ՀԻՊՈԿՐԱՏՅԱՆ ԵՐԴՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՀԱՅՐՆԻՔԻ ԿԱՆՉ...

16.02.2021 17:23
6754

Արմենակը 22 տարեկան է, Աշոտը`21: Երկուսն էլ Վերիշենից են, ընկերներ: Նրանցից յուրաքանչյուրն իր մեծ պապի`  հոր պապի անունն է կրում...

Արմենակը Հին Գորիսյան ճանաչված Տոռոզյան տոհմի ճյուղերից մեկի սերունդ է: Մեծ պապ Արմենակը, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ թողնելով կնոջը և հինգ մանկահասակ երեխաներին, 1941-ին կամավոր  մեկնել է` պաշտպանելու վտանգված հայրենիքը: Կռվել է Կովկասյան ռազմաճակատում: Մարտական շարքերում եղել է մինչև 1944 թվականը, ՊՊԿ-ի տեղեկագրերում հաշվառված է իբրև անհետ կորած:

Աշոտը մանկավարժների մեծ գերդաստանի ժառանգ է: Պապը` երկար տարիներ գյուղի դպրոցում քիմիայի ուսուցիչ և տնօրեն աշխատած երջանկահիշատակ Մատվեյ Ղազարյանն է: Հայրը` Նորայրը,  ևս մանկավարժ էր: Ուսուցիչներ են նաև մայրն ու տատը: Մեծ պապը` խնածախցի Աշոտը Ղազարյանը, հողագործ ու անասնապահ է եղել, կոլտնտեսության առաջավորներից:

2016-ին ավարտելով Վերիշենի միջնակարգ դպրոցը, երկու ընկեր ընդունվում են Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: Հիմա երրորդ կուրսում են: Ուսումն ընդմիջվել է ՀՀ զինված ուժերում, իբրև ժամկետային զինծառայողներ, պարտքի կատարմամբ: Աշոտն Արցախի Ներքին Հուռաթաղ հրետանային գնդում եղել է Դ-20  հրանոթի հրամանատար: Արմենակը, որի ծառայությունն անցել է 6-րդ պաշտպանական շրջանի Մատաղիսի 4-րդ հրաձգային գումարտակում, հասցրել է տիրապետել հետևակային զորամիավորման ողջ զինատեսակներին...

- Երևանում դասերի էինք: Առավոտյան քնից արթնացանք, իմացանք, որ պատերազմ է: Զանգահարեցինք Գորիս, Արցախ... Հետո իրար նայեցինք, այսինքն թե`ուշանալ պետք չէ, հիմա այնտեղ մեր օգնության կարիքը կա... – պատմում են տղաները:- Ժամը 2-ին Գորիսում էինք: Զորահավաքը 3-րդ միջնակարգ դպրոցում էր: Ինքնակամ մեկնողներին այստեղ չէին հաշվառում, ճակատ հասնելու խնդիրը պետք է լուծեին իրենք` կամավորականները: Գնացինք զինկոմի մոտ, ասաց, թե ինչ-որ տեղից «Կամազ» մեքենաներ ավազ են տեղափոխում, որ փորձենք դրանցով գնալ: Չստացվեց: Որոնումները տեղափոխվեց Արցախ տանող ճանապարհ: Ժամեր անց եկավ շտապ օգնության մի  մեքենա, որը զինվորական ավտոշարասյուն էր ուղեկցում: Ներկայացանք իբրև  բժիշկներ, մեզ վերցրին...

Նրանք հասնում են Ստեփանակերտ, հարց ու փորձով գտնում են հոսպիտալը, կադրերի բաժնում հաշվառվում են, սպիտակ խալաթներ են ստանում: Մի քանի օր պատգարակներով տեղափոխում են հոսպիտալ բերվող վիրավորներին:  Գործը կարևոր էր, բայց տարբերակներ են փնտրում մեկնելու ճակատային գիծ: Սեպտեմբերի 30-ին գալիս է հոսպիտալի պետը: Տղաները թեև կամավորական էին, ներկայանում են` հավաքագրված:

-Իսկ ինչո՞ւ զինվորական համազգեստով չէք,- հարցնում է հոսպիտալի պետը:

-Չեն տվել,- ասում են տղաները;

Հոսպիտալի պետը զանգահարում է թիկունքի պետին, զինվորական համազգեստ են տրամադրում և նրանց ուղարկում է Մարտակերտի հոսպիտալ: Այստեղ տղաներին  սպասում էին: Նրանք դառնում են բուժակներ, ուղեկցում են շտապ օգնության մեքենաներ: Առաջին ուղերթը Մատաղիս էր. դաշտից պետք է հանեին վիրավորներին: Նրանց հետ ճակատային գիծ էին գնում նաև Մատաղիսի գնդի հրամանատարը և շտաբի պետը, ովքեր իբրև վիրավոր` եկել էին բուժօգնություն ստանալու: Առաջին օգնությունը ցույց տալուց հետո վիրավորներին տեղափոխում էին Մարտակերտի, առավել ծանրերին` Ստեփանակերտի հոսպիտալներ: Երեք օր աշխատելուց հետո եղավ նահանջ, գործելու տեղամասը դարձավ Մարտակերտի ճակատը:  Օրեր անց, Հադրութում և Ջաբրաիլում մարտերի թեժացման պատճառով, տեղափոխվեցին այդ մարտական գոտի:

Թեև մեր բուժակ-ապագա բժիշները ծանր դեպքերի էին ականատես եղել և տասնյակ անգամ հայտնվել էին գնդակոծության տակ, բայց նոյեմբերի 3-ին կատարվածը  առավել տպավորիչ են համարում:  Վիրավորներին մարտադաշտից տեղափոխելու ժամանակ հաղորդում են ստանում, որ բոլոր ուղղությունները հրետակոծության տակ են, պետք է մեքենաները քողարկել հնարավոր թաքստոցներում և սպասել: Տղաները տեղեկացնում են, որ ծանր վիրավորներ ունեն: Հրահանգ են ստանում`նրանց տանել Մարտունու Գիշի գյուղը, որտեղ դպրոցի շենքում հոսպիտալ էր տեղակայված: Գնդակոծության տակ նրանք դժվարությամբ տեղ են հասնում, իջեցնւմ են վիրավորներին: Նոր հրաման է գալիս. շտապ տեղափոխել ոչ միայն հիվանդներին, այլև ողջ հոսպիտալը` Խոջալու և Ստեփանակերտ: Տղաները պետք է հիվանդների հետ նույն մեքենայով տեղափոխեին նաև բժշկական սարքավորումներ: Մեքենան, որի բուժակը Աշոտն էր, առաջինն է բեռնավորվում և ճանապարհ ընկնում: Րոպեներ  անց սկսվում է հուժկու հրետակոծություն: Երկար ժամանակ կապը կտրվում է: Բոլորն անհանգիստանում են ճանապարհ դուրս եկած մեքենայի համար: Միայն ժամեր անց` զանգահարում է շտապ օգնության մեքենայի վարորդը և հայտնում, որ իրենց հաջողվել է բարեհաջող հասնել Ստեփանակերտ: Քիչ հետո հրետակոծությունը համեմատաբար թուլանում է: Վիավորներով ու գույքով բեռնված` ճանապարհ է ընկնում   շտապ օգնության մյուս  մեքենան, որին ուղեկցում էր Արմենակը:

-Գյուղից ընդամենը 5 կմ էինք հեռացել, Ննգի գյուղի մատույցներում էինք,- պատմում է Արմենակը,- սկսվեց հրետակոծություն գրադ կայանքներից: Արկերը իրար ետևից պայթում էին մեր մեքենայից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Դա պարզապես հրաշք էր, որ մեքենան թեև բեկորներից վնասվեց, բայց շարքից դուրս չեկավ, և մենք կարողացանք անցնել այդ փորձությունն ու տեղ հասնել...

Նոյեմբերի 6-ի առավոտյան 4.30-5.00-ի սահմաններում շտապ օգնության երեք մեքենա ուղղություն են վերցնում դեպի Շուշի: Բերդաքաղաքի պարիսպներին չհասած`սկսվում է հրանոթային հրետակոծություն: Տղաները դուրս են գալիս մեքենայից, պառկում են ճամփեզրի հողաթմբերի ետևում: Քիչ անց համեմատաբար հանդարտվում է գնդակոծությունը: Նրանք շարունակում են ճանապարհը, հասնում են Քարին տակ գյուղը, վիրավորներին տեղավորում են մեքենայի մեջ, տեղափոխում են Ստեփանակերտ: Նոյեմբերի 7-ին հոսպիտալի պետը շտապ հավաքում է բոլորին, ասում է, որ 4-5 ժամվա ընթացքում հոսպիտալը պետք է տեղափոխվի Ստեփանակերտից 15 կմ հեռավորության վրա գտնվող Բալուջա գյուղը: Սկսվում է տեղահանությունը: Տղաները բարձում են մեքենաները և հեռանում տարածքից: Գլխավոր մայրուղում հանդիպում են 3-4 կմ խցանման: Դեռ տեղ չհասած` զանգահարում են, որ նոր հրաման է ստացվել` չտեղափոխվել: Տղաները վերադառնում և կրկին տեղադրում են ետ բերած սարքավորումները:

 Նույն գիշերը մեկ տասնյակից ավելի շտապ օգնության մեքենաներ են գալիս Սևանի ավազանից և վիրավորներին տեղափոխում են Վարդենիս: Այստեղ էլ նրանք կատարում են ուղեկցող-բուժակի իրենց պարտականությունները, վերադառնալուց հետո աշխատում են նույն ռեժիմով...

Լինում է հրադադար: Տղաները պետք է Վարդենիս, ապա`Երևան վերադառնային:  Մի խումբ բժիշկների հետ նրանք որոշում են տարածքները հանձնելուց առաջ գնալ Դադիվանք` մոմավառության... Աշոտն ամիսներ առաջ էր այդտեղ եղել, եղբոր` Նարեկի զինվորական երդման արարողությանը: Նարեկը հունվարի զորակոչվածներից է, պատերազմական գործողություններին էլ մասնակցել է Քարվաճառի ճակատում...

Դադիվանքը մռայլ էր... Բժիշկները  լուռ մոմ վառեցին, դուրս եկան պարիսպները կամարող դարպասից, նստեցին շտապ օգնության մեքենան: Նրանցից մեկը ետ նայեց և ցածր, բայց բոլորին լսելի ձայնով ասաց.

-Ներիր մեզ, Դադիվանք, քեզ նորից թողեցինք գերության մեջ...

 

Գագիկ Հայրումյան

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34