Հայոց բանակին սատարող ու վարչապետի հրաժարականը պահանջող հանրահավաք Կապանում

01.03.2021 14:15
5275

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքների ալիքը հասավ նաեւ Սյունիք: Փետրվարի 27-ին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակը բազմամարդ էր: Հայոց ազգային բանակին սատարող եւ վարչապետի հրաժարականը պահանջող հանրահավաքին մասնակցում էին տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ: Կապանցիների նախաձեռնությանն աջակցելու էին եկել ներկայացուցիչներ Քաջարանից, Գորիսից, Մեղրիից: Օրվա հիմնական բանախոսը՝ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ելույթի սկզբում մասնավորապես նշեց, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացու պետք է մտահոգի երկրի քաղաքական ճգնաժամային իրավիճակը, քանզի խաթարվում են պետականության հիմքերը եւ շատ լուրջ սպառնալիքներ են առաջանում ինչպես Սյունիքի եւ սյունեցու, այնպես էլ ամբողջ երկրի համար: Համայնքապետը շեշտադրում արեց այն հանգամանքի վրա, որ շատ կարեւոր է, որ ինքներս մեզ հարց ուղղենք, թե ի՞նչ կարգավիճակով երկիր ենք ուզում կառուցել՝ փուչ պոպուլիզմով հպա՞րտ, թե՞ կայուն եւ կառուցողական: Նաեւ ներկաների ուշադրությունը սեւեռեց այն հանգամանքի վրա, որ հայ ազգի անվտանգության առաջին եւ գլխավոր երաշխավոր ՀՀ բանակը նույնպես քաղաքական իշխանության անշունչ ամբիցիաների եւ անպատասխանատու հայտարարությունների պատճառով  կանգնել է լրջագույն խնդիրների առջեւ:

Գեւորգ Փարսյանն անդրադարձավ այն հանգամանքին, թե ինչպես հնարավոր չեղավ անվտանգային երաշխիքներ ստեղծել Կապանի համար եւ ներկայացրեց իրողություններ, որոնք մինչ այդ չէր բարձրաձայնել հասարակական լայն շրջանակում. «Երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, բոլորս անդամագրվեցինք հայրենիքի պաշտպանությանը, սակայն, ցավոք սրտի, ամեն ինչ չէ, որ ստացվեց: Հոկտեմբերի 17-18-ին սկսեցինք կազմակերպել Կապանի պաշտպանությունը: Նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության 1-ին կետում հստակ արձանագրված էր՝ կողմերը կանգնում են այն բնագծերում, որոնք այդ պահին զբաղեցրել են: Իսկ մենք զբաղեցրել էինք այնպիսի նպաստավոր բարձունքներ, որ ամբողջովին ապահովում էին մեր բնակչության անվտանգությունը: Բայց, այնուամենայնիվ, մտավախություն կար, որ մեր զբաղեցրած բնագծերը կարող են հանձնվել, ուստի հանդիպում խնդրեցի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Հանդիպումը կայացավ նոյեմբերի 21-ին՝ գեներալ-մայոր Վալերի Քոչարյանի մասնակցությամբ: Մասնակցում էին նաեւ գլխավոր շտաբի գրեթե բոլոր գեներալները, այլ բարձրաստիճան զինվորականներ: Գլխավոր շտաբի պետից հետաքրքրվեցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում կապանցիներին, նաեւ մտահոգություն հայտնեցի մեր զբաղեցրած բնագծերի առնչությամբ: Օնիկ Գասպարյանը փոխանցեց, թե նախ՝ դիվանագետները պիտի փորձեն բանակցային սեղանի շուրջ հաջողություններ գրանցել,  բայց անհրաժեշտության դեպքում այդ բնագծերի եւ անվտանգության գոտու համար կռիվ ենք տալու: Եվ սկսեցինք կառուցել երկրորդ, երրորդ պաշտպանական բնագծերը, նպաստավոր բարձրունքների վրա ամրանալ, ինչը եւ տեղի ունեցավ: Ավելի ուշ՝ դեկտեմբերի 17-ին, թե 18-ին մեզ հյուր եկավ ՌԴ խաղաղապահ զորքերի ներկայացուցիչներից՝ ռուս բարեկամներից մեկը եւ զրույցի ընթացքում հարցրեց՝ ե՞րբ եք պատրաստվում բնագծերը զիջել: Անմիջապես զարմանքս հայտնեցի, նա էլ թե՝ տեղյակ չե՞ք: Մի խոսքով, ինձ հասանելի բոլոր մեթոդները կիրառեցի, իմ բոլոր կապերն օգտագործեցի, բայց եկավ մի պահ՝ հասկացա, որ այլ տարբերակ չունենք: Մի խոսքով՝ դեկտեմբերի 18-ին այդ դիրքերը զիջեցինք եւ այսօրվա դրությամբ ունենք այն, ինչ ունենք»:

Գեւորգ Փարսյանն իր խոսքում անդրադարձ կատարեց գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին՝ նրան բնորոշելով մի անձնավորություն, ով սրտացավ է մեր երկրի համար, նրա անվտանգության համար, ում Նիկոլ Փաշինյանի փուչ ամբիցիաների հետեւանքով փորձում են ծառայությունից ազատել, մանավանդ՝ անվտանգային լրջագույն  խնդիրներ ունեցող մեր երկրում:

Գեւորգ Փարսյանը զարմանք հայտնեց նաեւ այն առիթով, որ Փաշինյանն արդեն հեռացրել է շտաբի պետի առաջին տեղակալին (Տիրան Խաչատրյան), ում երկու-երեք ամիս առաջ էր շնորհել Հայաստանի Ազգային հերոսի կոչում:

«Զարմանում եմ Նիկոլ Փաշինյան վարչապետի այն մտքի առիթով, ով հայտարարում է, թե թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավորը չեմ: Ի՞նչ է դա նշանակում: Բա որ դու մեղք չունես, ո՞վ մեղք ունի կամ ո՞վ է առաջին մեղավորը, - ասաց Գեւորգ Փարսյանը եւ հարցադրում արեց, - բա որ այդպիսի անպատասխանատու հայտարարություններ էիր անում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, հիմա պատասխանիր՝ Արցախը Հայաստա՞ն է, Ռուսաստա՞ն, թե՞ Ադրբեջան: Ի վերջո, ի՞նչ է Արցախն այս պահին: Գնացիր եւ Ստեփանակերտի հրապարակում հայտարարեցիր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, բա ինչո՞ւ տեր չկանգնեցիր Արցախին: Եվ փորձում ես պատասխանատվության մի մասը բարդել բանակի վրա, այն դեպքում, երբ բանակը «գլադիատորի» պես կռվել է... Այսօր մեր երկրում ոչ մի համակարգ չի աշխատում. նման վիճակը մեզ օրեցօր տանում է կործանման: Մեր երկրին անհրաժեշտ է կայունություն հասարակական, քաղաքական եւ պետական կյանքում, ինչը դուք կարող եք անել ձեր հրաժարականով՝ դրանով իսկ հնարավորություն տալով ժողովրդին՝ անցկացնել նոր, արտահերթ ընտրություններ: Հասկացեք վերջապես, դուք խանգարում եք: Հեռացեք եւ վերջ»:

 Հանրահավաքին Հայոց բանակին իրենց աջակցությունը եւ վարչապետի հրաժարականի առնչությամբ իրենց դիրքորոշումը հայտնեցին Վահանավանքի հոգեւոր հովիվ տեր Ավետիք  քահանա Մարտիրոսյանը, Գագիկ Ղահրամանյանը, Վրեժ Բադալյանը, Խաչիկ Բադալյանը, որոնց խոսքերում խորին մտահոգություն կար երկրում ստեղծված օրհասական վիճակի առնչությամբ: Խաչիկ Բադալյանը մասնավորապես նշեց, որ մարտահրավերներն ուղղվել են մեր պետականության չորս կարեւոր հիմքերին՝ Հայ առաքելական եկեղեցուն, ազգային դպրոցին, հայ ընտանիքին եւ հայոց ազգային բանակին: Նաեւ այն միտքը հայտնեցին, որ մեր բանակը չի պարտվել, օրվա իշխանություններն են պարտություն կրել:

Հանրահավաքի ավարտից հետո հայոց բանակին սատարող եւ վարչապետի հրաժարականը պահանջող կապանցիները կոչերով անցան քաղաքի փողոցներով:

Լուսանկարները Նվեր Զելյայի ֆեյսբուքյան էջից

Վահրամ Օրբելյան

Հունվարի մեկից մանկապարտեզներում փոխվել է սննդակարգը

30.01.2026 11:44

Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners»

30.01.2026 11:32

Ով չի եղել Երիցու վանքում, չի եղել Կապանում

30.01.2026 11:21

Մենք պետք է վերադարձնենք արդյունաբերությունը մեր երկիր, որ այստեղ լինեն հարյուրավոր նոր աշխատատեղեր․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

29.01.2026 22:27

ՀԷՑ-ի օրենքի մասով սահմանադրականության խնդիրներ ենք տեսնում. Օրբելյան (Տեսանյութ)

29.01.2026 21:13

300,000 նոր աշխատատեղերը շատ մեծ խնդիրների լուծում են տալու․ մարդիկ ստիպված չեն լքելու իրենց հայրենիքը․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)

29.01.2026 20:49

ՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթեր

29.01.2026 17:49

Իրանի նախագահը կարգադրել է հրապարակել ցույցերի ժամանակ բոլոր զոհվածների անունները

29.01.2026 17:36

Ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաև Թուրքիային և Ադրբեջանին. Փաշինյան

29.01.2026 17:33

Ռուսաստանից դրական ազդակներ կան. Փաշինյանը՝ երկաթուղու վերականգնման մասին

29.01.2026 17:30

ՀՀ բոլոր տարբերակներով լինելու է, բայց ինչպիսինն է լինելու՝ կամ առանց Սյունիք, կամ առանց Հայ առաքելական եկեղեցի. Ռոբերտ Քոչարյան

29.01.2026 15:22

Քաջարանի Մշակույթի պալատում կայացավ հիշարժան միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 34-ամյակին

29.01.2026 15:12