեզներում. Ակսել Բակունց, Սերո Խանզադյան, Սուրեն Այվազյան, Գուսան Աշոտ, Սաթյաններ, Տաթեւիկ Սազանդարյան եւ այլն: Ես մշտապես ինձ հարց եմ տվել՝ ինչո՞ւմ է Համո Սահյան մեծ բանաստեղծի տաղանդի ուժը, նրա ստեղծագործությունների հմայքն ու զորությունը, որոնք եւ բնատուր են, միաժամանակ, եւ աստվածային-տիեզերական: Սովորական մահկանացուն երբեք չէր կարող այդպես զգալ բնությունը, նրա հետ մարդու հավերժական զրույցը, նրա ողջ խոհափիլիսոփայությունը: Այդ պոետական զգացողությունը կարող էր սնվել միայն տիեզերական արարչագործությունից, եւ դրա վկայությունն են Սահյանի երկնած հանճարեղ գործերը: Նրա ողջ պոեզիան բազմախորհուրդ է, միաժամանակ, առեղծվածային եւ պարզ, անսահման պատկերավոր, այնպես որ բնությունն ինքն այդքան… ընկալելի եւ խորհրդավոր չէ: Եթե հասարակ մասրենին լեզու ունենար, հավանաբար ինքն էլ կզմայլվեր Սահյանի պատկերած՝ իր գեղեցկությամբ, շուքով եւ ողջ փիլիսոփայությամբ: Հիրավի, ինչպե՞ս չհիանալ այս տողերով.

Ժայռից մասուր է կաթում,

Կարմիր սարսուռ է կաթում.

Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում.

Աշուն է, ուշ է:

Սահյանն ունի բնաշխարհի յուրահատուկ պաշտամունք: Նա բնապաշտ է, հողապաշտ ու հայրենապաշտ, նա իր էությամբ հացապաշտ է: Աշխարհը մահից հեռու պահող ցորենին նա այսպես է դիմում.

Էլի ցորենն է աշխարհի հիմքը,

Մայրը հողն է սուրբ, հայրը՝ երկինքը,

Հող դարձնենք քարը եւ ցորեն ցանենք,

Փառք տանք ցորենին եւ օրհնաբանենք:

Սահյան բանաստեղծի համար հայրենիքը ոչ քարտեզ է եւ ոչ էլ՝ ուռճացված գլոբուս, հողը եւ հայրենիքը նրա համար համատեղված երջանկություն են, ապրելու եւ արարելու հիմք, առանց որի մարդը ոչինչ է: Պատահական չեն այս տողերը.

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՜ս ուրիշ տեղ մնամ:

Սահյան բանաստեղծն այնքան բնապաշտ, ծառապաշտ, ծաղկապաշտ եւ անտառապաշտ է, որ անգամ իր մտերիմներին խնդրում է մահից հետո իրեն մի հին կոճղում դնել եւ իր դագաղի համար ծառ չկտրել...

Գերդաստանապաշտ է Սահյանը, տոհմիկ-ավանդական ընտանիքի խորհրդապաշտ, որն այնպես պատկերավոր երեւում է նրա բազմաթիվ ստեղծագործություններում: Ահավասիկ.

Օրը մթնեց, ժամն է արդեն

Իրիկնահացի,

Տխրությունս կամաց-կամաց

Փոխվում է լացի:

Համո Սահյանը խղճի բանաստեղծ է: Նա ասում է.

Խղճիդ հետ զրույց արա

Ամեն օր քնելուց առաջ...

Մեր ավանդույթներին, մեր պատմությանը, մեր հոգսերին եւ ուրախություններին, մեր հիշատակներին ու հուշերին, մեր բոլոր զգացմունքներին այնքան հաղորդակից ու մերձ է բանաստեղծը, որ, թվում է, շոշափում ենք նրա տողերը եւ թաթախվում նրանց գեղեցկությամբ ու տողատակերի փիլիսոփայությամբ: Ահավասիկ, մի փոքրիկ հուշ պատմեմ: Սահյանը կարդում է իր նոր գրած բանաստեղծությունը. «Լռած զանգ է կյանքս, Ես՝ ավերակ վանքս, Էլ աղոթող չունեմ…»: Ես հակադարձում եմ վարպետին. «Ինչո՞ւ ես այդպիսի տողեր գրել, վարպետ, դու շատ-շատ աղոթողներ ունես, եւ դեռ շատանալու է նրանց թիվը… »: Եվ իրոք, ես չէի սխալվել. Համո Սահյան բանաստեղծն այսօր միլիոնավոր աղոթողներ ունի, իր պոեզիան սիրողների ստվարացող բանակ: Այսօր մեծ բանաստեղծը դարձել է ողջ հայ ժողովրդի կուռքը, եւ ավելի ու ավելի է մեծանում հետաքրքրությունը Սահյանի պոեզիայի նկատմամբ:

Մեկ այլ բանաստեղծության մեջ ասում է.

Դեռ մոր ծիծը բերանում-

Իմաստուն է երեխան...

Էլ ո՞վ կա որ խրատես,

Ինձ բաց թողեք, ես գնամ:

Ուզում եմ ասել՝ սիրելի բանաստեղծ, դու դեռ շատ-շատ տալիք ունես քո ժողովրդին, եւ քո ժողովուրդն էլ երբեք բաց չի թողնելու քեզ: Քո հայրական խրատների ու խորհուրդների կարիքը մեր ժողովուրդը միշտ է ունենալու:

Համո Սահյան բանաստեղծը եւ մեծ քնարերգուն կյանքի վերջին տարիներին դիմելով հայրենի եզերքի քար ու քարափներին, մտահոգ եւ սիրասուն խնդրանքով ասում է.

Ոչ խոստումներ, ոչ երդում

Չսպասեք ու չքննեք,

Անվերջ, անշարժ ձեր երթում

Ինձ բացակա չդնեք...

Համո Սահյանն ինքը լինելով մեր երթի, մեր բնաշխարհի ու հոգու մեծ տաղերգուն, միաժամանակ՝ աստվածեղեն եւ աստվածատուր, ձուլված բնությանը եւ իր սիրելի քարափներին, ինչպե՜ս կարող էր գեթ մի պահ մտածել՝ իրեն բացակա դնելու մասին: Հայրենի եզերքն ու նրա մարդիկ՝ մենք, գալիք սերունդները, հավերժորեն ներկա ենք համարելու մեծ բանաստեղծին՝ մեր դժվար երթում, մեր բոլոր ուրախ եւ տխուր պահերի մեջ…»:

Համո Սահյանի ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորանքի խոսք ասաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ բարձր գնահատելով բանաստեղծի անցած ուղին, գրական վաստակը, նրա քնարական պոեզիայի անձեռակերտ գեղեցկությունը, խորհրդապաշտությունը եւ խոհափիլիսոփայական ընդհանրացումները:

- Համո Սահյան բանաստեղծի ստեղծագործություններն ամբողջությամբ բխելով մարդու եւ բնության հավերժական դաշինքից, միաժամանակ, բացառիկ է դրանցում առկա պետական մտածելակերպը, անզուգական՝ Հայաստան աշխարհին նվիրված նրա բանաստեղծական շարքը: Ահա նրա հանճարը եւ պետություն պահող հայրենասիրությունը վկայող մի բարձրարժեք գործ, որում ասում է.

Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,

Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է...

Կմնամ, կլինեմ այսպես:

Մեծ բանաստեղծի ծննդյան օրը եկել ենք երիցս հաղորդվելու նրա գրականությանը, մարդկային ու քաղաքացիական կերպարին, փառաբանելու Սյունյաց աշխարհը, որ հայ ժողովրդին պարգեւել է Սահյանի պես մեծ բանաստեղծ-քնարերգու, - ասաց Սյունիքի մարզպետը:

Հուզիչ ելույթ ունեցավ մեծ բանաստեղծի քույրը՝ Հասմիկ Գրիգորյանը: Նա շնորհակալություն հայտնեց մարզային եւ տեղական իշխանություններին, ներկա հասարակությանը՝ իր սիրելի եղբոր՝ Համո Սահյանի հիշատակը վառ պահելու, մեծարելու եւ հերթական տարեդարձը շուքով նշելու համար:

Ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ Համո Սահյանին համարելով հայ գրական աշխարհի անառարկելի մեծություն, պոեզիայի հսկա, իսկական մտավորական եւ մտածող, մեծ հայրենասեր, ով իր լուսե կերպարով ու ստեղծագործությամբ մշտապես ուղենշելու է հայ ժողովրդի ուղին՝ դեպի լույս:

Սրտաբուխ եւ ջերմ խոսք ասաց բանասիրական գիտությունների դոկտոր Կիմ Աղաբեկյանը:

- Դժվար է ինձ համար Համո Սահյանի մասին խոսելը, - ասաց նա, - որովհետեւ ասելիքս եւ հուզմունքս մեծ են, մեծ է զարմանքս նրա բանաստեղծ տեսակի, ծով բարության, խորախորհուրդ էության, նրա մարդկային նկարագրի, պարզության եւ խորունկ փիլիսոփայության հանդեպ: Նա իր պոեզիայում ոգեղենացրել է ամեն քար ու թուփ, մաճկալին, եզը, մանուշակն ու մասրենու կարմիր արտասուքները, արթնացող ամպն ու որոտը, անձրեւն ու կածանները, Լորագետը, Որոտանը, ծիրանուտները, սարերն ու ձորերը, սիրտը կոտրած կաքավը…Դա մի ողջ համանվագ է ազգային պոեզիայում:

Բանաստեղծը սրտի ցավով ու մտահոգությամբ ասում է.

Փոխվել են դերերն ու տերերը,

Բայց նույնն է երախը վիշապի,

Սրա՞նք են այս երկրի տերերը,

Աղոթեմ, որ մահս շտապի:

Ելույթ ունեցավ նաեւ բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը եւ մասնավորապես ասաց. «Համո Սահյանը հասավ արվեստի բարձրագույն աստիճանի, որովհետեւ սկզբից եւեթ գտավ ժառանգական հիշողության եւ մտավոր հիշողության համադրության արտակարգ նուրբ համաձուլվածքը: Այստեղ է ե՛ւ տեսանելի առարկայականը, ե՛ւ աներեւույթ վերացականը: Մտավոր բարդ փոխակերպումներն ունեն զգացմունքային արտակարգ խորություն, ապրումների անկեղծ հուզականություն, գեղարվեստական ներգործության այնպիսի ուժ, որ տանում են դեպի մարդու մաքրագործում: Համո Սահյանը պահպանեց բանաստեղծության նախնական հատկանիշը, որ երգն է՝ համաչափ ոտքերի, հնչուն հանգերի, տողերի ու կիսատողերի եւ հատկապես կրկնաբառերի, կրկնաբերումների ու կրկներգերի ներդաշնակ ընթացքով: Նա բացահայտեց բառերի մեղեդին, գտավ խոսքի հաշիշը եւ ստեղծեց իր ընթերցողին, ով հավատարիմ մնաց նրան»:

Ելույթ ունեցան նաեւ Սիսիանի համայնքի ավագանու անդամ Սրբուհի Գրիգորյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Դավիթ Հախվերդյանը, Սիսիանի N4 դպրոցի տնօրեն Նաիրա Ստեփանյանը:

Համո Սահյանի ծննդյան 99-րդ տարեդարձին նվիրված արարողությունը շարունակվեց ուսանողների եւ աշակերտների կողմից՝ մեծ բանաստեղծի ստեղծագործությունների արտասանությամբ, երգի ու երաժշտության հնչեցմամբ:

Ողջ օրը Սիսիանը շնչում էր Սահյանի պոեզիայով, նրա ստեղծագործությունների մաքուր մեղեդայնությամբ, կյանքի ու նրա հարահոս ընթացքի, արշալույսի ու մայրամուտի, սկզբի ու վախճանի լուսերգության նվագներով` ծավալվելով աշխարհաստեղծման հեքիաթի պես, զուլալելով սահյանական բանաստեղծության սրբազան ավազանում հայ մարդու հոգին ու սիրտը, նրա կյանքը վերածելով բնության հետ հանդիպման հավերժական ծեսի եւ փառաբանության.

Ես գնամ նորից ինձ որոնելու

Ճրագով, մոմով, կայծակի լույսով-

Պատառիկներս իրար բերելու,

Ինձնից մարդահոտ առնելու հույսով:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01