«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում եթե կա քայլ անելու, այդ քայլը պետք է անի Թուրքիան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նրա խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերությունները հասել են այնպիսի փակուղային վիճակի, որից դուրս գալու համար հարկավոր է առաջին հերթին թուրքական իշխանությունների մոտ քաղաքական կամք և, երկրորդը՝ տարածաշրջանային իրավիճակի փոփոխություն։ «Ինչ վերաբերում է Հայաստանում և Թուրքիայում իշխանական համակարգերի փոփոխություններին, դրանք այն գործոնները չեն, որ կարող են ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։ Ո՛չ Էրդողանը, ո՛չ Փաշինյանը պատրաստակամություն չեն հայտնել հրաժարվելու այն կարևոր սկզբունքային կետերից, որոնք դրված են երկու պետությունների արտաքին քաղաքականության հիմքում»,- նշել է թուրքագետը։
Ըստ Մելքոնյանի՝ եթե Հայաստանի պարագայում այդ սկզբունքային կետերը միևնույն ժամանակ նաև տրամաբանական են, ապա Թուրքիայի պարագայում, ըստ էության, դեստրուկտիվ իրավիճակ ստեղծող կետեր են։ «Հայաստանի ցանկացած իշխանություն չի կարող հրաժարվել այն կետից, համաձայն որի՝ Հայաստանը պետք է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատի առանց նախապայմանների։ Այսինքն՝ չհամաձայնվի Թուրքիայի այն պահանջներին՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, համաձայնվել Արցախի հարցի ադրբեջանանպաստ լուծմանը, պատրաստակամություն հայտնել Թուրքիայի նշած սցենարով անել հայտարարություն հայկական հողային պահանջատիրության և այլնի մասին։ Որևէ իշխանություն այս հարցերում էական զիջումներ չի կարող անել»,- ասել է Մելքոնյանն ու հավելել․«Թուրքիան ՀՀ հետ հարաբերությունները պայմանավորում է Ադրբեջանի հետ հարաբերություններով, ցեղասպանության հարցի պահանջով, ՀՀ հետ հարաբերությունների օրակարգ փորձում է բերել հարյուր տարի առաջվա պայմանագրեր։ Եթե կա քայլ անելու, այդ քայլը պետք է անի Թուրքիան։ Անկախ նրանից, թե ով լինի իշխանության, պետք է քայլ անի՝ հեռանալով դեստրուկտիվ քաղաքականությունից»։
Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն էլ նշում է, թե Հայաստանում Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կառավարության ձևավորման հանգամանքը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի վրա կուտակված խնդիրների կարգավորման տեսակետից մի շատ դրական նախադրյալ է։ «Այն առումով, որ ՀՀ-ն ունի մի ղեկավարություն, որն առավելագույնս վայելում է ժողովրդի աջակցությունը, զորակցությունը, և դա հնարավորություն է տալիս բազմաթիվ խնդիրների վերաբերյալ նոր մոտեցումներ ցուցաբերելու, նոր եռանդով բանակցելու ազգային շահերին ավելի հետամուտ լինելու համար»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործընթացին, ըստ Գոչունյանի՝ և՛ Անկարայից, և՛ Երևանից, ոչ վաղ անցյալում հնչել են կարծիքներ, տեսակետներ, որ, ցավոք սրտի, ներկա պայմաններում հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործընթացում էական տեղաշարժեր չեն ակնկալվում։ «Երկու երկրների հարաբերությունները ծանրաբեռնված են բավական լուրջ խնդիրներով, և ո՛չ տարածաշրջանային, ո՛չ միջազգային իրադարձությունների, ո՛չ էլ երկկողմ մակարդակով լուծման ուղղությամբ պարզ և հասունացած ելք չի երևում։ Այդպես շոշափելի իրադարձությունների ակնկալություններ պետք չէ ունենալ, եթե տարածաշրջանում արտասովոր իրադարձություններ չլինեն»,- նկատել է նա և հավելել, թե բոլորի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերություններում լինեն տեղաշարժեր, որոնք կարող ենք ազդել տարածաշրջանի իրավիճակի կայունացման վրա, բայց ենթակառուցվածքները դեռևս պատրաստ չեն։
«Երկու երկրներում էլ նոր եռանդով գործի գլուխ եկած իշխանություն կա։ Հայաստանում էլ, Թուրքիայում էլ պետական կառավարման համակարգերը փոխվեցին։ Էրդողանը փաստացի 15 տարի երկրի ղեկավարն էր, իսկ այժմ նախագահական երկրի նախագահ է, Հայաստանում էլ խորհրդարանական համակարգ է հաստատված, և այս բոլոր նորությունները հայ-թուրքական հարաբերությունների կտրվածքով էլ նորությունների ակնկալիք են օրակարգի վրա բերում, բայց երկու մայրաքաղաքներից հնչած մեկնաբանությունները, դժբախտաբար, չեն արդարացնում ակնկալությունները»,- ասել է Գոչունյանը։
1in.am