Հայր Միքայել վարդապետ Գեւորգյան. «Լույս ծագեցնենք հոգիներում, Սյունիքի երկնքում, որ պատուհասված խավարն ինքն իրեն փարատվի, հեռանա»

01.08.2017 14:38
3858

Տաթեւի վանքի վանահայր Հայր Միքայել վարդապետ Գեւորգյանի հետ մեր հանդիպումն ու զրույցն ինքնանպատակ չէր, օրհասի մեջ հոգեւարքվող ազգային արժեքների, Հայ առաքելական եկեղեցու խնդիրների, Սյունյաց թեմի, Տաթեւի վանքի գերակա դերի ու նշանակության, պետության անելիքների եւ նմանօրինակ հարցերի շուրջ էր:


- Հայր սուրբ, նախ կխնդրեինք օրհնել մեզ եւ մեր զրույցը, որ կարողանանք ճիշտ ճանապարհով տանել այն ու ստանալ բարեշնորհ պտուղներ:


- Աստված օրհնի:


- Հայր սուրբ, պատմեք Ձեր մասին:


- Տասը տարի առաջ՝ 2007 թվականի հունիսի 24-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ձեռնադրվեցի կուսակրոն հոգեւորական, օգոստոսի 20-ին եղավ իմ հրամանը՝ Տաթեւ նշանակվելու: Հաջորդ օրն արդեն այստեղ էի:

Հայրս զոդող բանվոր է եղել, մայրս՝ գործող: Պապերս ապրել են Կապանի Առաջաձոր գյուղում, բայց արմատներս Պարսկաստանի հայաբնակ Ղարադաղի խանությունից են: Պապս, որին անվանել են Կուճի Մադի, շատ քաջ մարդ է եղել: Յոթ եղբայրներով հայտնի են եղել իրենց ուժով եւ քաջությամբ:

Հայրս նրանց մասին օրագիր ունի, որը լի է իմ արմատների մասին գեղեցիկ պատմություններով: Աստված կամենա, մի օր այն կհրապարակեմ:

Ահա այսպիսի մի պատմություն. գյուղն ունեցել է Որսասար կոչվող մի շատ գեղեցիկ տարածք, որտեղ կարող էիր հանդիպել ամեն տեսակի հազվագյուտ կենդանիների: Իրանի շահը մի անգամ եկել եւ ցանկացել է Որսասարում որս անել, յոթ եղբայրներով շահի գլխարկի վրա հրացանի յոթ անցք են բացել եւ ասել՝ Իրանի շահ, դու այդքան շատ տարածքներ ունես, ինչու՞ ես եկել եւ մեր Որսասարում ես որս անում:

Այստեղից էլ սկսվել է պապիս ու նրա եղբայրների դեմ շահի դաժան ու երկարատեւ հալածանքը, որից հետո յոթ եղբայրներով դուրս են եկել Ղարադաղից, եկել ու հաստատվել Կապանի Առաջաձոր գյուղում:
Ծննդիս մասին մի պատմություն կասեմ. 1975 թվականի հունիսի 18-ին Երեւանի Մարգարյան հիվանդանոցի ծննդատանը ծնվել է 65 երեխա, գլխավոր բժիշկը եղել է ազգությամբ եզդի, ազգանունը՝ Իբոյան: Մոսկվայից ուղարկված պատվաստանյութի պատճառով 62 նորածին մահացել է, փրկվել են մեկ տղա, երկու աղջիկ: Փրկված նորածին տղան ես եմ եղել:

Ճիշտ է, բոլորն էլ Աստծո կամքով են աշխարհ գալիս, բայց, կարծում եմ, մեկ այլ խորհուրդ է ունեցել իմ փրկվելը, գուցե նաեւ՝ պատվիրան, որ հետագայում՝ գյուղի միջնակարգ դպրոցն ու Երեւանի պետական համասարանի կիրառական մաթեմատիկա ֆակուլտետն ավարտելուց հետո, այնուամենայնիվ, ընտրել եմ հոգեւոր ճանապարհը, 1992-94 թթ. հավատքի եմ դարձել: Հիշում եմ, համալսարանում ուսանելուս տարիներին հիսուն հոգանոց խմբով էջմիածնից ոտքով քայլելով եկել ենք Տաթեւ, այդ օրն էլ, հավանաբար, վճռական է եղել իմ հետագա կյանքում:


- Ինչպե՞ս կնկարագրեիք Տաթեւի վանքում սկսվող եւ ավարտվող Ձեր մեկ օրը:


- Առավոտյան ժամը 5.30-ին օրս սկսվում է ժամերգությամբ, որը տեւում է մինչեւ ժամը 10-11-ը, այնուհետ՝ աղոթքներ, զրույցներ տարբեր տեղերից վանք եկած, ուխտավոր մարդկանց բազմության հետ, որն օր-օրի մեծանում, ստվարանում է, այնուհետեւ մկրտություններ…

Երեկոյան ժամը 7-ին նորից ժամերգություն, որից հետո գնում ենք հանգստանալու:


- Ե՞րբ եք հասցնում նախաճաշել, ճաշել, եւ ո՞վ է այդ հարցում օգնում Ձեզ ու օգնական սարկավագներին:


- Պատարագն անց ենք կացնում քաղցած, որից հետո նախաճաշում ենք: Ուխտավորներն են մեզ օգնում, նրանք մեզ համար անձնվիրաբար ճաշ են պատրաստում, մաքրություն անում՝ հաճախ օրեր, ամիսներ շարունակ մնալով եւ ծառայելով վանքին: Մի ընտանիք ենք նրանց հետ: Բոլորը, ովքեր ուխտագնացության են գալիս, անմիջապես դառնում են հարազատ մարդիկ, մերվում վանքի առօրյային ու կյանքին, իրենց օրն անցկացնում աղոթքներով: Իսկ մեր զրույցները տարբեր են՝ դավանաբանական հարցերից մինչեւ նրանց հուզող խնդիրներ:


- Տեղյակ ենք, որ Ձեզ ժամանակին առաջարկել են Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ծառայության, բայց դուք գերադասել եք մնալ Տաթեւում:

Ի՞նչն է պատճառն առաջարկը չընդունելու, արդյո՞ք Սյունիքի ազգաբնակչության մեծ սերն ու հարգանքը Ձեր անձի, անձնվեր գործունեության նկատմամբ:

Ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե Ձեր հոգու ու նվիրումի սուրբ նշխարքն ընդգրկեր ավելի մեծ տարածքներ, ողջ հայության մեջ կաթար բուժարար աղոթքի եւ օրհնանքի մաքրագործող սրբությունը:


- Ինձ համար չկան մեծ եւ փոքր տարածքներ, մեծադղորդ անվանումներով եւ վայրերով չէ, որ հոգեւորականը կարող է հաղորդվել ու կայանալ: Մի փոքրիկ աղոթավայրում էլ կարելի է ծվարել եւ աղոթել ողջ աշխարհի համար: Մեկ մարդու հոգու փրկությունն էլ ինձ համար մի աշխարհի փրկություն է դառնում:

Իսկ Տաթեւի վանք մեկ ուխտավոր, նույնիսկ մեկ հազար ուխտավոր չեն գալիս, այլ՝ հազարավորներ: Այստեղ էլ գործս շատ է, որտեղ էլ լինեմ, նույն գործն եմ կատարելու: Իսկ Սյունիքն իմ ամենասիրելի վայրն է, գուցե որ՝ ինքս էլ սյունեցի եմ…

Ընտրեցի դարերով սրբագործված այս վայրը եւ նպատակ ունեմ մինչեւ կյանքիս վերջ մնալ այստեղ, այստեղ էլ հանգչել:


- Եթե կարելի է, մի քանի խոսքով տեղեկացրեք՝ ի՞նչ բնույթի եւ մասշտաբի աշխատանքներ են կատարվում վանքի տարածքում:


- Վանքի մուտքն են վերականգնել, կառուցել աղբյուրը, որը Վարդավառի տոնին օրհնեցինք: Այժմ Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթն են վերանորոգում, որից հետո պիտի անցնեն եւ վերանորոգեն վանքի արեւմտյան խցերը, եւ այսպես՝ հերթով. եկեղեցիները, գավազանասյունը, խցերն ամբողջությամբ:


- Հավանաբար, դա մի քանի տարվա ծրագիր է:


- Ճիշտն ասած, ոչ ոք չի կարող ասել, թե ինչքան կտեւեն աշխատանքները, որովհետեւ դրանք անկանխատեսելի են: Ավելի դժվար է վանք վերանորոգելը, քան նոր եկեղեցի կառուցելը, ամեն ինչ պահանջում է պատմական ճարտապետությանը եւ ոգուն հավատարիմ մանրամասն կատարում, հստակություն, որպեսզի ոչ մի թերացում չլինի, պահպանվեն պատմական տեսքն ու էությունը: Այդ պատճառով էլ տեւողությունը երկարում է, եւ աշխատանքները դեռ շարունակվելու են:


- Քանի որ մենք հաճախ չենք հանդիպում, ուստի մեր հարցերն էլ կարող են թվալ ոչ այնքան կանոնակարգված, մեզ հուզում է ամենը, ինչ կապված է վանքի, դավանաբանական որոշ հարցերի հետ, նաեւ՝ պետության վարած քաղաքականությունը՝ հոգեւոր աշխարհի համար նրա առաջ քաշած նախագծերը:

Բոլորս ենք տեղյակ, որ գործող Սահմանադրության ընդունումից հետո ամրագրվեց նաեւ, այսպես կոչված, խղճի ազատության դրույթը, ու այս պահին էլ դրանից բխող օրենք են նախապատրաստում Ազգային ժողովում:

Դուք տեղեկություն ունե՞ք այդ մասին:


- Այդ եւ այլ քաղաքական իմաստներով՝ ես մի քիչ կտրված եմ աշխարհից, քաղաքականությունից, ժամանակ էլ չունեմ, խառնվածքս էլ թույլ չի տալիս, որ խառնվեմ այդ ամենին: Ավելի շատ տրված եմ վանքի ներքին, հոգեւոր կյանքին, աղոթքի մարդկանց, օգտակար բաների մասին եմ մտածում եւ անում եմ այն, ինչ դուք տեսնում եք, փորձում եմ մարդկանց իրատեսել առ Աստված:


- Բոլոր դեպքերում, Հայր սուրբ, խղճի ազատության մասին անպայման Ձեր պատկերացումն ունեք: Դուք, որքանով տեղյակ ենք, պատշաճ գիտելիքներ ունեք մեր դավանանքի մասին, կխնդրեինք մեզ էլ տեղեկացնել, մենք էլ իմանայինք, մանավանդ որ վիճահարույց կարծիքների, տեսակետների տեղիք է տվել այն:


Քանի դեռ այդ օրենքն ընդունված չէ, ի՞նչ ասել է խղճի ազատություն՝ ըստ Ձեզ:


- Նախ, մարդը պետք է հասկանա, թե ինչ է խիղճը: Խիղճն Աստծո ձայնն է, ինչպես Գրիգոր Տաթեւացին է ասում, այն մի գործառույթ է, որը դրված է մարդու մեջ, եւ որը Սուրբ Գրիգոր Տաթեւացին կոչում է ինքնամաքրման համակարգ: Խիղճը տանջում է մարդուն, այնուհետ՝ գործած մեղքերից սրբում, մաքրում նրա հոգին:

Քանի դեռ մարդն արդար կյանքով է ապրում, անմեղ է, մաքուր է, խիղճն իրեն չի դատապարտում, այլ արդարացնում է, ուրախացնում եւ երջանկացնում:

Երբ մարդ սկսում է անիրավություններ գործել, խիղճը սկսում է դատապարտել նրան, ոչ թե ուզում է պատժել, այլ ուզում է ուղղել, շտկել, որպեսզի հետագայում կարողանա արդարացնել նրան Աստծո առաջ: Այնքան է տանջում, մինչեւ նա ապաշխարի, հետ կանգնի իր չար ընթացքից, զղջա իր մեղքերի համար, եւ երբ արդարանում է մարդը, խիղճը սկսում է խաղաղվել:

Ասել է թե՝ խիղճն աստվածադիր ձայն է, եւ խղճի ազատությունը ես հասկանում եմ մեղքերից ազատություն, սրբություն, եթե մեղքերից ազատ ես, այն ժամանակ էլ խղճի ազատություն է:


- Հայր սուրբ, նորություն չէ, մեր երկրում էլ կան, եւ՝ մեծ թվով, այլադավաններ, հերձվածողներ, նրանք էլ ի նպաստ իրենց են մեկնաբանում խղճի հռչակված ազատությունը, այսպես են ասում՝ երկրի հիմնական օրենքը մեզ տվել է ազատություն, բարի եղեք, մեզ մի խանգարեք:

Փաստորեն, ստացվում է՝ նախկին մեր ընկալումն աղանդավորի, հերձվածողի մասին փլվում է, նրանք ձեռք են բերում հավասար իրավունքներ, հետեւաբար՝ իրավունք կունենան ընդարձակվելու, որն էլ բխում է երկրի հիմնական օրենքից:


- Այսպես ասեմ, դարեր շարունակ հայը եղել է քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու զավակ, եւ երբեւիցե իր խիղճն իրեն չի հանդիմանել, որ ինքը հայ եկեղեցու զավակ է, այսինքն, միշտ էլ ինքը վստահ է եղել, որ իր պապերի հավատքը ճիշտ հավատք է:

Երբեք հայը չի կասկածել, որ ինքը սխալ ճանապարհի վրա է: Միշտ էլ արյուն է հեղվել հավատքի համար, դարեր շարունակ վասն հավատո եւ վասն հայրենյաց կարգախոսն է եղել, եւ այսօր հանկարծ այնպես է ստացվել, որ քո հայրերի, պապերի հավատքը եթե դավանես, եթե եկեղեցում աղոթես, խիղճդ քեզ պիտի տանջի: Հանկարծ պարզվում է, որ եթե քո երեխաներին տանես կնքելու, ուրեմն դու քո խղճի ազատության դեմ ես դուրս գալիս: Սա շինծու մտայնություն է, չի մտնում հայ մարդու էության, գաղափարի մեջ, որովհետեւ մենք ունենք ճշմարիտ հավատք, ուղղափառ դավանանք եւ որեւէ նոր տեղ գնալու կարիք չունենք, որեւէ մեկից սովորելու բան չունենք:

Հայ ազգին անհարիր է խղճի ազատության գաղափարը, այն շատ հեռու է մեզանից: Մեզ երբեւիցե մեր խիղճը չի տանջել մեր հավատքի համար, գուցե ուրիշ բաների համար տանջել է, բայց երբեք չենք ամաչել, որ մենք հայ քրիստոնյա ենք, հակառակը՝ միշտ պաշտպանել ենք մեր ինքնությունը եւ հիմա էլ ամեն գնով պետք պաշտպանենք Հայ առաքելական եկեղեցու միակ եւ անքննելի դավանանքը, իսկ այլ կերպը դավաճանություն եւ ուրացում է ճշմարիտ ուսմունքի:


- Դուք մաքրակրոն, մաքրակենցաղ հոգեւորականի համբավ ունեք, եւ սյունեցիներս հպարտ ենք դրանով: Մի հարցում կա երկու տեսակետ. աղանդավորի դեմ ակտիվ պայքարի տեսակետ եւ տեսական, դավանաբանական պայքարի տեսակետ, ասել թե՝ ամեն ինչ թողնել մեր հոտի հայեցողությանը, որպեսզի նա որոշի իր ճիշտը, ինքն ընտրի, թե ով՝ ով է: Այո՞:


- Ոչ, նման պասիվ տեսակետն էլ դավաճանություն է եկեղեցուն եւ ազգին: Իհարկե, պետք է պայքարենք սրա դեմ՝ եկեղեցին իր ձեւով, պետությունն էլ՝ իր միջոցներով:

Գիտեք, 8-րդ դարում Սուրբ կաթողիկոս ունեինք՝ Հովհաննես Օձնեցի: Այդ ժամանակ մի շարք վտանգավոր աղանդներ էին տարածված Հայաստանում՝ քաղկեդոնականություն, պավլիկյան շարժում՝ նույն այսօրվա աղանդավորների պես մի բան:

Կաթողիկոս Հովհաննես Օձնեցին դիմեց Արաբական խալիֆայությանը, հայ նախարարների օգնությանը՝ ասելով, որ ինքը միայնակ չի կարողանում պայքարել թափ առած աղանդավորների դեմ, ովքեր ժխտում էին Հայ եկեղեցու հետ կապված ամեն ինչ՝ արարողակարգ, ծիսակարգ…

Ի՞նչն է կարեւոր խոսքիս մեջ՝ Օձնեցին քարոզող էր, ոչ թե միջոցներ կիրառող…
Նա հո չէ՞ր ապտակելու պավլիկյաններին, միայն քարոզի ապտակն էլ չէր օգնում, իրական ապտակ էր պետք: Աղանդավորներն ու հերձվածողները գազազած էին սոված բորենու պես եւ տարածվում էին ժանտախտի արագությամբ:

Իշխանություններն անմիջապես գործի են անցել՝ զգալով հերձվածողներից ու աղանդավորներից բխող ողջ հետեւանքները:

Կաթողիկոսության օրոք հրավիրել է եկեղեցական Ժողով  եւ այսպիսի հստակ հարց դրել՝ ընդունու՞մ ես Հայ եկեղեցու դիրքորոշումը, թե՞ ոչ: Եթե ընդունում ես՝ կարող ես ապրել այս երկրում, եթե՝ ոչ, ապա հերձվածողի ճակատին աղվեսադրոշմ է խարանվել եւ վտարվել երկրից:
Օձնեցին գրքեր է գրել ընդդեմ աղանդավորների, այդ առումով հայտնի են «Ընդդէմ պաւղիկեանց» ճառը, ինչպես եւ «Ճառ ընդդէմ երեւութականաց»:

Իշխանությունն այսպես է պայքարել Հայոց երկրում աղանդների դեմ, խիստ միջոցներով, չեն թողել, որ ներսից աղանդները քանդեն, ավերեն այն: Արդյունքն ուժեղ է եղել, մաքրվել է երկիրը:

Ընդհանրապես, եկեղեցու առաքելությունը քարոզչական գործունեություն ծավալելն է, նա ուրիշ գործունեություն չունի: Երբեմն եկեղեցուն մեղադրում են, թե ինչու՞ աղանդավորների դեմ չի պայքարում: Հարց եմ տալիս՝ եկեղեցին ինչպե՞ս պայքարի, նա պետք է միայն ճշմարտությունը քարոզի, հո չի՞ ծեծելու աղանդավորին: Պետությունը բազմաթիվ եւ բազմապիսի միջոցներ ունի, որոնք պետք է ձեռնարկի նրանց դեմ, այլապես քաղցկեղի նման տարածվում են: Իսկ աղանդավորները, եթե նրանց դեմը չառնես, տարածվելու բոլոր ձեւերը գիտեն, դրանք շատ երկար, ծրագրավորված, դարերի պատմություն ունեցող հետախուզական կազմակերպություններ են, որ եկել են մեր երկիրը քանդելու, ավերելու:


- Դուք Սյունյաց բոլոր վանքերի գլուխ Տաթեւի վանքի հոգեւոր պետն եք, եւ կա մի հարց, որ շատերին է մտահոգում:


Ինչի՞ց է, որ Մայր աթոռում կամ երկրի մասշտաբով տեղի են ունենում կարեւոր հոգեւոր հավաքներ, ժողովներ, որտեղ հոգեւոր բարձրաստիճան մարդկանց անուններ են հիշատակվում, բայց Սյունյաց թեմի մասին, որ Նախաթոռ է եղել ժամանակին, ոչ մի խոսք չենք լսում:


Եվ մյուս մտահոգող հարցը. երկար ժամանակ է Սյունյաց թեմն առաջնորդ չունի եւ առաջնորդական տեղապահն է թեմը ղեկավարում: Իհարկե, նա արժանավոր անձնավորություն է, բայց եւ այնպես, թեմի առաջնորդի խնդիրը չի լուծվում:


- Նախ մի փոքրիկ պատմական անդրադարձ կատարեմ: 20-րդ դարասկզբին միայն Գորիսի տարածաշրջանում 30 հոգեւորական կար՝ վարդապետն իր քահանաներով: Յուրաքանչյուր գյուղ ուներ մեկ-երկու հոգեւորական, Տաթեւ գյուղն ուներ երկու քահանա: Սյունյաց թեմը, ընդհանուր առմաբ, հարյուրից ավել հոգեւորական ուներ:

Սյունիքն իրապես հզոր էր, ուներ եպիսկոպոս իբրեւ առաջնորդ, հզոր դիրք եւ նշանակություն ուներ:
Իսկ այսօր քանի՞ հոգեւորական ունենք Սյունյաց թեմում. ընդամենը հինգ-վեց հոգեւորական ենք՝ ցրված մարզի բնակավայրերով, անհովիվ մնացած տասնյակ ու տասնյակ գյուղերի մասին էլ չխոսեմ:

Ցավոք, հետ ենք գնացել, շա՜տ ենք հետ գնացել եւ հետո զարմանում ենք, որ աղանդները շատացել են:
Այսօր Սյունիքը չի կարողանում նույնիսկ մի ճեմարանական տալ, տասը տարի է, ինչ այստեղ եմ, բայց կարողացել եմ ընդամենը երեք հոգի ուղարկել հոգեւոր կրթական հաստատություններ՝ Գեւորգյան ճեմարան եւ Երուսաղեմի ընծայարան:

Երեխաների հետ աշխատում եմ. լավ, հավատավոր, մաքուր երեխաներ են, հարցնում եմ նրանց, թե ինչու՞ չեն գնում հոգեւոր կրթության, այնտեղ ուսանողի բոլոր խնդիրները լուծում են, վերջում էլ հոգում ծառայության հարցերը: Չեն գնում, չգիտեմ՝ որտեղի՞ց է գալիս այս չկամությունը:


- Գուցե դա պայմանավորված է մեր այսօրվա կյանքով եւ բոլորիս հայտնի հանգամանքներով, նաեւ՝ հեռուստաեթերի, կինոֆիլմերի, սերիալների ոչ բարվոք, հոգեւորը սպանող, հոգու մեջ նյութականի, սպառողի ախտը բորբոքող քարոզչությամբ:


Իսկ երեխաները մաքուր դաշտ են, անմիջապես կլանում են բացասականը, իրենց մատուցված հերոսներին են ցանկանում նմանվել:


- Անշուշտ, այդ քարոզչության մեղքն էլ կա, բայց միայն այդ չէ, մեծ իմաստով՝ հոգեւորի հանդեպ համատարած է անտարբերությունը:


- Մեկ այլ հարց. Սյունյաց թեմին Նախաթոռ կարգավիճակը տրվել է դեռեւս Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից, եւ առաջին թեմերից մեկն ենք Հայ առաքելական եկեղեցու մեջ: Ի սկզբանե թեմի կենտրոնատեղին՝ առաջնորդանիստ տաճարը եղել է Տաթեւի վանքը:


Ինչու՞ առաջնորդանիստ տաճարը տեղափոխվեց Գորիս, մի՞թե Տաթեւի վանքը, որ դարեր շարունակ եղել է Սյունյաց թեմի աթոռանիստ, ավելի նպատակահարմար չէ:


Չէ՞ որ պատմության մեջ եղել են երկար ժամանակներ, երբ հոգեւորականները ձիով, ջորիով են եկել Տաթեւ, շրջել թեմի գյուղերով, հաղթահարել շատ ու շատ դժվարություններ՝ հանուն Աստծո հավատո լույսի ու նրան նվիրումի: Իսկ այսօր, երբ այնքան նպաստավոր են պայմանները՝ թե տրանսպորտի ու կապի, թե՝ կենցաղի առումով, դժվարանու՞մ են…


- Ես կասեի՝ դեռեւս Սուրբ Թադեւոս Առաքյալի ժամանակներից է Սյունիքը համարվել Նախաթոռ:
Պատմության ընթացքում եւ դարեր շարունակ, որպես թեմի կենտրոնական եկեղեցի, եղել է միայն Տաթեւը, 1906 թվականին է Ներսես վարդապետ Մելիք Թանգյանն առաջնորդարանը տեղափոխել Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Այո, այն ժամանակ շատ ու շատ խոչընդոտներ է ունեցել հոգեւորականը, բայց միայն գալու-գնալու խնդիրը չէ: Ժամանակին էլ Տաթեւի վանքն ունեցել է համալսարան, որտեղ մարդիկ կրթվել են, սովորել լեզուներ, մաթեմատիկա, շատ գիտություններ: Այսօր այդ համալսարանի էությունն էլ է ձեւափոխվել, այն ժամանակ ուրիշ բարձրագույն կրթական հաստատություն չկար, միայն եկեղեցին էր, այսօր՝ որքան ուզեք:

Մեր ժամանակներում առաջնորդանիստ դառնալու համար ավելի նորմալ պայմաններ են պահանջվում, իսկ Տաթեւի վանքը պետք է ամբողջությամբ վերանորգվի:

Գորիսն այս իմաստով հարմար է, գտնվում է ճանապարհների անցումային կետում: Այսօր առաջնորդական տեղապահը շրջում է տարբեր տեղեր, գնում է Կապան, Գորիս, Քաջարան, Սիսիան, Մեղրի, վաղն էլ կարող է գալ Տաթեւ, որի միաբանությունը, կարծում եմ, կմեծանա, կհզորանա նրա վերջնական վերանորոգումից հետո:

Նպատակահարմարության տեսակետից՝ թեկուզ զուտ ճանապարհների, Տաթեւը հարմար չէ, բայց, միեւնույն է, հավատի, հոգեւոր խորության առումով Տաթեւն առաջնորդանիստ տաճար է Սյունյաց աշխարհում:

Արտակ Եպիսկոպոս Սմբատյանցը Տաթեւի նախավերջին եպիսկոպոսն է եղել, ով նստել է Տաթեւում 1922-27թթ., ունի Տաթեւի մասին համառոտ պատմություն:

Նա պատմում էր՝ Էջմիածնից Տաթեւ եկա կառքով, այն տեւեց 12 օր:

Շատ ծանր օրեր, տարիներ է ապրել հոգեւորականը, հիմա էլ՝ այսօրվա պահանջներով՝ գործածական չէ Տաթեւը: Կարող ենք մեծ-մեծ բաներից խոսել, բայց իրատես պետք է լինենք:


- Հայր սուրբ, այսօր մեր ազգաբնակչության կյանքում տխրությունների, հարսանիքների ժամանակ պահանջված է դարձել հոգեւորականի ներկայությունը, նրա աղոթքն ու օրհնանքը: Հետաքրքիր է, ինչու՞ մեր հոգեւորականները շարունակում են բոլոր ծեսերի, արարողությունների ժամանակ ժողովրդի հետ հաղորդվել գրաբարով, գրաբարի տարրը շատ է: Խոստովանենք, մի ստվար մասին հասկանալի չէ գրաբարը: Հնարավոր չէ՞ մատուցվող խոսքը թարգմանաբար ներկայացնել ժողովրդին:


- Մենք՝ Մայր աթոռ սուրբ էջմիածնի եւ եկեղեցու սպասավորներս իրավունք չունենք գրաբարը փոխելու, իհարկե, թարգմանությունը կա, բայց այդպես է ընդունված առաքելական եկեղեցում:

Ես մյուս եկեղեցիների փորձառությունը ձեզ փոխանցեմ. օրինակ, կաթոլիկ եկեղեցին ոչ միայն փոխեց, թարգմանեց, նաեւ կրճատեց, հասարակացրեց՝ իբրեւ թե ժողովրդին գրավելու նպատակով: Բայց ի՞նչ տեղի ունեցավ, ոչինչ էլ չշահեց, իր ինքնությունն էլ կորցրեց որոշ դեպքերում:

Երբ շատ ես պարզեցնում, հասարակացնում, աղոթքի դեմքը կորչում է, արարողությունը շատ է հասարականում: Հանկարծ սխալ չհասկացվի, չեմ ասում, թե չպիտի բացատրես, պիտի բացատրես, զրուցես ժողովրդի հետ, նրան հասցնես ծեսի նշանակությունն ու մտքերը, բայց չես կարող լիովին այն փոխել:

Օրինակ, Մաշտոցի գրած շարականը չես կարող աշխարհաբար երգել, ավելին՝ փոխել: Դա կնշանակի Մաշտոցի դեմ մեղանչել: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

Ես ճիշտ մոտեցում եմ ցուցաբերում, պահում եմ աղոթքի ինքնությունը, խորությունը, իսկ եթե պետք է՝ մարդկանց աշխարհաբարով հասկացնում եմ ծեսի իմաստը, հետո միայն՝ գրաբարով հաղորդում այն:
Միշտ էլ մարդիկ գոհացած սրտով եւ սիրով են լսում, հաճախ էլ մոտենում ինձ եւ իրենց գոհությունն արտահայտում, վկայում, որ այսպիսի պարզ ու հասկանալի մկրտություն եւ արարողություն չեն տեսել:
Գրաբարն էլ մեր լեզուն է, ինչպես արդեն ասացի, այն ամբողջովին փոխելու իրավունք չունենք:

Երբ Վեհափառ Գարեգին Ա-ին հարցրել են, թե ինչու՞ աշխարհաբար չեք կատարում ծեսերը,

Վեհափառն արաբերենով «Հայր մերն» է ասել ու հարցրել՝ բան հասկացա՞ք, ասացին՝ ոչ: Նույն աղոթքը Վեհափառը գրաբարով է ասել եւ էլի հարցրել՝ հիմա հասկացա՞ք, ասացին՝ այո:

Վեհափառը ծիծաղել եւ ասել է. «Գրաբարն էլ մեր լեզուն է, ուրիշ լեզու չէ»:

Մատուցման խնդիր է, եթե ճիշտ ես մատուցում, հասկանում են, մանավանդ, եթե ցանկանում են հասկանալ: Այն գեղեցիկ է, հրաշք է, եւ հասկացողությունն էլ միայն մտքով չէ, սրտով է, մատուցման կերպն է կարեւոր:

Ժամերգության ժամանակ մի մարդ մոտեցավ ինձ եւ հուզված ասաց. «Սիրտս լցվեց, բայց այ այստեղ (նա ցույց տվեց գլուխը) դատարկ է»:

Ասացի՝ կարեւորը սիրտդ է, որ լցվեց:

Հաճախ ինձ մոտենում, նույնն են ասում այլազգի մարդիկ, ովքեր մեր լեզուն ընդհանրապես չգիտեն:


- Մեզ հետ միասին դժվար ժամանակներ են ապրում մեր ազգային արժեքները: Դրան, ասացինք, նպաստում են համացանցով, հեռուստատեսությամբ (եւ ոչ միայն) տարածվող վնասակար բարքերը, եւ, կարծես թե, հոգեւարք ապրող արժեքները թողել ենք մարդկանց հույսին, թե ինչպես նրանք կկողմնորոշվեն:


- Մարդկանց հույսին հենց այնպես թողնել պետք չէ, մենք ամեն գնով պետք է պայքարենք այդ արժեքների պահպանման համար: Ես մեր երեխաներին միշտ ասում եմ՝ մի գնացեք օտար բարքերի հետեւից, մեր ազգային բարքերն ավելի հուսալի են, ամուր եւ կենարար: Դրանք դարերից, հազարամյակներից են գալիս, մեր ինքնությունն են, մեր արմատները:

Ամեն ինչ չէ, որ փոփոխման ենթակա է, հիմնարար սրբությունները հեշտությամբ չպետք է տանուլ տալ եւ այլ ազգությունների բարքեր ներմուծել: Դրանք արհեստական են, վնասակար, մեր կենաց ծառը կորդոտվի եւ կչորանա:


- Հայր սուրբ, Ձեզ առողջություն ենք մաղթում, Դուք իրոք անգանահատելի գործ եք կատարում Սյունիքի հոգեւոր առողջության, մաքրության, ոչ միայն սյունեցու, նաեւ՝ աշխարհասփյուռ հայության հոգում Հայ առաքելական հավատի լույսը վառ պահելու կարեւորագույն, կասեինք՝ ազգանշանակ պայքարում:

Ի՞նչ խոսք կցանկանայիք ուղղել սյունեցուն:


- Շնորհակալություն, ես մի քիչ տկարացել եմ այս շոգերից, միջանցիկ քամիներից, այլապես ավելի հանգամանալի կզրուցեինք:

Շատ եմ սիրում սյունեցիներին. մարդկային այնպիսի որակներ, ինչ որ բնորոշ են սյունեցուն, Հայաստանում եւ ողջ աշխարհում, համոզված եմ, ոչ մի տեղ չես գտնի: Սյունեցու մեջ կա ուղղամտություն, ազնվություն, նվիրում, նենգություն չկա սյունեցու մեջ:

Մեր դժվար ժամանակներում չպետք է թույլ տանք, որ սյունեցու լավագույն հատկանիշները կորչեն, թույլ չտանք՝ օտար բարքերը ներխուժեն, ավելացնենք բարին, որպեսզի չարը պակասի:

Լույս ծագեցնենք հոգիներում, Սյունիքի երկնքում, որ պատուհասված խավարն ինքն իրեն փարատվի, հեռանա:

Սյունեցին պիտի հիշի, որ ինքը սյունեցի հայ քրիստոնյա է, ինչը ես համարում եմ առանձնաշնորհ պարգեւ եւ տիտղոս:


- Շնորհակալություն, Հայր սուրբ: Օրհնիր մեզ:


- Աստված օրհնի:

 

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23