Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (Պոլիտեխնիկի) հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ գիտաժողովներ են կազմակերպվում: Երկուսը անցկացվել է մայրաքաղաքում. մեկը՝ մեքենաշինության, մյուսը՝ էներգետիկայի եւ էլեկտրատեխնիկայի ոլորտներին առնչվող: Թվով երրորդն անցկացվեց հոկտեմբերի 25-27-ին մայր բուհի Կապանի մասնաճյուղում «Հանքարդյունաբերության արդիական հիմնախնդիրները» խորագրով: Գիտաժողովի աշխատանքին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ՀԱՊՀ-ի գիտական աշխատանքների եւ գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանը, ընդերքաբանության եւ մետալուրգիայի ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալբերտ Ֆրանգուլյանը, ֆակուլտետի ընդերքաբանության եւ շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը, ընդերքաբանության եւ մետալուրգիայի բազային լաբորատորիայի գիտական ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Աղբալյանը, ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի դասախոսներ, ուսանողներ:
Հոբելյանական գիտաժողովը բացեց ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը: Ողջերթի խոսքում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կարեւորեց այն փաստը, որ գիտաժողովը կազմակերպվում է Կապանում, եւ մարզում գործող ՀԱՊՀ-ի մասնաճյուղն իր շուրջն է հավաքել գիտական աշխարհի այդքան ներկայացուցիչների, եւ պատահական չէ ընտրված գիտաժողովի թեման, քանզի Կապանը հիմնվել եւ կառուցվել է հանքարդյունաբերության շուրջ եւ նրա շնորհիվ, եւ այսօր էլ նրա գերակա ճյուղն հանքարդյունաբերությունն է: Բանախոսը նաեւ նկատեց, որ հանքարդյունաբերության ոլորտն իր հետ բերում է նաեւ ռիսկեր եւ վտանգներ, եւ համոզմունք հայտնեց, որ հանքարդյունաբերության ոլորտում շահագործման եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նվազագույնի կհասցվեն մարդկանց ու շրջակա միջավայրին հասցվող վնասները: Նաեւ հույս հայտնեց, որ նման ձեռնարկները կդառնան ավանդական, եւ մայրաքաղաքից դուրս պարբերաբար կկազմակերպվեն այդպիսի գիտաժողովներ՝ մարզերի գիտակրթական կյանքին հաղորդելով թարմություն ու աշխուժություն: Ելույթի ավարտին Սյունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին եւ գիտաժողովի կազմկոմիտեին:
Գիտաժողովի ընթացքում հնչեցին զեկուցումներ հանրապետության ընդերքօգտագործման համակարգի ոլորտի պետական կառավարման համակարգի կատարելագործման ուղիներին, լեռնահանքային կազմակերպություններում (ԶՊՄԿ ՓԲ ընկերության օրինակով) ներդրումային ռիսկին, Սյունիքում լեռնամետալուրգիական արդյունաբերության կայուն զարգացման հիմնախնդիրներին, ֆլոտացման գործընթացի մաթեմատիկական մոդելներին եւ հանքարդյունաբերության ոլորտի ավելի նեղ մասնագիտական հարցերին առնչվող: Զեկուցումներից հետո բանախոսներին հարցեր էին ուղղվում, պարզաբանումներ տրվում:
Առաջին նիստի ավարտից հետո ՀԱՊՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի հետ ճեպազրույց ունեցանք (աշխատանքային այցով Արցախ էր մեկնում):
-Ինչպե՞ս տեսաք բուհի Կապանի մասնաճյուղը, ի՞նչ խնդիրներ են ծառացած նրա առջեւ:
-Մասնաճյուղի մասին կարող եմ հայտնել, որ փորձում ենք առաջնահերթ ուշադրություն դարձնել կրթության որակին: Մի բան կարող եմ հստակ ասել, որ այսօր այս հաստատությունում ընդերքաբանության ոլորտին վերաբերող լաբորատորիաների կահավորումը, հագեցվածությունը որոշ դեպքերում նույնիսկ երեւանյան մի շարք լաբորատորիաների գերազանցում են: Համաշխարհային բանկի ծրագրով այստեղ ներդրված երկու-երեք լաբորատորիաները, որ վերաբերում են մետալուրգիային, հրաշալի սարքավորումներով են հագեցած:
Հիմնախնդիրների տեսակետից կնշեի այն, որ օրեցօր նվազում են դիմորդների թիվը: Մենք պետք է փնտրտուք անենք, եւ առաջարկ եմ արել, որ մասագիտությունների անվանացանկի որոշակի փոփոխություններ կատարենք: Օրինակ, պարտադիր չէ, որ մասնաճյուղը հրաժարվի այն մասնագիտություններից, որոնց պատրաստումն ինքն ի զորու չէ իրականացնել: Կարող են լինել մասնագիտություններ, որոնց 1-ին եւ 2-րդ կուրսերում ուսուցումը կազմակերպվի այստեղ, իսկ վերջնական ուսուցումը ուղղակիորեն Երեւանում: Սա հարցի շատ հաջող լուծման տարբերակ է: Մենք ժամանակին նման բան իրականացրել ենք ընդերքաբանության ոլորտի մասնագետներ պատրաստելու դեպքում:
Ըստ իս՝ Կապանի մասնաճյուղը դիմորդներով համալրումն ապահովելու տեսակետից լուծում կարող է լինել ներմասնաճյուղային ավագ դպրոց ունենալը: Դրա հաջողված օրինակն ունենք Վանաձորում եւ Գյումրիում, իսկ Երեւանի ավագ դպրոցը շատ բարձր վարկանիշ ունի եւ շատ ու շատ խնդիրների հստակ պատասխան է տալիս: Այստեղ էլ կարելի է դիմել այդ քայլին. Սյունիքի մարզպետի հետ էլ այդ խնդրի շուրջ մտքեր փոխանակեցինք՝ մասնաճյուղի համար ավագ դպրոց ունենալ հենց մասնաճյուղի կազմում:
-Այնուամենայնիվ, մայր բուհը ինչո՞վ կարող է օգտակար լինել իր զավակին:
-Մայր բուհը միշտ էլ աջակցություն ցուցաբերում է, եւ պիտի հիշեցնեմ, որ մասնագիտական որոշ ուղղություններ Երեւանի կրթահամալիրի դասախոսական կազմի միջոցով ուղղակիորեն կյանքի կոչվեցին այստեղ՝ մինչեւ համապատասխան պրոֆեսորադասախոսական կազմի ձեւավորվելը: Մասնավորապես, շատ կցանկանայի, որ Կապանի մասնաճյուղում պատրաստեին ինֆորմատիկայի գծով ուսուցիչներ: Դրա համար պետք է ունենալ մանկավարժական կրթական ծրագրի մի ամբողջական բաղադրիչ: Ի դեպ, այդպիսի գաղափար կա, բայց դրա իրականացման համար, նախեւառաջ համապատասխան լիցենզիա պիտի ունենանք: Նաեւ ասեմ, որ Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը երբեք չի զլացել իր աջակցությունը ցուցաբերել եւ գործուղումներով եւ համապատասխան մոդուլների դասավանդմամբ՝ այցելություններով: Հենց այժմ ընդերքաբանության եւ մետալուրգիայի ֆակուլտետի ամբիոնի վարիչ Սառա Մկրտչյանը մինչեւ նոյեմբերի 2-ը այստեղ դասընթացներ պիտի վարի:
Չպիտի մոռանանք հեռաուսուցման հանգամանքը: Մայրաքաղաքում կարող են դասախոսությունը կարդալ,այստեղ ունկնդրել: Ես առաջարկ եմ արել. այստեղի ուսանողը, որպեսզի շատ լավ ծանոթանա մայր բուհի հնարավորություններին, պարբերական փոխայցելություններ պիտի լինեն: Երեւանյան ձեռքբերումները վերջին երեք տարում շատ ակնառու են, պետք է այստեղի ուսանողին հաղորդակից դարձնենք:
-Իսկ Կապանի մասնաճյուղի գիտական մտքի առումով ի՞նչ կասեք:
-Անցյալ անգամ ասել եմ, այսօր էլ ցավոք պիտի կրկնեմ. այստեղի դասախոսները թեմատիկ հայտեր ներկայացրել են գիտության պետական կոմիտեի մրցանակաբաշխությանը, ցավոք, չեն շահել, բայց չի կարելի ասել, որ մարդիկ չեն զբաղվում գիտությամբ, այլապես որտեղից են այսքան գիտության թեկնածուներ հայտնվում:
-Մայր բուհի ռեկտորից կուզեինք իմանալ, թե Կապանի մասնաճյուղն ապահովվա՞ծ է դասախոսական կադրերով:
-Որոշ մասնագիտության գծով, այո: Օրինակ, ընդերքաբանության ոլորտում չորս-հինգ հոգի պաշտպանել են, այդ տեսակետից ապահովված ենք, բայց կա մասնագիտացում, որում մասնագետները մեկ-երկուսն են, ինչը բավարար չէ: Ընդհանրապես գիտական աստիճան ունեցող դասախոսները այստեղ 44 տոկոս են կազմում: Կարծում եմ՝ պիտի ձգտեն մոտենալ Գյումրու մասնաճյուղին, որտեղ այդ ցուցանիշը գերազանցում է 65 տոկոսը: Մանավանդ որ դրա ռեալ հիմքերը կան:
-Եվ այնուամենայնիվ, ո՞րն է մասնաճյուղի ամենանեղ օղակը:
-Ամենանեղ օղա՞կը. շատ վատ վիճակում է մասնաճյուղի հանրակացարանը, որ կարելի էր նպատակային օգտագործել: Ցավոք, այսօր ասացին, որ սեյսմիկ տեսակետից շենքը խնդիրներ ունի: Մյուսը՝ «Մոբայլ» կառույցի կողքին, այդ հարմարավետ սենյակներում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը նոր ծրագիր սկսի: Եթե հաջողվի այդ ծրագիրը սկսել, Կապանի մասնաճյուղը կունենա նույն տեխնոլոգիական կենտրոնը, ինչ որ ունենք Գյումրիում եւ Վանաձորում: Իսկ դա շատ լուրջ ներդրում կլինի ուսուցման որակի բարելավման գործում, ինչպես ավագ դպրոցի ներդրումը:
Վահրամ Օրբելյան